Գլխավոր » Ջավախք

Վրաստանում հայկական եկեղեցիների յուրացումը ծրագրված քաղաքականություն է

Օգոստոս 15, 2009թ. 13:21

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Խորհրդային տարիներին, մինչ հայերս լենինյան ինտերնացիոնալիզմի սին քարոզով ոգեշնչված` բարեկամության երգեր էինք ձոնում «հարևան-եղբայր» ժողովուրդներին, ինտերնացիոնալիզմի «օրորը» մեկ օր իսկ չմթագնեց վրացու ու ադրբեջանցու հակահայ մտքի զգոնությունը, գեթ մեկ օր չլռեց ավերիչ քլունգը, որն անխնա ոչնչացնում էր այդ տարածքներում դարեր ապրած ու ստեղծագործած հայ ժողովրդի մշակութային արժեքները: Հիմնահատակ քանդվում էին հայոց եկեղեցիները, ոչնչացվում հայկական հուշարձանները, խաչքարերը, տապանաքարերից քերվում-ջնջվում էին հայատառ արձանագրությունները:

Հային իր պատմական հայրենիքից դուրս մղելու, նրա ստեղծած մշակույթը ոչնչացնելու քաղաքականությունը Վրաստանում սկիզբ է առել դեռ անցած դարի 50-ականներից, քաղաքականություն, որ այժմ իրականացվում է պետական մակարդակով` վրաց հոգևոր դասի և պետական այրերի գործուն մասնակցությամբ: 88-ի ազգային զարթոնքը բացեց մեր աչքերը. խորհրդային «ազգերի բարեկամության» կեղծ քողն ընկել էր ու պարզել սպիտակ ջարդի զարհուրելի հետևանքները: Չկա մշակույթը, չկա այն կրող ժողովուրդը. այս քաղաքականությունը շարունակվում է և այսօր, միայն մեկ տարբերությամբ. եթե խորհրդային տարիներին դա արվում էր ծածուկ, զգուշավոր, ապա այսօր` բացահայտ, լկտի ու հանդուգն: Երկու տարի առաջ վրաց կաթողիկոս Իլյա Բ-ն հայտարարեց, թե Վրաստանի տարածքի բոլոր հուշարձանները, առավել ևս կրոնականները, իրենց պետության և վրաց եկեղեցու սեփականությունն են… Ամեն ինչ սեփականացնելու մոլուցքով տառապող հոգևորականներն անկեղծորեն խոստովանել են, որ իրենք վրացական Սիոնի հարևանությամբ չեն կարող հանդուրժել հայոց եկեղեցիների գոյությունը: Եվ հայտարարեցին. «Հայկական եկեղեցիները պետք է դարձնենք վրացական»… Խոսքից գործի անցնելը երկար ժամանակ չպահանջեց: Չարի վերջը

Տասնամյակներ շարունակ ջավախահայերին պարտադրվել է այն պատմական կեղծիքը, թե տարածաշրջանի հուշարձաններն ու եկեղեցիները զուտ վրացական ծագում ունեն: Ջավախցին հավատացել է, լռել ու սուտն ընդունել իբրև ի գիտություն: Ասում են «ստի ոտքը կարճ է լինում», բայց արի ու տես, որ այդ «կարճը» շատ երկար ձգվեց… Խորհուրդների փլուզումից հետո առաջին հայ ճարտարապետը, որ հայտնվեց Ջավախքում, Սամվել Կարապետյանն էր: Եկել էր ճշմարտությունը բացահայտելու ժամանակը: «Ջավախքի հնություններով հետաքրքրված հայ մարդիկ հավաքվում էին, խնդրում պարզել իրականությունը»: Ճշմարտության բացահայտման առաջին քայլն սկսվեց Ջավախքի հայաբնակ Էխթիլա գյուղի եկեղեցուց: Առանձնակի ճիգեր հարկավոր չէին ճշմարտությունն ի հայտ բերելու համար, քանզի հայկական ծագման մասին խոսում էր հենց ինքը` եկեղեցին. բարձր բեմը, հյուսիսային պատի մեջ անշարժ, միակտոր քարից կերտված մկրտարանի ավազանը ճարտարապետական լուծումներ են` հատուկ միայն հայկական եկեղեցիներին, և ոչ երբեք` վրացականին: Եվ վերջապես` հայկականությունն ապացուցում էին եկեղեցու բակի տապանաքարերը, որոնցից մեկի վրա հրաշքով պահպանվել էին հայատառ արձանագրություններ: Ճշմարտության բացահայտումից օրեր անց, երբ վրացի ճարտարապետները սովորականի պես գալիս ու պահանջում են եկեղեցու բանալիները, հայ գյուղացիները, որ մինչ այդ դրանք հլուհնազանդ տրամադրել էին ու անգիտությամբ օտարել սեփական մշակութային հարստությունը, ոչ միայն մերժում են, այլև տիրոջ իրավունքով գյուղից դուրս քշում ինքնակոչներին: «Այդ իրավիճակը շատ նման էր «Չարի վերջին». երբ կկուն տեղեկանում է, որ աղվեսը կացին չունի` համարձակություն է ստանում ու նրան քշում սարից, փրկում երրորդ ձագին»,— նկատում է ճարտարապետը:

«Ցորեն գողացող մկան պես»

Ջանդիերի ազգանունով մի վրացուհի հնագետ Ախալքալաքում երկարատև պեղումներ է կատարել: Տեղացիները, որ հետաքրքրությունից դրդված հաճախ են այցելել այդ վայրը, նկատել են, որ հայտնաբերված խաչքարերը հողից հանվելուն պես անհետանում են: Պարզվել է, որ վրացուհին իրականում զբաղված է ոչ թե հնագիտական աշխատանքներով, այլ հայկական հուշարձանների ոչնչացմամբ: Տեղացիներին այլ բան չէր մնում, քան սեփական ուժերով հայոց խաչքարերի ջարդը կանխելը` դրանք մեքենաներով տեղափոխելով գործող հայկական եկեղեցու բակ կամ Ախալքալաքի պատմության թանգարան:

Բարեկամության այգիներ` թաղված խաչքարերի վրա

«Միամիտ պատկերացում ունեի, թե վրացիները հայկական մշակույթի հետքերը փորձում են ջնջել միայն մեր տնից` պատմական Ջավախքից»: Մինչդեռ իր շրջագայությունների ընթացքում ճարտարապետ Սամվել Կարպետյանը ցավով նկատել ու համոզվել է, որ հայկական հուշարձանների ավերն իրականացվել է Վրաստանի ողջ տարածքում: 30-ականներին դրանց մի մասը հիմնահատակ քանդվեց, իսկ կանգուն մնացածներին այլ ճակատագիր էր սպասում. նորանկախ Վրաստանի իշխանությունների հրահանգով հայոց եկեղեցիները մեկը մյուսի հետևից յուրացվում են` վերածվելով վրացականի: Այս ճակատագրին արժանացածներից է Թբիլիսիի Վերա թաղամասում գործող Սուրբ խաչ եկեղեցին` կառուցված հայոց ազնվական դասի գերեզմանատան կենտրոնում, ուր հանգչում էին Վրաստանի հայ քաղաքապետների աճյունները: Հիշեցնենք, որ 800 տարում Թիֆլիսը կառավարած 47 քաղաքագլուխներից 45-ը հայեր են եղել: Իսկ այսօր նրանցից և ոչ մեկի գերեզմանը պահպանված չէ, որովհետև ողջ գերեզմանատունն է ավերված: Այսպես «երախտապարտ» վրաց ժողովուրդը վարձահատույց եղավ Թիֆլիսի շենացման գործում մեծ ավանդ ներդրած հայ քաղաքագլուխներին: Նույն ճակատագրին արժանացավ նաև Խոջիվանքի հայոց եկեղեցին` կառուցված 1655-ին: Նրա շուրջն ամփոփված հայոց Բեյբության իշխանական տոհմի գերեզմանոցը պարզապես վերածվեց պատրաստի քարհանքի. «Խոջիվանքի տապանաքարերով վրացիները ԽՍՀՄ տարիներին կառուցեցին Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի շենքը և Քուռ գետի հենապատերը»,— պատմում է ճարտարապետը: Իսկ արդեն 1996-ին գերեզմանատան տեղում հիմնվեց վրացական առաջնորդանիստ եկեղեցին: Հիմքերը փորելիս խոփի յուրաքանչյուր հարվածի հետ աճյուններ էին դուրս գալիս, շաբաթներ շարունակ բեռնատարները որպես շինարարական աղբ` գանգ ու ոսկոր էին տեղափոխում: Հայ մշակույթի հետքերը ոչնչացնելու մոլուցքը հասել է այն աստիճանի, որ որոշ տեղերում խաչքարերը թաղել են խոր փոսերում և վրան ծառեր տնկել: Խորհրդային տարիներին այդ տարածքներն անվանվեցին «Բարեկամության զբոսայգիներ»:

«Վրացիները սիրում են հիշել Հայոս (հայ) և Քարթլոս (վրացի) եղբայրների լեգենդը, իսկ ես ուզում եմ նրանց հարցնել. երբևէ լսե՞լ եք, որ եղբայրը եղբոր գերեզմանը ցիրվ տա ու ավերի: Բայց Քարթլոսը դա արեց ու շարունակում է ոչնչացնել Հայոսի գերեզմանը` աճյունների վրա իր առաջնորդանիստ եկեղեցին կառուցելով»:

Վրաց հոգևորականները` մոլեռանդ ազգայնամոլներ

Վրաստանի իշխանությունների խայտառակ քաղաքականության գագաթնակետը համարվում է Նորաշենի եկեղեցու յուրացումը: Տարիել անունով վրացի քահանան քլունգը ձեռքին անձամբ է քանդել Նորաշենի եկեղեցու բեմը, մկրտարանի ավազանը, պատերից քերել հայկական որմնանկարները: Եկեղեցու վրացացումը այդքանով ավարտված չհամարելով` քահանան դիմում է մեկ այլ հրեշավոր քայլի. 2005 թ. գարնանը եկեղեցու հարավային պատին կից հանկարծ հայտնվում է «վրացական» մի փոքրիկ նորաթուխ գերեզմանոց` 19-րդ դարի մի քանի տապանաքար` վրացերեն արձանագրություններով: Դրան հաջորդում է թերթերից մեկին քահանայի տված հարցազրույցը, ուր նա հայտարարում է, թե ինքը եկեղեցու բակում վրացական գերեզմանոց է հայտնաբերել. «Պետք չէ զարմանալ, չէ՞ որ եկեղեցին վրացական է»,— եզրահանգել է քահանան: Սակայն տեղացի հայերը բացահայտում են վրացի հոգևորականի ձեռքով իրականացված խեղկատակությունը, պարզելով, որ 19րդ դարի աճյունները վրացական Մլեթի գյուղից Տարիելն անձամբ է տեղափոխել ու վերաթաղել հայկական եկեղեցու բակում: Այս դժվար աշխատանքը նա կատարել է միայն մեկ նպատակով, որպեսզի եկեղեցին հայտարարի վրացական: Հայ ճարտարապետի եզրահանգումն է. «Եթե այս ազգի հոգևոր հովիվն ընդունակ է իր հանգուցյալների գերեզմանները քանդել ու նրանց տապանաքարերը տեղից տեղ փոխադրել, պղծելով նրանց հիշատակը, պարզ չէ՞, որ օտարինը կպղծի էլ, կքանդի էլ: Վրացի հոգևորականներն իրենց ազգայանամոլական նպատակներին հասնելու համար պատրաստ են սեփական ազգի հերն էլ անիծել»:

Սահակաշվիլին պատանդ հոգևոր դասի ձեռքում

Երբ ամերիկյան Դեթրոյիթ քաղաքի հայ հոգևոր հովիվը Սահակաշվիլու հետ հանդիպման ժամանակ նրան է նվիրում Սամվել Կարապետյանի հեղինակած «Վրաց պետական քաղաքականությունն ու հայ մշակույթի հուշարձանները» գիրքը, Վրաստանի նախագահը տեսնելով այն` ասում է. « Ինչ որ գրված է այս գրքում` ես տեղյակ եմ, և դա ճշմարտություն է, բայց ես անզոր եմ մեր եկեղեցու դեմ ելնել, այլապես իմ դեմ դուրս կգան»: Անկե՞ղծ է Սահակաշվիլին, թե ոչ` դժվար է ասել: Եվ դա այնքան էլ էական չէ, էականն այն է, որ քրիստոնյա Վրաստանը վայրենաբար ոտնատակ է տալիս քրիստոնյա հայ ժողովրդի հոգևոր արժեքները:

Անհասկանալի է այս ամենի հանդեպ Հայաստանի մշակույթի նախարարության որդեգրած` «ձայն բարբառոյ յանապատի» կեցվածքը: Այն համարել անփութությո՞ւն, քաղաքական զգուշավորությո՞ւն… Թե մեկը, թե մյուսը մերժելի են: Եթե ոչ անկախ Հայաստանը, ուրիշ ո՞վ պետք է տեր կանգնի հայ մշակութային արժեքներին:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր`

Դիտել Ջավախք բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`