Գլխավոր » Society, Իրան, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Տնտեսություն, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Չինաստանը կարող է նպաստել տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը

Մարտ 29, 2015թ. 23:11
Գագիկ Մինասյան

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ

Նախագահ Սարգսյանի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի առաջին իսկ օրը երկու երկրների միջև ստորագրվեցին մեկը մյուսից հետաքրքիր ու կարևոր փաստաթղթեր. դրանցից ուշագրավը Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման հուշագիրն է: Ի՞նչ է իրենից ներկայացնում չինական այս նախաձեռնությունը և ի՞նչ հեռանկարներ կարող է այն բացել Հայաստանի համար:

-Արևելյան շուկաները եվրոպայի համար գնալով դառնում են չափազանց կարևոր, հետևաբար, այս մեծ ճանապարհը կարևոր նշանակություն կունենա Արևելյան, Կենտրոնական և Արևմտյան Ասիան Եվրոպայի հետ կապելու հարցում: Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտին կապահովի Եվրասիական մեծ տարածքի` Միացյալ թագավարությունից դեպի Չինաստան, այսինքն, Մետաքսի ճանապարհի վրա ընկած բոլոր պետությունների միջև ապրանքաշրջանառության չափազանց մեծ հոսք: Այն մեկ ճանապարհ չէ, այլ ճանապարհների փունջ ու սրանով ծրագիրը մեզ համար առավել կարևորվում է, քանի որ մեր ոչ կայուն ու անկանխատեսելի տարածաշրջանում ընդամենը մեկ ուղով ապրանքաշրջանառություն իրականացնելը խիստ ռիսկային է:
Այսօր խոսքն այն մասին է, որ Նոր Մետաքսի ճանապարհի մի հատվածը անցնի Հայաստանի տարածքով: Դա վերաբերում է և’ ավտոմոբիլային ճանապարհին, և’ երկաթուղուն: Մետաքսի ճանապարհի հայաստանյան հատվածով անցնող հարավային երկաթուղու` Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը շատ կարևոր ծրագիր է, այն բեռները Վրաստանով ուղիղ դուրս կբերի դեպի Սև ծովի նավահանգիստներ: Չինական կողմի բարի կամքի դրսևորման պարագայում առկա խնդիրները` առաջին հերթին երկաթուղու ֆինանսավորման հարցը, կդառնա հեշտ լուծելի:

-Բարի կամքի դրսևորո՞ւմ, թե՞ աշխարհաքաղաքական շահի գիտակցում. չե՞ք կարծում, որ չնայած Հայաստանը փոքր շուկա է, սակայն Չինաստանի համար մեր երկիրը կարևոր է հենց իր աշխարհագրական դիրքով: Ի վերջո, Իրան-Հայաստան երկաթուղին մեծ հնարավորություն է Չինաստանի համար դուրս գալ եվրոպական շուկաներ:

-Իհարկե, Հայաստանն իր ռազմավարական դիրքով որպես Եվրասիա մայրցամաքի կարեւորագույն հանգույցներից մեկը, Չինաստանի համար նաև ճանապարհ կբացի Սեւ ծովով դեպի Պարսից ծոցի երկրներ: Իզուր չէ, որ Հայաստանն ակնկալում է չինական ընկերությունների ակտիվ մասնակցությունը Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման գործում: Չինական կողմը հստակ գիտակցում է հայկական այլընտրանքի կարևորությունը նաև հետևյալ հարցում, եթե մյուս ճանապարհները շատ ավելի անկանխատեսել են, ապա Հայաստանով դեպի Սև ծով ձգվող ճանապարհը կարող է լինել շատ ավելի կայուն ու կանխատեսելի: Իսկ Չինաստանը, բնականաբար, շահագրգռված է ունենալ մարտահրավերներից զերծ, հուսալի ճանապարհ: Ի դեպ, Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը հասկանալի պատճառներով նախընտրելի է նաև Իրանի Իսլամական Հանրապետության համար: Եվ վերջապես, այն բեկումնային կլինի Հայաստանի համար` մեր երկիրը դուրս բերելով տարիներ շարունակ ձգձգվող շրջափակումից: Այսպիսով, գործ ունենք մի ծրագրի հետ, որը բխում է և’ Չինաստանի, և’ Իրանի, և իհարկե, Հայաստանի շահերից:

-Նախկինում ևս, իհարկե, ոչ նման հարուստ բովանդակությամբ, սակայն ստորագրվել են հայ-չինական տարբեր պայմանագրեր, բայց դրանք մնացել են դարակներում ու պատճառը թերևս այն է, որ Չինաստանը խիստ զգուշավոր է նման հարաբերություններում: Չկա՞ մտավախություն, որ կդանդաղեն նաև այս կարևոր ծրագրերի իրականացում:

-Չինաստանն իրոք այն հզոր երկիրն է, որն առաջնորդվում է դանդաղ շտապելու գաղափարախոսությամբ: Սակայն, ես կարծում եմ, որ այս անգամ գործընթացները շատ ավելի ակտիվ կզարգանան: Դրան են նպաստում նաև աշխարհաքաղաքական ներկայիս իրողությունները: Չինաստանն ինքն է շահագրգռված Մետաքսի ճանապարհի վրա ընկած երկրների հետ հարաբերությունների խորացմամբ: Իզուր չէ, որ ՀՀ-ՉԺՀ ստորագրված փաստաթղթի կետերից մեկով չինական կողմը պարտավորվել է աջակցել իր ձեռնարկություններին` ներդրումներ անել Հայաստանում, նաև ստեղծել սեփական ձեռնարկությունները գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, կապի, առողջապահության ոլորտներում: Սրանք քայլեր են, որոնք մեր երկրի զարգացման համար կբացեն լուրջ հեռանկարներ:

-Քաղաքական առումով, ուշագրավ են հռչակագրի այն կետերը, որոնք վերաբերում են Ղարաբաղյան հիմնախնդրին և Հայոց ցեղասպանությանը: Դրանցում արված շեշտադրումները չ՞են հուշում, որ Չինաստանը ոչ միայն հավակնում է դառնալ տարածաշրջանում տնտեսական ծրագրեր իրականացնող, այլև խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում կարևոր դերակատարում ունեցող երկիր:

– Չինաստանն այսօր այն երկիրն է, որը համաշխարհային թե’ քաղաքական, թե’ տնտեսական գործընթացների ակտիվ մասնակիցն է: Լինելով հզոր պետություն, այո նա կարող է նպաստել համաշխարհային խաղաղության ու անվտանգության ամրապնդմանը: Եվ այս առումով, խիստ կարևորվում է այդ երկրի ակտիվացումը մեր տարածաշրջանում: Տեսեք, Թայվանի խնդիրը չափազանց կարևոր և նուրբ հարց է Չինաստանի համար, հետևաբար, նրա համար կարևորվեց մեր երկրի տեսակետը` ում հետ համագործակցում է: Եվ հայկական կողմը Հռչակագրում արձանագրեց հետևյալ ձևակերպումը` հաստատում է իր աջակցությունը Չինաստանի քաղաքականությանը, որ Թայվանը Չինաստանի անքակտելի մասն է, իսկ թայվանյան հարցը՝ Չինաստանի ներքին գործը:

Սա նպաստավոր դիրքորոշում է չինական կողմի համար: Իր հերթին Չինաստանն էլ ընդառաջ գնաց մեզ համար շատ կարևոր խնդրում` հանդես գալով ԼՂ հակամարտության խաղաղ և արդար կարգավորման օգտին ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնական նպատակների և միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքների հիման վրա: Սա էլ այն է, ինչը մենք էինք ակնկալում: ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամի, տարբեր միջազգային կառույցներում վճռորոշ ձայն ունեցող Չինաստանի նման դիրքորոշումը ԼՂ հարցում մեզ համար շատ կարևոր է:

Հռչակագրի մեկ այլ կետով էլ Չինաստանն արտահայտեց հայ ժողովրդի համար զգայուն մյուս խնդրի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշումը. կարևորեց մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դատապարտումը, դրանց կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերը, անընդունելի համարեց ժխտողականությունը: Այսինքն, Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարում մենք կարող ենք ակնակալել այդ հզոր երկրի աջակցությունը, որը կարող է արտահայտվել թե’ քննակումների ժամանակ, թե’ քվեարկությունների:

Ընդգծեմ նաև մյուս կարևոր փաստը. Պեկինում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակել փոխգործակցությունն այնպիսի գործնական նշանակություն ունեցող ոլորտում, ինչպիսիք են ռազմական պատվիրակությունների փոխայցելությունները, զինվորական կադրերի պատրաստումը եւ ռազմական օգնության ցուցաբերումը։ Չինաստանն ունի մարտունակ, տեխնիկապես հագեցված բանակ, այնպես որ նաև բանակաշինության ոլորտում փորձի փոխանակումը նման երկրի հետ կարևոր է մեզ համար:

-Հայաստանն այսօր իրականացնում է բավական հետաքրքիր արտաքին քաղաքականություն. մի կողմից ԵԱՏՄ անդամակցում, մյուսում` ԵՄ հետ համագործակցություն, այժմ էլ Չինաստան: Երբեմն փոխլրացնող, սակայն երբեմն էլ միմյանց հակադրվող շահերի համադրումը Հայաստանի շուրջ ինչ -որ պահի չե՞ն կարող խնդիրներ ստեղծել մեզ համար:

-Կարևոր հարցադրում, որով ինձ հնարավորություն տվեցիք կատարել կարևոր շեշտադրում. Հայաստանն այսօր արտաքին դաշտում որդեգրել և իրականացնում է բազմավեկտոր քաղաքականություն, ինչը լիովին արդարացված է այս բարդ տարածաշրջանում, նման բարդ աշխարհաքաղաքական դիրք ունեցող երկրի համար: Իսկ մեր որդեգրած քաղաքականության հիմքում ընկած է մի կարևոր սկզբունք. որևէ երկրի հետ մեր համագործակցությունը չի կարող վնասել մեր մյուս գործընկեր երկրի հետ ձեռք բերած պայմանավորվածությանը: Այսինքն, մեր նոր պարտավորությունները երբեք չպետք է գան ու հակասեն արդեն իսկ ստանձնած պարտավորություններին ու հանձնառություններին:

Ասեմ ավելին, որ Հայաստանի նման քաղաքականությունը ստեղծում է նպաստավոր քաղաքական հարթակ մեկմեկու հետ ոչ փայլուն հարաբերություններ ունեցող երկրների համագործակցության համար:

Դառնալով նախագահ Սերժ Սարգսյանի Չինաստան կատարած այցին ու դրա արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին, ես այն համարում եմ մեր պետության արտաքին քաղաքականության հերթական հզոր դրսևորումը, որը կկանխորոշի և’ քաղաքական, և ոչ քաղաքական` ռազմական, տնտեսության ոլորտների զարգացումը` տևական ժամանակաշրջանի համար:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Իրան, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Տնտեսություն, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն