Գլխավոր » Լրահոս

Նախաքննական մարմինները մարտի 1-ի գործով աշխատել են անբավարար

Օգոստոս 20, 2009թ. 16:49

Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն այժմ աշխատում է եզրափակիչ փաստաթղթի վրա և տրված ժամանակը բավարար է վերջնական եզրակացությունը ներկայացնելու համար: Այս մասին “Դուպլեքս” մամուլի ակումբում այսօր հայտարարեց ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը` հույս հայտնելով, որ եզրակացությունը մեծամասամբ կբավարարի հանրության սպասելիքները: Պատգամավորը ափսոսանք հայտնեց, որ ընդդիմությունն իր մասնակցությունը չբերեց հանձնաժողովի աշխատանքներին, ինչը կօգներ առավել հավասարակշռված և արդյունավետ աշխատելու համար:

Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խումբը, ըստ պատգամավորի, չլուծեց իր առջև դրված խնդիրը, և խորհրդարանական հանձնաժողովին տրամադրեց 2250 էջանոց փաստաթղթեր, որոնց մեծ մասը հանձնաժողովն ուներ: Այնինչ, խմբի աշխատանքը շատ ավելի է կարևորվում, քան իրականում կա: Անբավարար գնահատելով նախաքննական մարմինների աշխատանքը, որոնք դեռևս չեն կարողացել պարզել 10 զոհերի մահվան հանգամանքները, Ա. Մինասյանը նշեց, որ իր համար` մարտի 1-ի էջը չի կարող փակված համարվել, քանի դեռ զոհերի մեղավորները չեն պատժվել: “Մարտի մեկին զոհված 10 քաղաքացիների մահվան բացահայտման կապակցությամբ տարվող նախաքննական մարմնի աշխատանքն անբավարար է, քանի որ այն մինչ օրս չկարողացավ ոչ մի քայլ առաջ կատարել: Նախաքննական մարմինը` հարուցած քրեական գործի շրջանակներում արել է այն, ինչ կարողացել է, թե իր մասնագիտական ունակությամբ, և թե իր կամքի դրսևորմամբ: Բնականաբար, մահվան պատճառների պարզաբանման հարցում հանձնաժողովի գնահատականը 99 տոկոսով կախված է նախաքննական մարմինի վարքագծից. եթե այն չի դրսևորել անհրաժեշտ վարքագիծ, անհրաժեշտ պրոֆեսիոնալիզմ կամ կամք, հետևաբար հանձնաժողովը չի կարող այստեղ որևէ այլ բան արձանագրել, – ասաց պատգամավորը:

Պատգամավորի խոսքերով, քաղաքացիների մահվան հանգամանքների բացահայտման կապակցությամբ ժամանակին հանձնաժողովը խնդրանքով դիմել էր քաղաքացիներին` տեղեկություն ունենալու դեպքում դիմել հանձնաժողովին: Վերջինս էլ խոստացել էր ապահովել տեղեկատու անձանց գաղտնիությունը: Սակայն կոչին արձագանքող չի եղել: Ա.Մինասյանը նշեց նաև, որ մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ հանձնաժողովի նախագահը բանավոր հրավիրել էր նաև ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին, տարբեր պաշտոնյաների կամ քաղաքական գործիչների, սակայն նրանք ևս չեն արձագանքել հանձնաժողովի խնդրանքին:
armarlur.com

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`