Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Աժ նոր ընտրությունները կլինեն անիմաստ, եթե ընտրությունն արվի 10 000 դրամներով

Ապրիլ 21, 2018թ. 12:38
Կարինե Դանիելյան

 

 Հարցազրույց բնապահպան ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ

-Երկխոսությունն այսօր անհրաժեշտություն է: Կարծում եմ, որ պարոն  Արմեն Սարգսյանի առաջարկը շատ ճիշտ է: Բոլոր ոլորտներում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, մենաշնորհները խեղդում են երկիրը:Ինքս շատ ավելի ծանոթ եմ բնապահպանական ոլորտի խնդիրներին, ինչի մասին անընդհատ խոսում եմ, փաստեր եմ նշում, բայց ինձ ասում են, դե , չափազանցնում եք, այդքան վատ չէ վիճակը: Բայց իրականությունն այլ է, մենք մեր բնությունն ենք կորցնում:

Դրա համար այսօր անհրաժեշտ է, որ հիմնախնդիրների շուրջ կողմերի միջև կայանա բազմակողմանի քննարկում ու հետո համատեղ լուծումներ տրվեն:

Սակայն Փաշինյանը մերժեց  երկխոսության առաջարկը: Սա ի՞նչ վտանգներով է հղի:

-Աստված ոչ անի, որ լինեն բախումներ, մենք դրա իրավունքը չունենք: Նախ մեր երիտասարդներն ափսոս են,  չի կարող կրկնվել մարտի 1-ը: Եվ հետո, հաշվի առնելով  արտաքին իրողությունները, մենք իրավունք չունեն նման լարված իրավիճակ ստեղծել մեր երկրի ներսում: Իրոք, բազմաթիվ խնդիրներ են կուտակվել ու պատահական չէ այս պոռթկումը, և մենք տեսնում ենք, որ դրանք հաճախանում են, մեկը մյուսի հետևից մեր երկրում նման իրավիճակներ են ստեղծվում: Կոնկրետ քայլեր են պետք: Մեր ամենակարևոր խնդիրն արտագաղթի կանխումն է, որը դժգոհության ամենացայտուն ցուցանիշն է: Մասնագետները պարբերաբար այս խնդիրը բարձրացնում են, բայց այն որևէ լուծում չի ստանում:

Անհրաժեշտ է երկխոսություն բոլոր հարթություններում, կարող են ստեղծվել տարբեր խմբեր, որոնցում կընդգրկվեն ընդդիմության և իշխանության  նեկայացուցիչներ, բայց նրանց  հետ մեկտեղ անպայմանորեն պետք է ներառվեն նաև մեր լավագույն փորձագետները, տարբեր ոլորտներ ներկայացնող մասնագետները: Այս քաղաքական լարվածությունից  պետք է շտապ դուրս բերել երկիրը:

-Կա կարծիք, թե իրավիճակը կարող է մեղմվել ԱԺ արտահերթ ընտրությունների դեպքում միայն:

-Այս հարցում ես ունեմ այսպիսի կարծիք: Մի կողմից, երբ նայում եմ մեր որոշ պատգամավորների, որոնք չեն թաքցնում, որ իրենց բիզնեսի համար են եկել ԱԺ, որոնք երկու խոսք չեն կարողանում ասել, հիասթափվում եմ օրենսդիրից: Պարզ է, քաղաքական ու բիզնես էլիտաներն իրար են միացել, ինչը մեր երկրի թիվ մեկ խնդիրն է: Ես կողջունեի ԱԺ նոր ընտրությունների  անցկացումը, եթե  կարողանանք մեր լավագույն փորձագետներին, հայրենասեր մտավորականներին ուղարկել խորհրդարան: Բայց դրա համար մեր  ժողովուրդը պետք է փոխի իր վերաբերմունքը և 5000 կամ 10 000-ով ընտրություն չկատարի: Ես մեկ անգամ մասնակցեցի ընտրական գործընթացներին որպես պատգամավորի թեկնածու.  բակ առ բակ շրջում էի, մարդիկ հավաքվում էին, հաճույքով հարցեր էին տալիս, միասին քննարկում էինք, իսկ կողքի ՙգարաժներում՚ իմ քաղաքական հակառակորդը ջեմ ու պահածո էր բաժանում: Եվ ի՞նչ կատարվեց, նա հաղթեց ընտրություններում: Եթե մեր ժողովուրդը պետք է այսպես կատարի իր ընտրությունը, ապա նորի անցկացումն  անիմաստ է:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն