Գլխավոր » TOP, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հարցազրույցներ

Նոր Սահմանադրությամբ, միասեռականների ամուսնության գրանցումից մինչև Արցախի հարց, մեզ կարող են վտանգավոր որոշումներ պարտադրվել

Սեպտեմբեր 23, 2015թ. 10:00
Նորայր Նորիկյան-3

Հարցազրույց փաստաբան ՆՈՐԱՅՐ ՆՈՐԻԿՅԱՆԻ հետ

-Խորհրդարանը մեկ շաբաթ շարունակ քննարկեց սահմանդարկան բարեփոխումների նախագիծը, ի՞նչ տպավորություն ստացաք, կհաջողվի՞ մեզ ունենալ լավ մշակված մի փաստաթուղթը, որը կարժանանա մեր ժողովրդի <այո>-ին` դառնալու երկրի մայր օրենքը:

-Նախ ասեմ, որ ես օրինաչափ եմ համարում սահմանադրական բարփոխումների շուրջ խորհրդարանում ծավալված, ինչ որ տեղ, նաև էմոցիանալ շեշտադրումներով հարուստ քննարկումը: Խորհրդարանը քաղաքական մարմին է, որտեղ ծավալվող քննարկումների բովանդակության հիմքում գերակայում է քաղաքական բաղադրիչը, հասկանալի է, որ քաղաքական ուժերը` պայմանավորված իրենց քաղաքական շահերով, նաև պետք է իրենց թույլ տային հնչեցնել տարբեր քաղաքական վերլուծություններ ու հայատարարություններ: Ավելին, ես կարծում եմ, որ նախագծի քննարկումները դեռ ակտիվորեն կշարունակվեն, այս անգամ նաև հասարակական դաշտում: Իսկ մենք ունենք մի նախագիծ, որով հայտ է ներկայացված փոխել պետության կառավարման փիլիսոփայությունն ու հասարակական հարաբեություններն ամբողջովին կարգավորել այլ գործիքակազմով, քան ներկայումս է: Իսկ թե ի՞նչ կունենանք դրա արդյունքում` ցույց կտա ժամանակը: Բայց ես կարծում եմ, որ դեռ հասարակությանը չի տրվել այն սպառիչ պատասխանը, թե ինչո՞ւ է անհրաժեշտ փոխել գործող գործիքակազմը` Սահմանադրությունը և մեկ այլ գործիքակազմ առաջ բերել: Բնական է, որ մասնագիտական հանձնաժողովը պետք է տարբեր պատճառաբանություններ բերի ու արդարացնի իրականացվող քայլերը, սա էլ նորմալ, բնականոն գործընթաց է: Սակայն այլ է, թե Հայաստանի առաջ ծառացած խնդիրների հրատապության սանդղակում արդյոք սահմանադրական փոփոխությունները գտնվո՞ւմ առաջին շարքում: Փաստորեն, ասում ենք` ներկայիս Սահմանադրությունը 20 տարի գործել է` հերիք է, իրեն հանձնում ենք պատմության գիրկը ու ստեղծում նորը, բայց չենք տալիս նորի ստեղծման անհրաժեշտ հիմավորումները: Իսկ այն ինչ ասում է հանձնաժողովը, կներեք, կարծում եմ, չի արդարացնում պետության կառավարման փիլիսոփայության փոփոխումը, ասել է թե նոր սահմանադրության ստեղծումը:

-Անդրադառնանք խնդրահարույց հոդվածներին. 5-րդ հոդվածի 2 կետով ամրագրված է` ընդհանուր միջազգային իրավունքի պարտադիր նորմերը գերակայություն ունեն մեր օրենքների նկատմամբ: Շատերի համար սա անորոշ է, չկա հստակություն` ՙօրենքներ՚ ասվածի տակ պե՞տք է հասկանալ նաև մեր երկրի Սահմանդրությունը, թե՞ ոչ:

-Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է միջազգային իրավունքի սուբյեկտ, հետևաբար, ես իրավաչափ եմ համարում նման նորմի ներառումը առաջարկվող նախագծում, ինչը կա նաև գործող Սահմանադրության մեջ: Մենք պետք է հասկանանք, որ միջազգային իրավունքի նորմերը հանդիսանում են մեր իրավահամակարգի բաղկացուցիչ մասը և մենք չպետք է խուսափենք այդ նորմերից: Դրանք որքան որ այլ պետություններինն են կամ այլ կազմակերպություններինը, այնքան էլ մերն են: Ուրեմն, այդ նորմերը պետք է ընդունել որպես սեփական, այնպես, ինչպես մեր Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքներն են: Իսկ ավելի կոնկրետ` ասեմ, որ ՙԻրավական ակտերին մասին՚ ՀՀ օրենքով բառացի են մեկնաբանվում նորմերը: Կնշանակի 5-րդ հոդվածի 2 կետում խոսքը միայն օրենքների մասին է և ոչ թե Սահմանադրության: Մանավանդ որ, սույն հոդվածի 1-ին կետում ամրագրված է` <Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ>:

-Հոդված 81-ում նշված է. <Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան>: Այսինքն` արտաքին նորմերն ու արտաքին կառույցների որոշումները Հայաստանի համար պետք է դառնան պարտադիր: Այստեղից էլ ծնվում են մտավախությունները` սկսած միասեռականների ամուսնության գրանցումից, մինչև այն, որ օրինակ, Արցախի հարցում մեզ կարող են վտանգավոր որոշումներ պարտադրվել:

-Լիովին ընկալելի է ձեր մտավախությունը ու դրա հնարավոր բացասական հետևանքները: Սակայն ես այս խնդիրը մեկ այլ հարթությամբ կմեկնաբանեմ: Նախկին ռազմական դատախազ Ջահանգիրյանը դեռ տարիներ առաջ մի հետաքրքիր միտք ասաց` ՙհա’մ ուզում ենք կույս մնալ, հա’մ ուզում ենք հաճույք ստանալ՚: Հիմա այս իրավիճակն է, խնդիրն այն է, որ ՀՀ-ն 2001-ին դարձավ Եվրոպայի խորհրդրի լիիրավ անդամ` դրա բոլոր իրավական հետևանքերով հանդերձ, ստանձնեց մի շարք պարտավորություններ: Այսինքն, Հայաստանը լինելով անկախ պետություն, միաժամանակ համաձայնել է ստանձնել այն խաղի կանոնները, որոնցով առաջնորդվում է Եվրոպան: Այսօր մեր ամբողջ դատական պրակտիկան հղում է կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներին: Այսինքն, մենք աստիճանաբար ինտեգրվում ենք եվրոընտանիքին: Ուզենք, թե չուզենք, եթե ընդունել ենք եվրոպական ընտանքի խաղի կանոնները, պետք է նաև գնանք որոշակի զիջման մեր ինքնիշխանության հարցում: Հետևաբար, նորմալ եմ համարում, որ ՀՀ-ն ստանձնում է հանձնառություն, թե եվրոպական միջազգային պայմանագրերը կունենան գերակայություն և մեր կողմից ընդունված իրավական ակտերը որևէ կերպ չեն հակասի եվրոպական իրավունքի նորմերին:

Մյուս կողմից էլ, ինչպես ասացի իրոք կիսում եմ այդ մտավախությունը, ահա թե ինչու ենք նաև ասում` պետք չէ գեղեցիկ բառերով համեմված օտարաշունչ արժեքները դրսից բերել ու ներմուծել մեզանում: Նման իրավիճակում մեզ մնում է արտահայտված մտահոգությունների լուծումը տալ բոլորովին այլ դաշտում, այլ մեխանիզմներով. ազգային դիմադրողականության մեծացմամբ, մեր Առաքելական սուրբ եկեղեցու դերակատարման բարձրացմամբ, մեր դպրոցի, մշակույթի, մեր պատմության դերի կարևորմամբ: Որտե՞ղ են մեր մտավորականները, նրանք պետք է այս հարցերը բարձրացնեն, մի նշաձող սահմանեն ու ասեն` սրանից այն կողմ չանցնե’ք, որովհետև այն կողմում կարմիր գիծն է: Իսկ Սահմանադրությունը, բարեբախտաբար, ազգային սերունդ դաստիարակելու հարցում չի գտնվում առաջին տեղում: Այսօր մենք որքան էլ ունենանք կլասիկ, մեր ազգային առանձնահատկություններին հարիր Սահմանադրություն, քանի դեռ ամուր չէ մեր ազգային դիմադրողականությունը կարող ենք տրվել դրսից եկող ՙքամիների՚ հոսանքներին ու ինչպիսի Սահմանադրություն էլ ուզում եք գրել, միևնույն է, այն չի օգնելու:

Եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, կնշանակի պետք է անտեսենք այնպիսի հոդվածների ամրագրումը Սահմանադրության մեջ ինչպիսին է, օրինակ հոդված 47-ի 3-րդ կետը, որը հնարավարություն է տալիս, որ օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք մասնակցեն մեր ՏԻՄ ընտրություններին, ընտրվեն ավագանու անդամ, համայնքապետ, քաղաքապետ, իսկ հետո էլ գան ու ընտրեն երկրի նախագահ: Սա ընդունելի է՞:

-Ես եղել եմ առաջիններից մեկը, որ բարձրաձայնել եմ իմ մտավախությունը այս հոդվածի վտանգավորության մասին ու ասել, որ վաղը, օրինակ, Բիբինը կարող է դառնալ Երևանի քաղաքապետ: Ցանկացած օտարազգի, ով աշխատանքի բերումով բնակվում էր Երևանում, հեշտությամբ կարող է իր բնակության վայրի համատիրությունից բերել մի տեղեկանք ու վերջ, դա այլևս բավարար հիմք է, որ նա մասնակցի Երևան քաղաքի ավագանու ընտրություններին, այո, նաև հայտնվի Երևանի ղեկավարների շարքում, չի բացառվում, որ մի օր էլ դառնա քաղաքապետ:
Ես այս օրինակը բերելով, իհարկե, առաջնորդվում եմ խելագարի կանխավարկածով, բայց թող որևէ մեկը կանգնի ու ինձ համոզի հակառակը, որ նախագիծը այդ գործիքը, այդ հնարավորությունը չի տալիս օտարին: Ավելի պարզ խոսենք, իրանաբնակ ադրբեջանցիները կարող են Մեղրիում խանութներ բացել և շատ լուրջ առևտրաշրջանառությամբ զբաղվել, արժանանալ տեղացիների համակրանքին և մասնակցելով ավագանու ընտրություններին` դառնալ համայնքի ղեկավար: Ես այսօր ևս հայտարարում եմ, որ առաջարկվող նախագիծը նման պատուհան է բացում օտարների առաջ: Ու այն անպայմանորեն պետք է փոփոխվի:
-Իրավաբաններն առաջին իսկ օրից քննադատեցին Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման կարգը, այն համարելով լուրջ վտանգ` ուղղված դատական համակարգի անկախությանը: Դուք և՞ս այդ կարծիքին եք:
-Իհարկե,նախ առաջարկվում է Արդարադատության խորհուրդը փոխարինել Բարձրագույն դատական խորհրդով (ԲԴԽ), որը կունենա 10 հոգանոց կազմ` 5-ը կլինեն գործող դատավորներ, մյուս 5-ը՝ կլինեն Ազգային ժողովի կողմից ընտրված իրավաբան-գիտնականներ: Սա նշանակում է, որ քաղաքական իշխանությունը իր կողմից նշանակված անձանց միջոցով դատական իշխանության նկատմամբ ձեռք է բերելու լծակներ: Հատուկ ուզում եմ շեշետել հետևյալը, անկախ նրանից, թե այդ իրավաբան-գիտնականները կլինեն աշխարհի ամենահրաշալի գիտնականները, բարյապես էլ կլինեն անարատ մարդիկ, միևնույն է, հաշվի առնելով այն հանգամանք, որ նրանք ընտրված են քաղաքական մեծամասնության կողմից, արդեն իսկ կաշկանդված կլինեն տրված մադատով:

Փաստորեն, քաղաքական իշխանությունը 50 տոկոսով իր ձեռքն է վերցնում դատական իշխանությունը: Իսկ սա լուրջ սպառնալիք է ուղղված դատական իշխանության անկախությանը: Սա ակնհայտ հետնըթաց է գործող սահմանադրությունից ու ինձ համար զարմանալի է, որ դատական համակարգի աշխատակիցները չեն հակադարձում նախագծի այս կետին և շարունակում են լռություն պահպանել:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն