Գլխավոր » TOP, Իրան, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Տնտեսություն

Չկա գազի մրցունակ առաջարկ Իրանի կողմից. Հայաստանին 100 դոլարով գազ մակատարարելու մասին Իրանի հայտարարությունները քաղաքական հռետորաբանություն են

Մարտ 25, 2018թ. 21:01
Գազ

Հարցազրույց քաղաքագետ ՎԱՀԵ ԴԱՎԹՅԱՆԻ  հետ

 -Հաճախ հղում անելով Իրանի նախկին, ներկա դեսպաններին, ասվում է, թե իրանական կողմը պատրաստ է մատչելի գնով գազ տրամադրել Հայաստանին: Սակայն ՀՀ իշխանությունները բերում են հակառակ փաստարկ, որ Իրանը երբեք Հայաստանին մրցունակ առաջարկ չի արել, այսինքն, չի ասել՝  ավելի էժան գազ կտա, քան ստանում ենք Ռուսաստանից: Ի վերջո, ո՞րն է իրականությունը:

-Իրականությունն այն է, որ իրանական կողմն առ այսօր ստույգ որևէ սակագնային առաջարկ չի արել Հայաստանին: Իրանական գազն այսօր  սահմանին արժե մոտ 185,190 դոլար՝ 1000 խմ գազի դիմաց, մինչդեռ ռուսական գազը մենք սահմանին գնում ենք 150 դոլարով: Եվ երբ իրանական կողմն ասում է, թե  պատրաստ է մեզ մատչելի գնով գազ առաջարկել,   կարծում եմ, որ սա այն հարցն է, որտեղ պետք է խոսել կոնկրետ թվերով, բայց թվերն առայժմ չկան:

Ինչ վերաբերում է  Հայաստան-Իրան էներգետիկ երկխոսությանը, որը ծավալցում է  Իրան-Հայաստան գազամուղի շահագործման համատեքստում, պետք է հաշվի առնենք հետևյալ իրողությունը:  Իրանը 2015-ից ի վեր, երբ ազատվեց միջազգային պատժամիջոցներից, սկսեց ակտիվորեն կիրառել իր էներգետիկ դիվանագիտությունը, որն ուղղված է հարևան, և ոչ հարևան  բոլոր երկրների հետ էներգետիկ երկխոսության զարգացմանը:  Իրանը հայտարարում է, որ պատրաստ է   օգտագործել իր գազային ռեսուրսների բազան դեպի արտաքին աշխարհ՝ իր էներգառեսուրսների արտահանումն ավելացնելու նպատակով, և Հայաստանը դիտարկում է այդ ուղղություններից մեկը:

Նկատենք, որ Հայաստանի հետ էներգետիկ երկխոսությունն ակտիվացնելու համար կան բոլոր տեխնիկական նախադրյալները. կա Իրան-Հայաստան գազամուղը, որի թողունակությունը տարեկան կազմում է 2,3 մլրդ խմ գազ, մինչդեռ մենք այժմ օգտագործում ենք այդ գազամուղի ընդամնեը 20-25 տոկոսը, այսինքն, ներկրում ենք մոտ 400 մլն խմ գազ՝ 3 միլիարդի փոխարեն: Սակայն այս ամենն իրականություն դառնալու համար չկան տնտեսական նախադրյալներ: Առաջին, իսկապես չկա մրցունակ առաջարկ Իրանի կողմից: Երկրորդ, որը ևս շատ կարևոր հանգամանք է,  դա իրանական գազի որակն է: Ամենևին չեմ ուզում հանդես գալ ՙԳազպրոմի՚ շահերի պաշտպանի դիրքերից, բայց մասնագետներն են փաստում, որ իրանական գազն իր որակով զիջում է ռուսական գազին. վերջինս  անցնում է կրկնակի զտում, իսկ իրանականը՝ ոչ: Սա խնդիր է, որը պետք է հաշվի առնենք:

ատգամավոր Միհրան Հակոբյանը Ազգային ժողովում հայտարարեց. Իրանը «պադստավկա» է անում ՀՀ իշխանություններին և Հայաստան պետությանը և ներկայցրեց այսպիսի իավիճակ.Իրանի դեսպանները դաշտ են նետում մեսիջ, թե կարող են շահավետ պայմաններով՝ 100 դոլարով գազ  մատակարարել Հայաստանին, մինչդեռ.ՙԵրբ այդ մարդկանց հարցնում ես ռուսական գազից մի ցենտ էժան գազ կմատակարարե՞ք, սահման կհասնցե՞ք այդ գազը, ստանում ես բացասական պատասխան՚:  Ինչպես կմեկնաբանեք  իրական կաղմի նման քաղաքականությունը:

-Պատգամավորը տվել է շատ ճիշտ, իրատեսական գնահատական: Սա էներգետիկ դիվանագիտության հռետորաբանությունն է, որն Իրանը ավանդաբար օգտագործում է ու շարունակելու է  կիրառել, և դա մենք պետք է իմանանք: Մի շարք երկրներ, որոնք փորձում են օգտագործել իրենց էներգառեսուրսերը, արտաքին քաղաքականության ոլորտում իրականացնում են էներգետիկ դիվանագիտություն: Պատաժամիջոցների ռեժիմից դուրս եկած Իրանն  այսօր ակտիվորեն խոսում է, թե պատրաստ է  իր բնական գազը մատակարարել բոլոր ուղղություններով՝ և՛ ասիական, և՛  եվրոպական: Անգամ որոշ եվրոպական ընկերությունների՝ ֆրանսիական, դանիական, բերել է երկրի նավթագազային ոլորտ: Ինչո՞ւմն է հակասությունը՝ քաղաքականության ու տնտեսական կոնյուտուրայի միջև: Բանն այն է, որ արտասահմանյան ընկերությունները  բազմամիլիոն ներդրումներ են արել Իրանի նավթագազային շուկայում: Իրանն այսօր փորձում է ստեղծել մի այնպիսի շուկայական իրավիճակ, որպեսզի կարողանա ապահովել եվրոպական ներդրումների վերադարձնելիությունը: Դրա համար այդ երկիրը չի կարող 100 դոլարով գազ առաջարկել որևէ երկրի, քանի որ դա իր համար կլինի ոչ շահութաբեր առաջարկ:   Հայաստանին 100 դոլարով գազ մակատարարելու մասին Իրանի հայտարարությունները դիտարկում եմ որպես քաղաքական հռետորաբանություն, և ոչ ավելի: Եվ դա  Իրանն ակտիվորեն օգտագործում է ոչ միայն Հայաստանի, այլ բոլոր երկրների  հետ հարաբերություններում,  մենք այստեղ բացառություն չենք:

-Խոսելով ռուսական գազից ավելի էժան գազ Հայաստանին մատակարարելու մասին, հայ քաղաքական  գործիչների բնորոշմամբ, իրանական կողմն  զբաղված է անհիմն շահարկումներով:

-Ես չեմ ուզում  նման միանշանակ գնահատականներ տալ,  քաղաքական գործիչ չեմ ու կօգտագործեմ միայն մասնագիտական ձևակերպումը, և նրա պահվածքը կանվանեմ արտաքին քաղաքականության մեջ իրականցվող դիվանագիտական մեխանիզմ: Պետք է նկատի ունենանք, որ այսպիսին է Իրանի էներգետիկ դիվանագիտությունը: Եթե մենք ունենայինք մեր զարգացած էներգետիկ դիվանագիտությունը, ապա գուցե կկարողանայինք դրան հակազդել: Մենք պետք է դուրս գանք  ռոմանտիկ տիրույթից ու առավել պրագմատիկորեն դիտարկենք ցանկացված հայտարարություն, որն արվում է իրանական չինովնիկների կողմից: Այսինքն, սառը դիտարկենք ասվածը: Մենք չենք կարող մեղադրել  Իրանին, քանի որ նա պարզապես հետապնդում է իր ազգային շահերն ու ցույց տալիս աշխարհին, որ գնում է իմտեգրացիոն ճանպարհով, բաց է արտաքին շուկաների առաջ: Սակայն,  երբ գործն հասնում է տնտեսական իրական քայլերին՝ այդտեղ ի հայտ են գալիս լուրջ խոչընդոտներ:

Այստեղ նաև մի կարևոր դիտարկում եմ ուզում անել՝ ելնելով մեր տնտեսական իրականությունից: Իրանական գազի տեսակարար կշռի ավելացման համար անհրաժեշտ է, որպեսզի հայկական շուկայում լինի սպառման կայուն աճ: Մինչդեռ, վերջին 10 տարիներին սպառման դինամիկան բացասական է, դա պայմանավորված է և դեմոգրաֆիական խնդիրներով, և ծանր ու խոշոր արդյունաբերության բացակայությամբ, նաև չունենք էլեկտրաէներգիայով աշխատող տրանսպորտային միջոցներ: Իսկ այս պայմաններում մեր տնտեսությանը լիովին բավարարում է Ռուսաստանից ստացվող ծավայլները, դրան էլ հավելած Իրանից տարեկան եկող  400 միլիոնը: Անկախ քաղաքական, տնտեսական  շահարկումներին, ես պետք է  փաստեմ, որ մենք ռուսական գազը սահմանին ստանում ենք բավականի հարմար,  կասեի՝ արտոնյալ գներով:

-Հայաստանի նման երկիրը, թերևս, պետք է ավելի շատ մտածի արևային էներգետիկայի զարգացման ուղղությամբ: Հնարվո՞ր է մի քանի տարում հասնել դրական տեղաշարժերի: Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:

 -Ես, իհարկե, հոռետեսորեն չեմ վերաբերվում այդ ուղղությունների զարգացմանը, բայց նաև փորձում եմ կշռադատված վերաբերվել արևային էներգետիկայի մասին հնչող հայտարարություններին: Նախ, համաշխարահային փորձը ցույց է տալիս, որ վերականգնվող էներգետիկայի զարգացման համար հարկավոր են տասնյակ տարիներ: Հետևաբար, ասել, թե մի քանի տարում ունենալու ենք մի իրավիճակ, ուր վերականգնողական էներգետիկայի տեսակարար կշիռը կգերազանցի մեր էներգետիկ համակարգում, կարծում եմ, վաղաժամ է: Ներկայումս իրավիճակն այսպիսին է. մեր էլեկտրաէներգիայի գեներցման մոտավորապես  40 տոկոսն ապահովում է Ատոմայանը, 40 տոկոսը՝ Երևանի ու Հրազդանի ՋԵԿ-երը, 20 տոկոսը՝ հիդրոէլեկտրոկայանները, այդ թվում փոքր ՀԷԿ-երը: Վերականգնվող էլեկտրաէներգիայի տեսակարար կշիռը չի կազմում անգամ 1 տոկոս, ուրեմն,  խոսել, թե մի քանի տարում մենք այդ ոլորտում հեղափոխություն ենք անելու՝ իրատեսական չէ: Այս  ոլորտը պահանջում է պետական սուբսիդավորում, առանց որի չի կարող զարգանալ, այն ծախսատար է,  պահանջում է լուրջ ներդրումներ: Իսկ այսօր մենք չունենք այն ֆինանսական միջոցները, որը մեզ թույլ կտա պետականորեն  ֆինանսավորել նման  ծրագրերը:

Իհարկե, շատ լավ է, որ պետությունն այս ոլորտի զարգացման հարցում շահագրգռվածություն է դրսևորում, դա երևում է կառավարության ծրագրերում,  վերականագնվող էներգետիկան մարտահրավեր է,  ու Հայաստանը չպետք է դուրս  մնա աշխարհում ծավալվող գործընթացներից: Բայց սրա հետ մեկտեղ  մենք տեսնում ենք, որ  ոլորտը զարգանում է առանձին վերցրած նախագծերի շրջանակներում, դրանք ոչ թե համակարգային, այլ  լոկալ ծրագրեր են: Իսկ առավել լուրջ մոտեցումն էլ մեծ գումարներ է պահանջում:

Իմ կողմից մերժելի է այն, երբ ասվում է, թե մի քանի տարում կարող ենք վերականգնող էներգետիկայով ապահովել մեր էներգետիկ պահանջների զգալի մասը: Այդպես չի կարող լինել, դրա համար տասնյակ տարիների աշխատանք է պահանջվելու: Բայց նաև չեմ կարող չասել, որ արևային էներգետիկայի ոլորտում ունենք շատ լավ, լուրջ ցուցանիշներ. Հայաստանում 1 քառակուսի մետրին բաժին է ընկնում 1720 արևային էներգիա, մինչդեռ Եվրոպայում միջին ցուցանիշը կազմում է մոտ 1000 կմ/ժամ էլեկտրաէներգիա: Իսկ հողմային էներգետիկայի ներուժը կազմում է 10 000 մեգաբայթ, որը հսկայական թիվ է:

-ՀՀ էներգետիկայի նախարարը ԱԷԿ-ի առնչությամբ կարևոր  հայտարարություն արեց, ասելով, որ մեր Ատոմակայանն ի զորու է շարունակել իր աշխատանքը որոշակի արդիականացման աշխատանքներ կատարելու դեպքում և նոր էներգաբլոկի կառուցումնայս պահին նպատակահարմար չէ: Մինչդեռ ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում խոսվում է  ԱԷԿի փակման մասին

-ԱԷԿ-ի հարցը Հայաստանի համար ամենից առանքայինն է: Նախարարի խոսքն օբյեկտիվ է, այն պարզապես քաղաքական հայտարարություն չէ, որովհետև իսկապես կա վերազինման հնարավորություն: Որտեղի՞ց այդ հնարավորությունը: 2015-ին Հայաստանը Ռուսաստանից  ստացել է 270 մլն դոլար վարկ և 30 մլն դրամաշնորհ, այսինքն, ունենք 300 մլն դոլար, որի հաշվին մենք իրականացնում ենք ԱԷԿ-ի մոդեռնիզացումը: Նպատակն է՝ ԱԷԿ-ի կյանքը ևս 10 տարով երկարացնել: Այդ հեռանկարը կա ու աշխատանքներն  արդեն սկսվել են:

Ինչ վերաբերում է ԵՄ համաձայնագրին,  այն չի ենթադրում, որ Հայաստանը պետք է լիովին հրաժարվի իր միջուկային հզորություններից: Ավելին, պայմանագրում միջուկային էներգետիկայի զարգացմանը վերաբերող  գլուխը  պարտադիր բնույթ չի կրում Հայաստանի համար:  «Եվրոատոմը», որը հանդես է գալիս այդ համաձայնագրի կողմ, կարող է ընդամենը ՀՀ-ին կոչ անել, որ ստանդարտները  եվրոպականացվեն:  Բայց «Եվրոատոմն» այն կազամակերպությունը չէ, որն իրավասու է  պարտադրել Հայաստանին՝ կոնսերվացնելու ատոմային կայանը կամ նորը կառուցելու: Այսինքն,  համաձայնագրի այդ գլխին պետք չէ լուրջ վերաբերվել, դա տեղեկատվական փուչիկ է, ու բարենապաստ չէ մեզ համար, և այդ առումով, շատ կարևոր էր նախարարի  հայտարարությունը:

Միակ կազմակերպությունը, որը կարող է ԱԷԿ-ի հարցում պահանջներ ներկայացնել Հայաստանին՝ ՄԱԳԱՏԷ-ն է: ՙՙԵվրոատոմը՚ՙ կարող է միայն կոչեր անել, ինչն էլ անում է: Նկատեմ նաև, որ ԱԷԿ-ը ՀՀ օրենքով հաստատված է որպես պետական մենաշնորհ ու ցանկացած որոշում կայացնելու է Հայաստանը: Այլ բան է, որ ԱԷԿ-ի շուրջ, իրոք, կան շահե, թե՛  ռուսական, թե՛ արևմտյան, ու մեր Ատոմակայանը վերածվել է յուրատեսակ աշխարհաքաղաքական բախման կետի, քանի որ եթե  ԵՄ-ն վարում է  ատոմակայանների փակման քաղաքականություն, ապա հակառակն է ռուսական կողմի մոտեցումները. այնպես որ, բախումն ակնհայտ է:

Նման իրավիճակներում մեզ պետք է օգնի միջազգային  փորձը, որպեսզի հասկանանք թե ո՞ւր է տանում ԵՄ  քաղաքականությունը: Ատոմակայանի փակման  պահանջով ԵՄ-ն հանդես էր գալիս նաև նախկին սոցիալիստական ճամբարի պետություններում, օրինակ Լիտվան, լսելով ՙՙԵվրոատոմի՚՚ կոչերը կոնսերվացրեց իր ատոմային էլեկտրակայանը: ՙԵվրոատոմ՚-ն ու ԵՄ-ն խոստացան ֆինանսավորել Լիտվային նոր էներգետիկ հզորությունների ստեղծման գործում: Սակայն առ այսօր լիտվացիները սպասում են այդ միջոցներին ու կախյալ վիճակում են գտնվում Ռուսաստանից ներկրվող էլեկտրաէնեգիայից: Մինչդեռ ժամանակին այդ ատոմակայանը ապահովում էր Լիտվիայի սպառման զգալի մասը:

Մենք պետք է նկատի ունենանք, որ նման սցենար կարող է  իրականցվել նաև Հայատանում: Նույնպիսի կոչ անում է ԵՄ-ն նաև մեզ: Բայց մինչ ինչ-որ քայլ անելը, մեր աչքի առաջ պետք է ունենանք Լիտվայի օրինակը, երկիր, որը հատնվել է էներգետիկ անվտանգության խնդրի առաջ:

Չմոռանանք, որ Ատոմակայանը մեր ազգային անվտանգության բաղադրիչ է

 

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Իրան, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն