Գլխավոր » Society, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հասարակություն, Ռուսաստան

Պերմյակովը սատանիստ է՞, թե՞ այդպես է ներկայացվում

Դեկտեմբեր 20, 2015թ. 11:38
Պերմյակով

Եթե սատանիստ է ինչո՞ւ են նրան ծառայության ուղղարկվել Հայաստան

Գյումրիի ՌԴ 102-րդ ռազմաբազայի N զորամասում երեկ մեկնարկեց 2015թ. հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների դաժան սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով առաջին դատական նիստը:
Նիստի ողջ ընթացքը բավական լարված էր, ինչը նախ պայմնավորված էր դատավարության համար աշխատանքային անհրաժետ պայմանների բացակայությամբ, իսկ երբ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը հայտարարեց, որ Պերմյակովը սատանիստ է` այն հասավ իր գագաթնակետին:

Մեր հարցազրույցը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ ԼՈՒՍԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ

Մինչ դատական նիստի սկսվելը կար դժգոհություն, թե ինչո՞ւ է այն տեղի ունենում 102 ռազմաբազայի տարածքում, ուր չկան աշխատանքային նորմալ պայմաններ փաստաբանների, լրատվամիջոցների, անգամ նիստը վարող դատավորի համար:

-Իսկապես պայմաններն անընդունելի էին, և հասկանալի էր հարազատների դժգոհությունը, քանի որ իրենց համար լսելի չէր դատավարության ընթացքը, մանավանդ, դատավարը շատ ցածր էր խոսում: Ամենատարրական պայմանները չէին կարողացել ապահովել: Եվ գոծընկերներիցս մեկը հարց բարձրացրեց, թե անգամ համակարգիչով աշխատել չի կարողանում, որովհետև այն նյութը, որը պետք է բացեր, պարունակում էր փաստաբանական գաղտնիք, իսկ համակարգիչը բացված վիճակում տեսանելի էր ամբողջ դահլիճի համար:

-Հնարավո՞ր է, որ պնդեք դատական նիստերը անցկացվեն Շիրակի մարզի ընդհանուր իրավասությունների դատարանում:

-Գիտեք, մեզ համարա կարևոր չէ, թե ո՞ր շենքում կկատարվի դատավարությունը, դա կլինի Շիրակի մարզի դատարանո՞ւմ, թե մեկ այլ տեղ: Այստեղ խնդիրը շենքն ու տարածքը չէ, մեզ համար կարևորն այն է, որ դատավարության մասնակիցները կարողանան նորմալ աշխատել, ապահովվի հրապարակայնություն և դատավորը գործի անկաշկանդ: Եթե պետք է լինի ռուսական ռազմաբայի տարածքում, ուրեմն ռուսական կողմը պարտավոր է ապահովել բոլոր պայմանները և որևէ խնդիր չի լինի:

Ի դեպ, ակնհայտ էր նիստը վարողի` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանի կաշկանդվածությունը, ոմանք դա բացատրեցին նրանով, որ դատավարությունը տեղի է ունենում ռազմաբազայում: Եց նույնիսկ միտք շրջանառվեց, թե հնարավոր է պահանջվի նրա հրաժարականը:

-Ճիշտ եք նկատել, միանշանակորեն զգացվում էր դատավորի կաշկանդվածությունը, թերևս առկա էր ռուսական ռազմաբազայում գտնվելու ազդեցությունը: Տպավորությունն այնպիսին էր, որ տերն ու տնօրենը ոչ թե Հայաստանի Հանրապետության դատարանն էր` ի դեմս նախագահող դատավորի, այլ ռուսական կողմը: Ըստ էության, նրանք էին ամեն ինչ որոշողը. անգամ մեկ սեղանի խնդիր դատավորը չէր կարողանում լուծել:
Ինձ համար կա մեկ կարևոր խնդիր, որ ՀՀ դատարանը անկաշկանդ պայմաններում աշխատի և կայացնի արդար դատական որոշում: Մտահոգ եմ, որ այս նիստում նկատեցի դատավորի կաշկանդվածությունը, եթե նա չի կարողանում ապահովել աշխատանքի տարրական պայմաններ ու այնքան է կաշկանդված, որ չի կարողանում անգամ երկու զինվորի հեռացնել այն տարածքից, ուր նրանք գտնվելու իրավունք չունեն, ապա նա ուղղակի չի կարող կայացնել արդար դատավարություն: Բացի այդ, դատավորը նիստը վարում էր քրեական դատավարության օրենսգրքի ակնհայտ խախտումներով: Սա ևս անընդունելի է: Կան տարրական, ձևական հարցեր, ի վերջո, կա նիստը վարելու կարգ, հաջորդականություն, ինչը դատավորը ընդհանրապես չէր պահպանում:
Շատ տարօրինակ էր, որ դատավորը նույնիսկ հորդորում էր տուժողի իրավահաջորդի ներկայացուցչին, որ նա իր գրավոր տեքստը դեռ չհնչեցրած` տրամադրի իրեն, որպեսզի ինքը նախօրոք իմանա, թե ի՞նչ միջնորդություն է լինելու ու թե ի՞նչ որոշում կայացնի: Սա ուղղակի խայտառակություն է և հերթական ապացույցն այն բանի, որ դատավորը կաշկանդված էր:
Հետևաբար, ոչինչ բացառված չէ, որ պահանջվի դատավորի հրաժարականը: Այս հարցը մենք դեռ պետք է քննարկենք, որից հետո պարզ կլինի ընթացքը: Բայց մի բան միանշանակ է` դատավորի նման պահվածքն անընդունելի է:

-Դառնանք դատավարության բուն ընթացքին. ներկաներին ցնցեց Երեմ Սարգսյանի այն հայտարարությունը, համաձայն որի, այդ տականքը սատանիստ է: Ինչպե՞ս եք պարզել նրա այդպիսին լինելը:

-Այդ փաստը, որը քրեական գործի նյութ է պարզել է ռուսական կողմը նախաքննության շրջանակներում: Ռուս քննիչը, երբ ուսումնասիրել է ՙՕդնոկլասնիկի՚ սոցիալական ցանցում Պերմյակովի էջը պարզել է, որ նա այդ սոցցանցում ձևավորել մի խումբ, ուր կատարել է բազմաթիվ գրառումներ: Պայմանագիր է կնքել սատանայի հետ, երդվել, թե շուտով մի քանի տղամարդու և մի քանի կանանց կզոհաբերի հանուն իր ՙտիրոջ՚: Այսինքն, այլևս փաստ է, որ նա սատանիստ է, և այդ փաստը մեզ հայտնի դարձավ նախաքննության ավարտից հետո` քրեական գործի նյութերին ծանոթանալիս:

-Կարծիք կա, թե նրան սատանիստ ներկայացնելը նախապես սարքված է, որպեսզի այդ կերպ թաքցվեն սպանության այլ, մասնավորաբար, քաղաքական դրդապատճառները:

-Նման բան չի կարող լինել, որովհետև Պերմյակովը<Օդնոկլասնիկի> սոցիալական ցանցում 2013 թվականին է սատանիստների խումբ ստեղծել ու նման գրառումներ կատարել:
Նրա սատանիստ լինելու փաստը ես շատ լուրջ հանգամանք եմ համարում, ու այնպես չէ, որ քաղաքական նպատակներով կատարված հանցագոծությունը շատ ավելի վատ, կամ վտանգավոր կարող է համարվել, քան սատանիստ լինելու հանգամանքը: Այս պարագայում շատ ավելի դժվար կլինի ռուսական կողմի համար պատճառաբանել, թե ինչո՞ւ են իրենք նման գաղափարախոսության հետևորդին ու նաև առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձին զորակոչել բանակ:
Հայտնի է, որ նա մինչ Հայաստան ուղարկվելը ծառայել է Ռուսաստանի տարածքում և այդ ընթացքում նրան արգվել է զենք կրել, բայց երբ բերել են Հայաստան, անհասկանալիորեն նրան թույլատրել են զենք կրել: Ինչո՞ւ: Սա շատ լուրջ խնդիր է ու Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմինները պարտավոր են տալ այս հարցի պատասխանը:

Ասացիք, որ ՌԴ-ում ծառայած ժամանակ Պերմյակովին չի թույլատրվել զենք կրել, կնշանակի դեռ այն ժամանակվանից հայտնի է եղել նրա վտանգավոր շեղումների մասին, եթե այո, ապա հարց է առաջանում, ինչո՞ւ են այդպիսինին ուղարկել հենց Հայաստան:

-Այո, իմացել են, ու դրանք ևս քրեական գործի նյութեր են: Բժիշկները նրան հետազոտել են, նա պառկած է եղել հոգեբուժական բաժանմունքներում և անընդհատ գտնվել է հոգեբուժների հսկողության տակ: Եվ հենց հոգեբուժներն են արգելել, որ Պերմյակովը զենք կրի: Դրանից հետո անհասկանալի պատճառներով, քանի որ չկան համապատասխան փաստաթղթեր, Հայաստանում նրան զենք կրելու իրավուք է տրվում: Ի՞նչ պատահեց, ի՞նչ եղավ, բուժվե՞ց, մաքրվե՞ց իր կեղտոտ գաղափարներից:
Սա շատ լուրջ խնդիր է նաև նման դեպքերը հետագայում կանխելու առումով: Նկատի ունեմ հետևյալը. մենք գիտեք, որ բազմաթիվ հանցագործություններ են կատարվել Գյումրիում ռուս զինծառայողների կողմից ու դա հետևանք է նրա, որ Հայաստանի Հանրապետություն ծառայության չեն ուղարկվում ընտրված ծառայողներ, չեն ուղարկվում լավագույնները, չնայած հենց այդպես պետք է լիներ: Բայց ինչպես տեսնում ենք, ճիշտ հակառակն է: Սա իրենց համար կարծես աքսորավայր լինի, որովհետև նրանք, ովքեր ՌԴ-ում վատ են ծառայել կամ խախտումներ են թույլ տվել ՙաքսորում՚ են Հայաստան: Սա անընդունելի է: Դրա համար եմ ասում, որ Ռուսաստանը ոչ միայն պետք է պատասխան տա, այլև հանգի համապատասխան հետևության:

-Այսպիսով, դուք համարում եք, որ սատանիստ լինելն է այն շարժառիթը, որն այդ տականքին դրդեց նման սարսափելի հանցագործության:

-Մենք չենք վիճարկում ներկայացված մեղադրանք, այսինքն, որ եղել է ավազակային հարձակում, որ նա ցանկացել է որոշակի գումար ու հագուստ հայթայթել: Սակայն յուրաքանչյուրի համար հարցական էր մնում հետևյալ հարցը, եթե մեծահասականերին վախից սպանեց, ապա ինչո՞ւ սպանեց նաև մանկահասակ երեխաներին, մանավանդ, ինչու սպանեց 6 ամսական երեխային, այն էլ խողխողեց սվին դանակով, երբ մեծահասակների սպանությունը կատարվելուց հետո զենքի մեջ դեռ կային փամփուշտներ: Ողջ նախաքննության ընթացքում սա մեզ համար, կարելի է ասել, հարցերի հարցն է եղել: Եվ ահա, այս հարցերի պատասխանը կա քրեական գործում, ու դա այն է, որ Պերմյակովը սատանիստ է: Միայն նման գաղափարախոսության տեր մարդը կարող էր նման բան անել` իր տիրոջը հանձնել խոստացված զոհին:

-Դատական նիստի ժամանակ դուք դժգոհեցիք, թե ռուսական կողմը չի տրամադրել իրենց կողմից իրակայացված նախաքննական բոլոր փաստաթղթեր: Միջնորդություն կներկայացնե՞ք դրանք ստանալու համար:

-Ռուսական կողմում քննվում է բազմահատորանոց քրեական գործ, որից անջատվել ու Հայաստան է ուղարկվել մեկ մասը, որը 9 հատոր է կազմում: Իրենք պատճառաբանել են, որ այդ մասն է վերաբերվում Ավետիսյանների սպանությանը: Բայց քրեական գործի նյութերից ակհայտ երևում է, որ այդ ուղղությամբ քննություն կատարված է, սակայն նյութերը կցված չեն գործին: Այդ կապակցությամբ մենք համապատասխան միջնորդություն ենք ներկայացրել նախաքննական վարույթ իրականացնող մարմնին, որպեսզի նաև քննություն կատարվի ու այլ հանգամանքներ ևս պարզվեն: Դրա համար մենք երեկվա նիստում միջնորդություն ներկայացրինք, որ եթե կան այլ նյութեր, փաստաթղթեր, որոնք ևս վերաբերում են նրա սատանիստ լինելու հանգամանքին, դատարանը պետք է պահանջի ռուսական կողմից և ստանա, ապա այն տրամադրի փաստաբաններիս: Դատարանը դեռ մեր միջնորդությունը չի քննարկել: Կատարված սպանության դրդապատճառի գնահատականը տալու համար սա կարևոր հանգամանք է:

-Նիստը հետաձգվեց մինչև հունվարի 18-ը, ինչը առաջ բերեց Ավետիսյանների հարազատների դժգոհությունը, ասում էին` միտումնավոր ձգձգում են: Հնարավո՞ր է, որ գործ ունենանք տարիներով ձգվող դատավարության հետ:

-Նախ ասեմ, որ նիստի հետաձգումը օրինաչափ էր, որովհետև փոխվեց Պրեմյակովի փաստաբանը, իսկ նոր փաստաբանը ժամանակ խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար: Պերմյակովն էլ ունի պաշտպանական իրավունք և մենք որպես տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ, ամեն ինչ անելու ենք, որպեսզի այս դատավարությունն ընթանա օրինականության շրջանակներում, որ հետագայում դատական վճռի հետ կապված որևէ խնդիր չլինի: Պերմյակովի պաշտպանական իրավունքը կլիներ խախտված, եթե նրա նոր պաշտպանին հնարավորություն չտրվեր ծանոթանալու քրեական գործի նյութերին: Այնպես որ, դատարանը պարտավոր էր նիստը հետաձգել:
Բայց խնդիրն այն է, որ բարձրացվեց պայմանների կարգավորման հարցը, Արթուր Սաքունցն ուզում էր ներկայացնել համապատասխան միջնորդություն, և մենք բոլորս պնդեցինք, որ դատարանն ա’յս նիստում քննարկի հիշյալ միջնորդությունը, որ անհրաժեշտ պայմաններն արդեն իսկ ստեղծված լինեն ու հաջորդ դատական նիստը անհարկի չհետաձգվի: Սակայն դատավորը հենց իր կաշկանդվածության պատճառով չիմացավ ինչպե՞ս վարվել ու ստիպված հետաձգեց միջնորդությունը:

Արմինե Սիմոնյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հասարակություն, Ռուսաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն