Գլխավոր » TOP, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

«Եթե այդքան Սեյրան Օհանյանի կենսագրությունով հետաքրքրված եք, ինչո՞ւ չեք ասում, որ նա 92-94 թ.թ. Ղարաբաղի շտաբի պետն է եղել, ինքն է կազմակերպել, մշակել 800 հազար հեկտարի գրավումը, ինչո՞ւ չեք սրա մասին խոսում». Արթուր Ալեքսանյան

Հունվար 16, 2017թ. 20:38
Miacyal-hayer

«Միացյալ հայեր» նախաձեռնությունը որոշում է կայացրել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում աջակցել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և նրա շուրջ համախմբված դաշինքին։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախաձեռնության անդամները նշեցին, որ իրենք ամեն ինչով աջակցելու են Ս. Օհանյանին, քարոզչություն են տանելու նրա ծրագրերը, նպատակներն իրականացնելու ուղղությամբ։

«Ինչով կարողանանք՝ կօգնենք։ Ինչ ֆորմատով էլ ինքը գնա, մենք այդ ֆորմատին էլ աջակցելու ենք։ Մեր այս հայտարարությունից հետո լրագրողներն անընդհատ հարձակվում են մեզ վրա։ Ստացվում է՝ մենք անընդհատ պաշտպանվում ենք։ Այնպիսի հարցազրույց չի եղել, որ Սեյրան Օհանյանի մասով չհարձակվեն մեզ վրա։ Ինչ եղել, եղել է, առաջ նայենք»,- հայտարարեց նախաձեռնության անդամ, Արցախյան պատերազմի վետերան Արթուր Ալեքսանյանը։

Լրագրողի ճշտող հարցին՝ իսկ ի՞նչ է եղել՝ Ա. Ալեքսանյանն այսպես պատասխանեց. «Չգիտեմ, Սեյրան Օհանյանի Մարտի 1-ը և այլն, ինչո՞ւ։ Մարտի 1, Հոկտեմբերի 27, ցավալի է, որ եղել է, բայց առանց նման բաների՝ մենք առաջ չենք կարող գնալ, ինչ եղել է, դա փորձ է մեզ համար, հիմա այդ փորձառու մարդիկ պետք է մեջտեղ գան, որ կարողանանք առաջ գնալ»։

Հարցին էլ, թե՝ Սեյրան Օհանյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով իշխանությունների թերությունները, եթե այդ թերություններ կային, ինքն ինչո՞ւ տարիներ շարունակ ձայն չէր հանում, ինչքանո՞վ է նորմալ, որ իշխանությունից դուրս են գալիս, հանկարծ հիշում են այդ թերությունների մասին, Ա. Ալեքսանյանն այսպես պատասխանեց. «Որպես նախկինում պետական աշխատող՝ ես ձեզ ասում եմ՝ զինվորը երբեք չի կարող հրամանները չկատարի, որ օրը չկատարեց, դուռը կբացեն, ճամփու կդնեն։ Եթե այդքան Սեյրան Օհանյանի կենսագրությունով հետաքրքրված եք, այդ նույն Սեյրան Օհանյանը 1992-94 թվականներին Ղարաբաղի շտաբի պետն է եղել, ինչը որ գրավել ենք, ինքն է կազմակերպել, մշակել այդ 800 հազար հեկտարի ազատագրումը,  ինչո՞ւ չեք աչք կոխում այդ փաստը, ու հիմա չգիտեմ, թե ինչեր եք ասում»։

Նույն նախաձեռնության անդամ, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ ասաց, որ, եթե Սեյրան Օհանյանն ընդուներ համակարգում իր ծառայության էֆեկտիվությունը, գտներ, որ այդպես կարելի է շարունակել, ուրեմն՝ դուրս չէր գա համակարգից. «Նրա հենց դուրս գալը և այլընտրանք առաջարկելը ցույց է տալիս, որ զինվորականը քանի զինվորական է, նա պետք է ասի՝ «ճիշտ այդպես»։ Նրա դուրս գալը կապված է նրա հետ, որ նա համաձայն չէր Մարտի 1-ի հետ, Հոկտեմբերի 27-ի հետ։  Մարդը ասել է՝ ես դուրս եմ գալիս, որովհետև համաձայն չեմ ձեզ հետ, դուրս գալու պատճառը դա է եղել»։

Հարցին էլ, թե՝ Դուք իսկապե՞ս ունեք տեղեկատվություն, որ Սեյրան Օհանյանը հեռացել է և ոչ թե հեռացվել՝ Ա. Արշակյանն այսպես պատասխանեց. «Պաշտոնանակությունը պետք է պատճառաբանվի, բանակային պաշտոնանկությունները սովորաբար հրապարակային չեն լինում։ Սեյրան Օհանյանի պաշտոնանկության պատճառը մեզանից ոչ ոք չգիտի, բայց փաստն այն է, որ նա չի համապատասխանել այսօրվա իշխանության կամ ռեժիմի պահանջներին, ինչն ինձ բավարարում է։ Սեյրան Օհանյանին ոչ թե հեռացրել են, այլ ավելի բարձր պաշտոն են առաջարկել, բայց նա համակարգից է դուրս եկել»։

168.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն