Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական

Քրդական ծագում ունեցող Իլհամ Ալիևի կլանը երկար էր սպասել…

Հոկտեմբեր 23, 2009թ. 14:35

klanՀայթուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր խնդիրներ է առաջադրում տարածաշրջանային անվտանգության համար

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը բազում հարցեր է առաջադրել տարածաշրջանի գրեթե բոլոր պետությունների համար, քանի որ այն ի վիճակի է փոխել Հարավային Կովկասի քաղաքական պատկերը: Արդեն իսկ այն հանգամանքը, որ պաշտոնական Երևանն ու Անկարան բռնել են սահմանների բացման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղին, հիմնովին ձևափոխել է Հայաստանը տարածաշրջանային գործընթացներից մեկուսացնել ձգտող Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը: Բաքվում նույնիսկ չսպասեցին, որ Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանները վավերացնեն երկու երկրների արտգործնախարարների կողմից ստորագրված արձանագրությունները: Եվ այսօր մենք ականատեսը դարձանք, թե ինչպես է Ադրբեջանը դիվերսիֆիկացնում միջազգային շուկաներում իր նավթագազային պաշարների իրացման ուղիները: Քրդական ծագում ունեցող Իլհամ Ալիևի կլանը երկար էր սպասում, թե երբ պիտի Թուրքիան դավաճանի Ադրբեջանի ազգային շահերը, որպեսզի իրենք կարողանան վերջապես ձերբազատվել թուրքերի հետ պարտադրված եղբայրությունից: Եվ այժմ արդեն Իլհամ Ալիևն ազատ է իր գործողությունների մեջ: Նա հանգիստ կարող է մեղադրել թուրքական կողմին թուրք-ադրբեջանական հարաբերությունների վատացման համար` քողարկելով այն հանգամանքը, որ իրեն` իբրև էթնիկ քուրդի, չափազանց տհաճ էր զոհ գնալ թուրքերի հետ միասին լինելու ազերիների ցանկությանը և դրանով իսկ ենթարկել իր քաղաքականությունը Անկարայի շահերին:

Այս առումով Ալիևների քրդական կլանը բավական շահեկան դիրքում է հայտնվել: Նրանք, իհարկե, թքած ունեն այն փաստի վրա, որ Հայաստանի շրջափակման վերացումը Արցախը գրավելու իրենց ցանկությունը հավասարեցնում է զրոյի: Կարևորն այն է, որ ներկայումս հիանալի հնարավորություն է ստեղծվել իրենց ձեռքը վերցնել նաև Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը, ինչը նորանոր և բավական մեծ շահույթ է խոստանում Ալիևների կլանին: Եվ քանի դեռ Թուրքիայի խորհրդարանը չի հասցրել մերժել հայթուրքական համատեղ արձանագրությունների վավերացումը, անհրաժեշտ է արագ կերպով հրաժարվել Թուրքիայի հետ ձեռք բերված տնտեսական և քաղաքական պայմանավորվածություններից:

Հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերությունն ադրբեջանական գազը Ռուսաստանին վաճառելու վերաբերյալ պայմանագիր ստորագրեց ռուսական «Գազպրոմի» հետ: Փաստաթղթի համաձայն, 2010 թվականի սկզբից Ռուսաստան կներմուծվի տարեկան առնվազն 0,5 մլրդ. խորանարդ մետր գազ: Ընդ որում, այդ պայմանագիրը ենթադրում է Ադրբեջանում արտահանվող ցանկացած տիպի գազի վաճառք Ռուսաստանին: Գործնականում դա նշանակում է, որ «Գազպրոմը» հնարավորություն է ստանում գնել նույնիսկ այն գազը, որը նախատեսված էր արևմտյան գազային ընկերությունների համար: Բացի այդ, Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը մի քանի օր առաջ կրճատել է ԲաքուԹբիլիսիԿարս երկաթգծի շինարարության ֆինանսավորումը` տարեկան 80 միլիոն մանաթից հասցնելով 30 միլիոնի:

Պաշտոնական Բաքվի բռնած այդ ուղուց ամենաշատը, անկասկած, կտուժի Վրաստանի Հանրապետությունը, որն արդեն իսկ պատրաստվում է հայկական բեռների տեղափոխումից ստացվող եկամուտների զգալի կրճատմանը: Այժմ Թբիլիսիում պետք է պատրաստ լինեն նաև հրաժարվելու Ադրբեջանի և Թուրքիայի միջև տեղի ունեցող ապրանքաշրջանառությունից ստացվող եկամուտներից, ինչպես նաև Արևելք-Արևմուտք ճանապարհին տարանցիկ երկիր լինելու հույսերից: Սա բավական մեծ հարված է Վրաստանի տնտեսությանը, քանի որ` ա) այդ դեպքում Ռուսաստանի հետ ունեցած տարաձայնությունների և թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածության պատճառով Վրաստանը կվերածվի յուրատեսակ փակուղու, բ) տարանցիկ երկիր դառնալու հույսով պաշտոնական Թբիլիսիի կողմից վերցրած մեծաքանակ վարկերը պարզապես չեն արդարացնի վրացիների սպասումները` անտանելի ֆինանսական կախվածություն առաջացնելով վարկատու երկրներից:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արդյունքում տեղի ունեցող այս ձևափոխումները լուրջ վտանգ են պարունակում տարածաշրջանային անվտանգության ընդհանուր համակարգի համար: Օրինակ, Վրաստանի հնարավոր մեկուսացման պարագայում այդ երկիրը կկորցնի իր կարևորությունն Արևմուտքի համար: Դա կարող է զգալիորեն թուլացնել Վրաստանի` առանց այն էլ չկայացած պետական համակարգը` ճանապարհ հարթելով, օրինակ, տեղի ադրբեջանցիների համար «փոքրիկ հաղթական պատերազմի» միջոցով ձերբազատվել պարտված ժողովրդի հոգեբանությունից: Իսկ եթե Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքական տարաձայնություններն ավելի խորանան, ապա Վրաստանից համեղ պատառ պոկելու հնարավորությունից չի հրաժարվի նաև պաշտոնական Անկարան:

Իհարկե, այսպիսի հեռանկարը բավական մեծ վտանգներ է իր մեջ պարունակում ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլ նաև Հարավային Կովկասում քաղաքական շահեր հետապնդող գերտերությունների համար: Այդ իսկ պատճառով կարելի է սպասել, որ շուտով քաղաքական նոր նախաձեռնություններով հանդես կգան Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Իրանը, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, Իսրայելը և այլ շահագրգիռ կողմեր: Իսկ մինչ դա տեղի կունենա, Հայաստանն ու Թուրքիան շարունակում են սիրային վտանգավոր խաղեր խաղալ:

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , ,

Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն