Գլխավոր » Լրահոս

Հոկտեմբերի 1-ը թեժ է լինելու

Սեպտեմբեր 28, 2009թ. 18:15

Հոկտեմբերի 1-ը սարերի ետևում չէ, և ընդամենը  մի քանի օրից միաժամանակ կմեկնարկեն  Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման նպատակով նախաստորագրված արձանագրությունների շուրջ ընթացող խորհրդարանական և սփյուռքյան քննարկումները:

Օրերս հայտնի դարձավ, որ  քննարկման աշխարհագրությունն ընդլայնվում է. հետաքրքիր է, թե այն ինչ ավարտ կունենա: Ո՞վ ում կհամոզի և որքա՞ն կլինի այդ քննարկումների  օգտակար գործողության գործակիցը: «Ապագան ցույց կտա, թե Սերժ Սարգսյանի կատարած քայլը որքանով էր պատմական»,- վերջերս ԱԺ-ում տեսակետ հնչեցրեց պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Քայլի պատմական լինելու մասին խոսելու  հնարավորություն դեռ կլինի, հիմա առավել հրատապ է ՀՀ նախագահի և  սփյուռքի մեր հայրենակիցների միջև կայանալիք հանդիպման արդյունավետության մասին խոսելը: Արդյո՞ք այն ձևական բնույթ չի կրի, և որ առավել վտանգավոր է` չի՞ դառնա Հայաստան-սփյուռք երկփեղկման առիթ:

Հայտնի է, որ արտերկրի մեր հայրենակիցները ոչ պաշտոնական այս հանդիպմանը անհամբերությամբ են սպասում, նաև տեղեկություններ կան, որ հայկական գաղթօջախներում հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ  կարծիքները միանշանակ  չեն: Այնպես որ, սպասվում է բավական ակտիվ և աշխույժ քննարկումների շարք թե երկրի ներսում, թե դրսում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախագահի սփյուռքյան  այցելությունների մասին ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը տեսակետ է հայտնել, թե` «Եթե նախագահը հանդիպի սփյուռքի ներակայացուցիչների հետ, կհասկանա, որ շատ սխալ գործ է սկսել»: Այլ տեսակետ է արտահայտում Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Նրա կարծիքով, սփյուռքին ուղարկված մեսիջների հետևանքով մեր հայրենակիցների մոտ թյուր տեսակետ է ձևավորվել, թե  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը Արցախի կամ Ցեղասպանության հաշվին է լինելու: «Նախագահն ինքը կներկայացնի խնդիրը: Այստեղ  համոզելու անհրաժեշտություն   չկա, պարզապես հարկավոր է իրողությունները ներկայացնել ըստ ամենայնի»,- ասում է Գ.Սահակյանը: Մինչ նախագահը կփորձի «իրողությունները ըստ ամենայնի» ներկայացնել, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հայտարարում է. «Սփյուռքում բոլորը դեմ են այս արձանագրություններին»: Մինչդեռ Գալուստ Սահակյանը լավատես է և ասում է, որ սփյուռքում դատողություններն ու տեսակետները միակողմանի լինել չեն կարող: «Մի բան է քաղաքական կուսակցությունների խոսքը, այլ բան է ժողովրդի խոսքը»,-ասում է ՀՀԿ փոխնախագահը:

Քաղաքական կուսակցությունների և ժողովրդի խոսքից բացի կա նաև  երրորդ,  ոչ պակաս կարևորություն ներկայացնող դիվանագիտական «խոսքը»: Հետաքրքիր է` երկրի ներսում և դրսում կազմակերպվող քննարկումների օգտակար գործողության գործակիցը որչափ կգնահատի մեր դիվանագիտական գերատեսչության ղեկավարը և, ի վերջո, ներկայացվելիք առաջարկները կներառվե՞ն արձանագրություններում, թե՞ ընդամենը որպես ձևական քայլ, կբավարարեն հանրության իրազեկման պահանջը:

Այնուամենայնիվ, թե քննարկումների արդյունքում ինչ պատկեր կձևավորվի,   ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության խորհրդական Ս. Բեջանյանը չցանկացավ վաղաժամ կանխատեսումներ անել: Նա տեղեկացրեց, որ  «Սփյուռքը միակարծիք չէ այս հարցում և այնտեղ էլ կան և կողմ և դեմ արտահայտվողներ. այս պահին դեռ վաղ է որևէ եղրակացություն անել»:

Արմինե Գրիգորյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն