Գլխավոր » Analitika, Լրահոս, Մեր մեծերը, Մշակույթ

Մի չարչրկված կյանքի պատմություն. Հրաչյա Աճառյան

Փետրվար 22, 2015թ. 16:43
Հրաչյա Աճառյան

Նրա ապրած կյանքը մեծագույն սխրանք էր: Մեծ գիտնականի կյանքում թերևս չի եղել այնպիսի շրջան, որ հիշարժան ու խռովահույզ դեպքերով համեմված չլիներ:
Շատ դառնություններ է տեսել իր կյանքում հայ գիտնականը, մեծ նեղություններ կրել, սակայն միշտ իր համառ աշխատանքի և բարի սրտի շնորհիվ կարողացել է արժանապատվորեն դուրս գալ բոլոր այդ փորձություններից: Թեև կրած յուրաքանչյուր դառնությունը չի պակասեցրել նրա բարությունը, փափուկ և ազնիվ բնավորությունը չի խեղել, փոխարենը դրանք ժամանակից շուտ ճերմակեցրել են նրա հանճարեղ գլուխը և կորացրել մեջքը:

Դեռևս Շուշիում աշխատելու տարիներին Հրաչյա Աճառյանը հանդիպում է իր կյանքի հավատարիմ ուղեկցին՝ Արուսյակին: Գեղանի Արուսյակը դառնում է Աճառյանի կյանքի անմնացորդ նվիրված կողակիցը, ով ամեն ինչ նվիրաբերում է ամուսնուն, նրա նպատակներն ու ցանկությունները դարձնում իրենը: Նրանց սերը եղել է անկեղծ ու փոխադարձ և ոչինչ՝ ոչ առաջին համաշխարհայինը, ոչ ջարդարար թուրքերի նախաձեռնած հայոց կոտորածն ու գաղթերը չեն բաժանում նրանց՝ թե ֆիզիկապես և թե հոգեպես: Շամախու կոտորածից փրկված մոտ 600 –ի չափ հայերի հետ ամուսինները Ղարաբաղից գաղթում են Էնզելի, որտեղ էլ մեծ մանկավարժը ստանում է Խորհրդային Հայաստանի կառավարության հրավերը և կնոջ հետ ժամանում Երևան՝ դասախոսական աշխատանքի անցնելով Երևանի պետական համալսարանում: Համալսարանը դառնում է նրա կյանքի հետագա 30 տարիների արգասաբեր օրրանը: Մինչև ուղնուծուծը մանկավարժությամբ օժտված Աճառյանը կրթում ու դաստիարակում է տասնյակ սերունդներ, շարունակում բեղմնավոր գիտական աշխատանք ծավալել:

Կնոջ` Իրանում բնակվող բարեկամներից մեկին գրված մի նամակից, որ թվագրված է 1924թ.-ին, տեղեկանում ենք, որ Աճառյանը գոհ էր իր այդ ժամանակվա կյանքից, աշխատանքից: Արդեն մեկ տարի հետո նույն մարդուն հասցեագրված հաջորդ նամակից իմանում ենք սիրելի կնոջ մահվան մասին. ՙԵվ այսպես խեղճ Արուսյակս մեռավ յուրայիններից հեռու, նույնիսկ չարժանացավ նրանց կարեկցությանը: Ես միայն մնացի, որ գիշեր-ցերեկ անդադար հիշում եմ, ողբում ու ցավում: Այսօր հատկապես շատ դառն հուշերի մեջ էի, վախենում եմ, որ ես էլ կգժվիմ, տանը բոլորովին մենակ եմ, ոչ ոք չունիմ և եթե մի արկած պատահի ինձ, փողոցի շան դրությունից էլ վատթար է լինելու դրությունս՚:
Եվ որպեսզի կնոջ կարոտն առնի, զգա ներկայությունը, նրա ամենասիրած շրջազգեստը կախում է պատից և ամեն օր դասերից վերադառնալիս զրուցում դրա հետ, պատմում իր անցկացրած դասերի և գալիք օրերի անելիքների մասին: Բայց օրերից մի օր գողերը մտնելով նրա տուն և ձեռագրերից բացի ոչինչ չգտնելով` տանում են պատից կախված զգեստը: Մեծ գիտնականը շատ է վշտանում, հոգեկան ապրումների մեջ ընկնում այնքան ժամանակ, մինչև որ Աբովյան փողոցով անցնելիս Արուսյակի զգեստը պատահաբար տեսնում է մի կնոջ հագին: Անմիջապես կանգնեցնում է նրան, հարցուփորձով իմանում, որ կինն այն գնել էր անծանոթ մի երիտասարդից և պահանջում է տեղում հանել զգեստն ու վերադարձնել իրեն: Բարձրացած աղմուկի վրա հավաքվում են մարդիկ, փորձում հանգստացնել պրո‎ֆեսորին, սակայն նա անհողդողդ էր և պահանջում էր, որ զգեստն անմիջապես վերադարձնեն: Չի օգնում անգամ ոստիկանական միջամտությունը, և միայն այն բանից հետո, երբ ոստիկանատանը Աճառյանը այդ զգեստի համար վճարում է կնոջը և թանկագին հիշատակը տուն բերելով` կախում նախկին տեղում, նոր միայն վերագտնում է իր հոգեկան հանգիստը: Բայց զգեստը այլևս խորթացել էր, դարձել անհարազատ, և Աճառյանը օտարացած շրջազգեստը իջեցնում է պատից ու փոխարենը կախում կնոջ յուղաներկ նկարը, իսկ ավելի փոքր լուսանկարը դնում իր գրասեղանին: Այդուհետ նա հաղորդակցվում է լուսանկարների հետ:

Արյուսակից հետո միայնակ ապրելը բոլորովին փոխում է Աճառյանի կենցաղն ու բնավորությունը, ինչը մտահոգում էր իր ընկերներին: Եվ նրանք որոշում են, որ իրենց ընկերոջը կփրկի միայն նոր ամուսնությունը: Աճառյանը սկզբում անգամ լսել չի ուզում այդ մասին. ՙԱրյուսակից հետո ո՞վ պետք է լինի, որ այդ տարիքում (իսկ նա արդեն 60-ին մոտ էր) իր հոգսերը հոգա ու հավատարիմ լինի իրեն՚:
Ընկերներին մի կերպ հաջողվում է համոզել նրան ու իմանալ նրա ճաշակը: ՙՈչ գեր լինի, ոչ նիհար, բռնելու մկան ունենա, ոչ շատ մեծ լինի, ոչ էլ շատ փոքր, պոլսեցի լինի, որ նրանց կենցաղն իմանա ու իր համար պոլսական ճաշեր պատրաստի՚,- այսպիսին էին Աճառյանի հավակնությունները: Սակայն իր ապագա կնոջը պետք է գտնի ինքը և ոչ թե միջնորդ ընկերները: Մի օր ընկերուհու հետ պրոֆեսորին է այցելում բժշկական ինստիտուտում սովորող իր ծանոթ Օլյան ընկերուհու՝ Սո‎ֆիկի հետ: Սոֆիկն անմիջապես գրավում է Աճառյանի ուշադրությունը: Նա գեղեցիկ էր, բարեկազմ, բավականին համեստ էր երևում և ամենակարևորը՝ իր ուսանող ընկերուհիներից տարիքով էր, թեև իրենից շատ երիտասարդ: Նա Օլյայից իմանում է, որ Սո‎ֆիկն ամուսնացած և բաժանված է: Դե ինչ, Սո‎ֆիկը իդեալական զույգ էր տարիքն առած, սակայն հարազատ կողակցի կարիք ունեցող պրոֆեսորի համար: Աճառյանը մտահոգվում էր, թե ինչպես կարող է գրավել նրան, երբ տարիքի հսկայական տարբերություն կար իր արտաքին տեսքն ու կենցաղն էլ այլևս այն չէին: Սակայն ճակատագիրն արդեն կանխորոշել էր այդ երկու լքված հոգիների միաձուլումը: Սո‎ֆիկը, որ ժամանակից շուտ հասունացել և կյանքի դառը փորձով հասկացել էր երջանկության գինը, ուշադրություն չի դարձնում գիտնականի ոչ տարիքին, ոչ տեսքին և ոչ էլ կենցաղին: Այդ տղամարդը կարողանում է նրան գերել իր կենսուրախ, աշխույժ և մարդամոտ բնավորությամբ: Իսկ վերջին վճռորոշ ՙմարտը՚ լինում է Աճառյանի գրած բանաստեղծությունը` նվիրված Սոֆիկին: Այդ օրը Սոֆիկն ընդմիշտ մնում է իր սիրելի բարեկամի տանը և դառնում նրա ողջ կյանքի ուղեկիցը: Տիկին Սո‎ֆիկը հետո պետք է մեծ դեր խաղար մեծ գիտնականի թե անձնական, թե գիտական կյանքում՝ նրա պես հավասարապես կրելով ամուսնուն բաժին հասած դառնություններն ու դժվարությունները, ուղիղ 18 տարի լինելով նրա հավատարիմ ընկերն ու բարեկամը:

Հազիվ էր կարգավորվել Աճառյանի կյանքն ու հոգեկան ներաշխարհը, երբ հերթական փորձությունը, որին շատերը պետք է ենթարկվեին այդ թվերին, թակում է նրա կյանքի դուռը: 37 թվականն էր: Չգիտես ինչպես և ում հանցագործ ձեռքով բազմաթիվ մտավորականներ և խելացի ուղեղներ հայտարարվում են ՙնացիոնալիստներ՚, ասել է թե ազգայնամոլներ, ժողովրդի թշնամիներ, լրտեսներ և այդ պիտակով ով բանտարկվում, ով աքսորվում, ով ենթարկվում է բռնաճնշման ու հալածանքների կամ, որ ավելի սարսափելի է` գնդակահարման ու անհայտ գերեզմանոցներում թաղվելուն: 37թ.-ի մղձավանջը անտարբեր չի անցնում նաև կենսասեր ու լավատես, քաղաքականության հետ ոչ մի ուղղակի աղերս չունեցող, ոչ մի կուսակցության չպատկանող և միայն ու միայն գիտությանը նվիրված Աճառյանի կողքով: Երևանի բանտերում ավելի քան 800 դաժան և տառապալի օրեր էին սպասում նրան:

Աճառյանին կալանավորում են սեպտեմբերի 29-ին, բռնագրավում գրամեքենան և ձեռագրերը` միևնույն ժամանակ փակելով և կնքելով սենյակի դուռը: Տիկին Սո‎ֆիկին և տան ծառայող Պոլինային թույլ են տալի օգտվել միայն խոհանոցից: Աճառյանի ձեռագրերը, որոնք ենթակա էին բռնագրավման, մնում են հյուրասենյակում: Ամբողջ գիշեր Սո‎ֆ‎‎իկն ու Պոլինան մտածում են, թե ինչպես փրկեն դրանք և երկար մտորումներից ու քննարկումներից հետո որոշում են օգտվել սենյակից դեպի խոհանոց բացվող փաքրիկ օդանցք-պատուհանից: Սոֆիկը մի կերպ ներս է սողոսկում դուրս բերում ձեռագրերի մի մասը: Բայց դրանք հարկավոր էր նաև ապահով տեղում թաքցնել: Այս անգամ արդեն օգնում է Սոֆիկի քեռին` դրանք տեղափոխելով Նոր Բութանիա, որտեղ երկաթե արկղի մեջ դնելով` թաղում են պարտեզում` առվից հեռու մի ծառի տակ: Եվ երկու տարի շարունակ այդ ծառը չեն ջրում, որպեսզի ձեռագրերը չխոնավանան:

Աճառյանի ձերբակալության մասին որոշումն ընդունվում է 1937թ.-ի սեպտեմբերի 18-ին անվտանգության կրտսեր լեյտենանտ ոմն Կիրակոզովի կողմից: Պրո‎ֆեսորը մեղադրվում է որպես անգլիացիների կողմից Ադրբեջանում նշանակված գործակալ ու Երևանի համալսարանում իբրև թե գործող պրոֆեսորների հակահեղափոխական-‎ֆաշիստական խմբի անդամ: Երեք անգամ տարվելով հարցաքննության` երթարկվում է ծեծի ու հայհոյանքների, նրան խոստանում են ՙմեղքը՚ հանձն առնելու և մեղայական խոստովանություն գրելու դեպքում մի քանի օրից ազատ արձակել: Եվ 61-ամյա հյուծված, ահաբեկված ու անօգնական գիտնականը ստոր ու դաժան քննիչի հարկադրումով ու թելադրանքով իր ձեռքով դիմում է գրում ՆԳ ժողկոմին` ՙխոստովանելով՚ իր գլխին բարդած հանցանքը:

Թե ինչպես է Կիրակոզովը Աճառյանից կորզում այդ ստորագրությունը, հետագայում պատմել են նրա խցակից ընկերները: Հարցաքննություններից մեկի ժամանակ քննիչի այն մեղադրանքին, թե Աճառյանը իբր գերմանական, ‎ֆրանսիական, անգլիական, ճապոնական ու տաճկական լրտես է, Աճառյանը սրամիտ պատասխան է տալիս, թե՝ ՙեթե կան հիմար մարդիկ, ովքեր կհավատան, թե գիտնականը, հայ լեզվաբանը կարող է լրտես լինել, և եթե այդպիսի սուտը շատ անհրաժեշտ է ձեր կարիերայի համար, գրեք, և ես կստորագրեմ: Բայց որ ես` հայ գիտնական Աճառյանս, տաճկական լրտես եմ, դա զառանցանք է, չտեսնված վրդովեցուցիչ վիրավորանք և եթե ինձ կտոր-կտոր էլ անեն, ես այդպիսի զրպարտանք հանդուրժել չեմ կարող և հավատացած եմ, որ իր արժանապատվությունը չկորցրած ամեն մի հայ մարդ նույնը կասի ձեզ՚: Այս համարձակ պատասխանի համար քննիչը անասնաբար ինչքան որ ուժ ուներ ապտակում է թույլ ու տկար ծերունուն: Բայց Աճառյանը չի կորցնում իրեն և պատասխան ապտակ է հասցնում քննիչին` արհամարհական ասելով, թե` ՙԻ‏նչ մեծ հերոսություն քեզ նման ուժեղ երիտասարդի համար ձեռք բարձրացնել ինձ նման հիվանդ մի ծերուկի վրա՚: Մեկ ուրիշ հարցաքննության ժամանակ չկարողանալով բռնությամբ խոստովանեցնել խեղճ ծերուկին` քննիչը, բերանից հանելով վառվող ծխախոտը, հանգցնում է այն ուղղակի Աճառյանի ճակատին, և դա դեռ քիչ էր` այնքան է ծեծում, որ ուժասպառ ու հուսահատ ծերունին երկու անգամ ընկնելով աստիճանների վրա` հազիվ է հասնում իր խցիկի դռանը:

Դրանից հետո միայն Աճառյանը զրպարտում է ինքն իրեն` խոստովանելով, թե իբր ինքն իսկապես 1915 թվի օգոստոս և սեպտեմբեր ամիսների ընթացքում ծառայել է Բաքվի տեղական հեղափոխական իշխանությանը` որպես ՙհետախույզ մարմնի ագենտ՚, ինչպես նաև պետհամալսարանում մերձավորների շրջանում, ինչպես և դասախոսների հետ խոսակցության միջոցին, տոգորված լինելով նացիոնալիստական տրամադրություններով, թույլ է տվել նացիոնալիստական և անգլիո‎ֆիլիական արտահայտություններ: Սակայն մեղայականից հետո ոչ թե մի քանի օր, ինչպես որ խոստացել էին նրան, այլ ավելի քան մեկուկես տարի է անցնում, մինչև վերջապես քննության է դրվում Հրաչյա Աճառյանի գործը: Դատարանի որոշմամբ նրան դատապարտում են 6 տարի ազատազրկման: Իրեն կորցրած և հուսախաբ Աճառյանը միայն կարողացել է բեկբեկուն ձայնով բղավել. ՙԱ՞յս էր ձեր արդարությունը՚,- և փուլ գալով աթոռին` հեկեկացել է:

Հետագայում դեպքերն այնպես են ընթանում, որ Աճառյանը բանտում լրացնում է միայն երկու տարի: 1939 թվականի դեկտեմբերի 19-ին շուրջ 2 տարի 3 ամիս կալանքի մեջ գտնվելուց հետո Աճառյանը ազատվում է բանտից: Եվ քանի որ բանտից ազատվել էր ՙհանցակազմի բացակայության՚ հիմնավորումով, անմիջապես վերականգնում են նրա դասախոսական իրավունքները: Հետաքրքիր է, որ հասնելով համալսարանի շենքին` այդքան տարիների իր կարոտն առնելու համար պրոֆեսորն ու գտնականը լացակումած սկսում է համբուրել շենքի պատերը:

Աճառյանը աստվածավախ մարդ էր: Կյանքի բոլոր դժվար ու անելանելի պահերին միշտ հույսն Աստծու վրա է դրել և բանտից ազատվելուց հետո էլ անգամ կյանքում վրա հասած ուրիշ փորձությունների ժամանակ միշտ աղոթել է, միշտ հավատացել, որ բարին ամենակարող է, և երբեք չի հանձնվել, թույլ չի տվել, որ արատավորվի իր հոգին: Դստեր` Քնարիկ Աճառյանի պատմելով` հայրիկը օրվա ընթացքում 4 անգամ աղոթում էր` առավոտյան, կեսօրին, ընթրիքին և քնելուց առաջ և որպեսզի չմոռանա, թե քանի անգամ է աղոթել, ամեն աղոթելուց հետո թաշկինակի մի ծայրը հանգուցում էր:

Կյանքում բազմաթիվ տառապանքներ տեսած, բազում մղձավանջային օրեր ապրած մեծ գիտնականի, ազնիվ ու մեծասիրտ մարդու համար 50-ական թվականները ամենահանգիստ ու խաղաղ տարիներն էին: Այդ ժամանակ նա արդեն 74 տարեկան էր: Սակայն շարունակում էր դասավանդել համալսարանում և կշարունակի մինչև մահը` 1953 թվականի ապրիլի 16-ը: Այդ օրը նա սովորականի պես գնում է դասախոսության, պարապում պարսկերենի դասը, վերադառնում տուն, սափրվում, թեև դա իր սափրվելու օրը չէր, ախորժակով ճաշում է, նստում բազկաթոռին ու գոհունակությամբ դիմում կնոջը. ՙՍո‎ֆիկ, ես երջանիկ եմ, փառք Աստծո, կինս առողջ է, աղջիկս առողջ, այսօր էլ կարողացա համալսարան գնալ և դասերը հաջող անցան: Հիմնական գործս վերջացրել եմ, ապրել եմ 77 տարի` կախարդական երկու թվանշան կողք-կողքի, վայելել եմ ամեն ինչ, տեսել այն օրերը, որ երազում էի: Հիմա ինձ համար ամեն ինչ վերջացել է՚: Սակայն տանեցիները չէին կասկածում, որ մեծ մարդու կանխատեսմամբ նա զգում էր իր մահը: Դրանք Աճառյանի կյանքի վերջին պահերն էին: Այդ օրը նա ՙԱլմաստ՚ օպերայի երկու տոմս էր գնել կնոջ և դստեր համար: Ճանապարհելիս նրանց համբուրում է, ավելի ուժգին սեղմում կրծքին և հուզվում: Տանեցիները ոչինչ չեն կասկածում, այնքան սովորական էր նրանց համար մեծ ծերունու հուզմունքը: Իսկ օպերայից տուն վերադառնալով` նրան տեսնում են բազմոցին մեկնված` աչքերը փակ, ձախ ձեռքը գլխի տակ, աջ ձեռքին թաշկինակը` 3 ծայրերը ագուցված, մեկը` ոչ… Չորրորդ անգամ չէր հասցրել աղոթել…: Մտածում են, թե քնած է, բայց շուտով հասկանում են, որ իրենց սիրելի հայրն ու ամուսինը մահացել է:

Իր ապրած կյանքի 77 տարիներից 65 – ի ընթացքում, աշխատելով առավոտից մինչև ուշ գիշեր, Հրաչյա Աճառյան գիտնականը ստեղծեց այնպիսի կոթողային աշխատություններ, որոնք անկրկնելի են: Մեծ գիտնականի մինչև այսօր հրատարակված աշխատությունների ցանկի անվանումների թիվը հասնում է մոտ 250-ի` ամփոփված ավելի քան 32 հազար մեծադիր էջերում` չհաշված մի քանի տասնյակից անցնող ձեռագիր աշխատությունները: Այս ողջ ավանդը յուրօրինակ կյանքի մանրամասներով նա ժառանգեց իր ազգին, ում նվիրել էր ողջ կյանքը: Նա այն միակ հայ պոլիգլոտն էր, որ հինգ տասնյակից ավելի լեզուների էր տիրապետում և հասկանում էր եռապատիկ անգամ ավելի լեզուներ… Այս ռեկորդը հայ իրականության մեջ դեռևս չի գերազանցվել:

Թագուհի Ասլանյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Analitika, Լրահոս, Մեր մեծերը, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն