Գլխավոր » TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Տեղեկատվական անվտանգություն, Քաղաքականություն

<Մայդանական> տեղեկատվական կեղծիք` Հայաստանի շուրջ

Հունիս 25, 2015թ. 21:16
Տիգրան Քոչարյան

Հարցազրույց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանի հետ

-Ինչպե՞ս և ինչո՞ւ ռուսական, ուկրաինական, նաև վրացական լրատվամիջոցները <մոգոնեցին>, թե Հայաստանում քաղաքական <մայդան> է` իր դասական դրսևորմամբ: Պտտվեց տեղեկատվական <ձնագունդը> ու սոցիալական ակցիային վերաբերող բոլոր նյութերը մատուցվեցին <մայդանական> տրամաբանության մեջ:

-Ուկրաինացիները եղան առաջինը, որ տվեցին իրականության հետ ոչ մի առնչություն չունեցող գնահատականներ, թե Հայաստանում <մայդան> է: Ուկրաինական լրատվամիջոցների հետ գրեթե միաժամանակ նույնաբովանդակ գործուենություն սկսեց ռուսական ընդդիմադիր <Դոժդ> հեռուստաալիքը. երկու ռեպորտաժ ներկայացրեց, որոնցում դարձյալ հնչեց նույն միտքը` Հայաստանում <մայդան> է: Իսկ Ռուսաստանում, երբ որևէ տեղ կարդում են <մայդան> բառը, միանգամից մտնում են այդ իրավիճակի մեջ: Ու սկսվե~ց, ինչպես ասում են` գնա-գալիս եմ: Ռուսական, ուկրաինական լրատվամիջոցները իրենց ռեպորտաժներում Հայաստանին սկսեցին դիտել որպես <մայդանի երկիր>: Հետո վրացիները միացան, նաև ադրբեջանցիները: Կատարվեց այն, ինչ եղավ Գյումրիի սարսափելի ոճրի ժամանակ. ուկրաինական, վրացական, ադրբեջանական լրատվամիջոցները միասին սկսեցին հակառուսական տրամադրություններ տարածել: Այս հարցում ամենաակտիվը ուկրաինացիներն ու վրացիներն են, հասկանալի է` հին հաշիվներ ունեն ռուսների հետ: Այսինքն, ամեն մեկը առաջնորդվում է սեփական շահերով:

-Ու վիրտուալ դաշտում սկսվեց մի նոր ռուս-ուկրաինական <պատերազմ>, այս անգամ հայկական <մայդանի> շուրջ:

-Համացանցում, իրոք, ՙպատերազմ՚ է ռուսների և ուկրաինացիների միջև: Փորձում ես նրանց ճշտող տեղեկատվություն փոխանցել, պատասխանում են` դու ընդհանրապես տեղյակ չես, դու գնա քո մայդանը արա, մենք քո տեղը կորոշենք` ձեզ մոտ մայդան է՞, թե՞ <մայդան> չէ: Իրապես զավեշտ է:

Ռուսների մոտ կա այսպիսի մտայնություն, եթե հետխորհրդային երկրներից որևէ մեկում ինչ-որ բան է <շարժվում>, մտածում են` ըհը, <մայդանը> սկսվեց: Ու այլևս ուշադրություն չեն դարձնում այն քաղաքական բնույթ ունի՞, թե՞ սոցիալական բողոքի ակցիա է: Իսկ ուկրաիանացիները կարողանում են շատ լավ սադրել. քանի որ իրենք արդեն 1,5 տարի գտնվում են մայդանական պատերազմի մեջ միանգամից ուշադրություն սևեռեցին Հայաստանի վրա, սկսեցին աջակցել իբրև թե ներհայաստանյան <մայդանավորներին>` որպիսիք չկան: Ռուսներն էլ սրանից խիստ վրդովվեցին ու չգիտես ինչու որոշեցին հայերին պաշտպանել, անգամ խրատներ տալ, թե ինչպե՞ս խուսափել ՙմայդանից՚: Այսինքն, կեղծ պատկեր ստեղծվեց Հայաստանի շուրջ. Հայաստանի բնակիչները լավ գիտեն, թե ի՞նչի համար են պայքարում, գիտեն, որ իրենց երկրում մայդան չկա, բայց ռուսներն ու ուկրաինացիները, առանց հստակեցնելու փաստերը, ամբողջ լրատվական դաշտը հեղեղեցին անհիմն ռեպորտաժներով ու հոդվածներով:

-Առավել տարակուսանքի տեղիք տվեց ռուսական լրատվամիջոցների պահվածքը, ինչո՞ւ հենց ռուսներն այդքան փութաջանորեն տարածեցին կեղծ տեղեկատվություն` իբրև թե ոստիկանների վրա հարձակված միտինգավորների, ԱՄՆ-ից ֆինանսավորվող մայդանականների գոյության մասին: Հասցրե՞լ եք ուսումնասիրել պատճառները:

-Դրանք մի քանիսն են, առաջինը տգիտությունն է. ռուս լրագրողները սովորել են աշխատել ինչ-որ կարծրատիպերով, ինձ թվում է, որ ռուսական լրատվամիջոցներում ՙմայդանական կարծրատիպ՚ է ձևավորվել: Օրինակ, այդպիսին է պրովոկացիոն նյութեր ներկայացրած Россия 24-ի լրագրողը. ես հետևել եմ նրա ֆեյսբուքյան էջին, նա ուղղակի զոմբի լրագրող է, ով ամեն տեղ մայդան է փնտրում, տեսնում: Գալով Հայաստանը ևս փորձեց ամեն ինչ <մայդանի> կաղապարի մեջ տեսնել: Մարդկանց հետ զրուցում էր, բայց հավաքում էր միայն այն կարծիքները, որոնք համապատասխանում են իր ուղեղում ձևավորված <մայդանի մատրիցային>:

Երկրորդ. եղան հատուկ պատվերով Հայաստան ուղարկված լրագրողներ, որոնք հրահանգված էին անպայման մայդան գտնել: Այդ փնտրտուքի նպատակը ոչ այնքան քաղաքական է, որքան ուղղված է ընթերցող հավաքելուն, որովհետև ՙմայդանը՚ նաև ընթերցողի ուշադրությունը գրավող թեմա է, փաստորեն նպատակ ունեին ընթերցող շահել:

Երրորդ. տեղեկատվություն տարածվեց, որ մի քանի լրատվամիջոցներ Երևան են եկել Բիբինի պատվերով, որպեսզի կարողանան ուշադրությունը շեղել հայկական էլցանցերից ու ավելի շատ գրել, խոսել Հայաստանում առկա ՙանկայուն՚ քաղաքական իրավիճակի մասին:

Չորրորդ. լրագրողների մի կատեգորիա կա, որը կարդում է ռուս ՙփորձագետների՚ հոդվածները, դրանք ընդունում որպես բացարձակ ճշմարտություն, ու անվերապահորեն հավատում, որ Հայաստանում մայդան է: Նրանք հենց այդպիսի տրամադրությամբ էլ եկան Երևան: Բայց նմանների հետ բավականին հեշտ եղավ աշխատելը, քանի որ իրենց աչքով տեսան, համոզվեցին, որ մայդան Հայաստանում չկա ու սկսեցին գրել այդ մասին:

-Այս պահին կարո՞ղ ենք ասել, որ սկսում է կոտրվել ապատեղեկատվության սառույցը, և կեղծ տեղեկատվությունն իր տեղն է զիջում իրական փաստերին:

-Այո, արդեն իսկ նշմարվում է, որ անիվը սկսել է պտտվել հակառակ ուղղությամբ, դրա մասին են վկայում ռուսական լրատվամիջոցների պահվածքը. շատերն արդեն ՙմայդան՚ բառը չեն օգտագործում, խոսում են զուտ սոցիալական բողոքի մասին: Մնացել են մի քանիսը, ոչինչ, նրանց էլ կդաստիարակենք: Դրական արդյունք տվեց նաև դիվանագիտական խողովակներով կատարված աշխատանքը: Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը տարածեց հայտարարություն, ուր խնդրում է լրատվամիջոցներին, փորձագետներին <մայդան> ասելիս զգույշ լինել, հիմավորված փաստեր ներկայացնել ու չփնտրել այն` ինչը չկա: Սա արդեն կստիպի, նույնիսկ պատվերով աշխատող ռուսական զլմ-ներին ավելի զգուշ լինել, չփորձել սրել ներքաղաքական իրավիճակը Հայաստանում:

Աննախադեպ բան կատարվեց մեզանում, բացի քաղաքական գործիչներից, քաղաքագետներից, հայ բլոգերներից, որոնք ջանք չեն խնայում ներհայաստանյան իրողությունները զերծ պահել միտումնավոր աղավաղումներից, ապատեղեկատվության դեմ պայքարի ելան նաև ակցիայի մասնակիցները:

– Իրոք, կատարվեց աննախադեպ մի բան, հենց ցուցարարները մեդիավերահսկողություն են սահմանել բոլոր լրագրողների նկատմամբ: Գալիս, կանգնում են հարցազրույց վարող լրագրողի կողքին և ուշադիր լսում, թե ի՞նչ հարցեր է տալիս, եթե սխալ մտքեր էր ասում, նրանից պահանջում են փոխել, վերաշարադրել: Երբ ես հարցազրույց էի տալիս ռուսական Լայվնյուզ լրատվամիջոցին, 50 հոգուց ավելի մարդ էր հավաքվել, ուշադիր լսում էին, թե լրագրողն ի՞նչ է խոսում, ես ի՞նչ եմ պատասխանում: Մեր ակտիվիստները նույնիսկ Բաղրամյանից հեռացրին որոշ լրագրողների, ասացին` կգնաս հեքիաթներդ ուրիշ տեղերում կպատմես: Փաստորեն, մեր հասարակությունը դարջել է մեդիա դաշտի վերահսկիչը ու դա շատ կարևոր հանգամանք է:

-Իսկ հայաստանյան լրատվական դաշտը ինչպե՞ս է աշխատում: Ճի՞շտ է լրագրողների պահվածքը:

-Նորմալ է, որևէ ապատեղեկատվություն չի տարածվում մեզանից: Բայց կա մեկ բաց, դա ռուսերենով, անգլերենով շրջանառվող նյութերի պակասն է: Մերոնց նաև խորհուրդ կտամ ավելի ակտիվ աշխատել Թվիթերում, որովհետև Հայաստանի մասին հիմնականում փնտրվում է այս սոցիալական ցանցում:

-Վերջին օրերին հաճախ խոսվեց ակտիվիստների շարքերում հայտնված ներքին ու արտաքին սադրիչների մասին. ը՞վ էր այն ուկրանուհին, որի առնչությամբ ակտիվիստներին ոստիականները խորհուրդ տվեցին հեռացնել շարքերից որպես պրովակատորի: Պարզվե՞ց, թե ո՞վ էր այն ցուցարարը, ով իբրև թե ուկրաինական դրոշ էր ծածանել Բաղրամյան պողոտայում:

-Նախ ուկրաինական դրոշի մասին. դա ուկրաինացիների սարքած կեղծիքն էր: Նրանք ուղղակի ֆոտոշոպով ջնջել էին հայկական դրոշի կարմիր հատվածը ու այն նմանվել էր ուկրաինականին: Իսկ ուկրաինացի աղջիկը, պարզվեց, Հայաստանի բնակիչ է, մի քանի տարի ապրում է այստեղ, ամուսինն էլ հայ է: Ու շատ լավ եղավ, որ դա տեղում պարզվեց, և թույլ չտրվեց, որ իբրև սադրիչ լուր շրջանառվի:

Ուզում եմ հատուկ շեշտել` մենք պետք է զգուշանանք այն մարդկանցից, որոնք կոսմոպոլիտիզմով են տարված, մտածում են, եթե Ուկրաինայում մայդան է եղել, ուրեմն պետք է բզբզենք, որ այստեղ էլ լինի: Եթե այդպիսիք հայտնվեն ցուցարաների շարքերում, շատ արագ պետք է պարզել նրանց գալու նպատակը, քանի որ այդպիսիք պրոֆեսիանալ սադրիչներ են:

Մենք պետք է զգուշանանք, որովհետև մեր աչքի առաջ տեղի ունեցան Կիևի դեպքերը, երբ քիչ, թե շատ խաղաղ ցուցարաները ՙպատահաբար՚ սկսեցին մարդկանց սպանել, ծեծել: Մինչև հիմա պարզ չէ, թե ո՞վ էր այն դիպուկահարը, որը կրակում էր և’ ցուցարաների, և’ ոստիկաների վրա:

Մենք շատ աչալուրջ պետք է լինենք, որոհետև ցույցի մասնակիցների մեջ կան ռադիկալ, մարգինալ խմբեր, որոնց ցանկությունը ոչ թե հոսանքի թանկացման դեմ պայքարելն է, այլ մեղմ ասած, աշխուժանալը: Այդպիսիք, հնարավոր է, որ դիմեն սադրանքի: Շատ լավ է, որ Բաղրամյանում կանգնած մեր ժողովուրդը այս հարցերում շատ ուշադիր է, նաև համագործակցում է ոստիկանների հետ, որպեսզի հանկարծ որևէ պատահական կամ հատուկ սադրանք տեղի չունենա:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Տեղեկատվական անվտանգություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն