Գլխավոր » ԼՂ Հանրապետություն

Տիգրանակերտի պեղումները հետաքրքիր փաստեր են բացահայտում

Օգոստոս 14, 2009թ. 20:51

Picture 127ԼՂՀ ողջ տարածքը լեցուն է պատմական հուշարձաններով, ճարտարապետական գլուխգործոցներով, եկեղեցիներով ու մշակութային կոթողներով: Արցախի զինված ուժերը 1993 թվականին ադրբեջանցիներից ազատագրեցին Աղդամի շրջանը: Այստեղ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը ՙԵրկիր՚ հասարակական կազմակերպությունների միության նախաձեռնությամբ, Վանքասար կոչվող սարի եւ Շահբուլաղ կոչվող աղբյուրի մոտակայքում 2005թ. հայտնաբերեց հայոց արքա Տիգրան Մեծի (մ.թ.ա. 95-55) կառուցած չորս Տիգրանակերտներից մեկը: 7-րդ դարի պատմիչներ Սեբեոսի եւ Մովսես Կաղանկատվացու` Արցախի Տիգրանակերտի մասին հիշատակումներն ուսումնասիրելուց հետո հետազոտական աշխատանք իրականացնելով` պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանի ղեկավարած 8 հոգանոց արշավախումբը հայտնաբերում է Տիգրանակերտը, որը Անդրկովկասում պեղված ամենամեծ հուշարձանն է: Չորսամյա պեղումների ընթացքում հիմնականում ուշադրություն է դարձվել միջնաբերդի ուսումնասիրմանը: Արշավախմբի անդամ, Արցախի պետական համալսարանի դասախոս Վարդգես Սաֆարյանի խոսքերով, այսօր արդեն հայտնաբերվել եւ ուսումնասիրվել են քաղաքի միջնաբերդը, պարիսպները, աշտարակները, կլոր աշտարակը` 9 մետր տրամագծով, քաղաքի կենտրոնական մասը, վաղմիջնադարյան բազիլիկ եկեղեցին£ Մոտ 10 հա տարածք զբաղեցնող կենտրոնական թաղամասում 30 քմ մակերեսով պեղումները բացահայտել են խոշոր սրբատաշ բլոկներով ու կրաշաղախով կառուցված եկեղեցու ավերակները:
Մ.թ.ա. 70-ական թվականներին հիմնված եւ մինչեւ 15-րդ դարը գոյատեւած հելլենական ոճի այս քաղաքը բաղկացած է մի քանի մասից` լեռան լանջին ամրացված մեծ թաղամասից, հարթավայրում փռված կենտրոնական թաղամասից, գյուղական արվարձաններից եւ դամբարանադաշտերից, ընդհանուր առմամբ` 60 հա: Տիգրան Մեծի ժամանակվա դամբարանադաշտը դեռ չի գտնվել, սակայն արշավախմբի անդամները հույս ունեն, որ այն վաղքրիստոնեական դամբարանադաշտի մոտ կամ գուցե նրա տակ է: Հայտնաբերվել են նաեւ քրիստոնեական հուշարձաններ: Շինարարական տեխնիկան հելլենական դարաշրջանին է վերագրվում, այն կիրառվել է ոչ միայն Հայաստանում, այլեւ Հունաստանում, Միջագետքում, Եգիպտոսում: Հայտնաբերված կառույցները հավաստում են, որ Տիգրանակերտը կառուցվել է տեղական սպիտակ կրաքարից` զարգացած տեխնոլոգիաներով: Քաղաքի բնակիչները, ըստ Վ. Սաֆարյանի, զբաղվել են երկրագործությամբ, անասնապահությամբ, առևտրով եւ կապեր են ունեցել այլ երկրերի հետ:
Քաղաքի ներքևի մասում` Հարթավայրում, պեղվում է վաղ քրիստոնեական բազիլիկ եկեղեցիներից մեկը, որը թվագրվում է 5-7-րդ դարերով: Այստեղ 2008թ. գտնվել է կավից պատրաստված սկավառակաձև առարկա, որի վրա փորագրված է մարդու պատկեր և կա հայերեն արձանագրություն` ՙԵս` Վաչե Ծառայ տեառն Աստծոյ՚: Այն 6-7-րդ դարերի արձանագրություն է` ամենահինը ԼՂՀ տարածքում: Կան տարբեր պատկերներ ևս` խաչ, խաղողի ողկույզ եւ տերև: Երեք տարի պեղումներ կատարելով`արշավախումբն արդեն բացվել է եկեղեցու երկու երրորդը, այժմ հնագետները փորձում են եկեղեցու մուտքը բացել: Այս բազիլիկ եկեղեցին բավականին մեծ է, ունի 5 մուտք` երկուսը հյուսիսից, երկուսը հարավից, մեկը` արևմուտքից: Եկեղեցին, որի մասին որևէ հիշատակություն չի գտնվել, ըստ արշավախմբի անդամ Տատյանա Վարդանեսովայի, գործել է մինչեւ փլուզվելը` 10-րդ դարը: Բացի արձանագրությունից` հայտնաբերվել են սրբատաշ եւ պատկերազարդ քարեր:
Այս բոլոր հայտնագործությունները վկայում են, որ Արցախը բնիկ հայկական տարածք է, այնտեղ մինչեւ 18-րդ դարը եղել է միատարր հայկական բնակչություն:
Ի դեպ 2007թ. մասամբ, իսկ 2008թ. ամբողջությամբ` պեղումները ֆինանսավորել է ԼՂՀ կառավարությունը: Այս տարի ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության կազմում ստեղծվել է ՙՏիգրանակերտի արգելոց՚ ՊՈԱԿ-ը, որի միջոցով էլ իրականացվում է ֆինանսավորումը:
Սևակ ՀԱԿՈԲՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , ,

Դիտել ԼՂ Հանրապետություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`