Գլխավոր » NKR, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ով է թուրքը, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Շարունակե՞լ շոյել Ադրբեջանին հանուն նավթի ու գազի, նշանակում է այդ երկիրը դարձնել սպառնալիք Եվրոպայի ու տարածաշրջանի համար

Հոկտեմբեր 1, 2015թ. 22:22
Նաիրա Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ լիագումար նիստում հանդես է եկել ելույթով:

Ու մինչ իր ելույթին անցնելը, Նաիրա Զոհրաբյանը, հակադարձելով Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովին, ով իր ելույթում ցիտատներ է բերել Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի ասուլիսից, հայտարարել է, որ ցանկացած երկրում կարելի է նման կենդանիներ գտնել, ասելով, որ այսօր հայկական «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել է նշյալ պերսոնաժի «գժի թուղթը», ինչը Զոհրաբյանը ցուցադրել է ու հավելել, որ դրանով ամեն ինչ ասված է։

Այնուհետև, անդրադառնալով շփման գծում վերջին շրջանի լարվածությանն ու զոհերին, հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ին է մեղադրել Ադրբեջանից հակաժողովրդավարության մոնստր-Ֆրանկենշտեյն կերտելուն աջակցելուն և հայտարարել, որ հրադադարի ռեժիմի խախտման ընթացքում ադրբեջանական կողմից հրետանու կիրառումը շփման գծում նոր իրադրություն է ստեղծում, ինչը լայնածավալ ռազմական գործողությունների անցման հերթական քայլն է, ուստի, հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանը: Ելույթը՝ ստորև:

«Հարգելի գործընկերներ,

Մինչ դուք շարունակում են անգլիական ջենթլմենտարիզմի ոգով թեթևակի նկատողություններ անել Ադրբեջանին, մյուս կողմից էլ ջերմեռանդորեն աջակցում եք Լեռնային Ղարաբաղի հարցով կասկածելի մի զեկույցի պատրաստմանը, որի իրական նպատակը հայտնի է այստեղ նստած յուրաքանչյուրիս, Ադրբեջանը ձեր բոլոր աչքի առաջ վաղուց արդեն վերածվել է անազատությունների և հակաժողովրդավարության մոնստրի։ Եվ այդ մոնստր-ֆրանկենշտեյնին ծնելու գործում անուրանալի է նաև մեր Վեհաժողովի աջակցությունը։ Մինչ դուք համատեղ ուժերով Բոբ Ուոլթերի զեկույցն եք գրում, նույն այդ ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը հայտարարում է, որ հայկական այն տարածքները, որոնք անհասանելի են հրաձգային զինատեսակների համար՝ իրենք դրանք կենթարկեն գնդակոծման խոշոր տրամաչափի զինատեսակներից։ Իսկ Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարում է, որ մեկ շաբաթում Հայաստանում քարը-քարի վրա չի մնալու։

Սեպտեմբերի 24-ին ադրբեջանական կողմից հայաստանյան սահմանամերձ գյուղերի հրետակոծման արդյունքում զոհվեց երեք կին՝ երեք ընտանիք մնաց անմայր։ Իսկ արդեն հաջորդ օրը երեկոյան, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման հետևանքով զոհվեցին չորս զինվորներ։ Ակնհայտ է, որ հրադադարի ռեժիմի խախտման ընթացքում ադրբեջանական կողմից հրետանու կիրառումը շփման գծում նոր իրադրություն է ստեղծում, ինչը լայնածավալ ռազմական գործողությունների անցման հերթական քայլն է։ Ուստի, հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը։ Իհարկե, հայտնի ճշմարտություն է՝ հոխորտում է թույլն ու վախկոտը և Լեռնային Ղարաբաղի իշխանության արձագանքը ալիևյան մշտական սպառնալիքներին հստակ է՝ որ նման զարգացումների դեպքում պատասխանը լինելու է Ադրբեջանի համար անդառնալի կորուստներով հղի։ Դրանում Ադրբեջանը քանիցս առիթ ունեցել է համոզվելու։

Հարգելի գործընկերներ, սահմանային պարբերական լարվածությունները, որոնք անմեղ զոհերի պատճառ են դառնում, մեկ լուծում ունեն՝ միջազգային իրավունքի շրջանակում հարգել այդ իրավունքի բոլոր նորմերն ու ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը, ինչը Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վաղուց արել է միջազգային իրավունքին համաձայն։ Սպասել, որ երբևէ Ադրբեջանը կունենա բանական իշխանություն, որը ինքնակամ կհասկանա, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, կարծում եմ, իլյուզիա է։ Իլյուզիա է՝ տեսնելով, թե ինչպես են ադրբեջանական բանտեր նետվում լրագրողներ ու ազատ խոսքի պաշտպաններ, ինչպես են բանտերում տանջամահ արվում իրավապաշտպաններն ու ալիևյան կլանի ընդդիմախոսները։ Ինչո՞ւ՝ որովհետև հստակ պատժամիջոցներ չկիրառելով ալիևյան կլանի հանդեպ, մենք արձակում ենք այդ երկրի քաղաքական էլիտայի ձեռքերը։ Այլապես՝ Ալիևը օրեր առաջ հերթական անգամ չէր հարձակվի եվրոպական կառույցների, Արևմուտքի ու Գերմանիայի վրա, հայտարարելով, որ իրենք չունեն Արևմուտքի կարիքը, այդ Արևմուտքն է, որ ունի Ադրբեջանի գազի ու նավթի կարիքը։ Այսքանից հետո որոշումը ձերն է՝ շարունակե՞լ շոյել Ադրբեջանին հանուն նավթի ու գազի՝ դրանով վերջնականապես այդ երկիրը դարձնելով եվրոպական և տարածաշրջանային լուրջ սպառնալիք, թե՝ ոչ։

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել NKR, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ով է թուրքը, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն