Գլխավոր » Interview, Ադրբեջան, Թուրքիա, Իրան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ռուսաստանի թիկունքը ամուր կլինի միայն ուժեղ Հայաստանով

Նոյեմբեր 27, 2015թ. 16:56
Վարդան Ոսկանյան

-Մեկ օրում իրավիճակ փոխվեց աշխարհում, մեր տարածաշրջանում. նոր իրողություն է ստեղծվել նաև Հայաստանի համար, որպես հակադրվող կողմեր մեկմեկու դիմաց կանգնած են մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանն ու ոչ բարեկամ հարևան Թուրքիան: Բնականաբար, մեզ մտահոգում է այն, թե ի՞նչ իրավիճակում կարող է հայտնվել մեր երկիրը, ի՞նչ անել կողմերի բախման թատերաբեմ չդառնալու համար:

-Խոցելով ռուսական ՍՈՒ-24 ռմբակոծիչը Թուքիան ցույց տվեց, որ անկանխատեսելի երկիր է: Ու այս համատեքստում Հայաստանը որպես Ռուսաստանի կարևորագույն ռազմավարական գործընկեր, որպես երկիր, ուր ռուսական կողմն ունի իր ռազմական ներկայությունը` ռազմաբազայի տեսքով, կարող է հանդիսանալ թուրքական հավակնությունների կամ ոտնձգությունների օբյեկտ: Սա բացառել չի կարելի: Հետևաբար, մենք պետք է ռուսական կողմին բացատրենք, չնայած կարծում եմ նրանք արդեն հասկացել են, որ Հայաստանի ամրապնդումը, ուժեղացումը թե’ ռազմական, թե’ տնտեսական, թե’ քաղաքական առումով բխում է բացառապես Ռուսաստանի շահերից:

Երբ մենք այսօր կատարված դեպքերը վերլուծում ենք նաև ռուս-թուրքական պատերազմների համատեքստում, տեսնում ենք, որ չնայած Ռուսաստանը շատ ժողովուրդների է հասել օգնության, դիցուկ Բալկանյան պետություններին, փրկելով օսմանյան լծից, բայց Ռուսաստանի իրական դաշնակիցն այսօր Հայաստանն է, մասնակիորեն նաև Սերբիան: Այսինքն, պատմական փորձը ևս ցույց է տալիս, որ Հայաստանն է այն միակ վստահելի գործընկերը, որին օժանդակելու, հզորացնելու պարտականությունը պետք է գիտակցի ռուսական կողմը ու աշխատի այդ ուղղությամբ:

Ինչ վերաբերում է սահմանային հնարավոր բախմանը կամ թատերաբեմ դառնալուն, ապա ես չեմ կարծում, որ թուրքերն ավելի առաջ կգնան, այսինքն նրանց ժամանակ է պետք մարսել այս միջադեպը, եթե իհարկե կարողանան մարսել: Քանի որ հաշվի առնելով ռուսական հավակնությունները Մերձավոր Արևելքում, նրա ներկայությունը Կովկասում, և ընդհանրապես, ՌԴ որդեգրած քաղաքականությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում, ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը շարքային միջադեպ չէր: Հետևաբար, մոտ ապագայում Թուրքիայի կողմից տեսանելի ոտնձգությունները Հայաստանի ուղղությամբ թերևս կբացառվեն: Սակայն հաշվի առնելով Թուրքիայի քաղաքական վերնախավի անկանխատեսելիությունը հարկավոր է, որ և’ մենք, և’ տարածաշրջանի մեր դաշնակիցները մշտապես պատրաստ ու զգոն լինեն:

Վերջին տարիներին ՌԴ-ն չափազանց խորացրել էր իր տնտեսական համագործակցությունը Թուրքիայի հետ, ոչ պակաս մերձեցում էր նկատվում Ադբեջանի հետ, ու մեզանում արդարացի անհանգստություն կար, որ Ռուսաստանը կփորձի թե’ մեկին, թե’ մյուսին սիրաշահել Հայաստանի ու Արցախի հաշվին, ի դեպ, նշաններն արդեն երևում էին: Չե՞ք կարծում, որ իրավիճակը նաև ա’յս առումով փոխվեց:

-Այո, նշեմ մի կարևոր հանգամանք, հօդս ցնդեց ռուսական քաղաքական վերնախավի որոշ հատվածում իշխող այն պատրանքը, թե իբր տնտեսական հարաբերությունների լայն դաշտը, որ սկսվում էր թուրքական վարունգի ներմուծումից ու հասնում մինչև Թուրքիայում ատոմակայանի կառուցումը, կարող են հանգեցնել Թուրքիա-Ռուսաստան պատմական թշնամանքի կամ մրցակցության վերացման: Այլևս ակնհայտ է, որ ռուսական քաղաքական վերնախավի այդ հատվածը թույլ է տվել համակարգային սխալ և ժամանակն է շտկել այդ սխալը: Արդեն իսկ նաև պարզ է, որ ռուսական վերնախավի այն հատվածը, որը Հայաստանը դիտարկում էր մի կողմից Թուրքիայի, մյուս կողմից Ադրբեջանի հետ հավասար մակարդակում, այսօր հասկացավ, որ տարածաշրջանում իրենց միակ դաշնակիցն ու վստահելի գործընկերը Հայաստանն է: Եվ սա անպայմանորեն նպաստելու է տարածաշրջանում Հայաստանի դերի ու նշանակության բարձրացմանը:

-Ռուսաստանն այսօր Թուրքիային պատժելու ուղիներ է փնտրում, դրա համար նախ հարկավոր է վնասազերծել Թուրքիայի տարածաշրջանային դաշնակիցներին, առաջին հերթին Ադրբեջանին, հակառակ դեպքում մի օր էլ Ադրբեջանը կարող է մեծ եղբոր օրինակով թիկունքից հարվածել Ռուսաստանին: Իսկ սա գիտակցվո՞ւմ է ռուսական վերնախավի, ձեր նշած, հատվածի կողմից:

-Ռուսական կողմը ոչ միայն Թուրքիայի հետ կվերանայի իր հարաբեությունները, այլև մեծ հավանականությամբ տարածաշրջանում Թուրքիայի դաշնակիցների հետ` ի դեմս հատկապես Ասդրբեջանի: Փակագծերը ավելին բացեմ, ռուսական վերնախավում Ադրբեջանին զենք վաճառելը որպես բիզնես ներկայացնելը այլևս կդիտարկվի ակնհայտ սխալ մոտեցում: Իրենք էլ տեսան, թե թուրքական կողմի հետ միայն բիզնեսի վրա հիմնված հարաբերություններն ինչպիսի՞ վերջնարդյունք ունենցան: Եվ չի բացառվում, որ Ռուսաստանը նման հետևանքի ականատես լինի նաև Ադրբեջանի պարագայում:

Ռուսական քաղաքական վերնախավում պետք է գիտակցեն, որ մեծագույն սխալ է ԼՂ հակարմարտության կարգավորման հարցում Հայաստանի ու Ադրբեջանի միջև անվերջ հավասարակշռություն պահպանելը: Կարճամտություն կլինի շարունակել նման քաղաքականությունը, հակառակ դեպքում Ադրբեջանին տրամադրվող ռուսական զենքը կարող է մի օր էլ կրակել ռուսական ուղղությամբ: Եվ ես կարծում եմ, որ ռուսական քաղաքական վերնախավում դա արդեն գիտակցվում է, և համապատասխան քայլեր կձեռնարկվեն իրավիճակը փոխելու համար: Համենայնդեպս, նախկինը չի շարունակվի:

Հայաստանը ևս պետք է այս ուղղությամբ լարի իր դիվանագիտական ջանքերը, որպեսզի ստեղծված իրավիճակից կարողանանք առավելագույն օգուտներ քաղել: Պետք է բացատրել ռուսներին, որ այսօր առաջնային նշանակություն է ստանում Ադրբեջանին զսպելն ու սանձելը, քանի որ Հայաստանն այն միակ ու բացառիկ երկիրն է, որը կարող է կայունացնող նշանակալի գործոն լինել Հարավային Կովկասում, բացատրել, որ թվացյալ տնտեսական շահը երբեք չի կարող փոխարինել այն դերակատարությանը, որ ստանձնել է Հայաստանը: Հետևաբար, Ռուսաստանը պետք է ջանա ամեն գնով հզորացնել Հայաստանը, թե’ տնտեսապես, թե’ քաղաքականապես, թե’ ռազմականապես: Եվ դա շատ բնականոն կլինի` հաշվի առնելով մեր դաշնակցային սերտ հարաբերությունները:

Կատարվածից հետո Ռուսաստանը նկատելիորեն հստակեցնում է իր դաշնակիցների շրջանակը, հրապարակավ հայտարարում են, որ իրենց շահերից է բխում հզոր Հայաստանն ու Իրանը: Այս առումով, կխնդրեի անդարադառանալ Ժիրինովսկու հայտնի խոսքին, ինչը մեզանում հակասական մեկնաբանությունների տեղիք է տվել:

-Նախ Ժիրինովսկին արտահատում է այն տեսակետները, որոնք պաշտոնական Մոսկվան չի արտահայտում, մինչդեռ նրան դա թույլ է տրվում ասել: Սակայն ես կարծում եմ նրա խոսքում մի կոպիտ սխալ կար, Հայաստանը ինչ-որ առումով դիտարկվեց որպես գործիք, եթե սա ռուսական կողմի մոտեցումն է, ապա կոպիտ սխալ է: Կարծում եմ, որ Ժիրինովսկին դա ասաց տուրք տալով էմոցիաներին: Հայաստանը կարող է լինել գործընկեր, դաշնակից, բայց ոչ երբեք գործիք: Իսկ ընդհանրապես, նրա խոսքը 1918թ., Մոսկվայի պայմանագրի մասին, ճշմարտություն է, քանի որ, հետագայում նաև Կարսի պայմանագրով թույլ տրվեց խոշորագույն անարդարություն հայ ժողովրդի ու հայկական պետականության հանդեպ և դա Ռուսաստանը միանշանակորեն պետք է ընդունի:

Ինչ վերաբերում է Իրանին, ապա հետայսու ականատես կլինենք ռուս-իրանական հարաբերությունների առավել ջերմացման, ինչը դարձյալ բխում է Հայաստանի շահերից, որովհետև մեր երկիրը աշխարհագրորեն հանդիսանում է կարևորագույն կապող օղակ Ռուսաստանի ու Իրանի միջև: Բացի այդ, մենք Իրանի հետ ունենք բարեկամական հարաբերություններ, որոնք ձգտում են նույնիսկ ռազմավարականի, նաև Ռուսաստանի ռազմավարական գործընկերն ենք, հետևաբար, Հայաստանը մի կողմից, Ռուսաստանի համար կարող է հանդես գալ որպես տարածաշրջանում միակ ու բացառիկ դաշնակից, մյուս կողմից կապող կարևորագույն օղակ ռուս-իրանական հարաբերություններում: Այն համագործակցությունը, որ տնտեսական ոլորտում առկա էր Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ամենայն հավանականությամբ կտեղափոխվի Իրան-Ռուսաստան համագործակցության դաշտը: Եվ Հայաստանը պետք է նպաստի դրա խորացմանը:

-ՌԴ պետդումայում որպես <թուրքերի համար սառը ցնցուղ> առաջարկվեց ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ: Սա ևս ալեկոծել է մեր հանրության որոշակի շերտերի, թե, տեսեք, մեր ցավը շահարկվում է: Արդյոք պարզունակ չէ՞ նման ընկալումը, չէ՞, որ տարբեր երկրներում, առավելապես ՌԴ-ում, նման օրենքի ընդունումը նախ մեր շահերից է բխում, ուրեմն, ինչո՞ւ խելամտորեն չօգտվել իրավիճակից:

-Մենք պետք է երկու դաշտերը` քաղաքական ու զգացական, հստակորեն տարանջատենք: Եթե մեր շահերին հարիր քայլ է, որ ՌԴ-ում այդ օրինագիծը ընդունվի ու քրեականացվի Հայոց ցեղասպանության մերժումը, ուրեմն անկախ նրանից ռուսական կողմը դա անում է շահարկելով, թե բարի կամքով, պետք է կատարվի ու պետք չէ ուշադրություն դարձնել, թե ռուսական կողմը ի՞նչ մեկնաբանություններ է հնչեցնում այդ քայլն անելիս: Աշխարհում շատ պետություններ են այդ սկզբունքով առաջանորդվում, մենք էլ պետք է մի կողմ թողնենք զգացականությունն ու սթափ գնահատենք իրավիճակը, եթե այն բխում է մեր շահերից, այո, մնացյալը պետք է մղել երկրորդական հարթություն:

Ես էլ եմ վատ զգում, որ Հայոց ցեղասպանությունը, ցավոք, փորձ է արվում շահարկել, բայց եթե այդ օրինագծի ընդունման արդյունքում պատժվելու են Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող ռուսական լրատվամիջոցները, ապա ես շատ կուզենամ, որ այդ օրինագիծը ընդունվի: Ավելին, մենք այդ օրինագծի անցկացմանը պետք է նաև աջակցենք:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Interview, Ադրբեջան, Թուրքիա, Իրան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն