Գլխավոր » ԼՂ Հանրապետություն

Քաղաքականից` շրջադարձ դեպի իրավականը

Օգոստոս 10, 2009թ. 16:04

Եկել է վճռականորեն գործելու պահը

Սկսած 1991 թվականից` ղարաբաղյան հիմնախնդրում գերտերությունները որդեգրեցին այսպիսի մոտեցում. անտեսվեց ու արհամարհվեց իրավական փաթեթը, և այն գնահատվեց բացառապես իբրև քաղաքական խնդիր: Հետևանքը եղավ այն, որ «մոռացությա» մատնվեցին հայկական կողմի համար այնքան արժեքավոր իրավական փաստերն ու միջազգայնորեն ճանաչված փաստաթղթերը, և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն ամբողջությամբ հայտնվեց քաղաքական շահերի կիզակետում: Այլևս ակնհայտ է, որ գերտերություններն զբաղված են ոչ այնքան խնդրի իրական կարգավորմամբ, որքան Ղարաբաղի ժողովրդի հաշվին իրենց աշխարհաքաղաքական հարաբերությունները պարզելով:

Ցավալին այն է, որ նորանկախ Հայաստանը ևս պետականորեն որդեգրեց այս քաղաքական ուղեգիծը, թերևս առաջնորդվելով այն սխալ դիտարկմամբ, թե իրավական մոտեցումը հարցը կարող է տանել սահմանադրական փակուղի: Եվ միայն տարիներ անց վերաբերմունքն սկսեց փոխվել: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի ելույթներում սկսեցին տեղ գտնել այնպիսի շեշտադրումներ, որոնցում կարևորվում էին հենց իրավական փաստարկները: Նրանք շրջանառեցին հետևյալ իրավական դրույթը, թե Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի Հանրապետության կազմում:

Սակայն այսօր էլ, երբ խոսք է լինում ազատագրված տարածքների հայկականության մասին, քաղաքական որոշ գործիչներ միանգամից հակադարձում են` համանախագահները պատմական փաստարկները չեն կարևորում, ուրեմն պետք չէ խորանալ պատմության մեջ: Նրանք մոռանում են, որ խոսքը ոչ թե պատմական, այլ իրավական փաստարկների մասին է, որոնց հիմքում գործող պայմանագրեր ու որոշումներ են: Որ Ղարաբաղյան խնդրում սոսկ քաղաքական հարթության մեջ լուծումներ փնտրելն այլևս հեռանկարային չէ, կարծես սկսել են գիտակցել և միջնորդ կողմերը. խնդրի իրավական մոտեցման նկատմամբ համանախագահների դրական վերաբերմունքի արտահայտություն կարելի է համարել Մայնդորֆյան հռչակագիրը, որում ամրագրվեց, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի` ելնելով միջազգային իրավունքի նորմերից և դրանց հիման վրա ընդունված իրավական փաստաթղթերից… Ռուսաստանյան համանախագահ Յուրի Մերզլյակովն էլ նկատել էր, թե` վերջապես մենք ուզում ենք մի հակամարտություն կարգավորել` միջազգային իրավունքի հիմքի վրա: Այս ամենը ցույց է տալիս, որ եկել է հայկական կողմի առավել վճռականորեն գործելու ժամանակը, և տարածաշրջանային զարգացումները մեզ սխալներ գործելու իրավունք այլևս չեն տալիս:Մենք պետք է խոսենք փաստաթղթերի լեզվով, և դրա համար հայկական կողմն ունի իրավական բազմաթիվ կռվաններ: Դիտարկենք դրանցից մի քանիսը.

1921-ի հուլիսին Խորհրդային Ադրբեջանի կողմից Հայաստանի անբաժանելի մաս ճանաչված Լեռնային Ղարաբաղը (խոսքը վերաբերում է ողջ Լեռնային Ղարաբաղին` ազատագրված տարածքներով հանդերձ) ՌԿ(բ)Կ Կովբյուրոյի ապօրինի որոշմամբ վերցվում է Հայաստանից ու ներառվում Խորհրդային Ադրբեջանի «սահմանների մեջ»: Սակայն պայմանով, որպեսզի ողջ Լեռնային Ղարաբաղին տրվի մարզային լայն ինքնավարություն: Փաստաթղթում գրված է. «Ելնելով մուսուլմանների ու հայերի միջև ազգային հաշտության անհրաժեշտությունից, Վերին ու Ներքին Լեռնային Ղարաբաղի տնտեսական կապից, Ադրբեջանի հետ նրա մշտական կապից` Լեռնային Ղարաբաղը թողնել ԱդրԽՍՀ սահմաններում` նրան տալով մարզային լայն ինքնավարություն` նրա կազմի մեջ մտնող Շուշի վարչական կենտրոնով»: Վերլուծելով փաստաթուղթը` քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն արձանագրում է, որ նախ` հիշյալ փաստաթղթով Ղարաբաղն ամենևին չի համարվում Ադրբեջանի մաս, հակառակը` Ադրբեջանի հետ Ղարաբաղի տնտեսական կապի մասին փաստարկում Ղարաբաղն ու Ադրբեջանը դիտվում են որպես աշխարհագրորեն տարբեր տարածքներ: 2-րդ. հստակորեն արձանագրված է, որ ԼՂ-ն թողնվում է ոչ թե Ադրբեջանի, այլ ԱդրԽՍՀ սահմաններում և ամբողջ Լեռնային Ղարաբաղին տրվում է մարզային լայն ինքնավարություն: Մինչդեռ ընդամենը երկու տարի անց` 1923-ին Բաքուն խախտելով Կովբյուրոյի որոշումը, Լեռնային Ղարաբաղից պոկում է Քարվաճառը (Քելբաջար), Քաշաթաղը (Լաչինը), Կարյագինոն (Ֆիզուլի), Կովսականը (Զանգելան), Շահումյանը, Խանլարը և մյուս շրջաններն ու Լեռնային Ղարաբաղի մի փոքրիկ մասի` ընդամենը մեկ քառորդի վրա հռչակում ինքնավար մարզ: «Մարզի սահմանները ոչ թե միջազգային պայմանագրի, այլ Բաքվի կողմից գծված սահմաններ են»,— փաստում է Ա. Մանասյանը: Իսկ սա նշանակում է, որ ազատագրված տարածքները Լեռնային Ղարաբաղից են պոկված եղել: Ավելին, մենք դեռ չենք ազատագրել այն տարածքները, որոնք իրականում պետք է լինեին Լեռնային Ղարաբաղի մարզի սահմաններում: Խոսքը Կենտրոնական և Հյուսիսային Լեռնային Ղարաբաղի մասին է, որոնք այսօր օկուպացված են Ադրբեջանի կողմից: Իրավական փաստաթղթերը հաստատում են, որ տարածքներ գրավել ենք ոչ թե մենք, այլ Ադրբեջանը: «Ցավոք այս փաստերին քաղաքական գործիչները չեն տիրապետում և ասում են` եկեք մեր տարածքները փոխզիջենք: Բայց նախ հասկանանք, թե ո՞ւմ հողն ենք փոխզիջում. Ադրբեջանն իմ հողը կտա ինձ, ես էլ իմ հողը կտամ ադրբեջանցուն, ու դա կդառնա փոխզիջո՞ւմ», հարցադրում է քաղաքագետ Մանասյանը:

Բայց սա դեռ ամենը չէ` հիմնախնդրի իրավական հիմքերը պարունակում են մեզ համար առավել շահեկան այլ փաստարկներ ևս: Այսպես. 1991-ին Բաքուն մերժեց ողջ խորհրդային իրավաքաղաքական ժառանգությունը և հրաժարվեց ԱդրԽՍՀ իրավահաջորդը լինելուց: Այսինքն 1991-ից դադարեց գոյություն ունենալ միջազգային իրավունքի այն սուբյեկտը` Խորհրդային Ադրբեջանը, որի սահմաններում, որոշակի պայմաններում թողնվել է Լեռնային Ղարաբաղը: Այդ քայլով Բաքուն, փաստորեն, զրկվել է այն տարածքների նկատմամբ իրավունքներից, որոնք 1921-ին տրվել են Խորհրդային Ադրբեջանին (ի դեպ նույնը վերաբերում է նաև Նախիջևանին): Այսպիսով. «Լեռնային Ղարաբաղը իրավունքի տեսակետից չի պատկանում մերօրյա Ադրբեջանի Հանրապետությանը: Եվ խոսքն այս դեպքում ոչ թե պատմական իրավունքի մասին է, այլ միջպետական գործող պայմանագրերի ու որոշումների»:

Մեկ այլ փաստարկ. 1991-ի օգոստոսի 31-ին նորօրյա Ադրբեջանական Հանրապետությունը հրաժարվեց Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից և վերականգնեց 1918-20 թթ. գոյատևած մուսավաթական Ադրբեջանի պետականությունը, որը պատմության թատերաբեմից հեռացել էր Ազգերի Լիգայի կողմից դե յուրե չճանաչված, այսինքն սահմաններ ձեռք չբերած: Եվ ահա Մանասյանը նկատում է, որ 1991ին իրեն հայտարարելով մուսավաթական Ադրբեջանի ժառանգորդ, մերօրյա Ադրբեջանն առայսօր չի կատարել կարևորագույն քայլը` չի հռչակել սեփական երկրի սահմանները, մինչդեռ այսօր փորձում է աշխարհին ներկայանալ որպես իրավական, սահմանների տեսակետից` լեգիտիմ պետություն: Բայց «Նրա լեգիտիմ սահմանների մասին խոսելն անլուրջ է, ինչպես անլուրջ է փաստաթղթերի ու միջազգային իրավունքի տեսակետից նրա տարածքային ամբողջականության մասին խոսելը: Սա մի փաստ է, որն այդ երկիրը դարձնում է առավել խոցելի, և դրանից մենք պետք է կարողանանք օգտվել»: Բայց փոխարենը` չեք գտնի գեթ մեկ փաստաթուղթ, որը կասկածի տակ դնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լեգիտիմությունը: ԼՂՀ անկախության հանրաքվեն կայացել է անբասիր ձևով` միջազգային իրավունքին համապատասխան: Ի դեպ ԼՂՀ-ն իր անկախությունը հռչակել է մինչև Ադրբեջանի միջազգային ճանաչումը:

Իրավական մեկ այլ հիմնավորում. Լեռնային Ղարաբաղի մարզը, ըստ էության, Ադրբեջանի ենթակայությունից դուրս է բերվել դեռ խորհրդային տարիներին` 1989-ին, «երբ ստեղծվեց հատուկ կառավարման կոմիտե` Վոլսկու ղեկավարությամբ: Քաղաքագետը հիշեցնում է, որ այդ ընթացքում Ղարաբաղում բոլոր կազմակերպություններն ու հինարկները ենթարկվում էին Մոսկվային և Երևանին: Փաստորեն Լեռնային Ղարաբաղը ԽՍՀՄ տարիներին արդեն դե ֆակտո դուրս էր Ադրբեջանի կազմից ու նրան չէր ենթարկվում:

«Բանակցությունը բարդ գործընթաց է,— հավելում է Ալեքսանդր Մանասյանն ու շարունակում,— հակառակ կողմերն ամեն ինչ անելու են` խաբելու, խնդիրը քաղաքական դաշտ մղելու և իրավական-պատմական փաստարկները լղոզելու համար: Որպես բանակցող կողմ` մենք պետք է ունակ լինենք մեջտեղ բերել մեզ համար օգտակար փաստարկները»: Իսկ դրա համար քաղաքական այրերից պահանջվում է ոչ թե կուրորեն խոսել փոխզիջման մասին, այլ հիմնովին տիրապետել Ղարաբաղյան հակամարտության այբուբենին` իրավական փաստերի փաթեթին ու աշխարհի հետ անկաշկանդ խոսել իրավունքի լեզվով:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , ,

Դիտել ԼՂ Հանրապետություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`