Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Չեն բանակցում, բայց «ուզում են լուծել»

Հունվար 26, 2011թ. 10:30

11Առհասարակ ինչո՞ւ են միջնորդները հանդիպումներ կազմակերպում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, եթե պաշտոնական Բաքուն ԼՂ խնդիրը փոխզիջումների միջոցով լուծելու իրական ցանկություն չունի: Իսկ որ դա այդպես է, երեւի ոչ ոք արդեն չի կասկածում:

Արտգործնախարարների մոսկովյան հանդիպման նախօրեին Էլմար Մամեդյարովը կրկին հնչեցրեց իր երկրի տեսակետը: Այն է` «ոչ ոք չի կարող ուժով փոխել Ադրբեջանի սահմանները, մենք պատրաստ ենք բանակցել ԼՂ-ին ինքնավարություն շնորհելու հարցով, ինքնավարությունը միջազգային իրավունքի ասպեկտներից մեկն է, որ ենթադրում է համապատասխան ընթացակարգ»:

Պետք է ցավել, որ հայ փորձագիտական եւ լրագրողական հանրությունը դարձյալ ընտրեց «դե շիփ- շիտակ գնա հիմի» տարբերակը: Մինչդեռ, թվում է, պատասխանը հարկ էր ձեւակերպել «ժանրին» համապատասխան ոճով:

Սկսենք վերջից: Ի՞նչ «համապատասխան ընթացակարգի» մասին է ակնարկում Մամեդյարովը: Ղարաբաղյան կարգավորման հայեցակարգում այդ մասին ասված է` «իրավական ուժ ունեցող կամարտահայտություն», բայց դա Ադրբեջանի «սահմանների անձեռնմխելիությամբ» կաշկանդված չէ: Եվ անտրամաբանական էլ կլիներ, եթե միջնորդներն առաջարկեին, որ «իրավական ուժ ունեցող կամարտահայտություն» պիտի լինի, որպեսզի «Լեռնային Ղարաբաղը վերադառնա Ադրբեջանի ենթակայության տակ»:

Երկրորդ, միջազգային իրավունքը «ինքնավարություն» հասկացություն չի ճանաչում: Ոչ որպես սկզբունք, ոչ էլ` ասպեկտ: Միջազգային իրավունքը գիտի ինքնորոշում, որը ենթադրում է եւ անջատում, եւ ներքին ինքնակառավարման ձեռքբերում: Բայց ամեն դեպքում դրա իրացման սուբյեկտ է ճանաչվում ինքնորոշվող ժողովուրդը, էթնիկ հանրությունը:

Երրորդ, ո՞ւմ հետ է պատրաստ բանակցել Ադրբեջանը «ԼՂ-ին ինքնավարություն շնորհելու հարցով»: Հայաստանի՞: Բայց մի՞թե զուտ իրավական առումով դա Հայաստանի խնդիրն է` ի՞նչ կարգավիճակ «կունենա Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում»: Կամ` կունենա՞ առհասարակ, թե՞ ոչ: Իսկ եթե Մամեդյարովը նկատի ունի, որ Ադրբեջանը պատրաստ է ԼՂ ներկայացուցիչների հետ քննարկել «ապագա ինքնավարության հետ կապված հարցերի համալիրը», ապա այդ դեպքում ինչո՞ւ է Մոսկվա մեկնում` հանդիպելու Հայաստանի արտգործնախարարին: Չէ՞ր կարող Մամեդյարովը դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին եւ առաջարկել, որպեսզի բանակցությունների ձեւաչափը ենթարկվի փոփոխության, քննարկումները տեղափոխվեն Ստեփանակերտ- Բաքու երկխոսության հարթություն:

Չորրորդ, Ադրբեջանը միապետությո՞ւն է, թե՞ ժողովրդավարական հանրապետություն: Մամեդյարովը կասի` «մենք ժողովրդավարական հանրապետություն ենք»,- քանի որ այդպես է գրված իր երկրի հիմնական օրենքում: Այդ դեպքում ծագում է տրամաբանական հարց. «Իսկ ինչպե՞ս է Իլհամ Ալիեւը պատրաստվում «ինքնավարություն շնորհել ԼՂ-ին», երբ իր երկրի սահմանադրությունը, որի երաշխավորն է ինքը, նման` «Ադրբեջանական հանրապետության Լեռնային Ղարաբաղի ռեգիոն», ինչպես իրենք են ասում, կազմավորում չի ճանաչում»:

ԵԱՀԿ ՄԽ նախորդ առաջարկություններում, որոնք ենթադրում էին ԼՂ կամ ինքնավարություն կամ ընդհանուր պետություն «Ադրբեջանի սահմաններում», խոսք կար այն մասին, որ կողմերի միջեւ ձեռք բերված համաձայնությունը հետագայում պետք է «ինկորպորացվի Ադրբեջանի սահմանադրության մեջ»: Բայց դա նախ անցած փուլ է, ապա եւ` կարգավորման մեթոդաբանությունն այնպիսին էր, որ ենթադրում էր ԼՂ ապագա կարգավիճակի ճշտորոշում բանակցող կողմերի միջեւ համաձայնությամբ:

Ներկայում դրա փոխարեն առաջարկվում է «իրավական ուժ ունեցող կամարտահայտություն», որն էլ հենց ԼՂ վերջնական կարգավիճակի որոշման ընթացակարգն է: Այնպես որ` Մամեդյարովը չի կարող «նոր ընթացակարգ» հնարել: Մանավանդ, կրկնենք, Ադրբեջանի սահմանադրությունը նման նորմ չունի: Ինքնորոշման իրավունքն, այսպիսով, Ադրբեջանի սահմանադրությամբ իրացնել անհնար է, քանի որ սահմանադրությամբ Ադրբեջանը «ունիտար երկիր է»:

Եթե Մամեդյարովին թվում է, թե իրենց առաջարկությունները ձեւակերպելիս միջնորդներն այդ հանգամանքը հաշվի չեն առել, ապա նա խորապես սխալվում է: Այլ բան, եթե Ադրբեջանը ժամանակին խելամիտ գտնվեր, չվերացներ ԼՂ ինքնավար կարգավիճակը կամ սահմանադրություն ընդունելիս այն գոնե ֆորմալ առումով վերականգներ: Այդ դեպքում միջնորդներն անպայման հղում կանեին «Ադրբեջանի բարի կամքին» եւ կառաջարկեին «ընդհանուրից գնալ դեպի մասնավորը»: Այսիքն` «հստակեցնել ինքնակառավարման պարամետրերը, կենտրոն- ինքնավարություն հարաբերությունները»:

Բայց Ադրբեջանն ինքն է կամավոր փակել խնդրի կարգավորման այդ ճանապարհը, երբ սահմանադրությամբ չի ճանաչել ինքնորոշման իրավունքը, ինչն էլ միջնորդներին թույլ է տվել, հենվելով միջազգային իրավունքի վրա, առաջարկել, որպեսզի ինքնորոշման իրավունքի սկզբունքը դիտվի որպես ԼՂ կարգավիճակի ճշգրտման, այսինքն` Ղարաբաղյան կարգավորման հիմք:

Բաքուն, մինչդեռ, խնդիրն այնքան է հասարակացնում, որ կարգավորման սկզբունքների եւ տարրերի սոսկան թվարկումը փորձում է ներկայացնել որպես «առաջարկվող ճանապարհային քարտեզ», ինչին միջնորդ երկրներն Աստանայում հակադարձեցին` վերստին հաստատելով, որ դրանք մեկ ամբողջություն են եւ որեւէ մեկին նախապատվություն տալն ապակառուցողականություն է:

Ամբողջության մեջ խնդիրն, այսպիսով, հանգում է հետեւյալին` պատրա՞ստ է Ադրբեջանը հարգել ինքնորոշման իրավունքը, թե՞ ոչ: Պատասխանը բացասական է: Հակառակ դեպքում Բաքուն կձգտեր բանակցությունների միջոցով հաղթահարել տարաձայնությունները: Նա այսօր միայն պահանջում է «լուծել խնդիրը» եւ ընդառաջ քայլ չի անում: Ո՛չ միջնորդների, ո՛չ Հայաստանի, ո՛չ, առավելս եւս` Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ:

Ադրբեջանի պետական նպատակաուղղվածությունը խնդրի դիվանագիտական լուծումը չէ: Բաքուն ձգտում է առավելագույն վնաս պատճառել Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին, հայ ժողովրդին` առհասարակ: Այս իրողությունն է, որ, ցավոք, միջազգային հանրությունը կամ լիովին չի գիտակցում, կամ չի կարեւորում: Մինչդեռ ժամանակն անցնում է, եւ ավելի ու ավելի է առարկայանում ճակատագրական արկածախնդրության հավանականությունը: Այն կանխելու կամ ըստ հարկի հակադարձելու պարտավորվածություն միայն Հայաստանը, ԼՂ-ն եւ հայ ժողովուրդը չէ, որ ունեն: Դա ամենից առաջ միջազգային հանրությանը նետած մարտահրավեր է:

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , , ,

Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն