Գլխավոր » Լրահոս

Ռազմամթերք ձեռք բերելը դեռ հաղթանակ չէ

Օգոստոս 11, 2009թ. 17:41

Ադրբեջանում տարբեր տրամաչափի պաշտոնյաների կողմից սովորույթ է դարձել ռազմաշունչ հայտարարություններով, Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու պատրաստակամությամբ հանդես գալը: Սեփական ժողովրդի աչքում ճշմարտախոս լինելու համար` մեր հարևանը տարեցտարի մեծացնում է իր ռազմական տեխնիկան` Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Իսրայելից, Պակիստանից եւ այլ երկրներից գնելով տանկ, կործանիչներ, ինքնաթիռներ և ռազմական այլ տեխնիկա: Միայն Ուկրաինայից 2006թ. Ադրբեջանը 5 ՄԻԳ-29 կործանիչ է գնել, 2007-ին` 60 ռազմական ավտոմեքենա եւ 22 000 հրաձգային զենք, 2008թ.` 46 տանկ եւ այլ տեխնիկա: Սա, թերեւս, տակտիկական պատերազմ է, Հայաստանին վախեցնելու միջոց: Պետք է նշել, որ Հայաստանը ևս ձեռքերը ծալած չի նստում և տարեցտարի հարստացնում է ռազմատեխնիկան, իհարկե, թույլատրելի սահմաններում:
ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանի խոսքերով, Հայաստանը երբեք անուշադրության չի մատնել Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարությունները ամեն վայրկյան պատրաստ է պատերազմի: «Միանշանակ է, որ երբեք մենք չենք թերագնահատել Ադրբեջանին եւ միշտ պատրաստ ենք պատերազմի: Մենք պետք է պատրաստ լինենք եւ պատրաստ ենք` հնարավոր հարձակման դեպքում նրանց հակահարված տալու և ամենակարևորն այն է, որ բարձր է հայ զինվորների մարտական ոգին: Եթե Ադրբեջանի տեխնիկական միջոցները գերազանցում են մեզ, ուրեմն մենք պետք է կազմակերպված լինենք և գործենք խելացի», -«ԱրմԱր»-ի հետ զրույցում նշեց գնդապետ Ս. Շահսուվարյանը:

Հավանաբար, Բաքուն հույս ունի, թե զենքերն իրենք-իրենց են կռվելու հայկական ուժերի դեմ և որոշել է իր զինուժին մի քանի անգամ գերազանցող ծանր հրետանի ունենալ: Բայց ադրբեջանական որոշ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ Ադրբեջանը Ուկրաինայից գնում է դեռ Խորհրդային տարիներից ժառանգված, ժամկետանց զինտեխնիկա, որն օգտագործման համար անպիտան է: Ադրբեջանն ինքը հասկանում է, որ ո°չ այժմ և ոչ էլ մոտ ապագայում պատերազմական գործողությունների մեջ մտնել չի կարող, և խնդիրը միայն տեխնիկայի մեջ չէ: Բանն այն է, որ Ադրբեջանում այնքան են ոգևորված ռազմամթերք ձեռք բերելու գաղափարներով, որ լրիվ աչքաթող է արվել այն օգտագործողը` զինվորը: Ռազմական ոլորտին հատկացված միջոցները ծախսվում են հիմնականում սպառազինության վրա, իսկ ռազմական ուժերի անձնակազմի կենսապայմանները, հենց ադրբեջանական վերլուծաբանների հավաստմամբ, ահավոր են: Սպաների ծանրակշիռ մասը չունեն սեփական բնակարան, իսկ աշխատավարձը բավարարում է միայն սնվելուն: Զորամասերում ևս զինվորների կենսապայմաներն ու հոգեբանական տրամադրվածությունը նախանձելի վիճակում չեն: Պարզից էլ պարզ է, որ այս պայմաններում հայ զինվորի հետ ռազմական «երկխոսությունը» Ադրբեջանի ղեկավարության համար մնում է սոսկ ցանկություն:

Սևակ ՀԱԿՈԲՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`