Գլխավոր » Լրահոս

Սերժ Սարգսյան. «Ապագա Հայաստանը կլինի այնպիսին, ինչպիսին մենք այն կերազենք, կծրագրենք ու կկերտենք այսօր»

Հոկտեմբեր 5, 2009թ. 13:20

Հոկտեմբերի 4-ին Լոս Անջելեսի Հիլթոն հյուրանոցի սրահում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի Արևմտյան ափի եւ Լատինական Ամերիկայի երկրների հայաշատ համայնքների ազգային տարբեր կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչների հետ: Ներկայացնում ենք նրա ելույթը:

«Այսօր մենք բավականաչափ արդյունավետ ու կարևոր քննարկում ծավալեցինք, քննության առանք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա փուլը, դիտարկեցինք հեռանկարները, վերաամրագրեցինք ազգային երկարաժամկետ մեր նպատակները: Սա իմ կողմից նախաձեռնված համահայկական ուղևորության երրորդ հանգրվանն ու քննարկումն էր, որին մասնակցեցին հայորդիներ ԱՄՆ Արևմտյան ափից եւ Լատինական Ամերիկայի երկրներից:

Պատճառներից մեկը, թե ինչու այսօր հայ բառարմատից առաջ ունենք ավելի քան 120 տարբեր երկրների անուններով սկսվող այլ արմատներ (ամերիկահայ, արգենտինահայ, բրազիլահայ եւ այլն),  Թուրքիան է` 19-րդ, 20-րդ դարերի Թուրքիան: Սակայն սեր, ընտանիք, օջախ կորցնելու ցավը, թերևս, հազարամյակներով է չափվումԲայց այսօր մենք դեռ զղջում չենք տեսնում, ավելին` մերժողականություն ենք տեսնում: Ժամանակի միջոցով մեր ձայնը ցածրանալու սին սպասում ենք տեսնում: Իզուր: Մեր ցավը խորն է: Մեր կորուստը` անամոքիչ: Մեր ձայնը` անլռելի: Մեր ոգին՝ անկոտրում: Այս ամենը կա: Բայց պակասող բաներ էլ ունենք: Մեզ շատ է խանգարում թերահավատությունը սեփական ուժերի նկատմամբ:

Այս գեղեցիկ դահլիճում և ողջ աշխարհում, մեզ բոլորիս միավորում են հայոց իղձերն ու Հայաստանի ճակատագիրը, որ ամենաուղղակի կերպով կապված է աշխարհասփյուռ հայության ճակատագրի հետ: Մեր բոլոր մտքերը, ապրումները, երբեմն զայրույթն ու պոռթկումը, թեժ բանավեճերն ու հանդարտ քննարկումները, լուռ աշխատանքն ու բողոքի դրսևորումները մեծ հաշվով ունեն մեկ նպատակ՝ տեսնել վաղվա Հայաստանը ավելի հզոր, ավելի գեղեցիկ, ավելի բարեշեն, տեսնել հայությունն ավելի համախումբ, ավելի կուռ ու կազմակերպված: Մեզ միավորում են ոչ միայն մեր արմատները, այլեւ ազգային երազանքները:

Ապագա Հայաստանը լինելու է այնպիսին, ինչպիսին մենք այն կերազենք, կծրագրենք ու կսկսենք կերտել այսօր: Ալեքսանդր Թամանյանը երազում, ծրագրում ու սկսում էր կառուցել համայն հայության մայրաքաղաք Երեւանը: Հաջորդ սերունդներն, իսկապես ապրեցին թամանյանական քաղաքում: Իհարկե, ժամանակն իր անխուսափելի սրբագրումներն արեց, բայց, կրկնում եմ, մենք ապրեցինք այդ քաղաքում: Նույն վիճակն է այսօր: Ինչպիսին մենք մեր մտքի ուժով կպատկերացնենք, այնպիսին էլ կլինի մեր վաղվա երկիրը: Դրա համար անհրաժեշտ է առաջին հերթին այն հավատը, որ ուներ Թամանյանը. նախ իր, ապա հայության ապագայի հանդեպ: Ես այստեղ եմ նաև նրա համար, որ մենք միասին նորոգենք մեր հավատը սեփական ուժերի եւ գալիքի նկատմամբ»:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , , ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն