Գլխավոր » NKR, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Տեղեկատվական անվտանգություն

Նպատակը շատ պարզ է` հայերին տրամադրել Ռուսաստանի դեմ

Նոյեմբեր 13, 2015թ. 01:30
Ռուսական կոմերսանտը

Երեկ ու դրա նախօրեին հայաստանյան որոշ ԶԼՄ-ներ, որոնք ակնհայտորեն սպասարկում են Արևմուտքի շահերը, իսկ մեկն էլ ուղղակի, միանգամայն բացահայտորեն ֆինանսավորվում հայտնի Սորոսի հիմնադրամից, հանդես եկան հրապարակումներով, որոնց վերնագրերով իսկ սենսացիոն տեղեկատվություն հաղորդելով («Ռուսաստանը բացահայտ խոսեց Ղարաբաղը հանձնելու մասին», «Մոսկվան բացում է փակագծերը Ղարաբաղի հարցի շուրջ» և այլն), փորձեցին ոչ միայն միանգամից գրավել ընթերցողներին, այլև նրանց շրջանում հակառուսական տրամադրություններ առաջացնել: Նրանց այդ հրապարակումների հիման վրա Ֆեյսբուքի արևմտամետ օգտատերերն էլ, կարծես մեկը մյուսին հերթ չտալով, սկսեցին ակտիվորեն հանդես գալ իրենց մեկնաբանություններով ու հետևություններով:

Այս անգամ հայաստանյան որոշ ԶԼՄ-ների համար նշված հրապարակումների առիթը եղել էր ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան և նրա բանակցությունները ՀՀ համապատասխան պաշտոնյաների հետ, իսկ հիշյալ հրապարակումների «հիմքը»` Ադրբեջանի շահերն ու հետաքրքրությունները ոչ առաջին անգամ արտահայտող, զուտ գործելու վայրով ռուսական համարվող «Газета Коммерсанть»-ի ս. թ. նոյեմբերի 10-ի «К Нагорному Карабаху подключают челночную дипломатию» վերնագրով հոդվածը:

Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող Հայաստանի էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկը վերնագրից գրեթե անմիջապես հետո, բնավ հաշվի չառնելով, որ «Газета Коммерсанть»-ն միգուցե նավթադոլարներով կամ խավիարով հոնորարներ ստանալով, Բաքվի շահերի արտահայտիչն է և կարող է միտումնավոր ապատեղեկատվություն հաղորդել, առավել ևս, երբ այդ տեղեկատվությունը ներկայացնում է անանուն աղբյուրի վրա հղում կատարելով, հիշյալ հրապարակումից մեջբերել է մի ընդարձակ հատված.
«Բանակցություններին մոտ կանգնած ռուսական աղբյուրի տվյալներով, խաղաղ ծրագրի տարբերակներից մեկը, որը ներկայում քննարկվում է, հետևյալն է՝ հայերն Ադրբեջանին են վերադարձնում Ղարաբաղի շուրջ իրենց զավթած ադրբեջանական տարածքների մեծ մասի վերահսկողությունը, պահելով Լաչինի միջանցքը, որն ապահովում է Հայաստանի հետ կապը, և հնարավոր է ևս մեկը: Բաքուն պաշտոնապես չի ճանաչում Ղարաբաղի անջատումը, սակայն, ծրագրի համաձայն, պարտավորվում է հարցը չլուծել ռազմական ճանապարհով: Դրա երաշխիք կարող էր լինել միջազգային խաղաղարարների (ՄԱԿ, ՀԱՊԿ) տեղակայումը հակամարտության գոտում, ինչպես նաև Ադրբեջանին վերադարձված շրջանների ապառազմականացումը»:

Հայտնի է, որ ռուսաստանյան հիշյալ ԶԼՄ-ն Կրեմլի պաշտոնական կամ ոչ պաշտոնական խոսափողը չէ (արդեն նշեցինք, թե այն հաճախ որ երկրի շահերի, տեսակետների արտահայտիչն է), հետևաբար նրա հրապարակածը ներկայացնել իբրև Ռուսաստանի բացահայտ խոսակցություն Ղարաբաղը հանձնելու մասին, ոչ թե սոսկ անբարեխղճություն է, այլ կեղծիք` Ռուսաստանի դեմ հայ հասարակությանը տրամադրելու նպատակադրմամբ:

Ի վերջո մի հանգամանքի վրա էլ պետք է ուշադրություն դարձնել «Газета Коммерсанть»-ի գլխավոր խմբագիրը ադրբեջանցի է՝ Ազեր Մուրսալիևը:
Ավելին. նույնիսկ ադրբեջանական շահերի արտահայտիչ «Газета Коммерсанть»-ի հիշյալ հրապարակման մեջ բառ անգամ չկա Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու մասին, «Газета Коммерсанть»-ն իրեն թույլ չի տվել այդպիսի բան գրել, խոսքը սոսկ, ռուսական անանուն աղբյուրի ձևակերպմամբ, Ղարաբաղի շուրջ հայերի զավթած ադրբեջանական տարածքների մեծ մասի վերադարձի վերաբերյալ է: Սակայն Սորոսի փողերով գործող հայաստանյան կայքը, ինչպես ասում են նման դեպքերում, պապից ավելի կաթոլիկ լինելով, գրել է Ղարաբաղը հանձնելու մասին Ռուսաստանի խոսելու, իսկ իրականում Ադրբեջանի վարդագույն երազանքի մասին: Դժվար չէ պատկերացնել, թե հայաստանյան կոչվող այդ ԶԼՄ-ի հրապարակումը կարդալով Ադրբեջանում ինչ բավականություն են ստացել:

Նկատի ունենանք նաև, որ ըստ «Газета Коммерсанть»-ի տվյալ հրապարակման, Ղարաբաղի շուրջ եղած այդ տարածքներն Ադրբեջանին հանձնելը խաղաղ ծրագրի այժմ քննարկվող տարբերակներից մեկն է, ոչինչ չի նշված այն մասին, թե դա Ռուսաստանի ցանկությունը, պահանջը կամ Ադրբեջանի հետ Ռուսաստանի մշակած ծրագիրն է, սակայն հայաստանյան կայքն անանուն փորձագետների վրա հղում կատարելով, այնպես է ներկայացրել, թե Ռուսաստանն և Ադրբեջանը վաղուց մշակել են «ղարաբաղյան կարգավորման» նման ծրագիր:

Սակայն սա դեռ ամբողջը չէ. նույնիսկ «Газета Коммерсанть»-ն, գոնե տարրական բարեխղճության սկզբունքը պահելով, վերը մեջբերված հատվածից հետո գրել է, որ Երևանում ինչ-որ տարածքային զիջումների մասին խոսել հրաժարվում են, Հայաստանում դիվանագիտական աղբյուրն ասել է, որ Ղարաբաղի շուրջ տարածքներից հրաժարվելը Ադրբեջանի պլանն է, որը նույնիսկ չի քննարկվում: Սա նշանակում է, որ «Газета Коммерсанть»-ի վկայակոչած` բանակցություններին մոտ կանգնած ռուսական աղբյուրն ուղղակի ստում է: Սակայն հայաստանյան շահագրգիռ ԶԼՄ-ները «Газета Коммерсанть»-ի հրապարակման այս հատվածը հասկանալի պատճառով չեն մեջբերել:

Իր հերթին, հայաստանյան օրաթերթերից մեկը, առանց որևէ հիմքի, գրել է, թե Լավրովի այցի ժամանակ այս տարբերակը (ազատագրված տարածքների մեծ մասն Ադրբեջանին հանձնելու) քննարկվել է, ապա զոռ տվել այդ կեղծիքից իր բխեցրած ենթադրություններին ու հետևություններին: Այս լրատվամիջոցն էլ, դարձյալ անանուն, վերացական հղմամբ («Ըստ իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների…»), գրել է, թե «Ռուսաստանը փորձում է Հայաստանին համոզել
Ադրբեջանին հանձնել մի քանի շրջան, որի շնորհիվ հույս ունի կկարողանա ստանալ Ադրբեջանի համաձայնությունը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցում»։
News.am-ը, որն ավելի վաղ հարցումով դիմել էր Հայաստանում ՌԴ դեսպանատանը, ընթերցողներին է ներկայացրել իր ստացած պատասխանը, ըստ որի, «Երևան կատարած այցի շրջանակներում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի ղեկավարության միջև բանակցությունների ժամանակ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ենթատեքստում տարածքային զիջումներ անելու թեման չի քննարկվել» (http://news.am/arm/news/295750.html): ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նույնպես հավաստել է, որ միջնորդները չեն պահանջել տարածքներ զիջել:

«Անանուն աղբյուրների տեղեկատվությունը մենք երբեք չենք մեկնաբանել, դա ամենաանշնորհակալ գործն է, իսկ մեր դիրքորոշման մասին գիտեք, նորություն չէ, բացահայտելու նոր բան չկա,- ի պատասխան հիշյալ հրապարակումների առնչությամբ մեր հարցի, ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:- Այն, ինչ քննարկվել է բանակցությունների ընթացքում, ինչ շեշտադրումներ արվել են, Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասվել է, և Ղարաբաղի մասով` հատկապես, դա է եղել բովանդակությունը, հաղորդագրության մեջ էլ ներկայացված է: Կարծում եմ, ավելի ճիշտ կլինի հավատալ պաշտոնական տեղեկատվությանը»:

Ի վերջ, Ռուսաստանը դեռ տարիներ առաջ Հայաստանին տվել է հակաօդային պաշտպանության С-300 արդիական համակարգեր, որոնցից մինչև օրս Իրանի պես հզոր և իր համար աշխարհաքաղաքական առումով կարևոր երկրին դեռ չի տվել, այս օրերին ՌԴ նախագահ Վլադիմիև Պուտինը հանձնարարել է զբաղվել Ռուսաստանի և Հայաստանի միասնական հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու գործով, իսկ մյուս կողմից Մոսկվան Հայաստանից պահանջում է ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնե՞լ… Ո՞ւր մնաց տրամաբանությունը…

Արթուր Հովհաննիսյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել NKR, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Տեղեկատվական անվտանգություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն