- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Հրանուշ Հակոբյան.«Մեր գերխնդիրն է հայապահպանությունը, սփյուռքի ներուժի օգտագործումն ու հայրենադարձությունը»

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ամփոփել է նախարարության` այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքներն ու ներկայացրել առաջիկա ծրագրերը: Նախարարը տեղեկացրել է, որ 2011-ը հայտարարված է երիտասարդության տարի, իրականացվել և դեռ իրականացվելու են մի շարք կարևոր ծրագրեր:

Հրանուշ Հակոբյանն ընդգծել է, որ գերատեսչությունն ունի երեք գերակա ուղղություն` Հայապահպանության խնդիրների աջակցում սփյուռքում, սփյուռքի ներուժի օգտագործում և հայրենադարձություն:
Հայապահպանության գլխավոր թիրախն այս տարի երիտասարդներն են, 2011-ի ընթացքում իրականացվող բոլոր ծրագրերն ու նախագծերը սփյուռքի ու Հայաստանի երիտասարդների համար է ու նրանց նվիրված:

« «Կտոր մը Հայրենիք», «Երիտասարդ առաջնորդների դպրոց», «Հայրենիք քեզ այսպես եմ տեսնում»,- սրանք էլ սփյուռքի նախարարության նախաձեռնած երիտասարդական ծրագրերի շատ փոքր մասն են: Արդեն ավանդական դարձած «Արի տուն» ծրագրի առաջին փուլն ավարտվել է, – տեղեկացրել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` երկրորդ փուլն է, արդեն շուրջ 150 երիտասարդներ արդեն եղել են Հայաստանում, առաջին փուլն արդեն ավարտվել է, այս տարվա առանձնահատկությունն այն է, որ մենք նաև այս ծրագրում ունենք ճամբարային մաս` 4 օր մեր երեխաները նաև կարողանում են առավել համախմբված անցկացնել իրենց օրերը ճամբարում»:

Նախարարության երկրորդ գերակա ուղղությունը սփյուռքի ներուժի օգտագործումն է մեր երկրի սոցիալ-տնտեսական կյանքի զարգացման գործում: Սփյուռքահայ գործարարներին հայրնիքում ներդրումներն ակտիվացնելու կոչով հանդես է եկել սփյուռքի նախարարը` պետք է դիմենք մեր գործարարներին, որ հատկապես ներդրումները ակտիվացնեն, քանի որ հիշում եք ՀՀ նախագահը երկու երեք ամիս առաջ հանդես եկավ նման առաջարկությամբ, որ կտրվեն հարկային արտոնություններ, եթե նրանք գան ու այնպիսի արտադրություն կազմակերպեն, որը մեզ համար ընդունելի է ու հատկապես ՀՀ-ում չկա:

Հրանուշ Հակոբյանն անդրադարձել է նաև վերջին շրջանում առավել շատ քննարկվող արտագաղթի խնդրին` հույս հայտնելով, որ հատկապես ՌԴ մեկնողները վերադառնալու են` ուղղակի պետք է աշխատել, աշխատել, որպեսզի հնարավորինս արտագաղթը կրճատվի, իսկ մեր խնդիրը ներգաղթի կազմակերպման ու քարոզչության ակտիվացման խնդիրներն են և այսօր նման միտումներ կան, որ ՀՀ գալիս են նաև մշտական բնակության համար: