Գլխավոր » Լրահոս

Ճանաչենք մեր հայրենիքը, որ պաշտպանել կարողանանք

Օգոստոս 20, 2009թ. 10:30

Հաճելին օգտակարի հետ համատեղելու կարգախոսով` հայկական երկու պետությունների` Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների կառավարությունները, վերջերս հանդես եկան Արցախը ներհայկական զբոսաշրջության ոլորտում առավել ամբողջական ներգրավելու նախաձեռնությամբ: Զբոսաշրջիկների համար դա կլինի և հայրենաճանաչություն, և յուրովի ներդրում` հայրենիքի զարգացման գործում:
ՀՀ-ում այդ ծրագրի կյանքի կոչմանը ձեռնամուխ եղավ «Ռումեա», իսկ Արցախում` «Զբոսաշրջային կենտրոն» կազմակերպությունները:
Օրերս Արցախ հասավ այդ ծրագրի մեջ ներգրավված հայաստանյան զբոսաշրջիկների 60 հոգանոց առաջին խումբը:
Արցախ այցելելու առաջարկին շտապել են արձագանքել ՀՀ ոստիկանությունը, «Հայաէրոնավիգացիա»-ն, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան, պետական և մասնավոր սեկտորի մի շարք այլ կառույցներ ու կազմակերպություններ: ՀՀ ոստիկանության Երևանի կենտրոնական բաժնի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Հայկ Պողոսյանն ու ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական բաժնի աշխատակից Հովհաննես Ապրեսյանն առաջին անգամ են Արցախում: Վերջինս նկատեց, որ նման նախաձեռնությունները միտված են այդ բացը լրացնելուն:
«Զբոսաշրջային կենտրոն» ՓԲԸ տնօրեն Դավիթ Իշխանյանը ծրագրի նախապատմությանն անդրադառնալով, կարևորեց շահագրգիռ բոլոր կողմերի ակտիվությունը` սկսած պետական կառույցներից, մինչև զբոսաշրջության ոլորտի սպասարկող կազմակերպություններն ու պոտենցյալ այցելուները:
Գաղտնիք չէ, որ զբոսաշրջային օպերատորներն ավելի հաճախ հյուրանոցային սպասարկման բարձր գներից են բողոքում: Այս խնդիրը կարծես հաջողվել է կարգավորել: «Զբոսաշրջային կենտրոն» ՓԲԸ տնօրենը տեղեկացրեց, որ այս ծրագրի շրջանակներում համագործակցում են այն հյուրանոցների հետ, որոնք համաձայնել են համապատասխան զեղչեր սահմանել: Արդյունքում` Արցախում
հնգօրյա հանգիստը կարժենա 65-90 հազար դրամ` առանց Ստեփանակերտ-Երեւան ճանապարհածախսի: Իսկ դրա դիմաց առաջարկվող փաթեթն ինքնին գրավիչ է: Այն ներառում է ինչպես պատմաճանաչողական այցելություններ, այնպես էլ ժամանցային ծրագրեր:
Ծրագիրը շարունակական կլինի: Դրանում համոզված են և զբոսաշրջային կազմակերպությունները, եւ իրենք` զբոսաշրջիկները:
Իսկ Երեւանում արդեն նախապատրաստվում են նոր խմբերը: Ընդ որում` դիմում են ինչպես պետական ու մասնավոր հատվածի տարբեր կազմակերպությունների կոլեկտիվներ, այնպես էլ առանձին անհատներ, վստահեցնում է «Զբոսաշրջային կենտրոն»-ի տնօրենԴավիթ Իշխանյանը:
Նորայր Հովսեփյան
Ստեփանակերտ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`