Գլխավոր » TOP, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ

Սահմանադրական բարեփոխումների արդյունքում դատավորները կնշանակվեն թույլ նախագահի կողմից

Հուլիս 20, 2015թ. 12:30
Արա Ղազարյան

Հարցազրույց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան ԱՐԱ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ

-Չնայած խոսքը սահմանադրական բարեփոխումների մասին է, սակայն հանրային քննարկման ներկայացված նախագիծը վկայում է, որ գործ ունենք նոր Սահմանադրության հետ: Գուցե այդպես էլ պետք է լինի՞, քանի որ երկիրը գնում է համակարգային փոփոխության, կիսանախագահականից անցում ենք կատարում նոր` խորհրդարանական կառավարման մոդելի:

-Այո, և սկզբում հենց այդպես էլ հայտարարվեց, նաև հայեցակարգից էր բխում, որ պատրաստվելու է բոլորովին նոր Սահմանադրության նախագիծ:
2005-ի Սահմանադրությունը ավելի շատ իրենից ներկայացնում էր լրացված տարբերակ, քանի որ արվեց այն ժամանակ, երբ Հայաստանը դեռ նոր անդամակցում էր Եվրախորհրդին: 2001-ին սկսվեց գործընթացը, որն ավարտվեց 2005-ին և դա արվեց եվրոպական մարմինների հիմնական պահանջները շուտափույթ բավարարելու համար: Այսինքն՝ նպատակ էր դրվել երկրի հիմնական օրենքը համապատասխանեցնել եվրոպական ինչ-ինչ պահանջների:
Մինչդեռ այսօր ներկայացված նախագիծը բոլորովին այլ պատկեր է, այն իսկապես նոր Սահմանդրության տեքստ է, ուր տեղ են գտել հիմնարար շատ իրավունքներ, սկզբունքեր, այսինքն՝ դրանց տրվել է սահմանադրական իրավունքի կարգավիճակ: Եվ սա փաստում է այն մասին, որ նախագծի հեղինակները, իրոք, նպատակն են ունեցել ոչ թե բարեփոխել գործող Սահմանադրությունը, այլև բոլորովին նորը գրել:

-Նախագահի ինստիտուտի թուլացման հաշվին ուժեղացվում են իշխանության օրենսդիր և գործադիր թևերը, իսկ ի՞նչ է նախատեսված դատական իշխանության դեպքում՝ համակարգի անկախության առումով: Ի դեպ, ակնառու նորույթն այն է, որ Արդարադատության խորհրդին փոխարինելու է գալիս Բարձրագույն դատական խորհուրդը:

-Այո, և պետք է ասեմ, որ բավական բարձրացվել է այդ խորհրդի դերը, ինչը կարևոր է հե’նց համակարգի անկախության առումով: Սակայն այստեղ ինձ համար խնդրահարույց մի հարց կա, խոսքս հոդված 172-ի 1-ին կետի մասին է, ուր խոսվում է Բարձրագույն դատական խորհուրդի կազմի ու կազմավորման կարգի մասին: Նշված է, որ խորհրդի 10 անդամներից 5-ին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը՝ դատավորների թվից, իսկ 5-ին՝ Ազգային ժողովը՝ գիտության ոլորտի իրավաբաններից: Խնդրահարույցն այն է, որ Բարձրագույն դատական խորհուրդի անդամների ոչ թե մեծ մասն են լինելու դատավորներ, կեսը կլինեն իրավաբան գիտնականներ: Իսկ եվրոպական կառույցները, մասնավորաբար, Վենետիկի հանձնաժողովը դեռ ժամանակին նշել է՝ ցանկալի է, որ այս խորհուրդը մեծամասամբ դատավորներից բաղկացած լինի:

-Բայց գիտնական իրավաբանների փորձառությունը, նրանց ներուժը օգտագործելը պետք է, որ դրական դեր ունենա Բարձրագույն դատական խորհրդի վրա՝ որակական առումով:

– Գիտեք, Բարձրագույն դատական խորհուրդը մաքուր դատական իշխանության մարմին է: Եվ ես կուզենայի, որ այն, ինչպես ասում են եվրոպացիները, կազմված լինի հիմնականում դատավորներից: Ես կարծում եմ՝ սա կարևոր հանգամանք է: Ճիշտն ասած, նախագիծը ընթերցելուց հետո փոքր-ինչ տխրեցի, երբ այս բացը նկատեցի: Եվ համոզված եմ, որ նախագծում տեղ գտած այս մոտեցումն ապագայում անպայմանորեն քննադատության կենթարկվի:

-Իսկ Բարձրագույն դատական խորհուրդը, որը եկել է փոխարինելու Արդարադատության խորհրդին, ի՞նչ նոր լիազարություններով է օժտված:

-Հիմնականում պահպանված են նախկին լիազարությունները, ընդամենը որոշ ֆունկցիաներ են ավելացել, օրինակ, ֆինանսների մասով. խորհրդին է վերապահվել դատական իշխանության բյուջեն կազմելու իրավունքը: Այսինքն, խորհուրդը մշակում է և՜ իր, և՜ դատարանների ծախսերի նախահաշիվները ու ներկայացնում կառավարությանը՝ պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար, վերահսկում է դատարանների բյուջետային միջոցների օգտագործումը:
Ժամանակին ես առանձին ուսումնասիրություն եմ կատարել, որով առաջարկում էի, նաև լոբբինգ անում, որ շատ ավելի լայն լիազորություններ տրվեն Բարձրագույն դատական խորհրդին, որպեսզի այն դառնա դատական իշխանության քաղաքականություն ձևավորող մարմին: Տեսեք, այսօր մենք հարց ենք հնչեցնում, ո՞վ է պատասխանատու դատական որակի համար: Լայն լիազորությունների դեպքում պատասխանատու կդառնա Բարձրագույն խորհրդը ու ժողովուրդն էլ կիմանա, թե ումի՞ց պահանջի դատական որակ:
Կա երկու մոդել՝ հարավային եվրոպական և հյուսիսային եվրոպական, մենք, փաստորեն, ընտրում ենք հարավային եվրոպականը, այսինքն, սահմանափակվում ենք Բարձրագույն դատական խորհուրդին տալով կարգապահական վարույթ հարուցելու իրավունքով, այն է՝ դատավոր նշանակել, դատավոր ազատել:
Այդուհանդերձ, պետք է արձանագրեմ, որ գործող Սահմանադրության համեմատությամբ փոքր-ինչ լիազորությունները մեծացել են:

Ասում ենք, թե խորհրդարանական կառավարման համակարգը ենթադրում է թուլացած, ընդամենը, ներկայացուցչական ֆիգուր հանդիսացող նախագահ, բայց փաստորեն, այդ թույլ նախագահին տալիս ենք դատավորներ նշանակելու իրավունք: Ըստ նախագծի, Բարձրագույն դատական խորհուրդը նախագահի հաստատմանն է ներկայացնում նշանակման ենթակա դատավորների և դատարանների նախագահների թեկնածությունները:

-Փաստորեն, իրոք, դատավորները նշանակվում են թույլ նախագահի կողմից:
Տեսեք, գործող Սահմանադրությունում ևս դատավորների նշանակման հրամանը տալիս է երկրի նախագահը: Բայց տարբերություն այն է, որ այսօրվա նախագահը ուժեղ է, նա դե ֆակտո իշխանություն ունի և՜ գործադիր, և՜ օրենսդիր մարմինների վրա: Ու այսօր մենք բողոքում ենք, որ դատական համակարգը գործադիրի ՙտակ՚ է կամ անկախ չէ, որովհետև երկրի նախագահն է նշանակում դատավորներին: Մինչդեռ, խորհրդարանական կառավարման դեպքում ունենալու ենք բավականին թույլ նախագահ, որը գործադիրի վրա չունի վերահսկողություն, նա նույնիսկ վետոի իրավունք չի ունենալու: Ուրեմն, նման նախագահի կողմից դատավորների նշանակումը ես համարում եմ անկախության ավելի մեծ երաշխիքների տրամադրում դատավորներին:
Կարծում եմ, այդ կերպ նաև հավասարակշռություն է պահպանվել, նկատի ունեմ այն, որ եթե Բարձրագույն խորհրդի ներկայացմամբ Վճռաբեկ դատարանի նախագահի, պալատների նախագահների և դատավորների թեկնածությունները հաստատելու է Ազգային ժողովը, ապա դատավորների թեկնածությունների հաստատումը թողնվել է նախագահի վրա: Այսինքն՝ որոշ լիազարություններ տրվել են թույլ նախագահին:

Նախագծի հետաքրքիր գլուխներից է <Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների> գլուխը: Սահմանադրական հանձնաժողովի անդամները հաճախ են ասում, թե իրենց նպատակը մարդակենտրոն սահմանադրության ձևավորումն է: Այս նախագծով դա հաջողվե՞լ է:

-Այո, հայեցակարգում առաջարկված բոլոր մոտեցումները պահպանվել են, այսինքն, շատ կարևոր հիմնարար գաղափարներ, որոնք այսօր միայն օրենքներում են, բարձրացվել են Սահմանադրության մակարդակի: Այսպես, համաչափության սկզբունքը, որը համարվում է վարչարարության առանցքը, ողնաշարը, այսօր մեզանում գրեթե չի գործում, նույնիսկ շատերը չգիտեն, թե դա ի՞նչ է: Օրինակ, ոստիկանը կանգնեցնում է վարորդին ու շտապում նրան տույժի ենթարկել առանց հասկանալու, որ ինքը կարող է համաչափություն կիրառել, այսինքն՝ պետք չէ տույժի ենթարկել վարորդին, այլ նկատողություն տալ ու ճանապարհել նրան: Նոր նախագծով արդեն համաչափության սկզբունքը դարձել է Սահմանադրական սկզբունք, այսինքն, այն պարտադիր կկիրառվի բոլոր ոլորտներում:

Խոսքս ամփոփելով, ուզում եմ մի կարևոր միտք ասել, մեզ՝ հանձին Սահմանդրության նոր նախագծի, ներկայացվել է առաջադեմ փաստաթուղթ: Բայց ինչպես բազմաթիվ փորձագետներն են ասում, անկախ նրանից՝ կունենաք նախագահական, կիսանախագահական, թե խորհրդարանական կառավարման համակարգ, կարևորը ընտրությունների որակն է, որ դրանք չկեղծվեն, որ լինեն արդար, ազատ ու թափանցիկ: Հակառակ դեպքում, ունենալով շատ լավ մշակված Սահմանադրություն, բայց չունենալով արդար ընտրությունների արդյունքում ձևավորված լեգիտիմ խորհրդարան, մենք դարձյալ կմնանք նույն կոտրած տաշտակի առաջ կանգնած:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն