- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ «ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ» ՈԼՈՐԱՆՆԵՐՈՒՄ

Միայն վերջին 3-4 տարիներին մեզանում մի քանի տասնյակ զանազան-զարմանազան կայքեր են գործարկվել, ըստ որում՝ դրանց մեծ մասը «համեստորեն» հորջորջվում է լրատվական կայք: Կարելի է կարծել, թե Հայաստանում լրագրողների ինկուբացիոն բազմացման հատուկ սարք են հորինել եւ դրանք շատանում ու շատանում են:
Սակայն նման կայքերի մի զգալի մասի լրահոսին նետված թռուցիկ հայացքն իսկ բավական է համոզվելու, որ այդտեղից լրագրության հոտ անգամ չի գալիս:
Կան կայքեր, որոնք «մասնագիտացել» են սոցիալական ցանցերից օգտատերերի գրառումները «տանելու» վրա: Սկզբունքորեն ստեղծվել է մի վիճակ, երբ սոցիալական ցանցում ցանկացած որեւէ մեկի որեւէ հրապարակային («public») գրառում, լուսանկար կարող է վերածվել «զանգվածային լրատվության» ու, որպես այդպիսին, շրջանառվել լրահոսում: Դե, հիմա պատկերացրեք, թե ի՞նչ կլինի, եթե տվյալ գրառման տեղեկությունները սուտ կամ մտացածին լինեն:
Ասենք, ինչո՞ւ պատկերացնել:
Օրերս, օրինակ, կայծակնային արագությամբ տարածվեց հատուկ շեշտադրությամբ հորինված «տեղեկություն», թե քաղաքում, իբր, հայտնվել են ՍՊԻԴ-ով վարակված ասեղներով մարդկանց ծակծկող ինչ-որ ստահակներ: «Տեղեկատվության» սկզբնաղբյուրը կիսավիրտուալ «Մենք» երիտասարդական շարժում ներկայացող կազմակերպության փոխնախագահն էր:
Բանը հասավ նրան, որ բժիշկներն ու մասնագետները սկսեցին հերքել, բացատրել, պարզաբանել: Բայց այստեղ բոլորովին այլ կարգի մասնագետների բացատրությունների կարիք կար, քանզի ակնհայտ է, որ գործ ունենք քարոզչական (հակաքարոզչական) տեխնոլոգիայի ու հնարքի կիրառման հետ:
Տեսեք. խնդիր կա հասարակության մեջ ձեւավորել կամ բեւեռացնել հակառուսական տրամադրություններ: Ինչպե՞ս անել: Եթե տեղեկատվական առիթ կա, դա դեռ ոչինչ, կարելի է հնարավորինս «պտտացնել» այս կամ այն եղելությունը, մեկնաբանություններով համեմել, ասուլիս-մասուլիս տալ, մի խոսքով՝ «պահել թեման»:
Իսկ եթե չկա՞ «տեղեկատվական առիթ»: Ուրեմն պետք է այն ստեղծել: Ու ստեղծել այնպես, որ հետաքրքրի հնարավորինս շատերին, հատկապես նրանց, ովքեր թքած ունեն քաղաքականության ու քաղաքականացված տեղեկատվության վրա:
Դրա համար «վերցնում» են ուշադրություն գրավող մի քանի բառ, օրինակ՝ ՍՊԻԴ (ՁԻԱՀ), ասեղ, վարակել: Ձեռքի հետ տեքստի մեջ գործածում են հետեւյալ կապակցությունը՝ «կազմակերպությունը Հայաստան է ներթափանցել Ռուսաստանից 4 ամիս առաջ» եւ գրում մնացյալը: Ու պատրաստ է: Այստեղ, հասկանալի է, առանցքայինը «Ռուսաստանից թափանցելու» պահն է:
Կա մարդկանց մի խումբ էլ, որը կարծես հանձնարարություն ունի շարունակաբար ցնցել վիրտուալ տարածքը, որտեղ, ի դեպ, ամեն օր հարյուր հազարավոր հայ մարդիկ են «ելումուտ» անում: Այսպես ասած՝ ուղղորդող նեգատիվ «տեղեկատվության» մասին է խոսքը:
Ահավասիկ: Օրերս ՖԲ լրաշարի մեջ նկատում եմ մի լուսանկար, որտեղ թիկունքի կողմից պատկերված է դպրոցական ուսապարկով մի երեխա, որը ձյուների միջով գնում է հողաթափերով: Ու լուսանկարի տակ այսպիսի կոչ է՝ «տարածեք այս նկարը, թող բոլորը տեսնեն»: Նկարի տակ, հասկանալի է, խայտառակ մեկնաբանություններ՝ «էս ի՞նչ է կատարվում…», «վա՜յ… վո՜ւյ…», զանազան հայհոյախառն արտահայտություններ իշխանությունների հասցեին եւ այդպես շարունակ:
Կարճ ժամանակ անց պարզում եմ, որ ցնցող լուսանկարը տեղադրել է mikarm.ru կայքը, որը, ի դեպ, մասնագիտացած է ֆիլմերի վրա: Շատերի նման հետաքրքրվում եմ՝ որտե՞ղ է արված լուսանկարը, ո՞ր քաղաքում (գյուղում), ե՞րբ, ո՞վ է լուսանկարում պատկերված, ո՞վ է լուսանկարի հեղինակը: Մի խոսքով, կա՞ որեւէ տվյալ, որով հնարավոր լինի թեկուզ մի բան պարզել: Եվ ի՞նչ:
Եվ այն, որ mikarm.ru-ն պատասխանում է. «Նկարն ինտերնետից է»: Հասկացա՞ք: Մարդը ինչ-որ տեղից ներբեռնել է մի լուսանկար, մի թեթեւ «ֆոտոշոփով» մշակել ու նորից «նետել» ինտերնետ ու ասում է՝ «գնացեք, պարզեք, թե որտեղից է»: Ամենահետաքրքիրը՝ տասնյակ ու տասնյակ մարդիկ «հավանում» են այն, տարածում, ու շուրթերը ճպպացնելով թունդ մեկնաբանություններ անում, չնայած չգիտեն՝ թե ո՞վ է պատկերված լուսանկարում, ե՞րբ է այն արվել, ընդհանրապես դա Հայաստանո՞ւմ է, թե՞ ոչ:
Դիտարկենք մեկ այլ, շատ ավելի կարեւոր խնդիր: Հայաստանը, ինչ էլ ասվի, գտնվում է հարեւան երկրի հետ տակավին չավարտված պատերազմի վիճակում: Եվ ահա, նման պայմաններում, մեկ էլ տեսնում ես, որ հայկական տեղեկատվական տարածքում գործող մի շարք կայքեր, առանց երկար-բարակ անելու, ադրբեջանական «աղբյուրներից» պատճենում են սահմանային գոտուն կամ շփման գծին վերաբերող «տեղեկատվություն» եւ տարածում:
Սկզբունքորեն այդ հայկական կայքերը հանդես են գալիս ադրբեջանական քարոզչության տարածողի դերում, անում նրանց գործը: Անվճար ու կամովին: Ինչո՞ւ:
Ահավասիկ, բառացիորեն երկու օր առաջ մի կայք նման մի «լուր» էր վերցրել, թե իբր ադրբեջանական կողմը տանկեր է մոտեցնում սահմանագոտուն: Ըստ որում՝ «լուրը» զետեղել էին հաստատական վերնագրով: Կարդում ես ու տեսնում, որ ադրբեջանական ինչ-որ կայք, հղում անելով ինչ-որ… թուրքական թերթի, հաղորդում է, թե իբր սահմանագոտում՝ էսպես ու էսպես: Եթե չասենք, որ ակնհայտ է հորինվածքի փաստը, ապա հենց միայն այդ կրկնակի հղումը նորմալ մարդու, մանավանդ լրատվական «գործի» մեջ խորասուզված անձի մեջ արդեն պետք է կասկած հարուցի:
Բայց ոչ, վերցնում ու տարածում են: Գլուխը՝ քարը, որ դա մեկ առանձին կայք լիներ: Երկրորդը դրանից «կապկում» է, հետո՝ երրորդը, հետո չորրորդը նույն «լուրը» զետեղում է իր «ֆեյսբուքյան» պատին ու գնա՜ց:
Լավ, ի՞նչ անել: Միգուցե պետք է նորաթուխ ու սնկից էլ արագ բազմացող կայքերի կայքավարների համար «լիկբե՞զ» անցկացնել: Հավաքել բոլորին ու բացատրել, թե ինչն ինչից հետո է:
Ըստ էության, հայրենի ինտերնետային տեղեկատվական կայքերում լրագրություն ասվածը, որպես այդպիսին, վերանում է եւ փոխարինվում «ցանցագրությամբ»: Սա իմ հորինած պայմանական եզրն է: Այսինքն՝ գալիս ենք կամ արդեն եկել ենք մի վիճակի, երբ ցանկացած «բլթոց» արագորեն տարածվում եւ քննարկման առարկա է դառնում:
Նման պայմաններում իմաստազրկվում են տեղեկատվական անվտանգության, ընդհանրապես անվտանգության մասին խոսակցությունները:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
<Հայոց Աշխարհ>