Գլխավոր » Culture-Hogevor, Genocide, Hay-turq, Լրահոս, Մշակույթ

«Սպի». կեղծ խոստովանություն

Փետրվար 21, 2015թ. 19:42
Ֆաթիհ Աքին

Ֆաթիհ Աքինը մերօրյա եվրոպական կինոյի վառ արտահայտված անհատականություններից մեկն է, որի ֆիլմերը բարձր են գնահատվել հեղինակավոր մի շարք փառատոներում և ունեն իրենց հանդիսատեսը: «Սպին» Ֆաթիհ Աքինի ամենաթույլ ֆիլմն է:

XX դարի մեծագույն ոճիրներից մեկը՝ Հայոց ցեղասպանությունը, մինչ օրս չեն դատապարտել աշխարհի թելադրող երկրները, և համառորեն հերքվում է իրագործողի՝ Թուրքիայի կողմից: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված և հայկական կողմի մասնակցությամբ իրականացվող յուրաքանչյուր նախաձեռնություն, այդ թվում՝ մշակութային, բնականաբար քաղաքական բնույթ ունի: Եվ առհասարակ Հայոց ցեղասպանությանը որևէ կերպ առնչվող որևէ նախաձեռնություն չի կարող այս կամ այն կողմին ծառայող քաղաքական ենթաիմաստ չունենալ:

Գերմանիայի քաղաքացի և ազգությամբ թուրք Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմին շատերն էին սպասում և հատկապես նրանք, ովքեր հավատում էին, որ ֆիլմն անդրադարձ է Մեծ եղեռնին և կարող է նպաստել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Ֆիլմը դիտելուց հետո է հասկանալի դառնում, որ «Սպին» ո՛չ նալին է խփում, ո՛չ մեխին, ավելին՝ հեղինակի դիրքորոշումն էլ ամեն գնով քողարկվում է:
«Սպին» որևէ տեսարանում կամ նույնիսկ ենթատեքստում չի հակադրվում պաշտոնական Անկարայի դիրքորոշմանը Հայոց ցեղասպանության խնդրի վերաբերյալ: Թուրքիան ընդունում է, որ Առաջին աշխարհամարտի ժամանակ բազմաթիվ հայեր են սպանվել և տեղահանվել՝ իբրև դավաճաններ ու ներքին թշնամիներ: Այդօրինակ մի նախաբանով էլ սկսվում է «Սպին». «XX դարի սկզբին Օսմանյան կայսրությունն արագ կազմաքանդվում էր և ներգրավվեց Առաջին աշխարհամարտում, ինչից հետո բոլոր փոքրամասնությունները դարձան ներքին թշնամի»:

Սա պատմական փաստերի խեղաթյուրում է, ըստ որի՝ 1895-1914 թթ. Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված և հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ոճիրը լուսանցքից դուրս է թողնվում: Թուրքիան ասում է, որ հայերի ջարդը ցեղասպանություն չէր, իսկ ցեղասպանությունը միջազգային կոնվենցիաներով դատապարտվող հանցագործություն է: «Սպի»-ի հեղինակներն էլ «ցեղասպանություն» տերմինին դիվանագիտորեն են մոտենում և ֆիլմում ուղղակի խուսափում են դրա գործածումից:

Խաղարկային կինոն անսահմանափակ ազատություն է, ազատություն, որի շնորհիվ գեղարվեստական ցանկացած լուծման բազմաթիվ տարբերակներից հեղինակը կարող է ընտրել նախընտրելին: Արդյոք պատմական ոճրագործության վերաբերյալ կարելի՞ է նաղլ անել՝ խուսափելով տեղի ունեցածի մասին դիրքորոշում արտահայտելուց, մինչդեռ Ֆաթիհ Աքինն իր հարցազրույցներում բազմիցս նշել է, որ տեղի ունեցածը ցեղասպանություն է: Սա այն նուրբ հարցադրումն է, որի շուրջը հիմնականում երկու հակադիր կարծիք է հնչում:

Ֆիլմի գեղարվեստական արժանիքներով հիացածները հակադրվում են նրանց, ովքեր կարծում են, որ ցեղասպանության թեման զուր է շահարկվել: Իրականում ազգությամբ թուրք ռեժիսորն այս ֆիլմով ռիսկի չի դիմել. անգամ թուրք ազգայնականները ֆիլմը չեն բոյկոտել:
Գլխավոր հերոսը Նազարեթն է (Թահար Ռահիմ), որը 1915-ին կորցնում է իր ընտանիքը՝ կնոջը և երկու դստերը: Նազարեթին թուրք ոստիկանները բռնի տեղափոխում են հարկադիր աշխատանքի, որտեղ նա մնում է շուրջ երկու տարի և ականատես լինում, թե ինչպես են խմբերով տեղահանվում իր ազգակիցները: Անապատում երկաթգիծ կառուցող տղամարդկանց որոշում են սպանել, սակայն Նազարեթին բախտը ժպտում է, և նրան բաժին է հասնում բարի թուրք, որի ձեռքը չի գնում կտրելու նրա կոկորդը: Նազարեթին հաջողվում է կենդանի մնալ, ավելին՝ բարի թուրքի օգնությամբ նա միանում է դասալիքների բանակին և բռնում փրկության անխոս ճանապարհը:

Ցեղասպանության նկարագրության տեսարաններն այդքանով ավարտվում են, և այն, ինչ ռեժիսորն այդ ընթացքում հասցնում է ներկայացնել, կարծրատիպային է և, մեղմ ասած, ծիծաղելի:
Ըստ «Սպի»-ի՝ հայերը ունևոր էին, այնքան քրիստոնյա, որ առանց աղոթելու ճաշի չէին նստում, ամեն պահի պատրաստ էին մեկմեկու խաբել, չէին ենթարկվում այն պետությանը, որտեղ ապրում էին, նույնիսկ պատրաստ էին պատերազմից խուսափելու համար կաշառել ոստիկաններին, և մոտալուտ վտանգի լուրերն անգամ ի զորու չէին նրանց համախմբել: Ֆիլմից դժվար է կռահել, թե պոլսահայերն ունեի՞ն մշակույթ և տարբերվո՞ւմ էին Օսմանյան Թուրքիայում ապրող մյուս ազգային փոքրամասնություններից: Գաղթի և ցեղասպանության մասսայական տեսարաններն այնքան աղքատիկ են պատկերված, որ որևէ կերպ պատկերացում չեն տալիս տեղի ունեցած ոճրագործության իրական ծավալների մասին: Ֆիլմի առաջին քսան րոպեի ընթացքում փորձ է արվում ներկայացնել մոտ յոթ տարում տեղի ունեցող իրադարձություններ: Պատմական ժամանակագրության մատուցումն այն աստիճանի ինքնանպատակ ու անտրամաբանական է, որ անհասկանալի է, թե 1915-ին կատարվածը ինչ հետք է թողել հետագա տարիներին տեղի ունեցողի վրա:

Մի խոսքով, անապատային երկար թափառումները Նազարեթին հասցնում են Բեյրութ: Այստեղ էլ նա իմանում է, որ իր դուստրերը կենդանի են, և ճանապարհ է ընկնում նրանց գտնելու: Մոտ երեք ժամ տևողություն ունեցող ֆիլմը ձանձրույթի, քնելու մեծ ցանկության դեմ պայքարի իրական փորձություն է: Ցանկացած երկիր, որտեղ Նազարեթը հայտնվում է, իսկ նա լինում է շատ երկրներում, ներկայացված է նույնքան սխեմատիկ, որքան գլխավոր հերոսը, որը ֆիլմի ընթացքում ոչ մի փոփոխության չի ենթարկվում: Դրամայի իմաստով էլ «Սպին» խոցելի է, քանի որ հեղինակներին չի հաջողվել ստանալ վեսթերնին կամ road movie-ին հատուկ լարվածություն ու անկանխատեսելի զարգացումներ: Ցանկացած երկրորդական սյուժետային գիծ նոր անպատասխան հարցեր է առաջ քաշում և խճճում հանդիսատեսին, ինչպես Բեյրութում թուրք փախստականների վրա քարեր նետող հայերի, դստեր հետ ամուսնանալ չցանկացած մարդու հանդեպ ձեռնարկված հաշվեհարդարի, ձու գողանալու պատճառով գրեթե կյանքից զրկվելու, հնդկացի կնոջ բռնաբարության և նմանօրինակ մի շարք այլ տեսարաններ: Գուցե այս ամբողջը մի նպատակ ունի՝ ցույց տալ, որ աշխարհում այդ ժամանակ քաղաքական անկայուն վիճակ էր, համատարած մարդատյացություն ու անհանդուրժողականություն, և Թուրքիայում տեղի ունեցածն էլ՝ աշխարհաքաղաքական իրադրության տրամաբանական զուգահեռը: Բայց չէ՞ որ սա Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումն է՝ գեղարվեստական փաթեթավորմամբ:

Նազարեթը, որը ֆիլմի ելակետում ներկայացվում էր իբրև մշակույթի կրող, կրոնի հետևորդ, պատերազմի թոհուբոհում վերածվում է վտարանդու և մոռանում իր տունը, մշակույթը, հայրենիքը, և դա պատահակա՞ն է արդյոք …

Րաֆֆի Մովսիսյան

– See more at: http://kinoashkharh.am/2015/02/9855#sthash.eR3pylWf.FwAODzy6.dpuf

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, Genocide, Hay-turq, Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն