Գլխավոր » Հոգևոր

Ոչ թե փոխզիջում, այլ համակարգված պայքար

Օգոստոս 10, 2009թ. 15:49

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Վարչապետի հայտարարությունը ոգևորում է աղանդավորներին

Թիկունքում ունենալով Արևմուտքի հովանավորությունն ու պաշտպանությունը, իբրև վահան ծառայեցնելով խղճի ազատության սկզբունքը` աղանդները ժողովրդավարացման պիտակի տակ միայն մեկ նպատակ են իրագործում` իրենց քայքայիչ գործունեությամբ հարվածել ազգային եկեղեցիներին: Այսօր Հայ առաքելական եկեղեցին ևս հայտնվել է աղանդավորական ոտնձգությունների` հոգևորսության արշավանքի ու թշնամական քարոզչության դեմհանդիման: Իսկ արտաքին մարտահրավերներին հնարավոր է դիմակայել միայն ներքին բավարար ռեսուրսների առկայության պարագայում: Բայց արդյո՞ք մենք լիարժեքորեն օգտագործում ենք մեր ներուժը, արդյո՞ք պետությունն իրականացնում է անհրաժեշտ քայլեր` աղանդավորական սպառնալիքից մեր երկիրը զերծ պահելու համար:

***

Անցած ամռանը հայ ուսանողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսելով Հայաստան ներխուժած աղանդավորական կառույցների մասին` անակնկալ հայտարարություն էր արել, թե նպատակային չի համարում նրանց դեմ պայքարը, փոխարենը նախընտրում է լռելն ու նրանց ծավալած գործունեությանը չարձագանքելը: Այսինքն կրոնական քողի տակ մեր երկիր թափանցած օտար կառույցների աղետալի ներգործության մասին բարձրաձայնելու փոխարեն հայրենի Կառավարությունը նախընտրում է ջայլամի քաղաքականություն որդեգրել` ոչինչ չենք տեսնում, ոչինչ չենք խոսում: Վարչապետն իր խոսքը եզրափակել էր նույնքան տարօրինակ մեկնաբանությամբ` թե դրանց դեմ պայքարը կարող է դեռ մի բան էլ նպաստել համակիրների թվի աճին և առավել ամրապնդել նրանց շարքերը: Երկրի վարչապետի նման դատողությունները ոչ միայն զարմացնող, այլև անհանգստացնող են: Այդպիսի կեցվածքը` այն էլ պետության հիմքերը խարխլող կառույցների հանդեպ, նախևառաջ ի ցույց է դնում Կառավարության անզորությունը: Այն առավել անհանգստացնող է դառնում Հայաստանում օրեցօր աճող աղանդավորական կառույցների համապատկերին. նրանց թիվն այսօր անցնում է հինգ տասնյակից, իսկ հետևորդների թիվը հատում 100000-ը` ռեկորդային ցուցանիշ փոքրիկ Հայաստանի համար: Գրեթե անգործության է մատնված Կառավարությանն առընթեր կրոնի վարչությունը: Ի դեպ վարչության նախկին ղեկավարը տարիներ շարունակ շատ ավելի նպաստեց օտարածին կառույցների բուռն գործունեության ծավալմանը, քան լծվեց երկրի դեմ իրականացվող աղանդավորական գրոհը զսպելու գործին: Իսկ ի՞նչ է արվում այսօր. վարչությունն ամբողջությամբ զրկված է իր կարևորագույն գործառույթն իրականացնելու իրավունքից, այն է` փորձագիտական ուսումնասիրության ենթարկել կրոնական անվան տակ Հայաստան մուտք գործող կառույցների փաստաթղթերը: Կարճ ասած` ի կատար է ածվում վարչապետի քաղաքականությունը` ՉՊԱՅՔԱՐԵԼ:

***

Աղանդների հանդեպ հանդուրժողական քաղաքականության հետևանքները չուշացան: Որպեսզի մեր խոսքերը մերկապարանոց չհնչեն` բերենք ստույգ փաստեր: Անցած ամռան ընթացքում աղանդավորական տարբեր կառույցներ մեկը մյուսի հետևից երկրով մեկ հայտարարեցին կոնֆերանսների ու հավաքների անցկացման մասին: Կրկնապատկվել է «կրոնական» գրքերի տպագրական ծավալը, ավելացել աղանդավորական գրախանութների թիվը, ողջ թափով գործում են ինտերնետային սեփական կայքերը: «Կյանքի խոսք» կոչվող աղանդին կից գործում է «7×70» կոչվող սեփական հեռուստաստուդիան: Պարզեցինք, որ վերջինս միաժամանակ ТБН Россия արբանյակային հեռուստաալիքի և ԱՄՆ-ում սփռվող ITN կաբելային հեռուստակայանի միջոցով հեռարձակում է իր հաղորդումները: Այս ամենը փաստում է նրանց ֆինանսական հզորության մասին, ֆինանսներ, որոնք ամբողջությամբ ծառայեցվում են ծրագրված քարոզչությանը: Վարչապետի հայտարարությունից ամիսներ անց` հոկտեմբերի 24ին, աղանդավորական երեք կառույցներ («Կյանքի խոսք», «Միաբանություն» «Քրիստոնեական ավետարանչական հավատի եկեղեցի` Վանաձոր քաղաքի») հայտարարեցին իրենց միավորման մասին, որին հետևեց փոխգործակցության հիմնադիր համաժողովը: Իսկ միավորման նպատակը հետևյալն էր. «Մեր ուժերը միավորում ենք կրոնական ոլորտին վերաբերող խտրական օրինագծերի ընդունումը կասեցնելու և մեր առաջ հարուցված դժվարությունները հաղթահարելու համար»: Սա, իհարկե, երկրի վրա մատ թափ տալու պես բան է: Տեղեկացված լինելով, որ Աժ-ն պատրաստվում է որոշակի փոփոխություններ մտցնել Կրոնի մասին օրենքում` աղանդավորներն արդեն սկսել են «դիրքավորվել»: ՀՀ կրթության նախարարությունում տեղյա՞կ են արդյոք, թե «Կյանքի խոսք» կոչվող աղանդը Հայաստանում կրթական ինչ ծրագրեր է իրականացնում: Այն ունի սեփական կրթօջախը, ուր հազարից ավելի հայ երեխաներ են ուսանում, գործում են ավագ, եռամսյա ու աստվածաշնչյան դպրոցները: Փաստորեն մեր երկիր ներթափանցած կասկածելի գաղափարախոսության կրողներն այսօր անկաշկանդ զբաղված են հայ երիտասարդների «դաստիարակության» և «ուսուցման» խնդիրներով: Տեղեկացանք, որ նրանք փորձում են հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով և որպես առաջին քայլ նախապատրաստվում են Հայաստանում իրենց գրանցման օրը` սեպտեմբերի 15-ը, հայտարարել «Ընտանիքի օր» և խորհրդարանին պարտադրել ընդունել այդ առաջարկը: Նոյեմբերի 1-ին Մոսկվայում կայացավ այս երեք միավորված աղանդավորական կառույցների հավաքը, որը հռչակվեց որպես համահայկական 1-ին կոնգրես: Ուշագրավն այն է, որ կոնգրես կոչվածը ներկայացվեց իբրև հայ ժողովրդի միավորման «լավագույն միջոց»: Այսինքն օտարածին, ապազգային գաղափարներ կրող անձինք փորձում են «համախմբե՞լ» հայությանը: Իսկ նպատակն այնքան թափանցիկ է` կրոնի անվան տակ հանդես գալը լավագույն միջոցն է այդ ներուժն օգտագործելու և այն ցանկալի հունով ուղղորդելու համար…

«Կյանքի խոսքի» ղեկավարներն սկսել են իրենց իրավունք վերապահել և Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալ տարբեր հայտարարություններով` այդ թվում արտաքին քաղաքականությանն առնչվող: Ներկայանալով որպես Հայաստանի կրոնական ներկայացուցիչներ` հանդիպումներ են կազմակերպում Վատիկանի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչների հետ, նախաձեռնում կասկածելի այցելություններ Ստամբուլ, Միացյալ Նահանգներում անցկացնում են տարաբնույթ ժողովներ: Չնայած ասում են, թե քաղաքականությամբ չեն զբաղվում` իրական քայլերը ճիշտ հակառակն են հուշում: Ի՞նչ անուն տալ այն «կրոնական» քարոզչությանը, երբ հավատացյալ բազմությանը կոչ է արվում չհնազանդվել երկրի օրենքներին, մերժել դրանք` «պետությունը ձեզ ոչինչ չի կարող տալ» մեկնաբանությամբ: Մորմոնների հավաքի ժամանակ Արևմուտքից ժամանած մի երեց ահա թե ինչ էր հրահանգում դահլիճին. «Ամեն տեղ դուք վտանգված եք, ձեր կառավարությունը ձեզ չի օգնում, դուք անպաշտպան եք նույնիսկ փողոցում, ուր կարող եք վթարի ենթարկվել: Դրա համար մտեք ձեր տները, փակեք դռները, դուրս մի եկեք, և Սմիթը ձեզ ցույց կտա փրկության ճամփան»: Սա այլ բան չէ, քան հայ մարդուն անգործության մղելու, հասարակական կյանքից հեռացնելու քարոզչություն: Հետևությունը մեկն է` մեր ազգի և պետության կենսական շահերը պահանջում են հոգևոր անվտանգության տարաբնույթ խնդիրները լուծել ոչ թե փոխզիջմամբ, այլ Պետության, Եկեղեցու և Հասարակության ողջ ներուժի համախմբման, պետական-քաղաքական համակարգված գործունեության ճանապարհով:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`