Գլխավոր » TOP, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ

Սահմանադրական բարեփոխումները քննարկենք մասնագիտորեն` զերծ մնալով քաղաքական նկրտումներից

Հուլիս 9, 2015թ. 10:42
Գագիկ Ղազինյան

Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները՝ հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, օրերս են վերադարձել Վիեննայից, ուր մեկնել էին ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկելու Հայաստանի Հանրապետության բարեփոխվող Սահմանադրության նախագծի որոշ գլուխներ:
<Հայոց Աշխարհ>-ը զրուցեց Վիեննայի քննակմանը մասնակցած հանձնաժողովական, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի հետ:

Ի՞նչ փուլում է այժմ գտնվում սահմանադրական բարեփոխումների գործընթացը, մասնավորաբար, ձեր` հանձնաժողովի անդամների և Վենետիկի փորձագետների հանդիպումից հետո:

-Նախ ասեմ, որ սահմանադրական բարեփոխումների նախագծի պատրաստման ծրագրի համաձայն, Վենետիկի փորձագետներին ուղարկվում են նախագծի այն գլուխները, որոնց տարբերակը մասնագիտական հանձնաժողովի կողմից արդեն իսկ պատրաստված է: Այս ճանապարհով են անցել նախագծի առաջին երեք գլուխները: Իսկ Վիեննայում մեր հանձնաժողովականների և Վենետիկի փորձագետների միջև վերջին հանդիպման ժամանակ քննարկման դրվեց մյուս` նախագահ, Ազգային ժողով, կառավարություն, դատական մարմիններ բաժինները: Քանի որ մենք նախօրոք ուղղարկել էինք նախագծի թարգմանված տարբերակը, երկկողմ հանդիպման ժամանակ արդեն երկուստեք ներկայացրինք մեր կարծիքները, առաջարկները, մոտեցումները: Ի դեպ, պետք է ասեմ, որ Վենետիկի հանձնաժողովի փորձագետները մեզ որևէ բան չեն պարտադրում: Նրանք ընդամենը կարծիք են հայտնում, իսկ իրենց հիմնականում հետաքրքրում է այն, որ ներկայացված նախագիծը տեղավորվի ժողովրդավարական երկրների սահմանադրությունների չափանիշների տրամաբանության մեջ: Մեր ներկայացրած գլուխների հետ կապված փորձագետները սկզբունքային դիտողություններ չներկայացրին:

Հաջորդ քայլը կլինի հուլիսի վերջին, երբ մենք նրանց կփոխանցենք մնացած գլուխները ևս, ապա կստանանք միջանկյալ եզրակացություն և կսպասենք հաջորդ հանդիպմանը, որը ենթադրվում է կլինի Երևանում` օգոստոսին: Եվ միայն հոկտեմբերին մեր ձեռքի տակ կլինի Վենետիկի հանձնաժողովի վերջնական եզրակացությունը: Բայց դա մեզ չի խանգարում, որ մինչ այդ նախագիծը ներկայացնենք Հանրապետության նախագահին ու ստանանք նրա հավանությունը, ի վերջո, այս բարեփոխումների պատվիրատուն հենց նախագահն է:

-Բարեփոխվող Սահմանադրությամբ փոփոխվում է Հայաստանի կառավարման համակարգը՝ նախագահականից անցում է կատարվում խորհրդարանականի, հետաքրքիր է, այս առումով, ի՞նչ կարծիքներ հնչեցրին վենետիկցիները:

-Վենետիկի փորձագետները մեզ չեն կարող ցուցում տալ կամ ուղղորդել կառավարման ձևի փոփոխման հարցում: Իրենք չեն ասում` գիտեք, ձեր երկրի համար այս կամ այն համակարգն է լավը: Մեզ հետ հանդիպման ժամանակ էլ ուղիղ հայտարարեցին` ցանկացած երկրի, տվյալ դեպքում Հայաստանի որոշելիքն է, թե ինչպիսի համակարգով կկառավարվի երկիրը: Սակայն այլ բան է, որ ցանկացած կառավարման համակարգի ընտրության դեպքում պետք է պահպանվեն իրենց համար կարևորվող չափանիշները, մասնավորաբար, խիստ կարևորում են դատական համակարգի անկախությունը, արդյունավետ գործունեությունը, հասարակական վստահելիությունը: Վենետիկի փորձագետների կողմից եղան որոշակի առաջարկներ հենց դատական համակարգի ձևավորման առնչությամբ: Ի դեպ, նրանք նաև այսպիսի կարծիք հայտնեցին, թե Սահմանադրության մեջ մենք չափից ավելի մանրամասնորեն ենք ներկայացնում որոշակի գործընթացներ, ինչպես օրինակ, կառավարության, Ազգային ժողովի, դատարանների ձևավորմանը վերաբերող հարցեր: Ասում էին, կան բաներ, որոնք կարող են օրենքով կարգավորվել, ու պետք չէ, որ մտնեն Սահմանդրության մեջ: Իրենք, իհարկե, ճիշտ են, ու մենք դա ընդունում ենք, արել ենք համարժեք հետևություն, հանձնաժողովում այդ ուղղությամբ քննարկումներ ենք ընթանում: Բայց Վենետիկի փորձագետներին մենք նաև ասացինք` լավ օրից չէ, որ փորձում ենք Սահմանադրության մեջ ավելին ամրագրել, քան դրա անհրաժեշտությունը կա: Մեր երկրի փորձը ցույց է տալիս, որ պայմանավորված որոշակի իրավիճակներով մեզանում օրենքները հեշտ են փոփոխվում, և մեր մտավախությունն այն է, որ մեծամասնություն կազմող որևէ քաղաքական ուժ կարող է ոչ օբյեկտիվ պատճառներից ելնելով փոփոխի օրենսդրությունը, ինչը կարող է հանգեցնել այդ կառույցների` կառավարության, Ազգային ժողովի, դատարանների ոչ արդյունավետ գործունեությանը: Ահա թե ինչու ենք մենք աշխատում սկզբունքային հարցերը մանրամասնորեն ամրագրել Սահմանդրության մեջ, ինչը հնարավորություն կտա, որ դրանք արագ չփոխվեն:

Բայց այստեղ ևս վտանգ կա. իրավիճակով պայմանավորված կարող է անհրաժեշտություն առաջանալ ճկունություն դրսևորել և կոնկրետ օրենքի փոփոխմամբ երկրում ստեղծված որոշակի իրավիճակից ելքեր գտնել: Մինչդեռ Սահմանադրությունը ամեն անգամ փոխել չես կարող:

-Համաձայն եմ, սա իրոք լուրջ խնդիր է: Իրավիճակը, այո, կարող է հանգեցնել որոշակի դրույթների փոփոխության, իսկ սահմանադրական հանրաքվե ամեն անգամ չես կարող կազմակերպել: Այստեղ լուծումը պետք է լինի ոսկե միջինը: Այսինքն, Սահմանդրության մեջ որոշակի գործընթացներ այնքանով մանրամասնել, որքանով դա անհրաժեշտ է` ոչ ավելի, ոչ պակաս, որպեսզի մի կողմից կայունություն ապահովվի, մյուս կողմից` Սահմանադրության մեջ ամրագրված սկզբունքային հարցերը հնարավոր լինի կարգավորել օրենքներով: Այս ուղղությամբ արդեն բավականին գործ է արվում:

-Հոսանքի սակագնի բարձրացման բողոքի ակցիաների շրջանակում մենք ականատես եղանք այսպիսի իրավիճակի. ոստիկանները հղում անելով ՙՀավաքների ազատության մասին՚ օրենքին հայտարարում են` ցույցերն անօրինական են, իսկ ցոիցարաներն իրենց հերթին հիշեցնում էին Սահմանդրությունը, թե մարդու հիմնական իրավունքները, ազատությունները բարձրագույն արժեքներ են ու վեր օրենքներից: Նման հակասությունների առաջ հաճախ ենք կանգնում: Սրանք կհարթվե՞ն սահմանադրական բարեփոխումներից հետո:

-Նման հարցերը, օրենսդրական մակարդակով, որևէ երկրում ևս իդեալականորեն կարգավորված չեն: Եթե հասարակությունը կայացած է, եթե պետությունը ժողովրդավարական է, ապա դրանք շատ արագ են կարգավորվում: Մարդու իրավունքները պետք է պաշտպանվեն, բայց չի լինում բացարձակ իրավունք մեկի` ի հաշիվ մյուսի, չի կարող մեկն ասել` ցույցեր անելը իմ իրավունքն է և ինձ համար մեկ է, թե մյուսները դրանից ինչ հաճույք կամ տհաճություն կզգան: Այս հարցերում մենք հաճախ ենք ծայրահեղությունների մեջ ընկնում, մի դեպքում փորձում ենք լինել Պապից ավելի կաթոլիկ, մեկ այլ դեպքում ընդհանրապես որևէ բան հաշվի չենք առնում:
Այստեղ կա նաև մենթալիտետի, իրավագիտակցության խնդիր, կա քաղաքացիական հասարակության ու իրավական պետության կայացման խնդիր: Քաղաքակիրթ երկրներում ամեն ինչ չէ, որ կարգավորվում է օրենքով, շատ բաներ կարգավորվում են ավանդույթի ուժով: Օրինակ, այն, ինչ մենք գրում ենք օրենքում, որ չանեն մեր դատավորները, գերմանացիները չեն կարող գրել, որովհետև դա նրանց համար կլինի վիրավորական, ՙչի կարելի սա անել՚-ը իրենց արյան մեջ է: Ի վերջո, ամեն ինչ միայն օրենքներով ու իրավական ակտերով կարգավորել հնարավոր չէ: Քանի դեռ մեզ մոտ չկա այդ գիտակցումը մեր օրենքները քանի գնում հաստանում են, նրանցը` բարակում:

-Իհարկե, դրսի փորձն ուսումնասիրելը կարևոր է, բայց մենք երբեմն այնքան ենք դրանով տարվում, որ ուղղակի ՙքոփի փաստ՚ ենք անում այլ պետությունների օրենքներն ու այն ուղղակի ներմուծում մեր երկրի օրենսդրական դաշտ` անտեսելով սեփական առանձնահատկությունները` ազգային, պետական, պատմական: Սահմանադրության բարեփոխման այս փուլում կկարողանա՞նք զերծ մնալ այդ ոչ ցանկալի սովորույթից:

-Այդ հարցը շատ կարևոր է ու մշտապես դառնում է քննարկման առարկա: Ճիշտ եք, որոշ դեպքերում մենք, իհարկե, կուլ ենք գնում այդ փորձին ու հետևանքները կարծում եմ այնքան էլ բարենպաստ չեն: Ես այն կարծիքին եմ, որ փորձը, իհարկե, շատ կարևոր է ու մենք անպայմանորեն պետք է ուսումնասիրենք, բայց չէ՞ որ երկրները տարբեր են թե’ քաղաքացիական հասարակության կայացվածության աստիճանով, թե’ ազգային մենթալիտետով, պատմական անցյալով, թե’ հասարակության իրավագիտակցության աստիճանով: Մի խոսքով, բազմաթիվ հանգամանքներ կան, այս բոլորը նույնացնել մեկ այլ երկրի հետ հնարավոր չէ: Հետևաբար, մենք դրսի փորձը պետք է տեղայնացնենք այնքանով, որքանով դա կնպաստի կամ համահունչ կլինի թվարկած հանգամանքներին: Միայն այդ դեպքում տվյալ օրենքը կաշխատի: Այս պահին, հանձնաժողովը դրսի փորձը ուսունասիրելով` փորձում է մեր սեփականը ձևավորել:

Բացի այդ, առանց դրսի փորձն օգտագործելու հնարավոր չէ, մասնավորաբար, մեզ համար նորություն է անցումը խորհրդարանական կառավարման համակարգին, դրա համար պետք է ուսումնասիրել, օրինակ, Իսրայելի, Գերմանիայի փորձը: Սրանք երկրներ են, որոնք ավանդաբար ունեն այդ կառավարման ձևը, ընդորում Իսրայելը գրեթե գտնվում է նույն պատերազմական իրավիճակում, որպիսին մենք ենք գտնվում, ու նրա փորձը մեզ համար կարող է լինել ուսանելի: Բայց մնացած առումներով` հասարակություն, ազգային առանձնահատկություններ, մենք շատ տարբեր ենք ու դրա հետ պետք է հաշվի նստենք:

Վերջերս որոշ հկ-ների փորձագետներ, իրավապաշտպաններ քննարկումներ էին կազմակերպել սահմանադրական բարեփոխումների շուրջ, ուր արտահայտվող տրամադրությունները հիմնականում բացասական էին. ոչ միայն քննադատվում էր խորհրդարանական մոդելը, այլ համարվում, որ Սահմանադրությունը ենթարկվում է ընդամենը <կցմցումներով, կիսատ-պռատ> փոփոխությունների, մինչդեռ այն պետք է ամբողջությամբ նորացվի: Ի՞նչ կասեք նման գնահատականների առնչությամբ:

-Նրանք դեռ ամբողջական չեն տեսել փաստաթուղթը, ինչպե՞ս են նման որակումներ տալիս: Չէ՞, որ միայն տեքստը ձեռքին կարելի է բովանդակային քննարկում ծավալել:
Չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, բայց այդ հկ-ների գործն էլ, երևի, խոսելն է: Ցավոք, ես դեռ չեմ հանդիպել լուրջ կառույցի, որ գա ու ասի` եկեք բովանդակային քննարկենք ձեր նախագիծը: Գուցե նաև պատճառն այն է, որ դեռ նախագիծը վերջնականապես պատրաստ չէ: Շատ ուրախ կլինեմ, որ նման գնահատականներ հնչեցնողները տեքստը ունենալուն պես փորձեն երկխոսություն ծավալել ու իրենց կարծիքը հայտնել միմիայն մասնագիտական դաշտում: Իսկ նրանք, ովքեր կարծում են, թե ՙկցմցումներիով՚ է փոփոխվում Սահմանադրությունը, սխալվում են: Այդպիսիններին կասեմ հետևյալը. այս փոփոխություններից հետո մեր Սահմանադրությունը ոչ թե բարեփոխվում է, այլ ամբողջությամբ նորն է դառնում, որովհետև փոխվում է կառուցվածքը, հիմնական մոտեցումները, այսինքն, ենթարկվում է սկզբունքային փոփոխությունների: Անձամբ ես այն կարծիքին եմ, որ ճիշտ կլինի հայտարարել` պատրաստվում է նոր Սահմանադրություն և որպես այդպիսի’ն նախագիծը ներկայացնել հանրաքվեի:

Ինչևէ, երբ նախագծի վերջնական տարբերակը դրվի սեղանին, մեր հանձնաժողովը պատրաստ է ու բոլորին հրավիրում է քննակման, որը կլինի մասնագիտական և զերծ քաղաքական նկրտումներից:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն