Գլխավոր » Մշակույթ

Ցեղասպանությունը դեռ շարունակվում է

Օգոստոս 11, 2009թ. 14:58

Արմենուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ

CEGHASPANԵրբ իր «Առանցքի տերությունների կառավարումը նվաճված Եվրոպայում» աշխատության մեջ քրեական և միջազգային իրավունքի մասնագետ Ռ. Լեմկինը ձևակերպեց «ցեղասպանություն» հասկացությունը, նա նշեց, որ դա ոչ միայն էթնիկական կամ կրոնական խմբի ֆիզիկական բնաջնջումն է, այլ նաև նրա ազգային հոգևոր մշակույթի ոչնչացումը: Սակայն երբ 1948թ. ՄԱԿ-ը ցեղասպանության մասին հռչակագիրն ընդունեց, մշակութային ցեղասպանության մասին այնտեղ որևէ նշում չկար:

20-րդ դարի մեծագույն ոճրագործությունը` հայոց ցեղասպանությունը, հայերից դատարկեց իր պատմական հայրենիքի` Արևմտյան Հայաստանի, հսկայական տարածքները, սակայն անկարող եղավ երկրամասի այդ հնագույն բնիկների ստեղծած մշակույթի դրսևորումներն ամբողջովին նրանց հետ տեղահանել կամ սպանել… Հետագա տասնամյակները Թուրքիայի համար բերեցին հայերի մշակութային հետքը հայության բնօրրանից վերացնելու, հնարավորության դեպքում նաև սեփականելու դժվարին գործընթաց:

Այս ամենին երբեմն-երբեմն արձագանքող աշխարհը թույլ փորձեր էր ձեռնարկում` կասեցնելու այդ գործընթացը, որի արգասիքներից մեկն էլ 1987թ. հունիսի 18-ին Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևն է: Նրա 6-րդ կետում նշված է, որ թուրքական կառավարությունն ուշադրություն պետք է ցուցաբերի Թուրքիայում ապրող հայ համայնքի լեզվի, մշակույթի, կրթական համակարգի նկատմամբ` միաժամանակ պահանջելով պատշաճ վերաբերմունք ցուցաբերել Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հուշարձանների հանդեպ:

Հիշենք, թե ինչ ցուցադրական շուքով Թուրքիայում վերանորոգվեց ու բացվեց Ախթամարի «Սուրբ խաչ» եկեղեցին` որպես թանգարան: Իսկ հիմա էլ, երբ եվրամիություն ներթափանցելու Թուրքիայի ճիգերին ի պատասխան` արտաքին աշխարհը ճնշումներ է գործադրում`ուղղված հայ-թուրքական հարաբերությունների աշխուժացմանը, այնտեղ արդեն խոսում են նաև եկեղեցու` նախօրոք մերժած խաչը տեղադրելու իրենց «բարի կամքի» դրսևորման մասին: Տեսեք-տեսեք, որքա~ն հանդուրժող են իրենք:

Հակառակ թուրքերի կամքի, Արևմտյան Հայաստանի հողն այսօր որոշ չափով §հասանելի¦ է դարձել դրսի հայերի համար: Իսկ այնտեղ հայտնվող հայը առաջին հերթին նկատում է քարեղեն հուշարձանների ավերումն ու այլափոխումը: ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի հրատարակած «Մշակութային ցեղասպանություն» գրքում` հեղինակ Անուշ Հովհաննիսյանը, զետեղել է Արևմտյան Հայաստանի տարածքի 9 հայկական հուշարձանների լոուսանկարները, որոնք այսօր գտնվում են ողբալի վիճակում: Դրանցից 6-ը ներկայացված են նաև հին լուսանկարներով, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսի տեսք են ունեցել այդ հուշարձաններն այն ժամանակ, երբ այդ տարածքներում ապրում էին երկրամասի հիմնական բնակիչները, այդ հուշարձանների իրական տերերը` հայերը: Նմուշներից մեկում լուսանկարչական սարքն ամրագրել է, թե ինչպես են Արծկե եկեղեցու ճարտարապետական կատարյալ կառույցն ու հրաշալի որմնանկարները §վայելում¦ ոչխարները…

Այս ամենը վկայում է այն մասին, որ այսօր Թուրքիան իրականացնում է մշակութային ցեղասպանություն, ու չնայած դրան ջանք չի խնայում Եվրամիություն թափանցել, իհարկե, իրեն բնորոշ ձեռագրով` աչքաքապությամբ ու զոռբայությամբ:

Հեղինակը կասկած չունի. «Հայ ժողովրդի, նրա պատմության և մշակույթի վրա զանգվածային այդ հարձակումը երկու գլխավոր նպատակ է հետապնդում` «ապացուցել», որ Արևմտյան Հայաստանը երբեք չի եղել հայերի բնօրրանը, և որ թուրքերը հայ ժողովրդի նկատմամբ չեն իրականացրել ցեղասպանություն»:

Իսկ Թուրքիայում ու նրա «կրտսեր եղբայր» Ադրբեջանում մշակութային ցեղասպանությունը շարունակվում է, ասել է թե` թուրքը երբևէ ետ չի կանգնելու իր գործելակերպից: Ու այդպես կլինի, քանի դեռ մի ավելի զորեղ գործոն չի կասեցնի նրա ոճրագործ ընթացքը:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` ,

Դիտել Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`