- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Վրացիները փքված գորտի վիճակում են, ուռել են ու իրենց փղի տեղ դրել

Հարցազրույց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ հետ

-Անհասկանալի հիստերիա է բարձրացել, թե հայ-վրացական միջպետական սկանդալ է հասունանում, իսկ <սկանդալ> ասվածի պատճառն էլ այն, որ Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովը մոտեցել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ու ցավակցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համար: Եվ հիմա, որոշ շրջանակներ վայնասուն են բարձրացրել, թե կատարվել է դիվանագիտական <մեծ սխալ>: Նախ հասկանանք` չճանաչված երկրների ղեկավարներն իրավունք չունե՞ն այլ երկրների ղեկավարների հետ շփվել, զրուցել, հարաբարություններ ունենալ: Սա ի՞նչ տաբու է:

– Այդ հանդիպումը սկանադալի կարող է վերածվել միայն մեկ դեպքում, եթե վրացիները ուզենան, որ լինի սկանդալ: Իսկ վրացիները, ինչպես երևում է, իրենց համախոհների հետ միասին, իրոք, այդ սկանդալը ուզում են գլուխ բերել` Հայաստանին նեղ դրության մեջ դնելու ու իրենց ուժը հերթական անգամ ցույց տալու նպատակով:

Հարցն այն է, որ այդ ուժերը վրացիների հետ միասին փորացավ ունեն, ու քաղցկեղով են հիվանդացել հայ-ռուսական ստրատեգիական համագործակցությունից: Այս ամբողջ աղմուկը պետք է դիտարկել հենց այդ հարթության մեջ:

Բայց իրականում ոչ մի սկանդալ էլ չկա: Նախ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է ու իր իրավասությունն է համագործակցել նաև չճանաչված բոլոր պետությունների հետ: Եվ հետո, Հայոց ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ ցանկացած երկրի ներկայացուցիչ, անկախ նրանից ճանաչվա՞ծ, թե՞ չճանաչված երկրից է, կարող է իր ցավակցական խոսքն ասել Հայաստանի իշխանության ներկայացուցչին:

Անկախ նրանից` դա վրացու քիմքին հաճո է՞, թե՞ ոչ: Եթե աֆրիկյան անհայտ ցեղերի ներկայացուցիչներն էլ ապրիլի 24-ին գային Հայաստան, մենք նրանց պետք է պատշաճորեն, ազգային հպարտությամբ ընդունեինք ու ճանապարհեինք նրանց:

Այստեղ նաև մեկ այլ խնդիր կա, եթե Վրաստանը մեր հազարավոր տարիների բարեկամ երկիրն է համարվում, ուրեմն Հայոց ցեղասպանության 100-ամյա միջոցառումներին առնվազն նախագահի մակարդակով պետք է ներկայանար Հայաստան, շեշտում եմ` նախագահի մակարդակով և ոչ թե թուրքերի գրպանը մտած, ուղարկեին երկրորդական, երրորդական կարգի իշխանության ներկայացուցիչ: Եվ այս մասին մենք պետք է բարձրաձայնենք:

Դրա փոխարեն, ճիշտ հակառակը` նրբանկատորեն արձանագրեցինք, թե դա Վրաստանի համար շա~տ զգայուն հարց է, անգամ արդարացրինք, թե Երևան գալը կարող էր վնասել մեր դրկից վրացիներին` լարվածություն մտցնելով ռազմավարական գործընկեր Թուրքիայի հետ հարաբերություններում։

-Այո, Վրաստանն այսօր ռազմաքաղաքական դաշինքի մեջ է հայ ժողովրդի, մարդկության ու քաղաքակրթության ոխերիմ թշնամու հետ: Ստացվում է` դա իրենց կարելի է, դա իրենք կարող են անել ու մարսե՞լ: Հայաստանի ԱԺ նախագահի մասնավոր շփումը Օսեթիայի ղեկավարության ներկայացուցչի հետ ընդամենը մի մոծակի խայթոց էլ չէ` Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Վրաստանի խո~րը համագործակցության ֆոնին:

Իսկ գիտե՞ք ինչի արդյունք է այս ամենը, որ Հայաստանում բացակայում է Վրաստանի հանդեպ` իրատեսության շրջանակներում վարվող հստակ քաղաքականությունը:

Գուցե հենց այդ քաղաքականության բացակայությունն է պատճառը, որ շտապեցինք Վրաստանին համոզել, հավաստիացնել, որ այդ հանդիպումը եղել է <մասնավոր պատահականություն>, ոմանք էլ մտածում են ` ի~նչ անել, որ Վրաստանը հանդարտվի, որպեսզի մասնավոր շփումը չդիտվի նրա տարածքային ամբողջականությանը դեմ քայլ: Սա ի՞նչ ստորաքարշ մտածողություն է:

-Նման մտածողության տեր անձանց խորհուրդ կտամ կարդալ Հայաստանի Առաջին Հանրապետության պատմությունը և տեղեկանալ 1918-ի հայ-վրացական հարաբերություններին, երբ Տրապիզոնի խորհրդաժողովից հետո վրացիներն անցան թուրքերի կողմն ու հայությանը թողեցին միայնակ: Տրապիզոնի բանակցություններից սկսած վրացիները դավաճանել են Հայաստանին ու ապրել Հայաստանի հաշվին, դառնալով թուրքական քաղաքականության ածանցյալները, այդպիսին են նաև այսօր:

Կարդացեք ու իմացեք <ի՞նչ անելու> պատասխանը: Բազմիցս եմ ասել` մենք պետք է լայնորեն համագործակցենք Ռուսաստանի հետ, այնքան, որքան Վրաստանը համագործակցում է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Իսկ մենք դա չենք անում:

Ի վերջո, այս ամբողջ հիստերիան ուղղված է Հայաստանի իշխանության դեմ, և կա հեղինակության հարց: Ես, Գալուստ Սահակյանին պաշտպանելու ցանկություն չունեմ, խնդիրն ամենևին դրան չի վերաբերում, այլ մեր պետության հեղինակությանը: Որոշ շրջանակներ ոչ թե պետք է քննարկեին` ԱԺ խոսնակը ունե՞ր, թե՞ չուներ նման իրավունք, այլև պետք է Հայաստանի իշխանության հեղինակության մասին մտածեին ու դադարեցնեին այդ աղմուկը: Բայց ստացվում է ավելի շատ մտածում են Վրաստանին չնեղացնելու, նրա <առողջության>, նրա <անքակտելի տարածքային ամբողջականության> մասին, քան Հայաստանի պատվի ու արժանապատվության: Սա իրոք ստորաքարշություն է:

Հայաստանի Հանրապետության իրավունքն է համագործակցել չճանաչված բոլոր պետությունների հետ, որովհետև հայ ժողովուրդը Բեռլինի Կոնգրեսից` 1876 թվականից սկսած, պատմական հանգամանքների բերումով, իր վրա է վերցրել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի <ծանր բեռը> ու տանում է, որը և’ առաջադիմական է, և’ մարդկային:

Ասեմ ավելին` տարօրինակ է, որ մինչև այսօր Հայաստանի իշխանության ներկայացուցիչները նման հանդիպումներ չէին ունեցել Օսեթիայի ղեկավարների հետ: Ի վերջո, վրացիներն էլ իրենց տեղը պետք է իմանան:
Մեկ այլ կարևոր խնդիր ևս կա. Ես ենթադրում եմ, որ այս հիստերինա թելադրվել է հենց թուրքերի կողմից: Ու քանի որ Վրաստանը թուրքական արբանյակ պետություն է` ինչ ասում են, դա էլ անում է: Ահա թե ինչու էի ես կարևորում, որ Վրաստան որպես դեսպան ուղարկվեր ոչ թե լեգենդար շտանգիստը, այլև պրոֆեսիոնալ դիվանագետ: Սա մեր սխալներից մեկն է, որը շատ արագ պետք է ուղղել:

-Իսկ ինչպե՞ս հասկանալ, որ մեզանում կան շրջանակներ, որոնք ևս ամեն ինչ անում են շիկացնելու, կատարվածը քաղաքական սկանդալի վերածելու հարմար:

-Հայաստանում կան մարդիկ, որոնք Վրաստանի շահերը գերադասում են Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների շահերից, ու առհասարակ, հայության շահերից, կան մարդիկ, որոնք խիստ դժկամ են հայ-իրանական հարաբերությունների խորացումից: Մինչդեռ, եթե այս տարիներին մենք այնպիսի նրբությամբ, հետևողականությամբ աշխատեինք Իրանի հետ, ինչպես Վրաստանն է աշխատում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, վաղուց լուծած կլինեինք այլընտրանքային ճանապարհի հարցը ու այսչափ կախյալ վիճակում չէինք գտնվի Վրաստանից:

Եվ վերջապես, մեզանում կան մարդիկ, ովքեր հանուն Վրաստանի վախենում են հայ-օսական հանդիպում-շփումներից, քանի որ տգետ են ու Հայաստանի մշակույթը, պատմությունը չգիտեն: Օսերը պատմական ալաններ են, որոնց հետ հայերս դեռևս մ. թ. ա. II–I դարերում ենք սերտ կապեր ունեցել, Հայոց Արտաշես Ա թագավորի և Ալանաց արքայադուստր Սաթենիկի ամուսնության` <Արտաշես և Սաթենիկ> ավանդապատումի մասին ոչինչ չե՞ն լսել: Վրացիներն այդ ժամանակ կային, թե չկային, բայց հայերն ու օսերը լավ հարաբերությունների մեջ են եղել ու այսօր ևս պետք է ունենանք լայն համագործակցություն` մշակութային, քաղաքական, տնտեսական ոլորտներում:

– Մի փաստ ևս արձանագրենք. ԼՂՀ ԱԺ ընտրությունները բարձր գնահատականի արժանացան ռուսական, արևմտյան դիտորդների կողմից, միայն վրացական և ուկրաինացի դիտորդներն էին, որ ձեռք ձեռքի տված հանդես եկան քննադատությամբ: Ու մենք այստեղ ևս նրբանկատորեն լռեցինք:

-Վրաստանն ու Ուկրաինան կռիվ են տալիս բոլոր նրանց դեմ, ովքեր Ռուսաստանի դաշնակիցներն են: Փոխարենը Ռուսաստանի հետ իրենց հարցերը կարգավորեն,
փոխարենը իրենց երկրներում ազգային փոքրամասնությունների ու բնիկ ժողովուրդների, ինչպիսիք հայերն են Վրաստանում, հարցերը ժողովրդավարության սկզբունքներին հարիր լուծեն, զբաղված են խառնակչությամբ:
Ուկրաինացիներն էլ ապացուցեին, որ չեն գնահատում իրենց համար թափված օտարի արյունը. Ուկրաինայի ազգային հերոս Սերգեյ Նիգոյանի թափած արյունը չգնահատվեց:

Մի շատ կարևոր հանգամանքի վրա ուշադրություն դարձրեք. նման նորանկախ երկրները, ինչպիսիք են Վրաստանն ու Ուկրաինան, ժողովուրդների ազատության ու ինքնորոշման իրավունքի թշնամիներ են, այսինքն` առաջադիմության թշնամիներ են: Եվ իրենց պետություններում ստեղծում են էթնոկրատիաներ` ընդօրինակելով ցեղասպանության թուրքական փորձը: Ըստ էության, նման պետությունները թշնամիներն են ամերիկյան իդեալի, որն արտահայտվել է Վիլսոնի քաղաքական դոկտրինում, իսկ Վիլսոնն ասում էր` ո՞նց կարելի է տարածքը գերագնահատել ժողովրդի ինքնորոշումից, ապրանք հո չէ՞, որ վերցնես այս ու այն կողմ տանես` մինչդեռ անում են:

Այս ամենը մեզ պետք է լրջորեն մտածելու տեղիք տա, մենք պետք է Վրաստանի հետ վարենք` քաղաքականորեն, պատմականորն, մշակութաբանորեն կշռադատված քաղաքականություն: Վրացիները մշտապես հակաքայլեր են արել, խեղդել են ու խեղելու են մեզ, եթե թույլ տանք: Դրա համար պետք է կարողանանք հարկ եղած պահին նաև ամրագոտիներ հագցնել նրան: Ուշ չէ: Չպետք է թույլ տալ, որ վրացիների շահերին ստորադասվեն հայության շահերը, ջավախահայության շահերը:

Վրացիները փքված գորտի վիճակում են, որն ուռչել է ու իրեն փղի կարգավիճակում է զգում, պատկերացնում է, թե փիղ է, բայց որքան էլ փքվի, միևնույն է` գորտ է:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ