Գլխավոր » Infowar, Լրահոս, Հասարակություն, Տեղեկատվական անվտանգություն

Մի կո’ղմ թողեք անձնական շահերը

Հուլիս 22, 2010թ. 13:32

AliqՀամայնքի ու հասարակայնութեան մերօրեայ պառակտիչները կամ` «ՙԻրանահայեր»-ի «Լոյս»-ն ու ստւերը…


Ազգային նկարագիրն ու մշակոյթը աներկբայօրէն ամէն մի ազգի սեփականութիւնն են ու բխում են նրա ազգային ներաշխարհից, որն ունի իրեն իւրայատուկ երանգները եւ որը կարող է ընդհանուր եզրերի մէջ միացնել ազգերին կամ ընդհակառակը` տարանջատել իր բազմատարրութեամբ:

Բայց, արի ու տես, որ նոյնը չեն աշխարհում տիրող տնտեսական զարգացումներից ու անկումներից բխող վերիվայրումները, որոնք նոյն ժամային ծիրում տարածւում եւ ներթափանցում են աշխարհում գոյութիւն ունեցող երկրների առօրեայում:

Եթէ ոչ շատ վաղ անցեալում, ընդամէնը տասնամեակներ առաջ, կենցաղային առօրեան ու կեանքը փոքրիկ սանդղակային ցուցանիշերով զարթօնք էր ապրում, ապա այսօր հէնց նոյն սանդղակային չափանիշերով ոչ այնքան բարեկեցիկ եւ խնդիրներով ու դժւարութիւններով յագեցած իրողութիւն է ապրում, որը անմիջականօրէն շաղկապւած է աշխարհում տիրող տնտեսական իրավիճակին ու սահմաններ չի ճանաչում: Տնտեսական իրավիճակ, որն այսօր պարտադրող հրամայական է դարձել` վերանայելու եւ վերադասաւորելու մարդու կենցաղը, աշխատանքն ու առօրեան:

Վերադառնանք բուն հարցին, որի ազդեցութիւնը կրում ենք նաեւ մենք` որպէս այս երկրում ապրող փոքրամասնութիւն` զերծ չմնալով տնտեսական ճգնաժամի հետեւանքներից, որն այսօր արդէն իսկ ուղղակի որպէս ժամանակի մարտահրաւէր` մեզանից համապատասխան առնւելիք քայլեր է պահանջում:

Ու ելնելով այս հրամայականից` իրանահայ համայնքում արդէն իսկ սկսւել են վերադասաւորման եւ վերանայման գործընթացներ, օպտիմալացումը առաւել քան հրատապ է դառնում մեզ համար, քանզի առկայ է արտագաղթի երեւոյթը, որը երկրում արդէն իսկ փոքրամասնութիւն ածականի տակ թւաքանակի նւազմամբ աւելի է շեշտւում:

Աւելիով սեղմելով այս հարցի օղակը` անցնենք համայնքում այս բոլոր երեւոյթների ու գործընթացների լուսաբանումներին, որին որպէս մեր համայնքի միակ խօսափողը` իր տարիների կոչմանը հաւատարիմ` որքան հնարաւոր է վաղվաղակի, իմա` իսկոյն, ՙԱլիք՚ օրաթերթը արձագանգել է` հիմնւելով, մէկ անգամ եւս շեշտում ենք` հիմնւելով ՓԱՍՏԵՐԻ ԵՒ ՓԱՍՏԱՑԻ իրողութիւնների վրայ: Այս շեշտադրումը նրանց համար է, ովքեր առանց դոյզն իսկ արժանապատւութիւն ունենալու` մեղադրում են մեզ` ՙԱլիք՚ օրաթերթին, ՙիր որդեգրած գործելաոճի հետեւանքով` իբր հայ մամուլի ազնւութիւնը հարցականի տակ դնելու՚ մէջ: Եւ սա արտացոլւում է մի կայքէջային լրատւամիջոցից` ՙԻրանահայեր՚ յորջորջումով, որի խօսքին էլ որպէս համախոհ` իրենց կնիքն են դնում լրատւամիջոցի յաւակնութիւն ունեցող ՙԱրաքս՚-ն ու ՙԼոյս՚-ը:

Վերջին ամիսների ընթացքում յատկապէս նման մեղադրանքներ վերը նշւած վայ լրատւամիջոցների կողմից բազմիցս են հասցէագրւել մեզ, բայց ՙԱլիք՚-ը, որ միշտ խոհեմ ու լուռ է տարել նման հասցէագրումները, իրեն վայել չհամարելով պատասխանել այսօրինակ ճղճիմ ու ստայօդ ցեխարձակումներին, այդուհանդերձ` այսօր կարիքը զգաց բարձրաձայնելու` չցանկանալով համայնքի հասարակութեան փոքրաթիւ այն զանգւածին, որը հետեւում է կայքին ու նաեւ հայաստանեան հասարակութեանը, որին ուղղւած է կոչը, նոյնիսկ վայրկեան իսկ շեղելու իր համոզումներում: ՙԱլիք՚, որը մշտապէս ներել է ու հանդուրժել է հէնց վերը նշւածների ոտնձգութիւններին` գերադասելով համայնքային միասնականութեան ու միատարրութեան պահպանումը, որի ալիքին նպատակայնօրէն հակառակ են թիավարում ՙԲարձր պահենք մամուլի վարկը՚ կոչ յղողները` իրենց թեթեւաբարոյ եւ ոչ-խելամիտ կեցւածքով:

Չէինք գրի այս բոլորը, եթէ որպէս համայնքի միակ օրաթերթը լինելու գաղափարը փայփայող զինւորներ` չունենայինք այն նախանձախնդրութիւնը, որ անաչառօրէն եւ առարկայօրէն փաստացի տւեալների հիման վրայ լուսաբանէինք համայնքային ողջ անցուդարձերը, քանզի մեծ ժողովրդականութիւն վայելող մեր թերթին սպասում են հազարաւոր ընթերցողներ, որոնց մօտ իւրաքանչիւր բառի եւ տառի համար պատասխանատւութիւն ենք զգում` հակառակ ՙԻրանահայեր՚ ՙլրատւական՚ կայքէջի, որի համախոհ ընթերցողների ՙբանակը՚ չի անցնում գոնէ տասնեակը եւ ինչպէս ժողովրդական խօսքն է ասում` խեղդւողը փրփուրներից է կախւում, սրանք էլ ընթերցող հասարակայնութիւն են փնտրում հայաստանեան հասարակութիւնում իրենց շինծու լրատւութեամբ, դեռ մի հատ էլ ՙկոչ՚ ձեւակերպում:

Մինչ կանցնենք նրանց կայքէջային լուսաբանումների իրողութիւնների փաստացի ճշգրտմանը, որոնք զուտ խեղաթիւրումներ են իրենցից ներկայացնում, մենք մեր զարմանքն ենք արտայայտում, որ նրանք, ովքեր ի դէմս այս լրատւամիջոցների` իրենց ՙմամուլի ազնիւ առաքեալներ՚ են համարում, տողատակերում պատգամների ընդմիջում իրենց ներկայացնելով որպէս զոհեր` ապա ինչո՞ւ են այս ՙազգասէր ու ճշմարտախօս զոհերը՚ ընտրել հեշտ ուղին` հէնց համայնքային մակարդակում, չասենք ազգային, պառակտումային նպատակասլացութեամբ «լուսաբանութիւններ» անելով: Եթէ այդքան ազգասէր մարդիկ էք եւ օր ու գիշեր չէք քնում համայնքային «սխալ գործելաոճից եւ մամուլի ոչ-ճիշտ լուսաբանումներից» մտահոգ, ճիշտ կը լինէր հիմնելով թուրքալեզու հայամէտ կայքէջ` կայքէջային այդ ողջ կարողականութեան ու ներուժի սլաքն ուղղէիք համազգային խնդիրների քարոզչութեանը, զորօրինակ` Հայոց Ցեղասպանութեան ճշմարտացի իրողութեան քարոզչութիւնը, Արցախեան հիմնախնդիրը եւ այլն, ինչպէս ամիսներ առաջ արեց Ադրբեջանը` հիմնելով ՙArmenian.az՚ հայալեզու կայքէջը, ուր ամբողջութեամբ հակաքարոզչութիւն է` ընդդէմ մեզ: Իհարկէ, ի՞նչ ենք սպասում նման մարդկանցից. ՙլրագրողներ՚, որոնք նոյնիսկ իրենց քթի տակ, համայնքում, ազգային ու համազգային նշանակութիւն ունեցող, ինչպիսիք` ապրիլի 24-ի համահաւաքն է, Թեհրան-Երեւան յուլիսի 15-ի աւիավթարին կապւող անցուդարձերը եւ նման շատ այլ բաներ, ինքնուրոյն չեն լուսաբանում այլ հէնց հեշտ ու հանգիստ գործելաոճ մշակելով` ուղղակի վերցնում են թերթիս լրատւութիւնը եւ զետեղում իրենց կայքէջում, եւ այստեղ ինչպէ՞ս է, որ վստահում են լուրի հաւաստիացմանը եւ յաճախ նոյնիսկ տառացիօրէն մեր աղբիւրից վերցւած նիւթի ճակատին ՙԱլիք՚ օրաթերթ աղբիւրը առանց խղճմտանքի` փոխարինում են ՙԻրանահայեր՚ լրատու ցանցով. ահա թէ ո՞ւր է ՙԲարձր պահենք մամուլի վարկը՚ ջատագովների ՙճշմարտացիութեան գաղափարախօսութիւնը՚:

Այս ամէնը գալիս է ապացուցելու եւ առաւել շեշտաւորելու այն ցաւալի իրողութիւնը, որ համայնքային նոյնիսկ ճակատագրական նշանակութիւն ունեցող հարցերը փոխանակ միակամ ու մի բռունցք դարձած լուծելու` տարանջատւում, դառնում են անձնական շահերի եւ եսակենտրոն նկրտումների զոհ` խախտելով հասարակութեան մտքի եւ միասնականութեան ամենակարեւոր խարիսխը, ստեղծելով անվստահութեան մթնոլորտ եւ ոչ-լիարժէքութեան զգացում, որին ուրիշ որեւէ որակաւորում եւ պիտակաւորում չես կարող տալ բացի վարակ, որը անզգայաբար իրեն անհրաժեշտ միջավայրն է ապահովում` ոչնչացնելով համայնքային առողջ օրգանիզմը:

Մեր եզրափակիչ խօսքում միայն կարող ենք ասել, որ կարծում ենք` վերոգրեալներին բազմիցս է ապացուցւել, որ ՙԱլիք՚-ն իր գոյութեամբ, իր գրչի շիտակութեամբ ու մտքի անկեղծութեամբ միշտ եղել է պատնէշի վրայ ու բազում նման փորձութիւնների է ենթարկւել արդէն շուրջ 80-ամեայ իր երթի ընթացքում, բայց երբեւէ չի ընկրկել իր դէմ սուր ճօճողների մեքենայութիւնների դիմաց, այլ ընդհակառակը` այդ փորձութիւններից նա դասեր քաղելով` դարձել է աւելի զօրեղ ու բանական մտքով առաջնորդւող: Վկայութիւնը` նրա արդէն 80-ամեայ յարատեւութիւնը: Այս հերթական փորձութիւնն էլ, որ, ինչպէս ժողովրդական խօսքն է ասում, այս խմորը շատ ջուր կը տանի, այսինքն` կայքէջային այս մեսիջները, որոնք ուղղւած են մեզ, վստահ ենք, կանցնեն պատմութեան գիրկը, բայց այս ոչ-կառուցողական ու համայնքի պառակտմանն ուղղւած գործընթացի ՙգլխաւոր հերոսները՚ կը մնան որպէս ինքնակոչներ, որոնց հետագայում արհամարհւած լինելը չի որակւի եւ որպէս հարցադրում` չի հնչի` ՙեթէ դաշնակցական չես, հայ չե՞ս՚: Եւ, իմիջիայլոց, Դաշնակցութեան օրգան-պաշտօնաթերթը լինելով` երբեւէ չենք ջանացել շահագործել օրգանի գաղափարը, քանզի մշտապէս գիտակցել ենք, որ չենք կարող միայն կուսակցութեան խօսափողը լինել, որովհետեւ կուսակցութեան գաղափարախօսութիւնը ինքնին ազգային է եւ մենք որպէս օրաթերթ` գոյատեւում ենք փոքրամասնութիւն կոչւող համայնքում, որն իր ուսերին է պարտաւոր միաժամանակ տանելու համայնքի տարաբնոյթ մտասեւեռումներով յագեցած առօրեան` սկսած ազգապահպանութիւնից մինչեւ ամենաչնչին իրողութիւնը: Այնպէս որ` զուր են ձեր նկրտումները եւ մէկ անգամ եւս խորհուրդ կը տայինք ձեզ զբաղւել համայնքային, ազգային ու մանաւանդ համազգային հիմնահարցերի անաչառ ու ազնիւ լուսաբանմամբ եւ գոնէ այդ դէպքում` պարզերես կը լինէք համայնքի իրականութեան մէջ:

«ԱԼԻՔ» օրաթերթ


ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Infowar, Լրահոս, Հասարակություն, Տեղեկատվական անվտանգություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն