Գլխավոր » Interview, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն

Ստեղծված իրավիճակում կես քայլ է մինչև լայնածավալ պատերազմ. զսպողը Հայաստանն է

Սեպտեմբեր 5, 2015թ. 13:17
Արծրուն Հովհաննիսյան

<Շանթ-2015> ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են. ՙՀայոց Աշխարհ՚-ը զորավարժությունների ու սահմանային լարվածության շուրջ զրուցեց ՀՀ ՊՆ նախարարի մամուլի քարտուղար ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ

-Զորավարժություններ մեր երկրում հաճախ են անցկացվում, հասկանալի է` պատերազմական վիճակում գտնվող երկիր ենք և դրանք առանձնահատուկ կարևորություն ունեն մեզ համար: Բայց տպավորություն կա, որ այս անգամվանը նկատելիորեն տարբերվում է նախորդներից, ո՞րն է <Շանթ-2015>-ի բացառիկությունը:

-Այո, այս զորավարժությունն ունի բացառիկ տարրեր, այդ մասին են վկայում նախ զորավարժության մասշտաբները, որոնք բավականին ընդգրկուն են: Եվ երկրորդ` լրջությունն է մեծացել: Մեր բնակչությունը գիտակցում է, որ մենք պատերազմող երկիր ենք, հետևաբար, զորավարժությունների միջոցով երկիրը պատերազմական դրության բերելու փորձերին պետք է հանգիստ վերաբերվի, չընկալի այն որպես բացառիկ, անհասկանալի մի բան: Եվ այդ գիտակցումն է, որ այսօր մարդիկ առավել լրջորեն են տրամադրված կազմակերպվող միջոցառմանը: Բոլորի մոտ կա պարտքի զգացում, ամեն մեկն իր տեղում ուզում է ճշտել, թե ինչի՞ է ընդունակ իր գերատեսչությունը, համայնքը, մարզը, եթե երկրում նման իրավիճակ ստեղծվի: Հասկանալի է, որ այս ամենն ուղղորդվում է Պաշտպանության նախարարության կողմից, ու զգոնության հարցում, հատկապես, կարևոր է գերագույն գլխավոր հրամանատարի դերը, նրա բարձր պատասխանատվությունն արդեն իսկ ստիպում է բոլորին լուրջորեն վերաբերվել ու մատների արանքով չնայել միջոցառումներին:

-Զորավարժությունները լավ առիթ են գնահատելու մեր գործողությունների արդյունավետությունը պատերազմի վերսկսման դեպքում: Իսկ ի՞նչ սցենարով է այդ <խաղ-պատերազմը> բեմադրվում:

– Պետության բոլոր կառույցներն իրենց գործառույթների մասով պատրաստվում են պատերազմական դրության. հաստատվում է ռազմական դրություն, իրականացվում է զորահավաք, զորքերի տեղաշարժ կարվի, գործողություններ են կատարվում հնարավոր հրդեհների, ավերածությունների վերացման ուղղությամբ, ստեղծվում են ճամբարներ` տարհանվածների համար, հիվանդանոցները բերվում են ուժեղացված ռեժիմի` վիրավորներին ընդունելու համար, խստացվում է վերահսկողությունը ճանապարհներին և սահմանին: Այսինքն` զորավարժությունների ժամանակ իրավիճակը առավելապես համապատասխանեցվում է իրականությանը, որ բոլորն իրենց զգան պատերազմական դրության մեջ: Անգամ պետության ֆինանսական ծախսերն են հաշվարկվում պատերազմական իրավիճակին համահունչ:

Ի դեպ, այս զորավարժություններն իրականացնելով, մենք ոչ միայն դիտարկում ենք Ադրբեջանի հետ հնարավոր պատերազմի հանգամանքը, այլև մեր մյուս հարևանի հետ հնարավոր իրավիճակները. չմոռանանք, Հայաստան-Թուրքիա սահմանից այն կողմ թուրք-քրդական լարումների առկայության մասին:

-Այս լայնամասշտաբ ռազմական խաղը լիովին մտել է իր հունի մեջ, նման միջոցառումը, իհարկե, կնպաստի մեր բնակչության սթափության բարձրացմանը, բայց մյուս կողմից կա վտանգ. արդյոք այն խուճապ չի՞ առաջացնի, մանավանդ, մի քանի օր է ինչ սահմանին իրավիճակը լարված է:

-Այո, ինչ-որ առումով կա բարդ իրավիճակ, քանի որ մենք ոչ միայն խաղարկում ենք զորավարժություն, այլ նույն պահին ունենք սահմանային լարվածություն: Դա մի կողմից բարդացրեց իրավիճակը, բայց մյուս կողմից նաև լավ փորձություն դարձավ: Դրա մասին է վկայում այն, որ ի ուրախություն մեզ, մեր ժողովուրդն այս ամենից պատվով է դուրս գալիս, խուճապ չկա, չնայած եղան մարդիկ, որ փորձեցին նման տրամադրություններ տարածել, սակայն այն մասսայական բնույթ չկրեց: Տեղեկատվական առումով ևս լավ աշխատանք են կատարել ՏԻՄ-երը, լրատվամիջոցները, որոնք պարբերաբար, մինչ զորավարժությունների սկսվելը գրեցին, խոսեցին ու մեր ժողովրդին իրազեկեցին այդ մասին:

Այս օրերին նման լայնամասշտաբ զորավարժություն իրականացնելով Հայաստանը մեսի՞ջ է ուղղում սահմանից այն կողմ խիստ ակտիվացած հակառակորդին:

–<Շանթ-2015> զորավարժությունները պլանային են ու նախատեսված էին վաղուց, այն կազակերպվելու էր անկախ սահմանային լարվածության: Իսկ լարվածությունն իրավիճակային է, իրավիճակը լարողն էլ Ադրբեջանն է: Թե ինչո՞ւ է այսքան ոգևորվել ագրեսոր հարևանը` պատճառները տարբեր են: Բայց հիմնականը նրա ներքին տնտեսական վատ վիճակն է: Ադրբեջանը վաղուց է նման գործելաոճ որդեգրել. ինչքան երկրում խնդիրները շատ են, այնքան սահմանի վրա ճնշումը մեծացնում է, Ալիևն իր սեփական խնդիրները ծածակադմբոց անելու համար Ադրբեջանի ժողովրդին վախեցնում է պատերազմով:

Ասեմ, որ հակառակորդն այս օրերին առավել ակտիվացավ գիշերային ժամերին: Երեք գիշեր անընդմեջ, հատկապես, Տավուշի հատվածում, դրությունը բավական լարված է: Թշնամին 200-300 անգամ սահմանային խախտում է արձանագրել, բազմահազար կրակոցներ են հնչել, կիրառել է 82, 60 երբեմն էլ 120 միլիմետրանոց արկեր: Սա բացառիկ երևույթ է, երկու տարի առաջ ընդհանրապես ականանետերի մասին խոսք չկար: Անցած տարվա օգոստոսից թշնամին սկսեց այդ զինատեսակի կիրառումը, իսկ այս տարվա հունվարից դրանց կիրառումը բավական ինտենսիվացել է:

-Այս անգամ և՞ս միջազգային կազմակերպություններն առաջնորդվում են իրենց հարազատ ձեռագրով` ոչինչ չասող, լղոզված հայտարություններ հնչեցնելով ու այդ կերպ ավելի նպաստելով Ադրբեջանի սանձարձակ քայլերին:

-Հայաստանի պաշտպանության նախարարությունը նրանց և’ իրազեկել է իրավիճակի մասին, և’ քննադատության ենթարկել նրանց պահվածքը, և’ պահանջել համապատասխան գնահատականներ: Հայտնի է, որ փոխնախարար Դավիթ Տոնոյանն օրերս հանդիպեց Անջեյ Կասպրչիկի հետ, փոխանցեց մեր մտահոգությունները, մնացած կառույցներին էլ դիմել է ՀՀ ԱԳՆ-ն: Բայց մենք մեծ ակնկալիք չունենք, որ միջազգային կազմակերպությունների կամ հանրության հորդորները Ադրբեջանում հասցեական կընկալվեն ու տեղ կհասնեն:

-Սահմանային պատերազմ է ընթանում, և’ հայ-ադրբեջանական, և’ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայքով թշնամին հարվածի տակ է առել հիմնականում հայկական գյուղերը, խաղաղ բնակչությունից ունենք վիրավորներ: Ո՞րն է թշնամու նպատակը` խորանալ երկրի մե՞ջ:

-Արդեն մի քանի տարի է, որ այս պատերազմը այլևս զուտ զինվորականների միջև չի ընթանում, ցավոք, կորուստներ ենք ունենում նաև քաղաքացիական բնակչությունից: Մենք ունենք շուրջ 27 գյուղեր, որոնք գտնվում են հակառակորդի հրետակոծությունների գոտում: Բազմիցս ենք Ադրբեջանին կոչ արել խաղաղ բնակչության վրա ճնշումներ չգործադրե, որպեսզի բնակչությունը երկուստեք դուրս լինի այս իրավիճակից: Բայց մենք գործ ունենք թուրքի հետ, որից այլ բան ակնկալելն անհնարին է: Նրանց միայն սանձել ու սանձում է հայկական բանակի հուժկու պատասխանը` ուրիշ ոչինչ: Մենք այսօր գտնվում ենք դանդաղ աճող լարվածության փուլում. հետքայլ չես կարող անել, որովհետև բանակցում ես այնպիսի կողմի հետ, որը բացի զիջումից այլ բան չի հասկանում, իսկ առաջ քայլ կատարելը նշանակում է լայնածավալ պատերազմ սկսել: Երբեմն մեր ժողովուրդը բանակից պահանջում է`<մի հուժկու հարված տվեք, որ թշնամին ուշքի չգա>, ասեմ, որ այդ հուժկուն լայնածավալ պատերազմն է: Այսինքն` ստեղծված իրավիճակում կես քայլ է մինչև լայնածավալ պատերազմ:

-Զսպողը Հայաստա՞նն է:

-Իհարկե, միշտ էլ և’ զսպողը, և’ սահմանին թելադրողը եղել է հայկական զինուժը: Այլ հարց է` Ադրբեջանն իրականում ուզո՞ւմ է գնալ լայնամասշտապ պատերազմի, թե՞ ոչ: Փորձը ցույց է տալիս, որ կա մի սահման, որից այն կողմ, նրանք միանգամից հետ են քաշվում, դադարեցնում կռիվը: Ադրբեջանը երբեք, այսպես ասած, մինչև վերջ չի գնացել, ու ինչ-որ պահի հետ է քաշել իր <ոտքերը>:

-Ո՞րն է այդ սահմանը կամ ի՞նչն է սանձում, ստիպում ագրեսորին նահանջել:

– Հայկական կողմի կանխարգելիչ գործողությունները, ինչի արդյունքում հակառակորդը կրում է մեծաթիվ կրուստներ: Բայց անցած տարի մենք նաև համոզվեցինք, որ Ադրբեջանը երբեմն անտեսում է իր իսկ կորուստները, անգամ իր 30,40 զոհերին անտեսեց ու շարունակեց իրավիճակը լարել: Այնպես որ, դժվար է ասել, թե ո՞րն է նրան սանձելու սահմանը, քանի որ մենք գործ ունենք ոչ ադեկվատ ղեկավարի ու իշխանության հետ:

-Ուրեմն, ինչպե՞ս վարվել մի հակառակորդի հետ, որի նպատակն է փոքր պատերազմներով քամել հայկական ներուժը, մեզ մշտապես լարված վիճակում պահել:

– Ի պատասխան ձեր հարցի`մի կարևոր բան եմ ուզում ասել: Հասկանալի է, որ մեր ժողովուրդը հոգնել է պատերազմական իրավիճակից, մեր կորուստների, վիրավորների մասին տեղեկատվություն լսելուց: Բայց, մենք պետք է մի բան իմանանք, որ հակառակորդի նպատակը մեկ, երկու զոհերով մեզ հյուծելը չէ, քանի որ ինքը դրա դիմաց տասնապատիկ է վճարում: Այսօր ադրբեջանական մամուլում, որն, ի դեպ, գտնվում է գրաքննության տակ, արդեն իսկ կարդում ենք հրապարակումներ, որոնցում գրվում է`<մինչև ե՞րբ, այսպես չի կարելի շարունակել>: Այսինքն, արդեն չեն դիմանում ու խոսում են, քանի որ նրանց կորուստները շատ մեծ են, ինչից էլ Ադրբեջանի հասարակությունը սկսում է ջղաձգվել: Վերջին օրերին ադրբեջանական մամուլը ոչ ուղղակի տեղեկատվություն տարածեց, թե ունեն 3-4 զոհ և այդքան էլ վիրավոր, ընդորում զոհերը պայմանագրային զինծառայողներ են, ենթասպաներ, այսինքն` շարքայիններ չեն: Ակնհայտ է, որ զոհերի իրական թիվն այս անգամ ևս Ադրբեջանը ուզում է ծածկադմբոց անել: Իսկ մենք չենք թաքցնում, որ հուժկու պատասխան ենք տալիս ագրեսորին ու դա չի կարող առանց կորուստների լինել, նրանք չեն կարող զոհեր չունենալ: Ի դեպ, աբսուրդի թատրոն է, իրենց զոհերը թաքցնելու մի հարմար առիթ են գտել, դա երեկ գրանցված երկրաշարժն է, արդեն գրում են` երկրաշարժից զոհեր կան, հիմա էլ կփորձեն այսպես պարտակել իրենց զոհերի թիվը:

Հաջորդը, պետք է իմանանք, որ Ադրբեջանը երբեք չի կարող բավարարվել իրավիճակը ինքնանպատակ լարելով, հետևաբար, նրանց նպատակն այլ է: Ադրբեջանի իշխանությունն իր ստորաբաժանմունքների առաջ դնում է կոնկրետ, առարկայական մարտական խնդիրներ, այն է` գրավել այս կամ այն բարձունքը, գրավել մի թիզ հող: Եթե դա նրանց հաջողվի, դուք պատկերացնո՞ւմ եք, թե այն պորպագանդայի ինչպիսի միջոց կդառնա: Ուզում եմ մեր ժողովուրդը հստակ իմանա, որ 2008-ից մինչև այսօր, Լևոնարխ գյուղի չստացված դիվերսոն փորձից հետո, ադրբեջանական բանակն անկարող է եղել մեկ միլիմետր իսկ առաջ գալ, ոչ մի բարձունք չեն կարողացել գրավել, հայկական ոչ մի հենակետ տեղի չի տվել հակառակորդի հարձակումներին, շեշտում եմ` ոչ մի: Հենակետ ենք ունեցել, ուր նույնիսկ 3, 4 զոհ ենք տվել, բայց մինչև վերջ մեր տղաները պայքարել են ու հենակետը մեկ վայրկյան իսկ չի հայտնվել ադրբեջացիների ձեռքին:

Սա նշանակում է` ադրբեջանական զորքը չի կարողանում կատարել իր առաջ դրած մարտական խնդիրները: Այ, սա’ է կարևորը, իսկ մեզանում տարածված այն ընկալումը, թե Ադրբեջանը փորձում է զոհեր պատճառելով մեզ հունից հանել, հյուծել, դա նրանց առաջնային խնդիրը չէ: Իսկ իր առաջանային խնդիրները Ադրբեջանը չի’ կատարել ու չի’ կատարում:

-Տեղեկատվական կեղծիքի տարածման հարցում վարժված հառակորդը, հետաքրքիր է, ինչպե՞ս է արձագանքում հայաստանյան զորավարություններին:

-Նրանց պահվածքը զավեշտալից է, պատկերացրեք` փորձում են ծաղրել այս մեծամասշտաբ զորավարժությունները: Օրինակ նկատեցի, որ նյութերը վերնագրված են այսպես` <Հայաստանը պատերազմ է խաղում>: Սա նրանց բնորոշ պահվածք է:Եթե դիմացինդ ոչինչ չունի ասելու, անելու, քան քմծիծաղ տալն է, բնականաբար, նաև հիմարություններ է դուրս տալու:

Խնդիրն այն է, որ Ադրբեջանը երբևէ նման զորավարժություններ չի անցկացրել, զորավարժություն, երբ ողջ պետական համակարգը ժամացույցի մեխանիզմի պես կաշխատի` կառավարվելով մեկ կենտրոնից: Սա ևս ապացուցում է, որ մենք կրկին մի քայլ առաջ ենք մեր հակառակորդից:

Իսկ <Շանթ-2015>-ը հերթական անգամ փաստեց մեր զինուժի, մեր բնակչության ու պետական ինստիտուտների ներդաշնակ, միասնական կազմակերպված աշխատանքի մասին: Այն, ինչ մեր զինվորներն ամեն օր ապացուցում են առաջնագծում, նրանց ծնողները, քույրերն ու եղբայրները փայլուն կատարում են թիկունքում: Այս միասնությունն է նաև մեր զինված ուժերի մարտունակության երաշխավորը:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Interview, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն