Գլխավոր » Հայկական տոներ

ՍՈՒՐԲ ԽԱՉ

Օգոստոս 21, 2009թ. 12:44

Ս. Խաչը կամ Խաչվերացը Հայ եկեղեցու կարեւոր տոներից մեկն է, հաստատված՝ խաչի վերադարձը պանծացնելու ու, միաժամանակ, զորությունը ներբողելու համար։

610թ. պարսից Խոսրով Բ թագավորը հարձակվում է Բյուզանդիայի վրա եւ 614թ. գրավում նաեւ Երուսաղեմը՝ համարյա կործանելով ամբողջ քաղաքը։ Գերի է տարվում նաեւ Քրիստոսի խաչափայտը։ Հերակլ կայսրը խաչափայտն ազատագրելու համար, հարձակվում է պարսիկների վրա եւ հաղթանակ տանում։ Կնքվում է խաղաղության դաշն, որի կարեւոր կետերից մեկն էր խաչափայտի վերադարձը։ Հերակլը այն դարձյալ Երուսաղեմ է փոխադրում, որն ուղեկցվում է մեծ հանդիսություններով ու կրոնական արարողություններ։ Այդ դեպքի հիշատակը հավերժացնելու համար, բոլոր քրիստոնյա եկեղեցիներում հաստատվում է Խաչվերացի տոնը (սեպտեմբերի 14)։ Հայոց եկեղեցում Խաչվերացը տոնվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած կիրակի օրը։
Ինչպես հավաստում են ազգագրական աղբյուրները, ժողովրդի մեջ տոնը գլխավորապես առնչվում է ննջեցյալների (մանավանդ նոր մա¬հացածի) հիշատակը նշելու, պահպանելու հետ, դրանով իսկ՝ յուրօրինակ ձեւով սերունդներին ավանդելով նախնյաց պատմությունը։

Այսպես. Ս. Խաչի օրը Շիրակում թե՛ քաղաքում եւ թե՛ գյուղերում, համարյա յուրաքանչյուր տուն մի ուլ էր մորթում, ամբողջությամբ կախում թոնրում ու խորովում։ Այնուհետեւ, որպես մատաղ, այն բաժանում էին մոտ դրացիներին։ Այդ մսից փաթաթում էին լավաշի մեջ եւ իբրեւ ննջեցյալների բաժին, տանում դնում էին գերեզմանատան քարերի վրա։ Այդ օրը մոտ ազգականները նաեւ նոր ննջեցյալատիրոջ տուն էին ուղարկում սեւ հագուստներ ու մի կենդանի ուլ։ Զանգեզուրում նույն տարում ննջեցյալ ունեցողները Ա.Խաչի ուրբաթ օրը ոսպով շորվա էին եփում ու իբրեւ հոգեբաժին բաժանում, գերեզմանները օրհնել էին տալիս, ինչպես նաեւ ուխտ էին գնում մոտակա վանքերն ու ոչխարներ զոհաբերում։ Ս. Խաչի օրը ննջեցյալներին բաժին տանելու եւ նրանց հիշատակը հարգելու սովորությունը ընդունված էր եւ մինչեւ այժմ էլ կատարվում է ամբողջ Հայաստանում ու իր արմատներով առնչվում է նախնիների պաշտամունքի հետ, դրանով իսկ մշտապես պահպանելով հոգեւոր կապը հին ու նոր սերունդների միջեւ։Ճշմարիտ է ասված. «Նորահաս սերունդը կտրվեց անցնող կամ անցած գնացած սերունդներից՝ նա էապես կտրվում է մինչ այդ գոյություն ունեցող ցեղի արժեքներից ու սրբություններից… «Հին սերունդից կտրվողը դառնում է հոգեպես անհող եւ անուղի։ էականը հոգեհաղորդակցությունն է սերունդների միջեւ, որի շնորհիվ վերջինները փոխանցում են ցեղի հավիտենական բոցը… Հոգեհաղորդակցվել, ասել է՝ պատմական հիշողությամբ վերապրել անցյալ սերունդների կյանքը՝ նրանց ճակատագրին կապելով մերը». (Գ.Նժդեհ)։

Ահա, հենց այդ խորհուրդն ունի Ա.Խաչի տոնը, որը նախնիների հիշատակը պահպանելու առումով, թերեւս, միակն է մեր տոնակարգում։ Ուստի, պատահական չէ, որ մեր ժողովուրդը իր «մեծ մեռելների» պաշտամունքը դարերով փոխանցել է նրանց հիշատակին նվիրված տոներով («Վարդանանց», «Սահակ-մեսրոպյան»), իսկ Ա.Խաչը ամեն տարի այդ ամենը սրբագրում է հանձինս ներկա ու անցյալ ննջեցյալների։

Ուստի, տոնելով Ս. Խաչը, հանգստություն մաղթենք մեր նախնիների շիրիմներին ու վերածնվե՛նք մեր մեծերի պայծառ օրինակով…

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Հայկական տոներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`