Գլխավոր » Տնտեսություն

Պատվերը տրված է, փողն էլ խոստացված, ուրեմն հիստերիան ինչքան շատ` էնքան թղթապանակը «յուղալի»

Հոկտեմբեր 30, 2011թ. 19:11

Պետությունն ու բանակը բարձրագույն արժեքներ են, նախապայման յուրաքանչյուր ազգի հարատևության: ՈՒ եթե հայ ես և ոչ խառնածին, քո մեջ կրում ես մեր հազարամյա պատմական առաքելության սրբազան խաչը, ուրեմն պարտավոր ես տեր կանգնել քո արժեքներին:

Բանակի տարբեր զորամասերում ու հակառակորդի հետ շփման գծում կատարվող ցանկացած դժբախտ դեպք մեծ ցավ է ամենքիս համար: Բայց եթե սրտացավ ես, ոչ թե պախարակիր ու հայհոյիր, այլ փորձիր ուժերիդ ներածին չափով նեցուկ լինել բանակիդ:

ՈՒրեմն, ինչպե՞ս հասկանալ այն «ժողովրդավարներին», ովքեր շունչները պահած սպասում են բանակում գրանցված հերթական անհաջողությանը, որ ձեռքները շփելով գործի անցնեն` ոտնատակ տալու ազգային արժեքները, հասարակության աչքին արժեզրկելու մեր մեծագույն ձեռքբերումը, նրանց, ովքեր հրապարակավ ճամարտակում են բանակի հանդեպ իրենց սրտացավությունից, բայց իրականում զբաղված են հայհոյախոսությամբ:

Գուցե այսպիսիներին ձեռնտո՞ւ է հայկական բանակը բացասական գույներով ներկայացնելը: Կհարցնեք` ո՞րն է նրանց շահը:

Հիշում եմ, տարիներ առաջ մեր ազգային գործիչներից մեկն անհանգստությամբ տեղեկացրեց, թե մեզանում լուրջ գործընթացներ են սկսվել, Արևմուտքը նախապատրաստում է իրավական հնարավոր հիմքերը (օրենսդիրը քննում էր բանակի մասին նոր օրենքի նախագիծ), որպեսզի վաղը մեր իշխանություններին հարկադրի՝ հրաժարվել սեփական պաշտպանությունից, այսինքն, լուծարել հայկական բանակն ու ապավինել ՆԱՏՕ-ի ուժերին: Իսկ որպեսզի այս օտարածին սցենարը չարժանանա ժողովրդի հակազդեցությանն ու հայ մարդը չըմբոստանա, ուրեմն պետք է ամեն ինչ անել, որ ժողովուրդը նախ կորցնի հավատն իր իսկ ստեղծած արժեքի հանդեպ, նրա ականջին կաթեցնելով այն միտքը, թե քո ունեցածը բանակ չէ ու այն պետք է ցրել:

Դրա համար հարկ է մամուլով, հրապարակավ հանրության ուշադրությունը սևեռել բանակում կատարվող միա՛յն բացասական երևույթների վրա: Այսօր արդեն տեսանելի են այդ ուղղությամբ շարունակաբար կիրառվող արևմտյան քաղաքական տեխնոլոգիաները. պատերազմական իրավիճակում գտնվող երկրի բանակի դեմ ծավալվող այս հիստերիկ արշավը դրսի պատվերն է, որ ներսի թափթփուկի ձեռքով ուղղվում է ընդդեմ երկրի:

Արևմուտքի դրամաշնորհներով սնուցվողների մի խումբ զբաղված է քայքայիչ, պառակտողական աշխատանքով: Այս ցեցն անվերջ հարվածում է մեզ բոլոր ուղղություններով` մեկ ազգային եկեղեցու դեմ են սուր ճոճում, մեկ էլ կեղծ արդարադատի սլաքն ուղղում բանակին: Պատվերը տրված է, փողն էլ խոստացված, ուրեմն հիստերիան ինչքան շատ` էնքան թղթապանակը «յուղալի»:

Սրանց համար էլ ի՞նչ սրբություն: Բանակի հաշվին քաղաքական դիվիդենդներ շահելը դրսից ուղղորդվողների գործելաոճն է։ Այդ խամաճիկները հիմա էլ հրապարակ են նետել պաշտպանության նախարարի հրաժարականը: Եթե ազնիվ եք, ուրեմն մի կողմ դրեք ձեր քաղաքական հաշվարկները, կանգնեք որդեկորույս ծնողի կողքին, պաշտպանեք նրա պահանջներն ու անկեղծորեն պայքարեք բանակում կատարված ցանկացած ողբերգական դեպքի արդար բացահայտման օգտին` վաղն ավելի լավ բանակ ունենալու սրտացավությամբ: Հակառակ դեպքում ցանկացած շահարկում համազոր է դավաճանության:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

ArmAr.am-ի գլխավոր խմբագիր

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր`

Դիտել Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն