Գլխավոր » Regions, Ադրբեջան, Թուրքիա, Իրան, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Վրաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Մեր քաղաքականությունը պայմանավորված չէ ռուս-թուրքական հարաբերությունների վատ կամ լավ լինելով

Դեկտեմբեր 9, 2014թ. 10:16
Արամ Սաֆարյան

Հարցազրույց քաղաքական վերլուծաբան “Ինտեգրացիա և զարգացում” հետազոտության և վերլուծության հ/կ նախագահ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻ հետ

-Ռուսաստանի նախագահ Պուտինի այցը Թուրքիա համարվեց պատմական իրադարձություն. Ռուսաստանը, հրաժարվելով Հարավային հոսքի ծրագրից հսկայական ներդրումներ կկատարի Թուրքիայի էներգետիկ ոլորտում: Այսպիսով, տարածաշրջանային նոր իրողության սկիզբ է դրվում հանձին Ռուսաստան-Թուրքիա տնտեսական մերձեցման: Ձեր գնահատականը:

-Թուրքիան տուրք չտալով Ռուսաստանի դեմ կիրառվող արևմտյան պատժամիջոցներին և ելնելով իր տնտեսական, քաղաքական շահերից, Ռուսաստանի հետ վարում է ինքնուրույն համագործակցային քաղաքականություն: Ուշադրություն դարձնենք՝ չմիանալով պատժամիջոցներին Թուրքիան վերջին ամիսներին դարձավ Ռուսաստանի գլխավոր գյուղմթերքների, լայն սպառման ապրանքների մատակարարը ու շահեց՝ Ռուսաստանից ստանալով էժան գազ: Այս մերձեցումը ձեռնտու է նաև Ռուսաստանի համար: Հարավային հոսքից հրաժարված Ռուսաստանը ունի գազի ավելցուկ, ինչը կուղղորդի դեպի Թուրքիա: Այսպիսով, ռուս-թուրքական տնտեսական նոր մերձեցումը սկսում է դառնալ խոստումնալից:

-Տնտեսական գործարք լինելուց զատ այն նաև քաղաքական է, ու բնականաբար, մեզ համար հարց է առաջանում՝ ո՞րն է Հայաստանի օգուտն ու վնասը ռուս-թուրքական այս մերձեցումից:

-Վնասների հարցում անհանգստություն չունեմ, քանի որ մենք Թուրքիայի հետ չունենք որևէ հարաբերություն, որ մտածենք դրանք լավանալո՞ւ կամ վատանալու մասի: Հետևաբար, խոսեմ օգուտից: Վերին Լարսի անցակետում արդեն 5-րդ ամիսն է, որ յուրաքանչյուր մեկ հայկական ավտոմեքենայի կողքին կանգնած է թուրքական 3 բեռնատար: Այսինքն, Թուրքիան, որը նախկինում դեպի Ռուսաստան ապրանք ներմուծելու համար երբևէ չէր օգտվել այդ անցակետից, վերջին 5 ամիսներին դարձել է գլխավոր օգտվողը: Վերին Լարսն այլևս չի կարող ապահովել Թուրքիա-Ռուսաստան օրեցօր աճող բեռնափոխադրումների համար որակյալ սպասարկում: Եվ այսօր Ռուսաստանում արդեն խոսում են Դաղստանից դեպի Վրաստան նոր ավտոմայրուղու կառուցման մասին, որը մի թևով պետք է միանա մեր Հյուսիս- հարավ մայրուղուն, իսկ մյուսով՝ շարժվի դեպի Թուրքիա: Ասելիքս հետևյալն է՝ Թուրքիայի և Ռուսաստանի հետաքրքրությունների կիզակետում հայտնվել է աբխազական երկաթուղու վերագործարկման հարցը: Ինչո՞ւ, որովհետև Կարս-Ախալքալակ-Թբիլիսի նորակառույց երկաթուղու միջոցով Թուրքիան կարող է դեպի Ռուսաստան բեռներ փոխադրել միայն այն դեպքում, երբ կվերագործարկվի աբխազական երկաթուղին:

-Ստացվում է, որ Հայաստանի և Թուրքիայի շահերն այս հարցում համընկնո՞ւմ են:

-Իհարկե, երկու երկրների շահերից է բխում Վրաստանի ավտոճանապարհներից, երկաթուղուց համատեղ, անխափան օգտվելը: Ես նաև համոզված եմ, որ աբխազական երկաթուղու վերաբացման մասին Պուտինի հայտարարություններին անպայման կհաջորդեն ակտիվ գործնական քայլեր:

-Բայց վերջերս ստորագրված ռուս-աբխազական համագործակցության և ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրն արդյո՞ք աբխազական երկաթուղու ճակատագիրը չդրեց հարցականի տակ:

-Ոչ, բացատրեմ, թե ինչու: Վրաստանի հասարակական, քաղաքական շրջանակներն այսօր լրջորեն մտահոգված են Թուրքիա-Ադրբեջան առանցքից Վրաստանի չափազանց մեծ կախվածությամբ: Գիտակցում են, որ Վրաստանը պետք է վարի հավասարակշիռ քաղաքականություն: Եվ այսօր այլևս հասարակական քննարկումների առարկա է դարձել Ռուսաստանի և Հյուսիս-հարավ մայրուղով Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունը: Միայն Ռուսաստանի ցանկությամբ գործը շատ դժվար կարող է առաջ գնալ: Հետևաբար, աբխազական երկաթուղու վերաբացման հարցում մենք այսօր ունենք երկու դաշնակիցներ. մի կողմից դա Վրաստանի հասարակական այն շրջանակներն են, որոնք ինչպես ասացի, մտահոգված են իրենց երկրում թուրք-ադրբեջանական ալյանսի ակտիվացումից, մյուս կողմից Թուրքիան է:

-Ռուսաստան- Թուրքիա մերձեցումը մշտապես մտահոգել է հայերիս. պատմությունն է նաև ցույց տալիս, որ պետք է զգուշանալ այդ դաշինքից: Այդ մտավախությունը չկա՞ այսօր:

-Գիտեք, մենք պետք է դադարենք մտածելուց, թե մեզ կհաջողվի ազգային խնդիրներ լուծել միայն ռուս-թուրքական թշնամական հարաբերությունների դեպքում: Մենք չպետք է մեր քաղաքականությունը կառուցենք պայմանավորված ռուս-թուրքական հարաբերությունների վատացմամբ կամ լավացմամբ: Սա իր դարն ապրած մտածողություն է, որից պետք է հրաժարվել: Ինձ համար ակնհայտ է, որ մինչև Թուրքիան չճանաչի ու չդատապարտի Հայոց Ցեղասապանությունը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում տեղաշարժ չի լինի: Ինձ համար միանշանակ է, որ մինչև ԼՂ հակամարտությունը չստանա արդարացի լուծում, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները չեն կարգավորվելու: Թուրքիան չի հրաժարվելու Հայաստանի նկատմամբ ճնշման քաղաքականությունից, նա գտնվում է Ադրբեջանի ազդեցության տակ, իսկ հայ-թուրքական երկխոսության հիմնական արգելքը Ադրբեջանն է՝ ԼՂ հարցում իր դիրքորոշմամբ: Հայաստանը ևս զիջումների չի գնա, դա կլինի անտրամաբանական, անսկզբունքային քայլ ու ոչ ոք չի կարող հարգել նման երկրին: Եվ ուրեմն՝ ի՞նչ անել առանց ստորացուցիչ զիջումների մեր տեղն ու դիրքը հաստատելու համար: Այս առումով ճիշտ է մեր արտաքին քաղաքականությունը՝ Թուրքիայի հետ պատրաստ ենք երկխոսության, սակայն առանց նախապայմանների: Արժանապատիվ համագործակցության համար մենք պետք է ընթանանք այն ուղով, որով գնում է աշխարհը, իսկ դա տնտեսական համագործակցության ուղին է: Դառնալով ԵՏՄ անդամ երկիր մենք այս առումով ստացել ենք լուրջ հնարավորություն:

-Ռուսաստանը կարո՞ղ է օգտվել <մեծ եղբոր> դերից ու հայ-թուրքական հարաբերությունների հարթության մեջ ինչ-որ քայլեր պարտադրել Հայաստանին:

-Եթե Հայաստանի քաղաքական վերնախավը, սփյուռքահայությունը համատեղ դիմեն դաշնակից Ռուսաստանին՝ միջնորդելու այդ գործում, ապա Ռուսաստանը կարող է գնալ նման միջնորդության, դա չեմ բացառում: Բայց լիովին բացառում եմ հարկադրանքը, պարտադրանքը թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի նկատմամբ: Մի շատ կարևոր հանգամանք եմ ուզում նաև նշել: Ռուսաստանի եվրասիական գաղափարախոսությունը բոլոր ժամանակներում, սկսած 20-րդ դարասկզբից առ այսօր, ռուսական և թյուրքական համերաշխ գոյակցությունն է Եվրասիական տարածքի վրա: Սա մենք պետք է գիտակցենք ու որքան շուտ մտածենք թյուրքական աշխարհի հետ փոխշահավետ, հանգիստ զարգացման հեռանկարի մասին, այնքան հեշտ կլինի մեզ համար: Եվ հակառակը՝ մեկուսացումը կլինի խիստ վտանգավոր: Դրա համար Հայաստանը պետք է ակտիվորեն համագործակցի ԵՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի անդամ թյուրքական աշխարհի երկրների հետ, մասնավորաբար, Ղազախստանի, այդ աշխարհում իր ինքնուրույն, ինքնիշխան տեղը ապահովելու համար: Այսօր մենք ունենք այդ բոլոր հնարավորությունները: Պետք է մտածենք մեր տնտեսությունն ամրապնդելու ուղղությամբ, օգտագործելով ԵՏՄ ընձեռած՝ վարկային, աշխատանքային, հնարավորությունները, նոր աշխատատեղերի ստեղծմամբ նպաստենք արտագաղթի կասեցմանը, ի վերջո, ստեղծենք հասարակական ոգեշնչման նոր մթնոլորտ: Մեզ տրվել է բացառիկ պատմական հնարավորություն, օգտվելու 175 մլն շուկայի առավելություններից: Դա շատ լավ է հասկանում Ադրբեջանը, դրա համար էլ փորձում էր ամեն գնով խանգարել մեր անդամակցությանը: Սա հասկանում է նաև Թուրքիան, որին Ղազախստանը անվերջ մղում է Ռուսաստանի հետ սերտացող համագործակցության: Եվ դրա առաջին էական քայլը Պուտինի այցն էր Անկարա:
Ես վստահաբար ասում եմ՝ ԵՏՄ մտնելուց հետո մեր տնտեսության զարգացման իրական ու շոշափելի արդյունքները զգալու ենք 2015թ. ավարտին:

-Անկախ պատժամիջոցների՞ց, որոնց ազդեցության ծանրությունը գիտակցելով ԵՏՄ լիդեր երկրի ֆինանսների նախարարը հայտարարեց՝ ձգում ենք գոտիները:

-Ռուսաստանն այն երկիրը չէ, որը պատժամիջոցների պատճառով նահանջի իր քաղաքական դիրքերից ու զիջի այսքան դժվարությամբ ձեռքբերված ինքնուրույն բևեռի ազդեցության դերը: Ռուսաստանի պատմությունը, սկսած 18 դ սկզբից, լեցուն է նման օրինակներով, այս երկրի վրա և՛ ճնշում են գործադրել, և՛ փորձել են մեկուսացնել, բայց այդ ամենից Ռուսաստանը դուրս է եկել ավելի ուժեղացած: Պուտինի վերջին ուղերձի հիմնական հասցեատերը համաշխարհային հասարակությունն էր, նա պարզ հասկացրեց, որ Ռուսաստանը իր ներքին ռեսուրսների հաշվին կլուծի պատժամիջոցների հետևանքով առաջացած խնդիրները: Եվ ես համոզված եմ, դեմքով շուռ գալով դեպի սեփական տնտեսություն, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, այդ երկիրը դուրս է գալու հաղթանակած: Միակենտրոն աշխարհը դառնում է բազմակենտրոն և դա շատ ցավոտ է կատարվում՝ տնտեսական պատերազմների ճանապարհով: Իսկ սա պատերազմ չէ լոկ ՌԴ-ի դեմ: Տեղին նկատեց նախագահ Սերժ Սարգսյանը, ասելով՝ եթե մեր դրամը արժեզրկվեց լոկ այն պատճառով, որ մեր տնտեսությունն անմիջականորեն կախված է Ռուսաստանից, ապա ինչո՞ւ նույնքան արժեզրկվեց նաև վրացական լարին, չէ՞, որ վրացական տնտեսության մեջ առաջին ներդրողը ԱՄՆ-ն է, երկրորդը՝ Թուրքիան: Հետևությունը մեկն է՝ սա տնտեսական պատերազմ է՝ բոլորը բոլորի դեմ սկզբունքով:

Այս անողոք պայքարն առավելապես վտանգավոր է փոքր պետությունների համար, ոչ ճկուն քաղաքականության դեպքում կարող ենք ոտնատակ գնալ:

-Մեր մասին ուրիշ ազգերն ավելի բարձր կարծիքին են: Բելոռուս վերլուծաբան ընկերներիցս մեկը հայկական հեռուստատեսությամբ ասաց հետևյալը, եթե հայկական էլիտաները՝ Հայաստանում, Վրաստանում, Աբխազիայում, Ռուսաստանում, Եվրոպայում իրենց խոսքը մեկտեղեն, նրանք կարող են գտնել ազդեցության լուրջ լծակներ այդ երկրների քաղաքական շրջանակների վրա ներազդելու հանուն Հայաստանի այս կամ այն հարցը լուծելու համար: Հետևաբար, այսօր մեզ հարկավոր է համախմբում՝ աշխարհում ստեղծված տնտեսական դժվարություններին միասնաբար դիմակայելու համար: Իսկ եթե մեր երկիրը ներսից ցնցվի, ապա ոտքի տակ կգնա:
Հայաստանը, որպես փոքր, բայց կայուն տնտեսություն ունեցող երկիր, որպես Ռուսաստանի հավատարիմ, վստահելի դաշնակից՝ ռազմավարական, տնտեսական գործընկեր, պետք է հնարավորինս ակտիվ մասնակցություն ունենա Եվրասիական մեծ ծրագրին: Եկել է այն պահը, երբ այլևս պետք է ձեռք բերել մասշտաբային մտածողություն, այսինքն, մտածել ոչ թե միայն 3 մլն-ի, այլ 175 մլն-ի չափանիշներով, այդպես աշխարհը այլ կերպ է ընկալվում: Իսկ մեզանում որքան շատ լինեն նման կերպ դատող, հաշվարկող մարդիկ, այնքան մեր տնտեսությունն ու հասարակությունը շահելու են:

-Մի կողմից ասվում է՝ ԵՏՄ անդամակցմամբ ավարտվեց մեր համագործակցությունը Իրանի հետ, մյուս կողմից հակադաձվում՝ նոր հնարավորություններ են բացվել Իրան-Հայաստան հարաբերություններում: Ձեր կարծիքը:

-Իրանը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մշտապես եղել է Ռուսաստանի հետաքրքրությունների կենտրոնում: Այդ հարաբեությունները բարդ են, բայց կառուցողական: Մի բան փաստ է՝ միջազգային քաղաքական դաշտում Իրանին վերաբերող ոչ մի լուրջ հարց չի լուծվի առանց Ռուսաստանի միջամտության՝ այն պարզ պատճառով, որ Իրանը ՌԴ հարավային հարևանն է: Ղազախստանն այնքան կարևորեց Իրանի հետ իր հարաբերությունները, որ շահագործման հանձնեց դեպի Իրան ձգվող ահռելի երկաթուղին: Ղազախստանի դիվանագետներն ինձ հաճախ են հարցնում՝ երկաթուղին մեր երկրից եկել-հասել է մինչև ձեր դուռը՝ Թավրիզ, ե՞րբ է Հայաստանը կառուցելու այն փոքրիկ՝ 60 կմ հատվածը, որով այդ երկաթուղին կմիանա իրանականին ու ղազախները կկարողանան, օրինակ, հացահատիկ ներմուծել Հայաստան: Սա նշանակում է ԵՏՄ շրջանակներում հետաքրքրությունների, տարածաշրջանային համագործակցությանը մեծանում: Ես համոզված եմ, որ Եվրասիական տարածքը կդառնա զարգացող տարածաշրջան: Աշխարհում տնտեսական ակտիվությունը Արևմուտքից տեղափոխվում է դեպի Արևելք. մի ժամանակ մարդիկ սա համարում էին տեսական դատողություն, մինչդեռ այն այսօր իրականանում է:

Շատ կորևոր օղակ է մեզ համար Վրաստանը: Արևմուտքը ջանք չխնայեց այդ երկիրը ռուսական ինտեգրացիոն դաշտից շեղելու համար: Ի՞նչ է սպասվում հայ-վրացական հարբերություններում:

-Հայ վրացական համագործակցությունը պետք է կրկին լինի եղբայրական, և ես չեմ վախենում այդ բառն ասելուց, այն պետք է լինի սերտ ու վստահելի: Մենք այս տարածաշրջանում միակ քրիստոնյա ժողովորդ ենք: Քաղաքագետները հաշվարկել են, որ աշխարհում ամենամտերմիկ ժողովուրդները հայերն ու վրացիներն են՝ իրենց բոլոր տարբերություններով հանդերձ: Ուրեմն, որքան մտածենք վրացիների հետ մեր համագործակցությունը սերտացնելու, վստահության մակարդակը բարձրացնելու մասին, այնքան մենք անվտանգ կդարձնենք մեր գոյությունը տարածարջանում: Բացի այդ, Հայաստանը կարող է նպաստել ռուս-վրացական հարաբերությունների մերձեցմանը, Վրաստանի կողմից Ռուսաստանի հանդեպ ունեցած վախերի, անհանգսության ու անվստահության վերացմանը: Չնայա երկու երկրների քաղաքական, տնտեսական տեսլականներն այսօր տարբեր են, բայց մեր երկուսի հարաբերությունները պետք է զարգանան այնպես, որ քաղաքական այդ տարբերությունները լինեն խիստ երկրորդական:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Regions, Ադրբեջան, Թուրքիա, Իրան, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Վրաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն