Գլխավոր » TOP, Ադրբեջան, Թուրքիա, Իրան, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Տնտեսություն, Քաղաքականություն

Ստեղծվել են նախադրյալներ Հայաստանի ապաշրջափակման համար

Ապրիլ 8, 2015թ. 14:54
Իրան -ԱՄՆ

Դատելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ Լոզանում ձեռք բերված համաձայնություններից, անցած օրերի ընթացքում մեր հարեւան երկրների ձեռնարկած ակտիվ արտաքին-քաղաքական զորաշարժերից՝ կարելի է նախնական պատկերացում կազմել, թե նրանցից յուրաքանչյուրն ինչպես է փորձում օգտվել տարածաշրջանային նոր իրողություններից։

Անցած տասնամյակներում Ադրբեջանն ու Թուրքիան եւ նրանց էներգետիկ ու տրանսպորտային միջանցքների առանցքում հայտնված Վրաստանը ստեղծել են Հայաստանը շրջափակող ենթակառուցվածքների մի ամբողջական համակարգ՝ Արեւելք-Արեւմուտք հորիզոնականի վրա։

Ներկայումս, երբ Իրանի ապաշրջափակման հետեւանքով հարկ է լինելու ընդլայնել այդ հորիզոնականի «հարավային թեւը», նրանք փորձում են Իրանին նույնպես ներքաշել Հայաստանին «պարկի մեջ» թողնող այդ համակարգի մեջ։
Մասնավորապես խոսքը վերաբերում է Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղու թուրքական հատվածը Իգդիրի վրայով Նախիջեւանի հետ կապելու ծրագրերին։

Օրինակ, առաջարկվում է այդ երկաթգիծը Ջուլֆայի վրայով շարունակել մինչեւ Թավրիզ, այսինքն՝ ամբողջացնելով Հայաստանի երկաթուղային շրջափակումը՝ Վրաստանի սեւծովյան նավահանգիստները կապել Իրանի հետ։
Իրանի ձեռք բերած ռազմավարական առավելությունները նույնպես Հայաստանի դեմ օգտագործելու հարցում ամենաշահագրգիռ կողմերը, բնականաբար, մնում են Ադրբեջանն ու Թուրքիան։ Այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահը, Լոզանից ստացած լուրերից խուճապահար, վազեց Սաուդյան Արաբիա, նրա փորձառու «ավագ եղբայրը», ընդհակառակը, փոխելով իր նախորդ հակաիրանական հայտարարությունների բովանդակությունը, պաշտոնական այցով մեկնեց Թեհրան։

Գիտակցելով շիա-սուննի տարաձայնությունները խաղարկելու հարցում ԱՄՆ-ի առջեւ բացվող հնարավորությունները՝ Էրդողանը Թեհրանում հայտարարել է, թե իր համար գոյություն ունեն միայն մահմեդականներ՝ անկախ կոնֆեսիոնալ առանձնահատկություններից։ Առաջնահերթ նպատակը գազի գների հարցում Իրանից զիջումներ կորզելն է՝ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ առաջիկայում հնարավոր կլինի իրանական գազը հենց թուրքական տարածքով արտահանել Եվրոպա։

Մինչդեռ իրանական գազի միջոցով ՆԱԲՈՒԿԿՈ-ն վերակենդանացնելու կամ գոնե թուրք-ադրբեջանական «Տանապ» գազատարը լցնելու Թուրքիայի ցանկությունը առաջին հերթին մարտահրավեր է Ռուսաստանի համար։ Ուստի նոր պայմաններում որքանո՞վ է ձեռնտու Մոսկվային նման հեռանկարը, երբ ինքը Թուրքիայի հիմնական գազամատակարարն է։

Եվ արդյոք սա հնարավորություն չի՞ տալիս Հայաստանին իր ռազմավարական դաշնակցի առջեւ բարձրացնելու Իրան-Հայաստան խողովակաշարի տրամագիծը մեծացնելու հարցը, քանի որ իրանական գազը, միեւնույն է, մտնելու է եվրոպական շուկա։ Ուրեմն ավելի լավ չէ՞, որ այն անցնի բարեկամական Հայաստանի տարածքով՝ հյուսիսից շրջանցելով Թուրքիան ու դրանով սահմանափակելով թուրքական շուկայում ռուս-իրանական մրցակցություն սադրելու Անկարայի հնարավորությունները։

Սա մի հարց է, որ կարելի է դարձնել արտգործնախարար Նալբանդյանի մասնակցությամբ Մոսկվայում տեղի ունեցող հայ-ռուսական երկկողմ կոնսուլտացիաների առարկա՝ նկատի ունենալով, որ Իրանի ապաշրջափակումը Հայաստանի ու Ադրբեջանի հանդեպ վերջերս Մոսկվայի իրականացրած «ճոճանակի» քաղաքականության վերանայման լրջագույն պատճառներից է։

Իրանի ապաշրջափակման պայմաններում է՛լ ավելի մեծ կշիռ են ձեռք բերում Ադրբեջանին զենքի մատակարարումները դադարեցնելու անհրաժեշտության մասին Հայաստանի ղեկավարության՝ հյուսիսային ուղղությամբ ուղարկած վերջին մեսիջները։

Դրանք կյանքի կոչելու համար ներկայումս ստեղծվում են միանգամայն առարկայական հիմքեր, որովհետեւ նոր պայմաններում, երբ ԱՄՆ օրհնությամբ ձեւավորվում է Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան հակառուսական առանցքը, իսկ Իրանը որոշակի ազատություն է ստանում Հարավային Կովկասում, Ղարաբաղի շուրջ ստատուս քվոյի խարխլումը անկանխատեսելի հետեւանքներով է հղի նաեւ Ռուսաստանի համար։

Այս համատեքստում ուշագրավ է, որ արտգործնախարար Է.Նալբանդյանի ներկա մոսկովյան այցի կապակցությամբ ռուսաստանյան ԱԳՆ-ի ու քարոզչության տոնայնության մեջ ակնհայտ փոփոխություն է տեղի ունեցել։ Վերջին տարիներին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնական այցերը Մոսկվա չէին ուղեկցվում երկկողմ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը կարեւորող հայտարարությունների ու մեկնաբանությունների այն առատությամբ ու հստակությամբ, որպիսին նկատվում է վերջին օրերին։

Այսինքն՝ երկկողմ հարաբերություները կրկին սկսում են գնահատվել փոխադարձ շահերի հաշվառման ու գործընկերների միջեւ առաջ եկող խնդիրներին լուծումներ տալու պատրաստակամության ոգով, ինչն ընդհանրապես բնորոշ է եղել հայ-ռուսական հարաբերություններին։

Տարածաշրջանում ձեւավորվող նոր իրադրությունը պահանջում է Ռուսաստանից մտածել նախեւառաջ իր դիրքերի պահպանման մասին։ Իրանի ապաշրջափակման հավանականությունը հրամայաբար հուշում է երկու երկրների արտաքին-քաղաքական գերատեսչությունների ղեկավարներին՝ նոր աչքով նայել Հյուսիս-Հարավ տրանսպորտային ու էներգետիկ կոմունիկացիաներին, որոնք կարող են նպաստել տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի ամրապնդմանն ու միաժամանակ Հայաստանի ապաշրջափակմանը։

Այս առումով կողմերի համար ներկայումս կարեւորագույն նշանակություն ունի դեպի Հարավային Կովկաս «բացվող» Իրանի համար Հայաստանը էներգետիկ ու տրանսպորտային միջանցքի վերածելու խնդիրը, որովհետեւ եթե այդ նույն հարցը լուծվի Ադրբեջանի վրայով կամ Թուրքիայի միջոցով, ապա Ռուսաստանը հեռանկարում կարող է հայտնվել «երրորդ-ավելորդի» վիճակում։ Նույն տեսանկյունից Հայաստանում տեղակայված իր ռազմահանգրվանի կենսագործունեության պահպանման խնդրի լուծումը ներկայումս նույնպես կախման մեջ է հայտնվում ՆԱՏՕ-ի ազդեցությունից դուրս գտնվող միակ երկրի՝ Իրանի դիրքորոշումից։

Եվ ամենակարեւորը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության պահպանման խնդիրը լուծելու համար նոր իրավիճակը կողմերի համար ստեղծում է լրացուցիչ հնարավորություններ։ Ուստի պատահական չէ, որ Ռուսաստանի արտգործնախարար Ս.Լավրովը, երեկ ընդունելով իր հայ գործընկերոջը, բավական կոշտ կերպով է արտահայտվել Ղարաբաղյան պատերազմի վերսկսման հեռանկարի առնչությամբ։ Նա ուղղակի նախազգուշացրել է. «Մոսկվայի մտքով անգամ չի անցնում, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է տեղափոխվել թեժացման շրջափուլ», ինչը նշանակում է, որ Ադրբեջանում դա երազողները նույնպես պետք է դադարեն մտածել այդ մասին։

Այսպիսով Իրանի ապաշրջափակման հետեւանքով ստեղծվում են բոլոր նախադրյալները տարածաշրջանում Հայաստանի տեղի ու դերի նոր արժեւորման եւ իրանական գործոնի հետ համագործակցության խորացման համատեքստում հայ-ռուսական հարաբերություններին բնորոշ անկեղծ-գործընկերային բնույթն ամրապնդելու համար։

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, Թուրքիա, Իրան, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Տնտեսություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն