Գլխավոր » Analitika, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Ռուսաստան, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Տարտանելի առասպելը կամ ռազմավարական PR-ի թուրքական «սև խոռոչը»

Հունվար 30, 2015թ. 00:41

Լևոն Շիրինյան՝ Փիսոփայականգիտությունների թեկնածու, քաղաքականգիտությունների դոկտոր, ՀՊՄՀ պրոֆեսոր, ՀՊՄՀ քաղաքագիտության և իրավունքի պատմությանամբիոնի վարիչ

«Ռուսիա, նայած թե ի՛նչ է Թուրքիո դիրքը Նեղուցների հարցում Ռուսիո հանդեպ, կարող է լինել բարեկամը և կամ նրա առաջին թշնամին»:

[…] առավելաբար Նեղուցների հետքերով Ռուսիա կամ բարեկամ և կամ թշնամի էր դառնում
եվրոպական պետությանց. բարեկամանում էր նրանց՝ որոնք Նեղուցների հարցում իրեն
հետ էին, և թշնամի դառնում նրանց՝ որոնք իրեն դեմ էին:

… երբ [եվրոպական պետությունները] ուզում էին Ռուսիան իրենց հետ ունենալ՝ դառնում էին զիջող Նեղուցների հարցում. իսկ երբ այս բարեկամության կարիքը սուր կերպով չէին զգում՝ համախմբվում և խեղդում էին Ռուսաստանը Նեղուցների ջրերում (էջ 125):

Վ. Նավասարդյան
Նեղուցները (Վոսփոր և Դարդանել).
թրքական ջրուղիները և հայ դատը: Գահիրե, 1947.

Վավերագրում ներկայացված է Առաջին աշխարհամարտի թուրք ռազմաքաղաքական գործիչ Վեհիբ փաշայի հուշերն ու գնահատականները համաշխարհային քաղաքական խաղի հանգույցներից «թրքական ջրուղիների» շուրջ անցած իրադարձությունների վերաբերյալ:

Հեղինակի դատողությունների արդյունքում ի ցույց է դրվում բնության և հասարակության մեջ անվրեպ գործող օրինաչափությունը՝ հավասարակշռության հաստատման մշտնջենական ձգտումը՝ կողմերից մեկին բերելով մահ, մյուսին պարգևելով երջանկություն, թեկուզև՝ ժամանակավորապես:

Առաջին աշխարհամարտի 100-ամյակի առնչությամբ, նրա ենթատեքստում՝ Թուրքիայի կողմից Արմենոցիդի չփոխհատոուցված ոճիրի առնչությամբ, կարևոր են, բնականաբար, պատմական անցյալում կատարված (տեղի ունեցած) շատ իրադարձություններ. երբեմն պատմական ճշմարտությունը վեր հանելու, երբեմն խեղաթյուրումների շղթան ամրացնելու նպատակով:

Այդ իրադարձությունների թվին են պատկանում «թրքական ջրուղիների» շուրջ ծավալված գործողությունները, նրանց տիրանալու խոշոր (շահագրգիռ) տերությունների խորքային դրդապատճռները, թուրքերի հաղթանակի, Անտանտի տերությունների՝ Անգլիայի և Ֆրանսիայի աղետալի պարտության մոտիվացիայի և պատճառների ուսումնասիրությունը:

Այս առնչությամբ շատ է գրվել անցյալում, սակայն, ինչպես կարելի է ենթադրել, ավելի շատ գրվելու է առաջիկա ամիսներին, հատկապես մինչև 2015 թվականի ապրիլի 23-ը, մինչև Հայոց Մեծ Եղեռնի հարյուրամյակի օրը՝ 2015 թվականի ապրիլի 24-ը: «Հաղթանակի» փաստը, թրքական ավանդույթով, խեղաթյուրվելու և շահարկվելու է անսահմանորեն, թերևս ձեռքի հետ հիմնավորելով նաև Արմենոցիդի (Հայասպանություն) օբյեկտիվ անխուսափելիությունը: Եվ՛ այլն, և՛ այլն:

Ուստի նկատի ունենալով հարցադրման հույժ կարևորությունը՝ խորհող ընթերցողի ուշադրությանն ենք հանձնում ժամանակաշրջանի թուրք ռազմաքաղաքական գործիչներից Վեհիբ փաշայի խոստովանություն-մենախոսությունը՝ շարադրված և փոխանցված պատմագիտությանը անզուգական Ռուբենի ձեռամբ՝ որպես վավերագրի իր տեսակի մեջ եզակի մի օրինակ, շատ ավելի հավաստի, քան ստվարածավալ որևէ հետազոտություն:

Լ.Շ.

***

Ռոտոսթո՝ փոքրիկ, գեղեցիկ քաղաք մը, սրբատաշ քարերով շինված, համեստ և նեղ փողոցներով, որ կը հիշեցնե անցյալը, բայց կորած է ներկայի հոգերու մեջ:

Քաղաքին զարդը գեղեցիկ ծովն է, որ իբրև հայելի ինկած է Սև և Արշիպեղագոս ծովերու միջև: Այդ ծովը Մարմարան է: Անոր մեկ ծայրը Վոսփորն է, իր Պոլսով, իսկ մյուս ծայրը՝ Տարտանելը՝ իր անցքով: Ծովի կեդրոնին վրա բարձրացած են համանուն Մարմարա կղզիները, որոնք կնային ջուրերու մեջեն Վոսփորի և Տարտանելի նեղուցներուն և իրենց դեմ եվրոպական ափին բարձրացող Թեքիր Տաղ լեռներուն, որոնց ստորոտը կգտնվի Ռոտոսթո քաղաքը:

Եթե Մարմարա կղզիները ծովի կեդրոնին վրա են, Ռոտոսթոն ալ ծովափի կեդրոնին վրա է: Այդ կետեն կսկսի Թեքիր Տաղ շղթան, որ կմտնե Արշիպեղագոս ծովուն մեջ և կգոյացնե Կելիպոլիի նեղ թերակղզին, որ արևելյան ափով Տարտանելի ջրանցքը կգոյացնե, իսկ արևմտյան ափով Քսերոս ծոցը կկազմե Արշիպեղագոսին մեջ: Այդպեսով, Ռոտոսթոն՝ համաշխարհային նշանակություն ունեցող Տարտանելի գլխուն կանգնած պահակ մըն է, իր Թեքիր Տաղ լեռներով: Մյուս կողմե ան միջին օղակն է Վոսփոր-Տարտանել նեղուցներուն, որոնց ճամբու կեսին կգտնվի: Դյուրին ճամբաներով կերթա դեպի Չորլու և Չաթալճա՝ մտնելու համար Պոլիս և հսկելու համար Վոսփորի անցքերուն և փակելու համար Եվրոպայի և Ասիո դուռները կամ բանալու համար զանոնք իր ուզածին պես:

* * *

Հոս ավելորդ չէ հիշել Վեհիպ փաշայի յուրահատուկ տեսակետները՝ Տարտանելի 1915 թվի կռիվներու մասին:

Վեհիպ փաշայի մեծ եղբայրը՝ Էսատ փաշան առաջին մեծ պատերազմի ատեն Պոլսո և Տարտանելի վերին զորամասի պետն էր, իսկ ինքը Կելիպոլի-Քսերոս տարածության հրամանատարը: Ուրեմն, անոնց ձեռքին տակ էր որ տեղի ունեցավ թրքական հերոսամարտը, ուր հերոսացավ Մուսթաֆա Քեմալ փաշան և ուր պարտության մատնվեցավ ողջ Եվրոպան:

Երբ 1927-ին Վեհիպ փաշան ինծի հյուր էր եկած երկու շաբաթով, հարցուցի.

– Ի՞նչն էր հիմնական պատճառը ձեր հաղթության Տարտանելի մեջ և ի՞նչ էր պարտության պատճառը Եվրոպայի: Ձեր պատրաստությո՞ւնը, զենքի առավելությո՞ւնը, ձեր քաջությո՞ւնը, ձեր թվական առավելությո՞ւնը:

Ան պատասխանեց.

– Կամ հարցումիդ պետք չէ պատասխանել, կամ պետք է պատասխանել Ճիշտը, քանի որ քեզի դժվար է կլլեցնելը: Ըսեմ ճշմարտությունը, որ դյուր պիտի չգա ոչ ոքի.

«Մեր պատրաստությո՞ւնը և զենքի առավելությո՞ւնը: Ոչ, իհարկե: Այդ առասպել է: Տարտանելի ամրությունները հին են և հարմարցված մեկ դար առաջ եղած զրահանավերուն: Անոնք կփոշիանային նոր զրահանավերու ռումբերեն: Ցուցանշան լինելով, ավելի վնաս կու տային քան օգուտ: Մենք նոր զրահավորներուն հարմարցված ամրություններ չունեինք և չունինք: Կելիպոլիի կռիվը խրամային կռիվ դարձավ մեզի համար:

«Մենք զինաթափ էինք անոնց զրահավորներուն դեմ, քանի որ մեր թնդանոթները անոնց թնդանոթներուն կես ճամբան իսկ չէին հասնիր. մեր գնդակները կհասնեին անոնց երբ զրահավորները արհամարհելով մեզ, կամովին մոտենային մեզի, կամովին մոտենային մեր թնդանոթներուն: Բայց մեր գնդակները կարողություն չունեին անոնց զրահները խորտակելու: Մենք ունեցանք հեռարձակ և սպաննիչ զենքեր գերմաններեն այն ատեն միայն, երբ Դաշնակից ուժերը որոշեցին թողնել Տարտանելը և հեռանալ: Հավատա՚ ինծի, մեր զինական գերակայությունը չէր պատճառը մեր հաջողության:

«Թվական առավելությո՞ւնը: Ոչ, ի հարկե: Այդ ալ առասպել է: Քեզի ըսի, որ Կելիպոլիի կռիվը դարձավ խրամային կռիվ: Կելիպոլիի տարածությունը այնքան փոքր է, որ կարելի էր խրամները լեցնել առ առավելն 40-50 հազար զորք. ավելի զորքին ոչ տեղ կա աշխատելու և ոչ ալ հնարավորություն պարենավորելու: Նույնքան և գուցե քիչ մըն ալ պակաս թշնամին կրնար օգտակար կերպով զորք տեղավորել: Երկու կողմերն ալ թվական առավելությամբ չէին կրնար մեկզմեկ ջախջախել: Միայն երկու կողմը կանգնած համարյա հավասար թիվով ուժերն էին, որ կրնային իրար բզկտել, բայց անկարող էին իրար բնաջնջել: Թիվը թեև անարժեք էր Կելիպոլիի մեջ, բայց անհրաժեշտ էր շուրջ 40.000 զինվոր միշտ լրիվ ունենալ երկու կողմին համար և ամեն օր սպաննվածներու և վիրավորներու տեղը նոր ուժ բերել: Ատով պետք է բացատրել, որ յուրաքանչյուր կողմ կես միլիոն զոհեր ունեցավ Տարտանելի կռիվներու ընթացքին, եթե չըսեմ մեկ ու կես միլիոն բոլորին համար:

«Այս սարսափելի սպանդի մեջ ամենասարսափելին անգլիացիներու և «անզակ»-ներու ֆութպոլ խաղալն էր ամեն մեկ կռվի ընդմիջումին, ինչ որ մեր վրա ճնշիչ տպավորություն կթողեր:

«Երրորդ հարցումիդ դժվար է ճիշտ պատասխանելը,- ծիծաղելով ըսավ Վեհիպ:- Եթե ճիշտը իմացվի, բոլորն ալ հերետիկոս, դավաճան ըսելով պիտի կախեն մեզ: Կհարցնես, թե Տարտանելի կռիվներուն մեջ խելքը, հերոսությունը, քաջությունը որո՞ւն կողմն էր: Եթե քեզի ըսեմ, որ Տարտանելի մեջ մեր կողմը ո՚չ խելքի, ո՚չ հերոսության և ոչ ալ քաջության անհրաժեշտությունը կար, պիտի չհավատաս: Այդ բոլորը անհրաժեշտ էին, սակայն մեր հակառակորդ կողմին. անոնք ալ այդ չունեին»:

Ձմեռ էր այս խոսակցության ատեն: Սալամանդր վառարանը հանգիստ կվառեր: Ես ներողություն ըսելով՝ ելա քիչ մը քարածուխ ավելցնելու համար: Վեհիպը հարցուց.
– Այդ Սալամանդր վառարանը լա՞վ վառարան է:

– Հիանալի վառարան է:

– Դուն անոր շինելը կամ անոր մեքանիզմի սկզբունքը գիտե՞ս:

– Շինելը, իհարկե, չեմ գիտեր և վառվելու սկզբունքով ալ չեմ հետաքրքրված, բայց փորձով գիտեմ, որ շատ լավ կվառի:

– Բայց դյուրի՞ն է զայն կառավարելը,- հարցուց:

– Կառավարելու բան ալ չկա: Պիտի նայիս, որ մեջի քարածուխը չվերջանա և նորը լեցնելու ես, երբ վերջանալու վտանգը կա:

– Մեկ հարցում ալ. ամեն տեսակի քարածուխ կվառի՞ այդ Սալամանդրի մեջ:

– Ամեն տեսակն ալ կվառի,- պատասխանեցի:

– Մեկ հարցում ալ, և այլևս ես հարց չունիմ: Այդ քարածուխները, որ կլեցնես, պատահե՞ր է, որ ապստամբին, ուզեն դուրս փախչիլ հնոցեն և դժկամակին իրենց վառվելեն:
Երբ զարմացած անոր երեսին կնայեի, ան կծիծաղեր վրաս:

– Դուն կարծեցիր թե այդ վառարանը ես առաջի՞ն անգամ տեսած եմ: Քեզմե ավելի լավ գիտեմ անոր կազմությունը: Ես գործածած եմ զայն: Իմ հարցումներով ես կուզեի հասկցնել քեզի Տարտանելի մասին քու հարցերուդ պատասխանը: Բայց դուն չհասկցար: Իբրև պատիժ՝ բաժակս լից, ես բացատրեմ:

Խմեց մեկ ումպով մեկ բաժակ կոնյակ և սկսավ բացատրել.

«Կելիպոլիի թերակղզին նկատե նեղ սրվակ մը: Ան կողողվի մեր ձեռքը մնացած Մարմարայի ջուրերով և Մուրատ Չայի լայնքով՝ Տարտանելի անցքով, որ լեցված էր ականներով: Իսկ մյուս կողմե՝ կողողվի Արշիպեղագոսի և Քսերոսի ծոցի ջուրերով, որոնք լեցված էին ֆրանսական, անգլիական և այլ զրահանավերով: Այդ սրվակի նեղ վիզը և բերանը, որ ցամաքի հետ կկապե զայն, Թեքիր Տաղի լեռներն են, որոնք հազիվ թե քանի մը քիլոմեթր տրամագիծ ունին՝ լայննալով Քսերոսի ծոցին շուրջ և միանալով ցամաքամասին. անոնք հարմար են ճակատամարտի համար և կռվելու ասպարեզ կբանան իրենց շրջապատին մեջ: Ճիշտ այդ կետին վրա ես նստած էի. մեկ կողմեն, ամեն վայրկյան կսպասեի, որ թշնամին ցամաքահանում պիտի ընե և պիտի ջանա խլել Կելիպոլիի բերանը, իսկ մյուս կողմեն՝ այդ բերանեն ես ներս կլեցնեի սրվակին մեջը (Կելիպոլիի) լինի ցամաքով, լինի Մարմարա ծովով, օրական 10-30.000 զորք, հոն վառվելու համար: Այդ սրվակին մեջ լեցվողը ետ չէր կրնար դառնալ. ան պիտի վառվեր, և անոր միայն մոխիրը ետ կու գար, իբրև դիակ և վիրավոր: Կելիպոլիի հնոցին մեջ ինկողներեն միակ երջանիկները անոնք էին, որ շատ ծանր վերքեր կստանային և անպետք կդառնային նորեն այդ հնոցին մեջ ձգվելու համար»:

Քիչ մը ծանր շունչ առնելե և ծխախոտը վառելե ետք, ան վերսկսավ իր պատմությունը՝ խեղդելով իր հուզումները.

«Դուն շատ հիացած կերևաս Կելիպոլիի կռվողներու և հերոսներու վրա և մանավանդ Քեմալի վրա: Նախանձ չէ ըսածս, քանի որ անոնք իմ ձեռքի տակն էին և անոնց վերագրվածները վերջ ի վերջո ինծի կու գան: Բայց առանց զգացմունքի եթե դատենք, սրվակ մը որուն մեջ ինկողը, լինի լավ թե վատ, լինի վախկոտ թե քաջ, լինի խելոք թե անխելք, դատապարտված է հավասար կրակով վառվելու անխտրականորեն, ոչ մի առաքինություն չի ցուցադրեր: Երբ կանխորեն որոշված է թե ուր պիտի նստիս, ուր պիտի կռվիս, ինչ պիտի կռվիս և, հակառակորդ սպաննելեն ետք, ինքդ ալ պիտի սպաննվիս, այդ կդառնա մեքենական աշխատանք, ուր ո՚չ հերոսություն, ո՚չ խելք, ո՚չ քաջություն անհրաժեշտ է: Այդ բոլորը անհրաժեշտ էին զրահավորներու մեջ նստածներուն համար. իսկ մեր կողմը, որ բռնած էր Կելիպոլիի բերանը և կսպասեր Քսերոսի ծոցի ցամաքահանման, պատեհություն չունեցավ ցույց տալու որևէ առաքինություն, մինչ առաքինությունը պակսեցավ թշնամիին: Ահա քեզի Կելիպոլին»:

Երբ ես տարակուսանքով կնայեի անոր, «իհարկե, անհավատալի և սարսափելի կերևան քեզի ըսածներս», ըսավ ժպտելով, և քաշեց իր սիկարեթը:

– Համոզիչ չէին ըսածներդ, կներես, որովհետև կարծես թե այդքան զրահանավեր, որ խորտակեցիք, իրենք իրենց խորտակվեցան: Կարծես վեց միլիոն զորքեր անտեղի կերպով բերած եք և զոհաբերած՝ առանց նպատակի: Կարծես թե Անգլիա, Ֆրանսա չեն ուզած հաղթել և իբրև ոճրագործներ իրենց բանակի գլխուն արյունալի խաղ մըն են խաղացեր: Անոնց հաղթողը դուք չե՞ք եղեր, անարժե՞ք եղեր են ձեր տված կես միլիոն զոհերը: Տարտանելի մեջ կատարվածը անհաշիվ ոճի՞ր մըն է եղեր երկու կողմերուն համար ալ:

Վեհիպը տաքացած ըսավ.

– Առաջին ըսածդ ճիշտ է, իսկ երկրորդը՝ սխալ: Ես արդեն ըսի, որ Դաշնակիցները հիմար գտնվեցան կամ, եթե հիմար չէին, գիտակցական ոճրագործներ եղան իրենց հարազատ զորքին: Տարտանելը փակ դուռ մըն էր: Մտնելու համար նեղուցները՝ կամ պետք էր այդ դուռը կոտրել և մտնել, և կամ պետք էր այդ դռան բանալին գտնել և բանալ ու մտնել: Ուրիշ միջոց չկար: Առանց բանալիի՝ դուռները ջարդելով հնարավոր էր մտնել նեղուցները, որովհետև մենք հեռարձակ թնդանոթներ չունեինք: Թշնամին հեռուներեն կրնար մեզ լռության մատնել և մտնել նեղուցները՝ հոգնություն հանձն առնելով մաքրելու ականները: Թշնամին այդ գիտեր և այդպես ալ փորձեց ու, հաջողության ամեն գրավական ունենալե հետո, իր ձեռք բերած հաջողությունը իր ձեռքով ձախողեցուց: Նախ՝ կեդրոնացած նավային կրակով լռեցուց մեր ամրությունները, երկրորդ՝ մեր բախտեն նավային ուժերուն գլուխը դրավ ֆրանսական զրահանավերը, իսկ անոնց ետևեն՝ անգլիացիները: Երրորդ՝ ֆրանսական զրահանավերը առաջ քշելով՝ մտցուց Տարտանելի մեջ հաջողությամբ: Սակայն, պատահեցավ մեզի համար անսպասելին: Հաջողության մեջ անոնք թողին և իրենց զրահանավերով հեռացան նեղուցներեն: Գիտե՞ս ինչու: Ֆրանսական ղեկավարությունը իբրև ավելի սնափառ, առաջինը կուզեր լինել Տարտանելին տիրողը և Պոլիս մտնողը, իսկ անգլիական ղեկավարությունը ատոր կվերաբերեր հետին հաշիվներով: Երբ ֆրանսական քանի մը զրահանավեր վնասվեցան և անհույս դարձան,- այդքան վնաս անխուսափելի էր,- անգլիացիք իսկույն եզրակացություն հանեցին, թե անհնար է նավատորմիղով տիրապետել Տարտանելին, թեպետ ան արդեն տիրապետված կրնար լինել փոքրիկ ճիգով մը:

«Հրաման տվին քաշվելու, հակառակ ֆրանսացիներու տրտունջին, թե մեզ առաջ ձգեցիք և մշակված ծրագիրը կլքեք: Անգլիացիք չուզեցին զրահանավերով մտնել Տարտանել և Պոլիս: Անոնց հաշիվն էր, թե որո՞ւ համար տիրենք Տարտանելին, քանի որ Պոլիսը և Նեղուցները խոստացված են Ռուսիո: Որով իրենց զոհաբերությունը պիտի ծառայեր Ռուսիո տիրապետության:

«Ավելին ըսեմ: Գերմանացիք ևս կուզեին, որ անգլիացիք տիրեն Տարտանելին և գան Պոլիս, թեպետ մեր զինակիցներն էին: Ինչքան հեռարձակ թնդանոթ կուզեինք Տարտանելի համար, անոնք կձգձգեին, թեքնիք և այլ պատճառներով: Բայց երբ պարզ եղավ, թե անգլիացիք այլևս պիտի չգան, թնդանոթները առատորեն եկան: Գիտե՞ս ինչու: Գերմանները կհուսային անգլիացիներու մուտքով Պոլիս, ճեղք մը բանալ ռուսերու և անգլիացիներու միջև:

«Այս բոլորեն մեկ բան պարզ էր. Տարտանելը բռնությամբ մտնելու անհնարությունը տարածվեցավ, ինչ որ առասպել և սուտ էր առաջին շրջանին, իսկ իրական եղավ, երբ անոր վրա ծովով հարձակող չկար: Պարզ էր մեզի համար, որ, գոնե ծովով, անգլիացիք չեն ցանկար մտնել Տարտանել:

«Իսկ ցամաքով Տարտանելին տիրելու ճանապարհը Կելիպոլիի թերակղզին չէր, այլ այդ թերակղզիի գլուխը, ուր ես նստած էի, հսկելով Քսերոսի ծովախորշին Թեքիր Տաղի փեշերեն: Այդ տեղեն է որ կարելի էր ցամաքով երթալ և տիրապետել Կելիպոլիի թերակղզիին, ուր մեր ուժերն էին կեդրոնացած, քանի որ իշխելու բանալին հոն թաքնված էր: Բայց ի զուր կսպասեի մեզի համար ճակատագրական այդ կետի վրա: Մեզ հանգիստ կթողնեին: Եթե հիմար չլինեին, կամ ավելի ճիշտը՝ եթե լրջորեն ցանկային Տարտանելին տիրել, փոխանակ յուրաքանչյուր օր զոհաբերելու 20-30 հազար մարդ Կելիպոլիի թերակղզիին մեջ, այդ զորքերը կհատկացնեին Սերոսի ծոցեն զարնելու թերակղզիի վիզին և գագաթին: Այդ պարագային մեր ուժերը հոն ուղարկելը, մեր պարենավորումը անհնար պիտի ըլլար, և Կելիպոլին ինքն իրեն պիտի իյնար և Նեղուցները պիտի բացվեին: Բայց ըսի, որ անգլիացիներու բուն նպատակը Նեղուցները տիրապետելը չէր, այլ Նեղուցներու մեջ մեզ զբաղեցնելը և մեզ մաշեցնելը: Այդ նկատեցինք: Ես համոզված էի ատոր մեջ: Ատոր համար է որ մեր ուժերը թեթևցուցինք Տարտանելի շրջանեն, և ես ուզեցի հեռանալ նոր ճակատ մը, ուր պարտվիլ և հաղթել հնարավոր էր: Եվ ես եկա Կովկասյան ճակատ՝ ձեզի և ռուսերուն հաղթելու համար»:

Վեհիպ փաշայի այս դատողությունները ջանացի հնար եղածին չափ հարազատորեն հոս բերել՝ ցույց տալու համար Ռոտոսթոյի կարևոր նշանակությունը Պոլսո և Նեղուցներու համար:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Analitika, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Ռուսաստան, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն