Գլխավոր » Ջավախք

Ջավախքի խնդիրը պետք է միջազգային հնչողություն ստանա

Օգոստոս 10, 2009թ. 16:00

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն ամիսներ առաջ Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարություն հնչեցրեց, թե հայ ու վրաց ժողովուրդների միջև չկա այնպիսի մի խնդիր, որը հնարավոր չլինի լուծել: Վաշաձեն ամեն կերպ փորձում էր ապացուցել, որ Վրաստանը հակահայկական քաղաքականություն չի իրականացնում և որ` «գոյություն չունի այսպես կոչված` Ջավախքի խնդիր»: Սակայն հենց հայտարարության պահին հոգսաշատ Ջավախքից մեկը մյուսի հետևից Հայաստան էին հասնում մտահոգիչ տեղեկություններ, թե ինչպես են վրացիները «բարեկամաբար» ոչնչացնում հայկական մշակութային հուշարձաններն ու եկեղեցիները, բուլդոզերներով հարթեցնում Վրաստան պետության կայացման գործում լուրջ ծառայություններ մատուցած հայ քաղաքական ու մշակութային անվանի գործիչների գերեզմաններն ու աղբանոց նետում հայ ննջեցյալների ոսկորները:

Նույն ընթացքում Ջավախքում տեղի էին ունենում ջավախահայ ակտիվիստների քաղաքական ձերբակալությունները, որոնց մասին վրաց բարձրաստիճան պաշտոնյայի մեկնաբանությունը նույնքան պարզունակ էր. «Ձերբակալվում են հայ ակտիվիստներ, բայց դա պայմանավորված չէ նրանց հայ լինելով: Եթե նման մտքերի հեղինակը վրացական իշխանության ներկայացուցիչը չլիներ` կարելի էր կարծել, թե տվյալ անձը պարզապես անտեղյակ է հայկական Ջավախքում տիրող իրավիճակից: Բայց երկրի բարձրաստիճան պաշտոնյայի պարագայում այսպես մտածելը, իհարկե, միամտություն է: Միակ բանը, որ կարելի է կարծել այն է, որ Վաշաձեն պարզապես թաքցրեց իրականությունն ու հրապարակավ ստեց: Ի դեպ Ջավախքում կուտակված խնդիրներին անտեղյակ ձևանալու գործելաոճ են որդեգրել վրաց գրեթե բոլոր բարձրաստիճան ղեկավարները` երկրի նախագահից սկսած մինչև հոգևոր առաջնորդ Իլյա Բ-ն: Ինչը, անկեղծորեն ասած, հոգևոր առաջնորդի պարագայում առավել քան անվայելուչ է:

Թվում էր, թե Հարավային Օսիայի և Աբխազիայի անջատումից հետո վրաց կառավարությունը պետք է գիտակցեր, թե ինչի են հանգեցնում ահաբեկչությունը, ազգամիջյան թշնամանքն ու խտրականությունը: Իսկ իրականությունը թաքցնելը կամ նենգափոխելը պատճառ են դառնում հասարակական հակազդեցության, ստեղծում պայթյունավտանգ վիճակ: Մինչդեռ ջավախահայության նկատմամբ այսօր իրականացվող քաղաքականությունը փաստում է հակառակը: Ավելին, նրանք իրենց վարքով իսկ ջավախահայությանը կարծես դրդում են այն մտքին, որ փրկության միակ ճանապարհը Ջավախքի ինքնավարությունն է:

Թուրքի ձեռագրով

«Եթե միևնույն հանցանքի համար վրացուն կարող են ներել, ապա հայի նկատմամբ դաժան հաշվեհարդար կտեսնեն: Եթե վրացին հային վիրավորում է, մարմնական վնասվածք հասցնում` քաղաքային իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում, սակայն եթե հայը փորձի վիրավորել վրացուն, դա նրա համար ողբերգական ավարտ կունենա». ահա այսպիսին է ազգային փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքը «ժողովրդավար» Վրաստանում:

Երբ 1999-ին այդ երկիրը դարձավ Եվրախորհրդի լիիրավ անդամ` ջավախահայերը հույսեր փայփայեցին, թե էթնիկ փոքրամասնություններին վերաբերող մի շարք համաձայնագրերի կիրառմամբ հնարավոր կլինի կուտակված հիմնահարցերը լուծել: Սակայն Վրաստանն իր կայսերապաշտական քաղաքականությամբ կոպտորեն խախտելով ազգային փոքրամասնություների մասին եվրոպական համաձայնագիրը` սկսեց քաղաքական, իրավական, տնտեսական, կրոնական ու մշակութային ոլորտներում ճնշել Ջավախքի հայությանը:

Խորհրդային համակարգի փլուզումից հետո վրաց ղեկավարները հանկարծ հասկացան, որ իրենց երկրի թիվ մեկ խնդիրը լինելու է ազգային հարցը, քանի որ Վրաստանը մի երկիր է, որը ստեղծվել է տարբեր ժողովուրդների պատմական հայրենիքի տարածքների բռնակցման հիմքի վրա, ինչպիսիք են Աբխազիան, Աջարիան, Օսիան, Ջավախքը, իսկ այդ հարցերը վաղ թե ուշ գլուխ են բարձրացնելու: Վտանգը չեզոքացնելու նպատակով Վրաստանը գնաց ազգային փոքրամասնություններին ձուլելու և ժողովրդագրական պատկերը փոխելու ճանապարհով: Չկան ազգեր` չկան ազգային խնդիրներ: Հայերիս խիստ ծանոթ քաղաքական ձեռագիր է… Սակայն եթե անցած դարասկզբին այս քաղաքականության գլխավոր դերակատարը սուլթանական բռնապետական Թուրքիան էր, ապա ներկայումս այդ դերն ստանձնել է ժողովրդավարական երկիր հռչակված Վրաստանը:

Վրացու տրամաբանությանը հարիր

Պատմագետները նկատում են, որ հայ-վրացական հարաբերությունների հիմքում, ինչպես անցյալում, այսօր էլ վրաց ժողովրդի անլիարժեքության բարդույթն է` մշակութային քաղաքակրթական ներուժի առումով իրեն գերազանցող հայերի հանդեպ: Սա է պարզ բացատրությունն այն հարցի, թե ինչու Վրաստանում ծայր առած հակահայկականությունը հիմնականում ուղղվեց դարեր շարունակ այդ երկրում ստեղծված հայկական մշակութային արժեքների ոչնչացմանն ու հայոց լեզուն արմատախիլ անելուն:

Վրացի ղեկավարներն այսօր Ջավախքի խնդիրների մասին խոսելիս միանգամից վրա են բերում, թե ողջ Վրաստանն է սոցիալ-տնտեսական ծանր վիճակում: Բայց տնտեսական ծանր վիճակն ի՞նչ կապ ունի այն փաստի հետ, որ Վրաստանի հայկական դպրոցներում խստորեն արգելված է հայոց լեզվի ու հայոց պատմության ուսուցումը, որ վրացերեն չիմացող հայը ոչ միայն կառավարման մարմիններում, այլև հայկական դպրոցներում մանկավարժ ու տնօրեն աշխատելու իրավունք չունի: Գուցե համաշխարհային տնտեսական ճգնաժա՞մն է մեղավորը, որ Վրաստանում վրացահայերին աշխատանքի չեն ընդունում, քանի դեռ վերջիններս չեն հրաժարվել իրենց հայկական-պապենական ազգանուններից` այն փոխարինելով վրացական ինչ-ոչ «շվիլի»-«շվալի» ներով: Կամ էլ գուցե տնտեսական ճգնաժամի՞ց է, որ վրաց իշխանավորները գլուխները կորցրած ամեն ինչ անում են` Ջավախքը վերջնականապես հայաթափելու համար` Վրաստանի խորքերից բերում ու հենց Ջավախքում բնակեցնում թուրք-մսխեթցիներին, աջարներին, հայերի նվազմանը զուգահեռ նպաստում թուրքական տարրի ավելացմանը… Այս ամենը, անշուշտ, առողջ տրամաբանության շրջանակներում տեղավորվել չի կարող, բայց, այ, վրացու համար կարող է խի՜ստ տրամաբանական լինել:

Մեղքի իր բաժինն ունի և Հայաստանը

Վերջին շրջանում ջավախահայ գործիչների ձերբակալությունները դարձան վրացական իշխանությունների բռնակալության ու ցինիզմի իսկական դրսևորումները: Իրենց անբարո գործողությունները քողարկելու նպատակով Վրաստանի ՆԳՆ-ն տարածեց մի մտացածին հաղորդագրություն, որում շարադրված կեղծիքն ուղղակի ցնցեց հայությանը: Ձերբակալվածները մեղադրվեցին «անօրինական զինված խմբավորումներին անդամակցության» ու «Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ»: Սադրանքի նպատակն էր ջավախահայերին դրդել ծայրահեղ քայլերի, դրանով իսկ վարկաբեկել ջավախցու` հանուն լեզվի, կրթական ու կրոնական իրավունքների արդար ու խաղաղ պայքարը: Փաստորեն, Թբիլիսին այս կերպ փորձում է Ջավախքը միջազգային հանրությանը ներկայացնել որպես «անջատողականության օջախ», որպեսզի հարկ եղած դեպքում արդարացնի ջավախահայության դեմ իրականացվող ցանկացած գործողություն (ընդհուպ մինչը ռազմականը): Եվ ինչպես իր տարածած հայտարարության մեջ ընդգծել էր «Երկիր» միությունը` «Օգտագործելով «սեպարատիստական» խաղաքարտը` Հայաստանին դրդել Ջավախքի ու վիրահայության խնդիրների լուծման հարցերում գնալ նորանոր զիջումների»:

Վերլուծաբանները նկատում են, որ «թիկունքից հարվածելու» մեծ փորձ ունեցող Թբիլիսիում հաշվարկել են` քանի դեռ կա ղարաբաղյան հիմնահարցը, նաև Վրաստանով անցնող կոմունիկացիաների խնդիրը, Հայաստանն աչք է փակելու Ջավախքի հայության ձուլման քաղաքականության հանդեպ, ուստի հարկ է հնարավորինս արագացնել այդ տարածքի հայաթափումը: Զարգացումների նման հենքին Ջավախքի հարցում Հայաստանի որդեգրած ներկայիս անտարբեր քաղաքականությունը խորհել է տալիս, որ և վերոնշյալ «խաղաքարտը», և Ղարաբաղյան հիմնախնդրով պայմանավորված վրացական հաշվարկը սկսել են գործել:

Եվ իրոք` հայկական կողմի` Վրաստանի հետ հարաբերությունները չփչացնելու վախը հանգեցրել է նրան, որ Թբիլիսին ինչ ցանկանում` դա էլ անում է` շատ լավ հասկանալով, որ Երևանը չի միջամտելու: Ահա թե ինչու ջավախահայերն արդարացիորեն նկատում են, որ տարածաշրջանում այսօր տիրող վիճակի հարցում մեղքի բաժին ունի նաև Հայաստանը` իր անտարբերությամբ: Նկատենք, որ Ջավախքում իրականացվող հայահալած քաղաքականության հայաստանյան արձագանքները սահմանափակվում են միայն հասարակական քննարկումներով: Ոչ պակաս տարօրինակ է ՀՀ սփյուռքի նախարարության կեցվածքը. այս գերատեսչությունը մինչ օրս չի հնչեցրել իր հստակ դիրքորոշումը: Չնայած այս կառույցն առավել համարձակորեն պետք է զբաղվի մեր հայրենակիցների պաշտպանությամբ:

Ակնկալվում է, որ Հայաստան պետության դերը պետք է լինի միջազգային կառույցների ուշադրությունը Վրաստանի կողմից ազգային փոքրամասնությունների մասով ստանձնած իրավունքների կոպտագույն խախտումների վրա հրավիրելն ու դրանով իսկ Ջավախքի խնդրին միջազգային հնչողություն տալը:

Արդյո՞ք Ջավախքի հանդեպ անտարբեր կեցվածքն արդարացված է ճանապարհներով ու տնտեսական հարաբերություններով, ինչպես պատճառաբանում են մեր իշխանավորները: Եթե մեզանում արմատանա այն հստակ գիտակցումը, որ Ջավախքը ոչ միայն մեր պատմական հայրենիքի մի մասն է, այլև Հայաստանի անվտանգության երաշխավորը, կարծում եմ` Ջավախքի խնդրում կփոփոխվեն նաև քաղաքական շեշտադրումները: Ընդամենը մի պարզ հայացք նետենք քարտեզին ու հասկանալի կդառնա, թե Հայաստանի համար ի՜նչ ողբերգական հետևանքներ կունենա Ջավախքի հայաթափումը, քանզի մեր երկիրն ուղղակի կհայտնվի թուրքական շրջափակման ցանցում:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , ,

Դիտել Ջավախք բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`