Գլխավոր » Ադրբեջան, Զինված ուժեր, Հասարակություն, Վերլուծական, Տարածաշրջան, Տեղեկատվական անվտանգություն, Քաղաքականություն

ՄԵՐ ԱՄԵՆԱԹՈՒՅԼ ՕՂԱԿԸ ԴԵՌԵՎՍ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏՆ Է

Օգոստոս 21, 2014թ. 12:23

Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին դիվերսիոն գործողությունները հնարավորություն տվեցին որոշակի իրողություններ վերլուծել, նորովի գնահատել ու հանգել անհրաժեշտ հետեւության:
Բոլորի համար պարզ է, որ լայնածավալ պատերազմը կանխվեց հայկական բանակի մարտունակության շնորհիվ: Իսկ խրամատում հայ զինվորների կողքին Արցախյան ազատամարտի վետերանների հայտնվելը ապացուցեց, որ մեր ժողովուրդը միասնական է, տերն իր Հայրենիքի:
Այսքանով հանդերձ, թշնամու ամառային դիվերսիան ի ցույց դրեց նաեւ մեր խոցելի կողմերը, ավելին՝ նշմարվեց ամենաթույլ օղակը, այն է՝ տեղեկատվական դաշտը:
Պետական շահի ու անվտանգության գիտակցումն այստեղ կարծես փոքր-ինչ հետնահանջ է ապրում. դրա վկայությունը օգոստոսյան լարված օրերին շրջանառված կեղծ, իրականության հետ կապ չունեցող, երբեմն էլ թշնամու ջրաղացին ջուր լցնող ապատեղեկատվությունն էր:
Ի՞նչ կատարվեց մեզանում սահմանային միջադեպերի օրերին: Որոշակի խմբեր, մասնավորաբար սոցցանցերում, սկսեցին տարածել ադրբեջանական լուրերը, նրանց ֆորումների գրառումները, իսկ հայաստանյան որոշ կայքեր էլ չկարողացան հրաժարվել «քոփի փեսթով» ոտքի վրա լուր հայթայթելու գայթակղությունից՝ ակամա դառնալով թշնամու քարոզչության տարածողը:
Փաստորեն այդպիսիք անմիջականորեն օգնեցին թշնամուն՝ առանց ֆինանսական լուրջ միջոցներ ծախսելու եւ ջանքեր գործադրելու Հայաստանում շրջանառել հակահայկական ապատեղեկատվություն, ինչպիսին էր, օրինակ, հայկական կողմի մի քանի տասնյակ զոհերի կամ թշնամու դիվերսանտների նոր խմբաքանակի ներթափանցման մասին հորինվածքը: Թշնամու ուզածն էլ դա էր՝ ժողովրդի մեջ խուճապ տարածել:
Իբրեւ ասվածի վկայություն՝ հիշեցնենք լրատվամիջոցներից մեկի՝ այդ օրերին տարածած տեղեկատվությունը, թե սահմանամերձ գյուղերից մեկում տագնապ է հայտարարված՝ դիվերսանտներ են ներթափանցել: Չնայած գյուղապետը լրագրողին ասել էր, որ գյուղում տագնապային իրավիճակ չկա, որ «ամեն մարդ իրա գործին է», բայց գյուղի այլ բնակիչներից խմբագրություն հասած լուրերն ու ՊՆ խոսնակի «թեթեւ» պատասխանը, թե ինքը բանից անտեղյակ է, թերեւս հունից հանել էր լրագրողին, ու նա հանգել էր հետեւության՝ նման «անտարբերությունն» ու «անտեղյակությունը» կարող է հայ զինվորի կյանք արժենալ, ուրեմն պետք է շարունակել սեփական «հետաքննությունը»:
Իրականում, սակայն, պարզվում է, իրենից անկախ, կատարել էր ճիշտ հակառակը՝ բացահայտելով մարտավարական խնդիր: «Լրատվամիջոցն իր հրապարակմամբ ուղղակի բացահայտեց ՊՆ-ի օպերացիաներից մեկը՝ x զորամասում կազմակերպված զորավարժանքը: Սա անթույլատրելի քայլ է, քանի որ պատերազմական իրավիճակում թիվ մեկ խնդիրը լուրի ճշգրտումն է»,- մեզ հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ:
Բայց կա նաեւ հարցի մյուս կողմը. ինչպե՞ս վարվի լրատվամիջոցը, երբ գյուղի տագնապած բնակիչները թերթից են պահանջում օգնել իրենց, որ ճշտվի լուրը: Գուցե պետք էր, որ ավելի հստակ գործեր ՊՆ խոսնա՞կը՝ թերեւս լրագրողին հուշելով, «գլխի գցելով», թե ինչն ինչոց է:
Ի՞նչն է պատճառը, որ մեզանում տարիներ շարունակ այս կարեւոր հարցերը կարծես չեն ընկալվում: Տեղեկատվական անվտանգության մասնագետը երեք պատճառ է տեսնում:
Նախ՝ անտեղյակությունը, երբ լրատվամիջոցները չգիտեն ինչպես վարվել պատերազմի ժամանակ: Երկրորդ՝ «ռեյտինգամոլությունը», երբ որոշ կայքեր շտապում են առաջինը տարածել տվյալ լուրը՝ շատ ընթերցողներ գրավելու համար, ու անտեսում են լուրի իսկության ստուգումը: «Եթե կայքը միայն լայքեր է ուզում հավաքել, ապա իր անմիտ գործողություններով կարող է լուրջ վնաս հասցնել: Բայց իրեն հարգող, պետության շահերը գիտակցող լրատվամիջոցը նման քայլի չի դիմի»:
Եվ վերջապես. ամենավտանգավորն ու անհասկանալին՝ այս օրերին եղան լրատվամիջոցներ, որոնք հանդես եկան անգամ հակահայկական շահեր հետապնդող հրապարակումներով. «Կան գրված ու չգրված խաղի կանոններ, որոնք սահմանում են լրատվամիջոցի վարքը պատերազմի ու խաղաղության ժամանակ: Պատերազմական իրավիճակում թիվ մեկ կանոնն է՝ համապատասխան գերատեսչության միջոցով ճշտել տեղեկատվությունը: Ամենեւին տարբերություն չկա՝ զինվո՞րն է մարտադաշտում մատնում իր ընկերներին, թե՞ լրատվամիջոցն է կեղծիքով խուճապ տարածում կամ թշնամուն մատնում մեր զորքերի դիրքը»։
Հետաքրքիր է նաեւ իմանալ, թե ի՞նչ իրավիճակ էր տիրում այդ օրերին ֆեյսբուքյան «տիրույթում», ուր հիմնականում իշխողը հոռետեսական տրամադրություններն են, ու մշտապես կա այն մտավախությունը, թե մեր երկրի համար ստեղծված լարված պահերին այս ու մյուս սոցցանցերը՝ իրենց անբացահայտելի ֆեյքերով, կարող են անել իրենց սեւ գործը:
«Պատերազմի ժամանակ պետք է արգելափակել բոլոր սոցցանցերը, նաեւ որոշ կայքեր, որոնք չեն գիտակցում պետության շահը. ու փոխարենը ակտիվացնել պետական քարոզչությունը: Եվ որեւէ մեկն իրավունք չունի խոսել խոսքի ազատության սահմանափակման մասին, քանի որ ամեն մի սխալ տեղեկատվություն կարող է զինվորի կյանք արժենալ»: Սա փորձագետի համոզմունքն է:
Բայց, պարզվում է, այս անգամ, բարեբախտաբար, ֆեյսբուքում մեկ այլ «մթնոլորտ» է իշխել. ֆեյսբուքահայությունը մեկ մարդու պես ինքնակազմակեպվել է ու պայքարել ապատեղեկատվության դեմ. «Երբ ինչ-որ մեկը փորձում էր կեղծիք տարածել, մյուսները ստիպում էին նրան հանել այն»:
Ի դեպ, ինչ վերաբերում է խոսքի ազատությանը, ապա ժողովրդավարության մունետիկներին օգտակար կլինի իմանալ հետեւյալի մասին ու նաեւ հանգել անհրաժեշտ հետեւության: ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինված ուժերի ներկայացուցիչները եթե ասուլիս են հրավիրում ու աշխատում հասարակության հետ, ապա մշտապես փոխանցում են հստակ չափաբաժնով տեղեկություն, ոչ ավելին, ու լրատվամիջոցները պարտավոր են բավարարվել տրամադրածով: Նրանց համար ծիծաղելի է անգամ պատկերացնել, թե որեւէ լրագրող կարող է վերցնել հեռախոսն ու զանգահարել ՆԱՏՕ-ի անդամ որեւէ երկրի բանակի գեներալի ձեռքի հեռախոսին ու նրան տարբեր հարցեր ուղղել, դեռ մի բան էլ հոխորտալ իր համար ցանկալի լրատվությունը չստանալու, իր ուզած չափով փակագծերը չբացելու համար:
Մինչդեռ մեզանում քիչ չեն մանավանդ այնպիսի հասարակական կազմակերպություններն ու սնկի պես աճ տված «իրավապաշտպանները», որոնք անգամ իրենց իրավունք են վերապահում մեղադրանքներ հնչեցնել պաշտպանության նախարարության հասցեին, թե սահմանափակվում են տեղեկատվություն ստանալու իրենց իրավունքները: Սա իսկապես նոնսենս է:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Ադրբեջան, Զինված ուժեր, Հասարակություն, Վերլուծական, Տարածաշրջան, Տեղեկատվական անվտանգություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն