Գլխավոր » Society, TOP, Առողջապահություն, Լրահոս, Հասարակություն

Վախենա՞լ, թե ոչ խոզի գրիպից

Հունվար 12, 2016թ. 21:37
խոզի գրիպ

Օրեր առաջ Երևանի Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում գրանցվեց խոզի գրիպից մահացության հերթական դեպքը: Մահացած տղամարդը Ջավախքից էր, բնակվում էր Ռուսաստանում: Հենց այնտեղ էլ վարակվել էր և այդ վիճակով ժամանել Հայաստան: Այստեղ դիմել էր Գյումրու բժշկական կենտրոն, հետո երբ վիճակը ծայրահեղ վատացել էր, հարազատները նրան տեղափոխել էին Երևան՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ: Բժիշկների հավաստմաբ՝ վարակն արդեն անդառնալի հետևանքներ էր թողել նրա օրգանիզմում, ինչի պատճառով էլ հիվանդին հնարավոր չեղավ փրկել: Այսօր էլ առողջապահության նախարարությունը տեղեկացրեց, որ նորից երկու հոգի են մահացել նույն խոզի գրիպի վարակից՝ մեկ կին և երեխա:
Հիշեցնեք, որ սա 2015-2016թթ. ընթացքում գրիպի H1N1 տեսակի բարդացումից արդեն ութ հոգի է մահացել՝ պաշտոնական տվյալներով, իսկ այս տարվա ընթացքում հինգ հոգի: Գրիպի ահանգնացող տեսակի հետևանքով մահացության մասին լուրերը հատկապես արդիական դարձան 20-ամյա հղի կնոջ մահից հետո: Գրիպի այդ տեսակը մեզանում մոլեգնեց նախորդ տարեվերջին՝ դեկտեմբեր ամսին, և օրեցող նորանոր հիվանդների է ախտահարում` դառնալով նաև նրանցից ոմանց մահվան պատճառը:

Այսօրվա դրությամբ առողջապահության նախարարության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանում խոզի գրիպով ծանր և թեթև վարակի 170 դեպք է գրանցվել, մինչդեռ ընդհանրապես սուր շնչառական վարակների թիվն անցել է 855-ը, սակայն այդ հիվանդներից միայն 99-ն է պառկած վերակենդանացման բաժանմունքներում: Սուր շնչառական հիվանդությունների մեջ նախարարությունը ներառում է նաև թոքաբորբը` նշելով, որ 855 հիվանդից միայն 331-ը թոքաբորբ են, որը ոչ թե գրիպի բարդացման հետևանք է, այլ որպես առանձին հիվանդություն է ի հայտ եկել հիվանդի օրգանիզմում: Ի դեպ, վարակակիրների, այդ թվում թոքաբորբով հիվանդների գերակշիռ մասը 0-18 տարեկան երեխաներ են: Առողջապահության նախարարության հրապարակած տվյալներով` սուր շնչառական վարակներով ախտահաված երեխաների թիվը հասնում է 672-ի: Նրանցից մոտ 200-ը տառապում են թոքաբորբով: Սակայն ՍՇՎ-ների համար խոցելի թիրախ են նաև հղի կանայք: Այսօրվա դրությամբ գրիպով և թոքաբորբով հիվանդ հղիների թիվը գերազանցում է 100-ը:

Բայց հասարակությանն այսօր ավելի շատ անհանգստացնում են ոչ այնքան մնացած սուր վարակիչ հիվանդություններն ու թոքաբորբները, որքան խոզի գրիպ անունը ստացած վարակը, քանի որ հենց այն արդեն հասցրել է ութ մադու կյանք խլել` ընդամենը 15-20 օրվա ընթացքում: Ճիշտ է, առողջապահության նախարարության աշխատակիցները հավաստիացնում են, որ մահացության դեպքերը սուր քրոնիկական հիվանդությունների առկայության և հիվանդության վերջին փուլերում բժշկին դիմելու հետևանք են և որ լիովին առողջ մարդուն այդ վարակը չի կարող զրկել կյանքից, այդուհանդերձ մարդկանց մեջ խուճապ կա, որ գրիպի այդ տեսակը խիստ վտանգավոր է ինչպես քրոնիկ հիվանդություններով տառապող, այնպես էլ լիովին առողջների համար, և ժամանակին ու ճիշտ բուժում չստանալու դեպքում այն կարող է մահացու ելքով ավարտվել:
Այդուհանդերձ ԱՆ աշխատակիցերը հակառակն են պնդում` նշելով, որ միայն հազվադեպ դեպքերում է խոզի գրիպը մահվան պատճառ դառնում այն էլ խոցելի խմբում գտնվողների համար: Նրանք են սուր քրոնիկական հիվանդություներով տառապողները, հղիները, երեխաները, ում իմունային համակարգը դեռ չի հասցրել ամրանալ և կայունանալ, տարեցները: Հենց այդ մարդկանց շրջանում էլ գրանցվել են մահացության դեպքերը: Իսկ առողջ կամ առողջական լուրջ խնդիրներ չունեցող, ամուր իմունային համակարգ ունեցող մարդկանց համար գրիպի այդ տեսակը սպառնալիք չի ներկայանում: ԱՆ աշխատակիցների տվյալներով շատ վարակվածներ անգամ տնային պայմաններում են առողջանում, առանց դեղորայքային բուժման: <<Առկա իրավիճակն այնքան էլ անհանգստացնող չէ և վերահսկելի է: Սա ընդամենը սեզոնային գրիպի սրացում է, որի հետ մենք ամեն տարի բախվում ենք` հակապես ցուրտ ձմեռային սեզոններին: Իսկ խոզի գրիպ կոչվածն ընդամենը գրիպի տարատեսակ է, որն ընթանում է նույն ախտանշաններով, ինչը հատուկ է գրիպ հիվանդությանը և ենթակա է նույն բուժման: Պարզապես այս դեպքում հիվանդությունը շատ արագ է զարգանում և եթե այն սուր դրսևորում ունի, պետք է բուժումը նույնպես վաղ փուլում կատարվի` հետագա բարդություններից խուսափելու համար: Գրիպի մյուս տարատեսակներն էլ նույնքան վտանգավոր են խոցելի խմբում գտնվող մարդկանց համար, այնպես որ խոզի գրիպը դրանցից առանձնացնել պետք չէ և նույն լրջությամբ պետք է վերաբերվել գրիպի բոլոր տեսակի շտամերին ու տարատեսակներին>>՚,- ասում է ԱՆ փոխնախարար ՎԱՀԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ:
Այդուհանդերձ, փաստ է, որ բոլոր մահացածները վարակված են եղել ոչ թե այլ տեսակի գրիպով կամ հիվանդ են եղել թոքաբորբով, այլ հենց H1N1-ով: Իսկ դա նշանակում է, որ գրիպի այդտեսակի տարածումն իրոք անհանգստացնող է, որքան էլ փոխնախարարը փորձի նվազ ներկայացնել դրա ռիսկայնությունը:

Փոխնախարարը նաև տեղեկացնում է, որ հանրապետությունում այսօրվա դրությամբ սուր շնչառական վարակների 14 ծայրահեղ ծանր դեպքեր կան, որոնցից ութն են H1N1-ի վարակակիր: Դրանք հիմնականում մեծահասակներ են: Մյուս հիվանդները կամ ծանր թոքաբորբ են կամ էլ այլ տեսակի գրիպների բարդության հետևանքով հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում: Նրանք այժմ միացված են արհեստական շնչառության սարքավորումներին: Հանրապետության գլխավոր վարակաբան ԱՐԱ ԱՍՈՅԱՆԻ ներկայացմամբ՝ այդ հիվանդների վիճակը հնարավոր է եղել կայունացնել, սակայն դեռևս դրական փոփոխություններ չեն նկատվում: Ըստ նրա՝ ծանր հիվանդներից մեկն էլ ծննդկան է: Երեխան լիովին առողջ է ծնվել, բայց մայրը դեռ չի հաղթահարել հիվանդությունը:

Ի դեպ, Հայաստանի գլխավոր վարակաբանը խոզի գրիպի տարածվածության այլ փաստեր է ներկայացնում: Նա վստահեցնում է, որ բնակչության մեջ տարածված սուր շնչառական հիվանդությունների գրեթե 80 տոկոսը հենց H1N1 տեսակն է, ինչը ստիպում է ավելի լրջորեն վերաբերվել խնդրին. <<Անգամ լաբորատոր հետազոտությունների անհրաժեշտություն չկա գրիպի այդ տեսակի առկայությունը հաստատելու համար, ախտանշաններից դատելով՝ դա արդեն ակնհայտ է դառնում: Միայն թե ոմանք շատ ավելի թեթև են տանում հիվանդությունը, ոմանք ծանր: Մենք սովոր ենք հենց ծանր դեպքերը վերագրել խոզի գրիպին, բայց դա այդպես չէ: Այսօրվա դրությամբ այդ վարակով ավելի քան 300 երեխա է հիվանդանոցներում բուժում ստանում: Մոտ 120 վարակված հղիների համար ծննդատներում մեկական վարակաբանի ենք նշանակել, որպեսզի վերահսկեն նրանց վիճակը և ճիշտ բուժում նշանակեն>>:

Այդուհանդերձ Արա Ասոյանը համաձայն է առողջապահության նախարարության պաշտոնական դիրքորոշման հետ, որ առկա վիճակագրական տվյալները և իրավիճակը դեռևս չեն խոսում երկրում համաճարակի առկայության մասին: Ուստի հորդորում է խուճապի չմատնվել և պահպանել բնականոն կյանքի ընթացքը՝ միայն թե խստորեն պահպանելով հիգիենայի անհրաժեշտ կանոններն ու հիվանդության կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելով: Իսկ անգամ գրիպի թեթևակի նախանշաններ լինելու դեպքում բժիշկը հորդորում է անհապաղ դիմել կամ առաջնային բուժօգնության հաստատություն` պոլիկլինիկա կամ հիվանդանոց և լրջորեն հետազոտվել:

Չնայած համաճարակի բացառմանը՝ առողջապահության նախարարությունը մտավախություն ունի, որ գրիպի բռնկումը կարող է դուրս գալ վերահսկողությունից, ուստի անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում` մարդկանց ոչ միայն իրազեկելով հիվանդության դեպքում բժշկի դիմելու և անհրաժեշտ բուժօգնություն ստանալու համար, այլև միջոցներ է ձեռնարկել հանրապետության դպրոցների և մանկապարտեզների աշխատանքը մինչև հունվարի 19-ը հետաձգելու համար: Նախարարությունը համոզված է, որ այդ ընթացքում վտանգավոր վիրուսը կնահանջի և դրա տարածվելու հավանականությունը նույնպես կնվազի:
Ան փոխնախարար Վահան Պողոսյանը նշում է, որ այս պահի դրութամբ հանրապետությունում շնչառական սուր որևէ վարակի, այդ թվում, խոզի գրիպի, թոքաբորբի համաճարակ չկա, կա միայն այդ հիվանդությունների սեզոնային սրացում: Նախարարության իրականացրած միջոցառումներն ուղղված են առկա վիճակը պահպանելուն և սրացումներն ընկճելուն, ինչի շնորհիվ նաև կկանխվի հնարավոր համաճարակի և բռնկումների առաջացման վտանգը: Ըստ նրա Ան նախարարի հրամանով ու հանձնարարությամբ հիվանդության սրացման օրերին հանրապետության բոլոր բուժհիմնարկները պատրաստ են ընդունել անգամ ամենաթեթև շնչառական հիվանդություն ունեցողներին, հետազոտել նրանց, ախտորոշել և դուրս գրել կամ տնային, իսկ անհրաժեշտության դեպքում հիվանդանոցային բուժում իրականացնել:

Վահան Պողոսյանի հավաստիացմամբ` բոլոր հիվանդանոցներն ու պոլիկլինիկաներն ապահովված են սուր շնչառական հիվանդությունների դեմ պայքարող անհրաժեշտ դեղորայքով: Հիվանդանոցներին է բաժանվել համապատասխան քանակությամբ տամիֆլյու դեղորայքը, որը պետք է դուրս գրվի ամբուլատոր բուժում ստացողների համար: Իսկ ստացիոնար բուժումը անց է կացվում տեղամասային բժշկի վրահսկողութամբ և նրա ցուցումով դեղ նշանակելու դեպքում այն հիվանդին տրվում է պոլիկլինիկայի կողմից` լիովին անվճար: Այսինք, փոխնախարարը վստահեցնում է, որ հանրապետությունում սուր շնչառական հիվանդությունները բուժելու համար անհրաժեշտ դեղի խնդիր չպետք է լինի:

Մինչդեռ, պարզվում է, որ այս օրերին դեղատներից մեծ քանակությամբ հակագրիպային դեղորայք է գնվել, այդ թվում տամիֆլյու, այդ իսկ պատճառով վերջին օրերին այդ դեղի դեֆիցիտ է առաջացել:
Նախարարի տեղակալը ենթադրում է, որ դրա պատճառը` մարդկանց ինքնաբուժմամբ զբաղվելու ոչ գրագետ մոտեցումն է և կամ խուճապի մեջ ընկլնելով այդ դեղը տանն ունենալու անհիմն ցանկությունը. ՙՄարդիկ լսել են, գիտեն, որ գրիպի համար կա համապատասխան դեղորայք` տերաֆլյու, գրիպոֆլյու, նուրոֆեն և այլն և հիվանդության նշանների ի հայտ գալու դեպքոմ փորձում են վարակն այդ դեղերով ընկճել: Սակայն դա գրագետ մոտեցում չէ, քանի որ շատ հավանական է հիվանդությունը ծանր ընթացք ստանա և նշված դեղերը չօգնեն: Իսկ հիվանդն այնդպես միայն ժամանակ կկորցնի ի վնաս իր օրգանիզմի: Մյուս կողմից էլ լուրջ չէ, երբ մարդիկ առանց հիվանդության առկայության ձեռք են բերում տամիֆլյու` վախենալով, որ երբ այն իրենց անհրաժեշ լինի, չեն կարողան դեղատներում գտնել: Խուճապն անհիմն է: Առավել ևս, այդ դեղերը հիվանդանոցներում անվճար տրամադրվում են այն հիվանդներին, որոնց բժիշկն է նշանակում անում: Անպաման չէ խոզի գրիպի առկայության դեպքում այդ դեղն ընդունել, գուցե այն հնարավոր է ավելի թեթև դեղորայքով անցկացնել կամ անգամ առանց հակավիրուսային միջոցների: Ես խորհուրդ եմ տալիս քաղաքացիներին ինքնաբուժմամբ և ինքնանշանակմամբ չզբաղվել, քանի որ դա նույնպես կարող է վտանգավոր լինել առողջության համար, այլ դիմել տեղամասային բժշկին կամ հիվանդանոց՚:

Մյուս կողմից էլ խուճապը հնարավորություն է ընձեռել դեղ ներմուծող որոշ գործարարների գերշահույթներ ստանալ` թանկացնելով հակագրիպային դեղորայքը: Այսպես, դեղատներում տերաֆլյուն, գրիպաֆլյուն և պարացետամոլ պարունակող հակագրիպային ու հակամրսածության դեղերը թանկացել են 100-150 դրամով, իսկ տամիֆլյուն եթե մի քանի տարի առաջ վաճառվում էր ընդամենը 5 հազար դրամով, ապա այսօր այն կարելի է ձեռք բերել 20 հազար դրամով: Ի դեպ, այդ դեղերը Հայաստան են ներմուծում միայն ՙՆատալի ֆարմ՚ և ՙԱլֆա ֆարմ՚ խոշոր ընկերությունները, ուստի չի բացառվում, որ նրանք հանցավոր համաձայնության գալով` անհիմն բարձրացրել են դեղի գինը` իրենց շահույթները մեծացնելու նպատակով: Նման պրակտիկան մեր շուկայի համար խորթ չէ: Այլապես ինչպես է ստացվում, որ այդ նույն դեղը Ռուսաստանում և անգամ համացանցում կարելի է ձեռք բերել 7-8 հազար դրամին համարժեք ռուսական ռուբլով, իսկ Հայաստան հասնելով այն ավելի քան կրկնակի անգամ թանկանում է:
Առողջապահության նախարարությունը, իհակե, փորձում է արդարացնել դեղերի, հատկապես տամիֆլյուի նման թանկացումը` նշելով, թե վերջին տարիներին արտադրողն ինքն է դեղի գինը բարձրացրել: Այդ դեպքում ինչո՞ւ է արտադրողը որշել հենց հայաստանյան շուկայի համար տամիֆլյուի գինը բարձրացնել: Ակնհայտ է, որ նախարարությունը կամ թերանում է իր պարտավորություններում կամ ամպհովանի է դառնում դեղ ներմուծող և այդ շուկայում մոնոպոլ դիրք զբաղեցնող գործարարների համար:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, TOP, Առողջապահություն, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն