Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Տեղեկատվական անվտանգություն

Վեհափառը թուրք ազգայնամոլին չի ճանաչում. թուրքը խորամանկորեն է արել իր գործը

Հունվար 22, 2014թ. 20:29

Ազգայնամոլական հայացքներով հայտնի թուրք պատմաբան, «Գորշ գայլեր» կազմակերպության անդամ Հաքան Օքթայը, ով « Կովկասյան ռազմավարական վերլուծությունների» կենտրոնի ղեկավարն է, ֆեյսբուքյան իր էջով տարածեց լուսանկարներ, ըստ որոնց նա Հայաստանի տարբեր շրջաններում է եղել և նկարներում նա ձեռքով ցույց է տալիս թուրքական ազգայնամոլական «Գորշ գայլեր» կազմակերպության նշանը։ «Թուրքագիտական պորտալը» ներկայացրել է Հաքան Օքթայի Facebook-ում հրապարակած լուսանկարները, ինչից պարզ է դարձել, որ նա հանդիպում է ունեցել ոչ միայն թուրքագետների, քաղաքագետների, այլև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, անգամ Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդի հետ։

Այս առնչությամբ պարզաբանում է տվել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը, ասելով, որ Վեհափառ հայրապետը լուսանկարի անձնավորությանը չի ճանաչում, հավանաբար նա այն հազարավոր մարդկանցից է, ովքեր մոտենում է Վեհափառին և խնդրում լուսանկարվել նրա հետ և օրհնություն ստանալ։

«Մայր Աթոռ սուրբ Էջմիածին մշտապես այցելում են հայ ուխտավորներ ինչպես Հայաստանի տարբեր շրջաններից, այնպես էլ սփյուռքից, նրանց մեջ մեծ թիվ են կազմում օտար հյուրերը, որոնք այցելում են Հայաստանի Հանրապետություն։ Եվ Մայր տաճարի շրջակայքում հանդիպելով Վեհափառ հայրապետին՝ մարդիկ ցանկանում են լուսանկարվել Հայրապետի հետ, ինչին Վեհափառը երբեք չի առարկում, չի մերժում և իր օրհնությունն է բաշխում ինչպես հայ, այնպես էլ օտարական ուխտավորներին։ Հնարավոր է, որ նման խնդրանքով Վեհափառին մոտեցել է նաև այս անձը, որը լուսանկարվել է Վեհափառ հայրապետի հետ»,-ասաց վեհափառի մամլո դիվանը։

Հարցին, թե այսինքն՝ լուսանկարի անձի հետ կաթողիկոսն առանձին հանդիպում չի ունեցել, Տեր Վահրամ քահանա Մելիքյանը պատասխանեց. «Ո՛չ, Վեհափառ հայրապետն այդ անձին չի ճանաչում»։

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Տեղեկատվական անվտանգություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն