Գլխավոր » TOP, Թուրքիա, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան, Ցեղասպանություն

Ինչ զարգացումների առաջ է կանգնած Դինքի սպանության գործով դատավարությունը ողբերգությունից 10 տարի անց.tert.am

Հունվար 10, 2017թ. 12:20

Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից գրեթե 10 տարի է անցել, նրա ընտանիքը, ընկերներն ու հայ համայնքը դեռևս շարունակում են պայքարել մարդասպանին և նրան աջակցած բոլոր կառույցներին պատժի ենթարկելու համար:

Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո բեկումնային փոփոխություններ ի հայտ եկան նաև Դինքի սպանության գործով դատական գործընթացում: Իշխանություններն ակտիվորեն սկսեցին հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի թիմակիցներին մեղադրել նաև Դինքի սպանության կազմակերպման համար:

Սյունակագիր Ումիթ Քըվանչը ներկայացրել է Դինքի սպանությունից 10 տարի անց նրա սպանության գործով դատական գործընթացի ներկա փուլն ու նրա մահվան 10-րդ տարելիցին ընդառաջ այդ դատավարությունից Դինք ընտանիքի ու նրա ընկերների սպասումները:

Ստորև ներկայացնում ենք Քըվանչի հոդվածը, որը հրապարակվել է Ստամբուլի հայկական պարբերականներից «ՀայԹերթում».

«Առաջին արգելքը երկրում ստեղծված միջավայրն է, որտեղ իսպառ բացակայում են օրենքներն ու արդարությունը:

Երկրորդ արգելքն իշխանությունների կողմից Հրանտ Դինքի սպանությունը բացառապես միայն գյուլենականների վրա բարդելու ջանքերն են:

Երկար տարիներ է, ինչ բոլորս պնդում ենք, որ սա մի ամբողջ խմբավորման կողմից պլանավորված ու իրականացված սպանություն է և որ այս հանցանքն իրականացնողների կողքին պետք է պատասխանատվության ենթարկվեն նաև այն ծածկել փորձող պետական պաշտոնյաները:

Երբ վերջապես դա տեղի ունեցավ` առաջին իսկ դատավարության մեկնարկից տեսակ-տեսակ խայտառակություններ ի հայտ եկան:

Հաստատվեց, որ պետական մի շարք կառույցներ գրեթե մի ամբողջ տարի տեղյակ են եղել սպանության նախապատրաստություններից:

Անվտանգության և հետախուզության պաշտոնյաները սկսեցին մեղքը միմյանց վրա գցել, չհասկացվեց, թե ով ինչ է արել:

Սակայն մի բան ակնհայտ էր. նրանցից ոչ ոք ոչինչ չէր արել սպանությունը կանխարգելելու համար:

Ուրիշ խայտառակություններ էլ ի հայտ եկան:

Ստամբուլի անվտանգությունը մշտապես վտանգի տակ ապրող Հրանտ Դինքի սպանության նախապատրաստման լուրն առնելու ժամանակ անհրաժեշտություն չէր զգացել Հրանտին պաշտպանելու:

Ստամբուլի անվտանգության պետը սպանության վերաբերյալ հետախուզական փաստաթղթերի մասին մեկ այլ պաշտոնյայի ասել էր, թե «Եթե սրանք չոնչացնեմ` բոլորս կայրվենք»:

Դատավարությունից դուրս էլ հետաքրքիր զարգացումներ եղան: Պարզվեց, որ Ժանդարմերիային կից հետախուզության պաշտոնյաները թևութիկունք են եղել մարդասպանին:

Այս ամենը մենք կարողացանք իմանալ միայն հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո գյուլենականներին ուղղված  հետապնդումների ու նոր հարցաքննությունների շնորհիվ:

Եթե այժմ Ժանդարմերիայի առնչությամբ բացված գործը միացվի սպանության դատական գործին` կիրականանա 10 տարի շարունակ մեր հնչեցրած պահանջը:

Սակայն երկրում առկա մթնոլորտը կարծես թույլ չի տալիս օբյեկտիվ արդարադատության հույս տածել:

Սակայն, այնուամենայնիվ, սպանություն իրականացնողների հետ միասին նրանց պաշտպանող պետական պաշտոնյաների դատարանի առաջ կանգնելը, ի վերջո, ապահովվեց: Պետք է նշենք, որ այն կետը, որին եկել- հասել է դատական հետաքննությունը 10 տարի անց, ակնհայտ էր նաև գործի հենց սկզբից:

Այն պարագայում, երբ կա «գործը գյուլենականների վրա բարդելու» ջանքը, իշխանությունները կարծես փակել են այս գործի վրա լույս սփռելու ճանապարհը: Բոլորն էլ միասնական կերպով են ծածկել այս հանցագործությունը»:
Հիշեցնենք, որ պոլսահայ հայտնի լրագրող, մտավորական, «Ակօս» թերթի հիմնադիր և խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն գրեթե 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Թուրքիա, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն