Գլխավոր » Analitika, NKR, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Ով է թուրքը, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ

Նոյեմբեր 6, 2015թ. 22:31
Շուշի

«Մայրերի ափերի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը»: Գարեգին Նժդեհ.
«Քո ընկերները գնացել են՝ դո՛ւ էլ պետք է գնաս».-այս խոսքերով է լուսահոգի
Մայրս ինձ ճանապարհել պատերազմի դաշտ:
1989 Թ. ՆՈՅԵՄԲԵՐ

1989-ին «Հայ դատ» կազմակերպությունն իր ռազմականացված ջոկատներով նախաձեռնեց թուրք-ազերիներով շրջապատված Շուշիի շրջանի Բերդաձորի ինքնապաշտպանությունը: 1989-ի հունիսին «Հայ Դատի» կամավորական առաջին ջոկատը ոտքով հասավ Բերդաձոր, այնուհետև սկսվեցին նոր համալրումներ: Մի քանի ամիս անց արդեն հնարավոր եղավ այդ կղզիացված վայր զինված ջոկատներ ուղարկել ուղղաթիռների միջոցով: Նոյեմբերի սկզբներին ուղղաթիռներից մեկն իր անձնակազմով և «կասկածելի» ուղևորներով ձերբակալվեց Բերդաձորում` հենց վայրէջքի պահին: Այդ դեպքերի մասին է մի քիչ ավելի մանրամասն.

…Մեր ուղղաթիռն արդեն հեռանում էր Երևանից: Մտքումս Չարենցի «Դանթեականի» առաջին տողերն էին.
Մենք ճամփա ընկանք առավոտ ծեգին
Կապույտ երկնքի խորությամբ արբած:
Թարմ, թեթև էր մեր ճամփորդի հոգին՝
Ուրախ էինք մենք և մեր սիրտը բաց:

Նման զգացում ունեցել էի մեկ տարի առաջ՝ երկրաշարժից անմիջապես հետո Սպիտակ մեկնելիս, ուր ականատես եղա դժոխային սահմռկեցուցիչ տեսարանների: Այժմ Արցախ էի մեկնում իրական հաղթանակի ծարավից բորբոքված մտապատկերներով, ուր մահն արդեն թվում էր ավելի մոտ՝ ափի մեջ՝ բաց հերոսամարտում:

Երևանից Արցախ գնացող խմբերը, հաճախ էին հանգրվանում իմ հայրական տանը` Եղեգնաձորում: Մայրս գրեթե բոլորին անձամբ ճանաչում էր, զրուցում ու մտերմանում էր յուրաքանչյուրի հետ, մի խոսքով նրանց վերաբերվում էր որպես հարազատ որդու:
Եկավ նաև իմ պատասխանատվությամբ եղեգնաձորցիներից կազմավորված ջոկատի մեկնելու հերթը: Չնայած մեր օջախի մինուճար տղան էի, սակայն ինձ ճանապարհելիս Մայրս չընկճվեց և օրհնեց. «Քո ընկերները գնացել են՝ դո՛ւ էլ պետք է գնաս», և ես, հպարտ էի նրա պահվածքից, չէ՞ որ ապացուցում էր, որ ազգայնական գրող Րաֆֆու ազգակցականուհին է, որի գրքերով էր մեզ դաստիարակել, հպարտ էի նաև իմ առաքելությամբ, վստահ` որ պիտի հետ գամ պատվով:
Ուղղաթիռի սրահում հանպատրաստից բացված սեղանի շուրջ ծանոթանում էինք իրար հետ: Մեր ջոկատից բացի Նոր Հաճընի տղաներն էին՝ Սաշիկ Առաքելյանի և Բաղրամյանի խումբը՝ Մուրադ Կիրակոսյանի հրամանատարությամբ:

Երբ անցնում էինք Գորիսի երկնքով, օդաչուները կապավորից զգուշացում ստացան, որ Բերդաձորում սկսվել է անձնագրային ռեժիմ և, եթե ինչ-որ բան այն չէ, կարող ենք վայրէջք կատարել Գորիսում: Օդաչուներից մեկը դիմեց մեզ, թե. «Տղերք, հո զենք չե՞ք վերցրել հետներդ»:
Մենք մի քանի պարկ կալիումական աղ և սելիտրա էինք տանում՝ տեղում պայթուցիկ պատրաստելու համար: Դրանք պաշտոնապես զինամթերք չէին, և չէինք կարծում, թե ստուգումների ժամանակ վտանգավոր կհամարվեն: Բացի այդ, զենքերի համալրում սպասվում էր այլ եղանակով և, ընդհանրապես, մեր խնդիրը պաշտպանության դիրքերում կանգնածներին փոխարինելն էր, երբ զենքերը մնում էին տեղում՝ փոխանցվելով իրար և, քանի որ բոլորս էլ անձնագրերով էինք, որոշեցինք թռիչքը շարունակել:

Սակայն վայրէջքի պահից դեպքերի զարգացումն անկանխատեսելի ուղղություն ստացավ:
Չէինք հասցրել կարգին հպվել Արցախի հողին, երբ կարծես գետնի տակից ծլեցին ռուս զինվորները՝ շների ե թուրք ոստիկանների հետ: Լուսաբացից առաջ գյուղում արդեն խուզարկություններ էին սկսել: Ուղղաթիռից իջեցվեց ամբողջ բեռն ու մանրազնին, բայց յուրովի ուսումնասիրվեց: Ալյուրի և շաքարավազի պարկերը զինվորներն իրենց դանակներով անխնա կտրտեցին և ամբողջ պարունակությունը թափեցին գետնին: Երբ, ի զարմանս մեզ պարկերից մեկում որսորդական հրացան հայտնաբերեցին, Բաքվից ժամանած բարձրաստիճան պաշտոնյան, ոստիկանության մի հաստլիկ գնդապետ, խոր գոհունակությամբ, բայց ցուցադրական դժգոհությամբ մեզ նախատեց թուրքական ռուսերենով.
– Էդ ի՞՛նչ արիք, Է՜, թղաներ, ձեզանից նեղացած եմ: Արդեն թելեվիզորով ասել եմ, որ ամեն ինչ լավ Է, ավթոբուսներ են գնում Բերդաձոր, իհարկե «փեթերներով», իսկ թո՞ւք Էթ ի՞նչ արիք, Է՜:
Մենք, նրա ակցենտը նմանակելով, պատասխանեցինք.

– Է, ինչ ենք արե՞ որ, եքել ենք աշխատելու, իհարկե ոչ թե «փեթերներով», այլ «վերթալյոթով», գազ քաշողներ ենք:
– Ի՞նչ գազ քաշող, ֆիթայի՛ եք, ֆիթայի՛:
– Գազ քաշո՛ղ ենք, գազ քաշո՛ղ,– շարունակեցինք տնազել նրան:

Մեր բերած ամբողջ ապրանքը բռնագրավվեց:
Առավել զավեշտականը գույքագրումն էր, որ կատարվում էր մոտավորապես այսպես. թուրք պաշտոնյան նայում էր ու թելադրում գրագրին.
– 3 արկղ օղի, գրիր՝ ալկագոլիկներ են,– ապա, բժշկական առաջին օգնության տուփերը շուռ տալով, շարունակում,– 50 հատ սրսկիչ, գրիր՝ նարկոմաններ են:

Նրանք գտան նաե եռագույն դրոշ ու գրեցին. «1 դաշնակցական դրոշ»:
Իմ թղթապանակում, որը վերցրել էի էլ.ցանցի հեռախոսային հանգույցից և վերնագրված էր. “Инструкция АТС ЭС и ПС”, մաքուր թղթեր էին դրված, որ ազատ ժամանակ տղաներին նկարեի: «Կայծակնայինե վերծանեցին «ծածկագիրը» և գրեցին. «1 հրահանգ՝ ինչպես ոչնչացնել Ադրբեջանական ՍՍՀ տանկերը»:

Առանձնացրին նաև «Կալիումական աղ-պարարտանյութ» մակագրությամբ պարկը, գրեցին. «3 պարկ պայթուցիկ նյութ»: Թելադրվեց եզրակացությունը. «Դաշնակցական տեռորիստներ են»:
Այս ամենի կողքին դրեցին հայտնաբերված հրացանն ու օդաչուների ատրճանակները և լուսանկարեցին որպես իրեղեն ապացույց:

..Մեզ բաժանեցին 4 խմբի, տեղավորեցին ռազմական բեռնատարների թափքերին, ուր առաջին շարքերում նստեցին ռուս դեսանտայինները, և շարժվեցինք: Նրանցից մեկը, որ մինչ այդ Ռեմբոյի պես ազդեցիկ էր, հանեց սաղավարտը, երեսից սրբեց սև շերտաներկը, և մեզ ժպտաց մի մանկահասակ դեմքով շիկահեր լեյտենանտ: Ձեռքը դնելով իր աջ ուսադիրին՝ նա ասաց.
– Տղերք, այս օպերացիայից հետո մի աստղ կավելացնեն: Մի՛ չարացեք, մե՛նք ձեզ բռնել ենք, մե՛նք էլ կպաշտպանենք:

Մի քանի ժամից հասանք Շուշիում տեղակայված ռուսական զորամասը, ուր մեզ պահեցին մինչև մութն ընկնելը: Հետո կարծես մեր մասին մոռացան, իսկ մենք անհանգստանում էինք՝ տեսնելով, թե ինչպես են թուրքերը կույտ-կույտ հավաքվում զորամասի շուրջը: Մի մասը տաք-տաք վիճում էր զինվորականների հետ, իսկ դպրոցահասակ երեխաներն ավելի համարձակ էին. խմբերով մոտենում էին մեր մեքենաներին, մանր քարեր նետում, հայհոյում:

Դա արդեն սկսեց դուր չգալ նաև մեր պահապան զինվորներին, և նրանք գոռացին. «Կորե՛ք, թուլաներ»: Ապարդյուն: Թուլաներն» ավելի լկտիացան: «Կորե՛ք, կկրակենք»,– ասացին զինվորներն ու «ավտոմատ»-ինքնաձիգները պահեցին նրանց վրա: Դա էլ օգուտ չտվեց: «Ախ, ուրեմն այդպե՞ս,– ասաց զինվորներից մեկը– հիմա ձեր վրա սրա՛նց բաց կթողնենք».- ապա շրջվելով դեպի մեզ, կարգադրեց. «Կանգնե՛լ»: Մենք միանգամից ոտքի ելանք, որ նաև տեսնենք՝ ինչ է կատարվում ներքևում: Իսկ թուրք «լամուկները» չորս ոտք առած փախան:

Ռուս զինվորները ծիծաղեցին դիմելով մեզ. «Դե հիմա հասկացա՞ք, թե դուք ովքեր եք նրանց համար, տեսա՞ք՝ ինչպես են ձեզանից սարսափում»: Մենք գերու կարգավիճակում էինք, բնականաբար՝ մի քիչ ընկճված, և այս միջադեպը կարծես վերականգնեց մեր ինքնավստահությունը…

Զինվորական ղեկավարությունը մեր մասին հիշեց միայն կեսգիշերին մոտ, և մեքենաները շարժվեցին Շուշիի բերդի ուղղությամբ: Երբ տեղ հասանք, թվաց, թե քաղաքի ամբողջ բնակչությունն այնտեղ Էր: Երևում Էր՝ հավաքվածների հետաքրքրությունն ու «սերը» մեր հանդեպ մեծ Էր, քանի որ ձեռք-ձեռքի տված և շղթա կազմած զինվորները մի կերպ Էին դիմադրում մեզ դիմավորելու եկած ամբոխին:
Գազազած թուրք զանգվածը, վայրենի ձայներով վանկարկելով, իշխանություններից պահանջում Էր իրենց դատաստանին հանձնել այդ «սրիկա-ֆիդայիներին»:

Այո՛, մեր պահապաններն արդեն ռուս զինվորներն Էին: Նրանք մեքենայի թափքից յուրաքանչյուրիս իջեցրին առանձին-առանձին: Այդ պահին թուրք-ամբոխի ոռնոցը կտրուկ ուժեղանում Էր, միաժամանակ կարճատև բացվում Էր բանտի մեծ դարպասը, մեզ արագ անց Էին կացնում ներս, ու դարպասն անմիջապես փակվում Էր: Ոռնոցը փոքր-ինչ մեղմանում Էր, և այդպես՝ մոտ 30 անգամ:
Հայաստանում լսել էինք ադրբեջանական բանտերում հայերի հանդեպ կատարվող ահավոր խոշտանգումների ու կտտանքների մասին և ահա, ճակատագրի բերումով, հայտնվել Էինք նրանցից մեկում՝ Շուշիի նշանավոր բերդում: Այդպես Էր ավարտվում մեզ համար 1989 թ. նոյեմբերի 5-ի լարված օրը: Ի՞նչ Էր բերելու մեզ վաղը, անհայտ Էր…

ՇՈՒՇԻԻ ԲԱՆՏՈՒՄ
1989 Թ. ՆՈՅԵՄԲԵՐ

…Բոլորիս տեղավորեցին դպրոցական սեղաններով կահավորված «լենինյանե կոչվող սենյակում, պատերին՝ գորբաչովներ, վեզիրովներ, լենիններ, դռանը՝ երկու ռուս ավտոմատավոր, դիմացներս՝ թավ բեղերով ինքնագոհ մի թուրք ոստիկան, որ հաճույքով տմբտմբացնում էր սեղանին՝ քթի տակ թուրքական ինչ-որ մուղամի ուրախ ռիթմ դնդնացնելով։

Սկսվեց մեզանից բանտարկյալներ պատրաստելու պաշտոնական մասը, նախ մեզ լուսանկարեցին դիմացից և կողքից, մատնահետքերի և ափահետքերի նմուշներ, ինքնակենսագրականներ և բացատրություններ վերցրին։ Ապա սկսվեցին հարցաքննությունները: Նրանց ավելի շատ հետաքրքրում էր մեր Բերդաձոր գալու պատճառներն ու, հատկապես, զենքերի մասին տեղեկություններ։ Այդ հարցում մեր դիրքորոշումը կոշտ էր՝ տեղյակ չենք, և վերջ, քանի որ եկել ենք գյուղերում գազ անցկացնելու։ Հայտնաբերված զենքը «պրովոկացիա» է։

Հարցաքննողները ԽՍՀՄ դատախազության և ՊԱԿ-ի աշխատակիցներ էին։ Նրանք զարմանում էին, որ մենք քրեական անցյալ չունենք և, նույնիսկ, երբեմն լուրջ հարց ու պատասխան էր ստացվում։ Օրինակ՝ ինձ հարցրին. «Եթե դու ինժեներ ես, ինչո՞ւ չես գնացել «աղետի գոտի» ՝ Լենինական։ Իմ պատասխանն էր. «Այստեղ նույնպես «աղետի գոտի է»,– սկսեցի պատմել Ղարաբաղի հիմնախնդիրների մասին։ Թուրք քննիչը փորձեց շտկումներ մտցնել իմ պատմած տարբերակի մեջ, սակայն Մոսկվայի ներկայացուցիչը սաստեց նրան, ասելով, որ հարցաքննվողը ինքը չէ։ Հիշում էի ղափանցի լեգենդար Համլետ Քոչարյանի (ցավոք, արդեն վաղամեռիկ) խորհուրդները, որոնք ձեռք էր բերել ի՛ր «բանտային դպրոցում». կամ պետք է ոչինչ չխոսել, կամ, եթե դա հնարավոր չէ, պետք է այնքան շատ խոսել, որ հարցաքննողը «բժժի»։ Մերը` չխոսելու դեպքը չէր…

Հարցաքննությունների մեզ տանում-բերում էին միջանցքով, որտեղից դեռ լսվում էր ամբոխի վանկարկումները, չնայած ժամը 24:00-ից պետք է գործեր պարետային ժամը։ Թուրք ոստիկանները ռուս զինվորներին շշուկով հասկացնում էին, բայց այնպես, որ նաև մենք լսենք, թե հնարավոր է, որ կատաղած ժողովուրդը տապալի բանտի դարպասները և ներս խուժի, իսկ իրենք հո ժողովրդի վրա չե՞ն կրակելու։ Հասկանալի է, հոգեբանական ճնշում էր, որի հետևանքով բանտի ղեկավարությունը, իբր ստիպված, ներս հրավիրեց ժողովրդի պատվիրակներին՝ «Ադրբեջանի ժողճակատի» ներկայացուցիչներին։

Դա մեր ՀՀՇ-ի պես կառույց էր, նույնպես ազգային անվամբ, բայց «կենտրոնի» կողմից ստեղծված, հենց ազգայինին հակադրելու նպատակով։ Մեզ այցելեց Շուշիի լրագրողների ընտրանին՝ տեսախցիկներով, ձայնագրիչներով, ծոցատետրերով։ Նրանցից մեկը՝ փողկապավոր, սպիտակամաշկ. գեղեցկադեմ և բարձրահասակ մի թուրք, իր տեսախցիկով նկարահանում էր։ Մեր տղաներից մի քանիսը գլուխները դրեցին սեղանին՝ դեմքերը թևքերով ծածկելով ( «02» դիտելիս այդպիսի դրվագներ լինում են)։

Երբ տեսախցիկը մոտեցրին ինձ, ես, իբրև արհամարհանքի նշան գլուխս թեքեցի։ Նրանք արագ անցան և կանգ առան ձախից մեկ շարք առաջ նստած Նոր Հաճընի ջոկատի հրամանատար Սաշիկ Առաքելյանի («Չայնիկ») մոտ։ Սաշիկը ձեռքերը ծալած, հանգիստ նայում էր ուղիղ տեսախցիկի օբյեկտիվին։ Անսպասիլիությունից թուրք օպերատորն անշարժացավ նրա վրա։ Սաշիկը շարունակում էր անթարթ նայել։ Մտքով նրանից պահանջում էի, որ դիրքը չփոխի և հանկարծ գլուխը չխոնարհի։ Իմ մեջ որոշեցի, որ դա փորձություն է, խաղաքարտին հայ ժողովրդի ճակատագիրն է. եթե Սաշիկը հաղթի՝ կհաղթի հայ ժողովուրդը։ Դրան կհամաձայնեի, թեկուզ բոլորս էլ հիմա զոհվեինք։ Շունչս պահած ունկնդրում էի հավիտենականությունից եկած աստեղային ակնթարթներից մեկի շշուկը։

Վերջապես լռությունն ու անշարժությունը խախտեց թուրք լրագրողը և մաքուր հայերենով ասաց. «Ես քեզ խղճում եմ»։ Խոր հոգոց հանեցի։ Թուրքը պարտվեց։ Սաշիկը ոչինչ չպատասխանեց՝ թույլ հեգնանք նկատեցնելով դեմքին, շարունակեց նայել անմահության այն կետին, որը գենետիկորեն միշտ անհասանելի է բոլոր տեսակի թուրքերին, անգամ՝ մտավորական։

Աննկարագրելի էր ներքին հրճվանքս, թվում էր՝ հաղորդակից եմ եղել ապագային, տեսել՝ Շուշիի ազատագրումը և ինչպես է կերտվում հաղթանակը։

…Հետագա դեպքերն անցան նոր սցենարով. Շուշիի բերդից ռուսները մեզ ուղակի «գողացան» փակ, զրահապատ ռազմական մեքենաներով և տեղափոխեցին Ստեփանակերտի բանտ։ Այստեղ էլ հայ բնակչությունն էր ոտքի վրա և պահանջում էր մեր ազատությունը։ Բանտախցում մեզ հսկող ռուս զինվորները, որոնց հյուրասիրում էինք մեզ ուղարկված սննդամթերքից, խմիչքից, ծխախոտից, բողոքում էին, որ ստեփանակերտցիներն անհանդուրժողական են իրենց հանդեպ։ Այլևս կարևոր միջադեպեր չեղան, ձևական հարցաքննություններից հետո մեզ ազատեցին, ինչում անուրանալի մեծ էին դերասանուհի ժաննա Գալստյանի ջանքերը։ Նպաստել էին նաև Երևանից՝ «Հայ դատ»-Իգոր Մուրադյան–Մոսկվա-Վոլսկի կապերը։

Բանտի դռներից ժողովուրդը մեզ ձեռքերի վրա տարավ, մի մասին՝ իրենց տները, մնացածներիս՝ գիշերելու համար հատկացված ինչ-որ «պանսիոնատ»:
Ստացած տպավորությունները մեծ էին, ցանկանում էի վերլուծել, կիսվել։ Մոտեցա ինձ պես արթուն մնացած Սաշիկին։ Նախ շնորհակալություն հայտնեցի Շուշիում «ժողճակատի» լրագրողների «ասուլիսում» թուրքերի նկատմամբ իր տարած հաղթանակի համար։ Նա զարմացավ, որ այդ «մենամարտը» նկատել եմ, և մեր խոսակցությունն անմիջապես խորացավ։
Լուսաբացին խոսակցությանն աստիճանաբար խառնվեցին նաև նոր արթնացող մեր ընկերներն ու օդաչուները։

Մեր պատվին առավոտյան Ստեփանակերտում ճաշկերույթ կազմակերպվեց, ապա մեկ այլ ուղղաթիռով մեզ ճանապարհեցին Երևան։ Եղեգնաձորի տղաներից ինձ հետ վերադարձան Գագիկ Խաչատրյանն ու Զավեն Ավետիսյանը, «Աֆղանստանցի» Սեյրան Ղևոնդյանը ևս մեկ ամիս անցկացրեց բանտում՝ անձնագիր չունենալու մեղադրանքով, իսկ «Ագարակագորցի» Խաչիկ Կարապետյանը, որ մեզանից մեկ օր շուտ էր մեկնել Բերդաձոր, «ինտեգրվելով» գյուղացիների հետ` չէր հայտնաբերվել և շարունակեց իր «ծառայությունը» ։

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում մեզ դիմավորեց «Հայ Դատի» նախագահության անդամ, մեր բոլորի համար «Հոպար» դարձած Շիրակ Գյունաշյանը, որի մեծ ժպիտն ու նրա վարորդ Նորիկ Ներսիսյանի ձեռքի թափահարումն էին եղել մեր հրաժեշտի նշանները։ Երեք օրվա մեջ, որ տարիներ էին թվացել, Շիրակը կարծես ծերացել էր։ Ողջագուրվեցինք, շատ ջերմություն և կարոտ կար նրա աչքերում։ Օդանավակայանում տիրող վիճակը նույնն էր. տարբեր շրջաններից եկած խմբերն սպասում էին իրենց հերթին։ Կազմ ու պատրաստ, մահն ափի մեջ՝ նոր կամավորներ էին մեկնում Արցախը փրկելու։

Հիշեցի Նժդեհի՝ երդումի արժեք ունեցող խոսքը. «Իմ զավակը չէ նա, ով ինձանից ինձ համար մեռնելու հրաման չի աղերսում,– անխոս ասում է հրաբխի պես արթնացած ժողովուրդը»։
Եվ ես վերջնականապես համոզվեցի, որ հաղթելու ենք… և մի քանի օր շունչ առնելուց հետո մեր մեջ նորից Բերդաձոր գնալու անհաղթահարելի պահանջ զգացվեց…

ՆԵՐՍԵՍ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Analitika, NKR, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Ով է թուրքը, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն