Գլխավոր » Analitika, Իրան, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՃԵՂՔՈՒՄ ԻՐԱՆԻ ԵՎ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Ապրիլ 8, 2015թ. 01:25
Իրան -ԱՄՆ

Անցած հինգշաբթի երեկոյան Լոզանում՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում արձանագրված պատմական առաջընթացը՝ շրջանակային համաձայնագրի ձեռքբերման շուրջ բանակցությունների հաջող ավարտը, սկբունքորեն նոր իրադրություն է ստեղծում Հայաստանին հարավից հարող ողջ Մերձավոր-Միջին Արեւելյան տարածաշրջանում։
Բանակցություններին մասնակցող ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաները Իրանի հետ պայմանավորվածության են հանգել նրա միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչների սառեցման եւ միջուկային վառելիքի զգալի մասի դուսրբերման շուրջ, ինչը զգալիորեն հետաձգում է այդ երկրի միջուկային ծրագրի իրականացումը տնտեսական պատժամիջոցների մեղմացման դիմաց։

Ու թեեւ այս ամենից դժգոհ Իսրայելը շարունակում է պնդել, թե իրանցիները հերթական անգամ խաբում են միջազգային հանրությանը, բայց ակնհայտ է, որ բանակցող կողմերը ոչ մի հիմք չունեն մինչեւ հունիսի 30-ը (պաշտոնական փաստաթղթի ստորագրման վերջնաժամկետը) պայմանավորվածություններից հրաժարվելու համար։
Ձեռք բերված շրջանակային համաձայնագիրը երկկողմանիորեն ձեռնտու է մի կողմից՝ ԱՄՆ-ին ու նրա եվրոպական գործընկերներին, մյուս կողմից՝ Իրանին, որը երկար ձգձգումներից հետո կարողացել է օգտվել հարմար պահից՝ Արեւմուտք-Ռուսաստան հարաբերություններում ստեղծված բարդ իրավիճակից, եւ պատվով դուրս գալ Արեւմուտքի հետ երկարատեւ մրցակցությունից։

Իսկ ինչ վերաբերում է Արեւմուտքին, ապա սրանով հնարավորություն է ստեղծվում նախ՝ տեսանելի ապագայում շարունակել էներգակիրների գների նվազեցման քաղաքականությունը՝ նավթի պարագայում դրանք հասցնելով պլանավորված մինիմումի՝ 20 դոլարի մակարդակին։
Երկրորդ՝ սկզբունքորեն փոխել ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության ռազմավարական ուղենիշերը՝ փլուզելով սառը պատերազմյան շրջանի՝ Իսրայել-Թուրքիա-Սաուդյան Արաբիա եռանկյունին, այն աստիճանաբար փոխակերպելով ավելի կառավարելի, նվազ ծախսատար՝ սուննի-շիա դիմակայության բեւեռների, որոնց միջեւ պայքարի առաջին ազդանշանը արդեն տրվել է հեռավոր Եմենում։

Այսինքն՝ Թեհրանը հնարավորություն է ստանում Իրաքում մեծամասնություն կազմող շիաների իշխանության միջոցով կապվել իր ամենամերձավոր դաշնակից Սիրիայի հետ եւ Թեհրան-Բաղդադ-Դամասկոս հորիզոնականի միջոցով հավասարակշռել ու չեզոքացնել սուննի ուղղվածության իսլամական երկրների գերակայությունը Մերձավոր-Միջին Արեւելքի հենց սրտում։

Իսկ սա նշանակում է, որ «Խալիֆի աթոռը»՝ ի դեմս Բաղդադի, դուրս է քաշվում չափավոր-իսլամական Թուրքիայի նոր ղեկավարության սուլթանական հավակնությունների տակից, եւ Անկարան հարավից եւս հայտնվում է աքցանի մեջ։
Երրորդ՝ արտաքուստ Թուրքիայի այս կորուստը կոմպենսացվում է ակնհայտորեն ԱՄՆ-ի «դաբրոյով» Հարավային Կովկասում ներկայումս սաղմնավորվող Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ռազմաքաղաքական համագործակցության միջոցով, որը, սակայն, գոյություն է ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ լարված են ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները։
Չորրորդ՝ Հարավային Կովկասում ստեղծվում են գրեթե բոլոր նախադրյալները Իրանի դերակատարության զգալի մեծացման միջոցով Թուրքիայի ժամանակավոր առավելությունները չեզոքացնելու, ինչպես նաեւ Արեւմուտքի դեմ ռուս-թուրքական պոտենցիալ հակախաղի դաշտը շրջափակելու համար։

Հինգերորդ՝ Հարավային Կովկասում Իրանին ընձեռվող Արեւմուտք-Ռուսաստան դիմակայության «տարածաշրջանային արբիտրի» դերը կարող է չեզոքացնել նաեւ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից ճիշտ հակառակ քաղաքականությունը գործադրելու, այսինքն՝ Արեւմուտքի վրա հենվելով՝ Հայաստանին «խեղդելու» եւ հայ-ռուսական դաշինքը վերացնելու հեռանկարը։

Այսուհետեւ Իրանը Հարավային Կովկասում կարող է դառնալ տարածաշրջանային հավասարակշռության, խաղաղության ու կայունության պահպանման այն նոր երաշխավորը՝ երրորդ ուժը, որի կարիքը սուր կերպով զգում էր Հայաստանը մանավանդ վերջին տարիներին։

Ուժերի նոր դասավորության պայմաններում Ադրբեջանը զրկվում է ռուս-թուրքական կամրջի դերն իր վրա վերցնելու հնարավորությունից, իսկ Հայաստանը դառնում է Ռուսաստանի «անխորտակելի ավիակիրը», որովհետեւ իրանական այլընտրանքի միջոցով հնարավորություն է ստանում ամրացնել Թուրքիա-Ադրբեջան երթուղու փականի իր դերակատարությունը եւ միաժամանակ Վրաստանի հետ միասին ձեւավորել Իրան-Եվրոպա էներգետիկ ու տրանսպորտային միջանցք, որի զարգացման մեջ նկատվում է նաեւ Չինաստանի շահագրգռությունը։
Կարծում ենք, առաջիկայում ակնհայտորեն մեծանալու է Հայաստանի արժեքն ու նշանակությունը Ռուսաստանի աչքում, ինչի ականատեսը կարող ենք դառնալ արդեն մոտ օրերս սպասվող ՀՀ արտգործնախարարի՝ Մոսկվա կատարելիք այցի ընթացքում։

Բայց սա ամենեւին էլ չի նշանակում, որ Հայաստանը ցանկանում է կտրուկ փոխել իր արտաքին քաղաքականության ռազմավարական առաջնահերթությունները, որովհետեւ Իրանը, վարելով հավասարակշռված եւ սեփական ազգային շահերի պաշտպանությանը միտված քաղաքականություն, ամենեւին էլ շահագրգռված չէ, որ Հայաստանը կտրուկ թեքվի դեպի Արեւմուտք։ Իրանին հարկավոր է անկախ ու բարեկամական Հայաստան, եւ այս առումով երկու երկրների ներկա ռազմավարական առաջնահերթությունները փաստորեն համընկնում են։
Թերեւս այս նոր իրավիճակում իր առջեւ բացվող՝ «կոտրած տաշտակի» ուրվագծերը տեսնելու իրողությամբ է պայմանավորված Լոզանից «տխուր լուրը» ստանալուց հետո Բաքվի տիրակալի՝ անմիջապես, ընտանյոք հանդերձ, Սաուդյան Արաբիա ուղեւորվելը։

Ի վերջո, եթե այսօր փաստորեն Էր-Ռիադն է սահմանում նավթի գների անկման գրաֆիկը, այսինքն՝ Ադրբեջանի բյուջեի ճեղքվածքի չափը, ապա արժե տեղեկանալ, թե ե՞րբ է իր երկրում վրա հասնելու տնտեսական կոլապսը, ինչը հղի է նաեւ ներքաղաքական լուրջ հետեւանքներով։

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Analitika, Իրան, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն