Գլխավոր » Culture-Hogevor, Genocide, Hay-turq, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Մշակույթ, Ցեղասպանություն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐՆ՝ ԸՆԴԴԵՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ

Ապրիլ 19, 2015թ. 11:31
litark, poster

Ապրիլի 20-29 Երևանում կանցկացվի «Գրական տապան» միջազգային ամենամյա փառատոնը` «Գրական տապան. ապրիլ» ծրագիրը: Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և կկրի «Խոսքը հանուն կյանքի» խորագիրը: Գրական այս նախաձեռնությունն ընթերցասեր հանրությանը կծանոթացնի Հայոց ցեղասպանության թեմայով հրատարակված օտարալեզու ստեղծագործություններին, որոնց հեղինակներին էլ կհյուրընկալի փառատոնը: «Գրական տապան. ապրիլը» կմեկտեղի հայ և օտարազգի գրողների ստեղծագործ գաղափարները՝ ուղղելով դեպի Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած մեր մտավորականների խոսքի ու գրի հանրահռչակմանը։

Ապրիլի 21-ին նախատեսված է համատեղ գրական ընթերցում. հայ և օտար գրողները կընթերցեն Սիամանթոյի, Դանիել Վարուժանի, Գրիգոր Զոհարապի, Ռուբեն Սևակի և եղեռնի զոհ մեր մյուս գրողների ստեղծագործություններն ու դրանց թարգմանությունները: Այս ձեռնարկով Հայաստանը միանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաշխարհային գրական ընթերցումներին, որոնք նախաձեռնել են Բեռլինի պոեզիայի փառատոնը և Գերմանիայի «Լեփսիուսի տուն» հետազոտական կենտրոնը:
«Գրական տապան. ապրիլ» փառատոնը կհյուրընկալի միջազգային գրական աշխարհում հեղինակություն ունեցող
մտավորականների, ինչպիսիք են՝ Թոմաս Հարթվիգը, Մելինե Թումանին, Յուրգեն Յանկովսկին, Մարկ Մուստյանը, Մարկ
Մորտեն
և այլոք: Այս գրողները ստեղծագործել են նաև Հայոց ցեղասպանության թեմայով, նրանց գրքերը թարգմանվել են
տարբեր լեզուներով՝ միջազգային հանրությանն իրազեկելով 20-րդ դարասկզբի մարդկային մեծագույն հանցանքի մասին։ Այդ գրքերի մի մասը թարգմանվել է նաև հայերեն, մասնավորապես` Մարկ Մուստյանի «Ժանդարմը» գիրքը, որի շնորհանդեսները նախատեսված է «Գրական տապանի» օրերին։

Փառատոնի պատվավոր հյուրը կլինի ֆրանսիացի հանրաճանաչ գրող Բերնար Վերբերը, որի պատմվածքների հայերեն
թարգմանությունը կներկայացվի ընթերցողին:

«Գրական տապան. ապրիլին» հյուրընկալված մտավորականները կմասնակցեն ապրիլի 22-23-ին Երևանում անցկացվող
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին, որի ընթացքում կազմակերպվող «Ցեղասպանությունը
գրականությունում» տաղավարում կներկայացնեն թեմային վերաբերող իրենց գրքերը:
Մտավորականները կանցկացնեն վարպետության դասեր, հայ ուսանողներին կներկայացնեն ժամանակակից գրական աշխարհի
միտումներն ու զարգացումները։ Ավանդույթի համաձայն՝ նրանք կմասնակցեն կլոր սեղանների, քննարկումների,մշակութային այլ նախաձեռնությունների։
Փառատոնի հյուրերը կայցելեն Հայաստանի տեսարժան վայրեր, թանգարաններ,կծանոթանան մեր պատմամշակութային
ժառանգությանն, ավանդույթներին:

Գրական տապան. ապրիլ» միջազգային փառատոնն իրականացնում է Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպությունը (ԱՕԿՍ)` ՀՀ մշակույթի նախարարության և Հայոց
ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարոգող պետական հանձնաժողովի աջակցությամբ:

«ԳՐԱԿԱՆ ՏԱՊԱՆ. ԱՊՐԻԼ» ՓԱՌԱՏՈՆԻ ՀՅՈՒՐԵՐՆ ԵՆ՝
Լյուբիցա Միլետիչ (Սերբիա)
բանաստեղծուհի, թարգմանչուհի, էսսեների հեղինակ: Կազմել և հայերենից սերբերեն է թարգմանել «Արդի հայ պոեզիա» («САВРЕМЕНА JЕРМЕНСКА ПОЕЗИJA») անթոլոգիան, որն էլ կներկայացնի «Գրական տապանին»։ Ժողովածուում զետեղված է 28 հայ բանաստեղծի ստեղծագործություն։ Միլետիչը մասնակցել է պոեզիայի հայաստանյան և արցախյան միջազգային փառատոներին։ Երևանում և Ստեփանակերտում հրատարակված «Արարատի հողմերը» և «Ներիր, հրեշտակ» գրքերի համար դարձել է արցախյան 2-րդ փառատոնի դափնեկիր։ Նրա բանաստեղծական ժողովածուները թարգմանվել են հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, հունարեն և այլ լեզուներով։

Ալան Ուայթհորն (Կանադա)՝ բանաստեղծ, քաղաքագետ: Մի շարք գրքերի հեղինակ է, որոնցից են ՝ «Արդար բանաստեղծություններ. անդրադարձ հայոց եղեռնին», «Նախնիների ձայները. ինքնություն, ազգային արմատներ և վերհիշելով եղեռնը», «Հայոց եղեռնը. դիմակայություն անտարբերության իներցիային»։ Բանաստեղծություններում շոշափում է Հայոց ցեղասպանության պատմական փաստն ու Հայկական սփյուռքի ձևավորման հանգամանքները։
2012 թ.-ին Երևանում լույս է տեսել նրա «Վերադարձ դեպի Հայաստան» (Return to Armenia) բանաստեղծությունների ժողովածուն, որն էլ հեղինակը կներկայացնի «Գրական տապանին»։

Մարսելա Փոլեյն (Ավստրիա) բանաստեղծուհի, արձակագիր: Հեղինակ է բանաստեղծական 3 ժողովածուի և վեպի։ 2007-ին հրատարակել է «Աշխարհի եզրը» (The Edge of the World) վեպը, որը ներկայացնում է թուրքահայ մի ընտանիքի պատմություն՝սկսած 1900-ականներից մինչև 2000 թվականները։ «Գրական տապանին» կներկայացնի իր «Աշխարհի եզրը» վեպը, ինչպես նաև հանդես կգա վարպետության դասով՝ ինչպես ներկայացնել գրական խոսքը և ցանկալի մտքերը պոեզիայի միջոցով։

Մելինե Թումանի (ԱՄՆ) ՝ գրող, լրագրող: Հետաքննող լրագրող է. ուսումնասիրել է Հայոց ցեղասպանության թեման։ 4 տարի ապրել է Թուրքիայում, որպեսզի մոտիկից ըմբռնի հայերի, թուրքերի ու քրդերի հոգեբանությունը։ Նրանց հետ իր զրույցների հիման վրա փորձել է վերլուծել, թե ինչ ազդեցություն ունի Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի սերունդների վրա։ Գրել է «Եղել է և չի եղել» (There Was and There Was Not. A Journey through Hate and Possibility in Turkey, Armenia and Beyond) գիրքը, որի շնորհանդեսը կանցկացվի «Գրական տապանի» օրերին։ Մելինե Թումանին նաև կդասախոսի՝ ինչպես ձեռք բերել ազատություն գրական խոսքում։

Սերժ Վենտուրինի (Ֆրանսիա)՝ բանաստեղծ, թարգմանիչ: Նրա ստեղծագործությունները բանաստեղծության և արձակի, քաղաքականի ու փիլիսոփայականի խաչմերուկում է։ Թարգմանել է Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը, որը շուտով լույս կտեսնի։ «Գրական տապանին» հայ գրողների հետ համատեղ ընթերցումների ժամանակ կկարդա հատվածներ՝ չարենցյան իր թարգամանություններից։ 2011 և 2014 թվականներին ևս մասնակցել է «Գրական տապան» փառատոնին ու բանաստեղծություններ գրել Հայաստանի մասին։ Առհասարակ Վենտուրինիի պոեզիան առանձնանում է յուրօրինակ ուղղվածությամբ. նա իր «Լուսաբեկորներ» ժողովածուում շեշտադրում է մարդկային լինելության հարցադրումը։

Հարրի Ցիթեն (Գերմանիա) ՝ մշակութաբան, գրականագետ, սոցիոլոգ: Կազմել է «Ուրացված-մոռացվածնե՞ր» գիրքը, որում ներառված են Հայոց ցեղասպանության մասին ստեղծագործություններ։ Դրանց հեղինակները Հայաստանի և Գերմանիայի դպրոցականներն են։ «Գրական տապանին» կներկայացնի 1915-ի Մեծ եղեռնի զոհ դարձած արևմտահայ գրողների ստեղծագործությունների «Ափ մը մոխիր» ժողովածուն, որտեղ ընդգրկված են Սիամանթոյի, Դանիել Վարուժանի, Ռուբեն Սևակի, Երուխանի, Գրիգոր Զոհրապի, Ռուբեն Զարդարյանի և այլ գրողների ստեղծագործություններ։

Մարկ Մորտե (Իսպանիա)՝ գրող: Տևական ժամանակ ապրելով Թուրքիայում և հարևան մյուս երկրներում՝ ուսումնասիրել է տարածաշրջանի ժողովուրդների պատմությունն ու ներկան։ Գրել է «Մետաքսի ճանապարհի կորսված անուրջներ» գիրքը, իսկ ավելի քան մեկ տարի Կովկասում բնակվելուց հետո գրել է հայոց ցեղասխանության թեմայով «Արարատի զավակները» վեպը։ Այն այս տարվա աշնանաը կթարգմանվի և կհարատարակվի հայերեն։ «Գրական տապանին» հեղինակը կներկայացնի իր վեպը, կպատմի հրատարակման դժվարությոնների մասին։

Բերնար Վերբեր. (Ֆրանսիա)՝ արձակագիր: Արտասովոր ու յուրահատուկ ձեռագրով գրող է։ Աստված, հրաշտակներ, մրջյուններ. նրա ստեղծագործությունների առանցքային թեմաներն են։ Վերբերի գրքերը բեսթսելեր են ոչ միայն Ֆրանսիայում, այլև ամբողջ աշխարհում։ Թարգմանվել են 30 լեզուներով, վաճառվել ավելի քան 20 միլիոն տպաքանակով։ Վերբերի ստեղծագործություններում վերլուծվում է մարդկային հոգու էվոլյուցիան։ «Գրական տապանին» կներկայացնի իր պատմվածքների ժողովածուն, որը պետական պատվերով վերջերս թարգմանվել է հայերեն և հրատարակվել։ Վերբերը հանդես կգա նաև վարպետության դասով։

Դանա Ուոլրըթ (ԱՄՆ)՝ գրող, գիտնական: Նա Հայոց ցեղասպանությունից փրկված արևմտահայի ժառանգ է։ Առաջին վեպը գրել է իր տատիկի մասին։ Այն մեծ ճանաչում ու մրցանակներ է բերել հեղինակին։ Ունի գրաֆիկական հուշեր իր մոր մասին, որոնք գրաֆիկական հումորի «Արևավիշապ» երևանյան փառատոնին արժանացել են արծաթե մեդալի։ «Գրական տապանին» Դանան կներկայացնի իր «Ինչպես ջուրը և քարը» գիրքը, որտեղ պոեզիայի լեզվով ներկայացված է Հայոց ցեղասպանությունը։

Թոմաս Հարթվիգ (Գերմանիա)՝գրող, ռեժիսոր:2014-ին հրատարակել է իր «Հայուհին» վեպը, որը հետադարձ հայացքով պատմում է Հայոց ցեղասպանության մասին։ «Հայուհին» այժմ թարգմանվում է հայերեն։ «Գրական տապանին» Հարթվիգը թարգմանչի հետ կընթերցի հատվածներ իր վեպից, որի հերոսը գերմանացի գրող Արմին Վեգներն է։ Արկածախնդիր երիտասարդը սիրահարվում է մի չքնաղ հայուհու, բայց շուտով ականատեսն ու վկան դառնում թուրքական ոճրագործության։ Ցեղասպանության դրվագներն ու Վեգների անձնական պատմությունը Հարթվիգի վեպում գեղարվեստորեն կենդանություն են ստանում։

Յուրգեն Յանկովսկի (Գերմանիա)՝ գրող, հրապարակախոս, հրատարակիչ: Ավելի քան 30 գրքի, 50-ից ավելի բանաստեղծությունների, էսսեների, հոդվածների հեղինակ է։ Նրա գործերը հրատարակվել են Ավստրիայում, Բելգիայում, Բոսնիայում, Հերցոգովինայում, Հայաստանում, Թունիսում, Իսրայելում, Կանադայում և այլ երկրներում։
Ծրագիրը, որ ներկայացնելու է Յանկովսկին «Գրական տապանին» համատեղվում է Հարրի Ցիթենի նախագծի հետ։ Նա հանդես կգա բանախոսությամբ։ Իսկ Ցիթենը «Գլոբալ Ֆորումին» կներյացնի գրքեր։

Մարկ Մուստյան (ԱՄՆ)՝ արձակագիր, փաստաբան: Մարկ Մուստյանը վերջերս է բացահայտել իր հայկական ծագումը և սկսել է ուսումնասիրել Մեծ եղեռնի պատմությունը։ Նրա «Ժանդարմը» գիքրը հրատարակվել է 9
լեզվով և մի շարք երկրներում դարձել բեսթսելեր։ Վեպն այլաբանորեն ներկայացնում է Հայոց ցեղասպանության հիմնախնդիրը։ «Ժանդարմի» հերոսը մի թուրք զինվորական է.գլխուղեղի ուռուցքի վիրահատությունից հետո վերականգնված հիշողությունը նրան
ստիպում է մեղքի զգացումից տառապել, որովհետև ինքը ևս մասնակցել է հայերի ջարդերին։ Վեպում թուրք ժանդարմը սիրահարվում է մի հայուհու. սիրո շնորհիվ մարդասպանը վերափոխվում է աքսորյալների պաշտպանի։ Գրքի՝ պետական աջակցությամբ իրականացված հայերեն թարգմանության շնորհանդեսը տեղի կունենա փառատոնի օրերին։

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, Genocide, Hay-turq, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Մշակույթ, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն