Գլխավոր » Իրան, Լրահոս, Հասարակություն, Տարածաշրջան, Տնտեսություն

ՀՀ էներգետիկայի նախարարությունում քննարկվել են հայ–իրանական համատեղ ծրագրերը

Հուլիս 28, 2015թ. 18:12

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում ՀՀ էԲՊ նախարարի տեղակալ Արա Սիմոնյանի և ԻԻՀ էներգետիկայի նախարարի ավագ խորհրդական Հոմայունե Հաերիի ղեկավարությամբ, ՀՀ և ԻԻՀ շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների պատասխանատուների մասնկացությամբ այսօր մեկնարկել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի շրջանակներում ձևավորված Համատեղ կոմիտեի նիստը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի արդյունքում ստորագրված Փոխըմբռնման հուշագրով ամրագրված կետերի իրականացման ընթացքն ու առկա խնդիրները:

Նիստի ընթացքում շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները ներկայացրել են տեղեկատվություն իրենց բնագավառներում իրականացված աշխատանքների և առկա խնդիրների վերաբերյալ, մասնավորապես՝ էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի, բնապահպանության, զբոսաշրջության, մշակույթի, գյուղատնտեսության, արտակարգ իրավիճակների, միջմարզային համագործակցության և այլ ոլորտներում:

Առանձնահատուկ կարևորվել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ-ին) անդամակցելուց հետո հայ-իրանական համագործակցության հետագա շարունակական զարգացումը, և Հայաստանի միջոցով Իրանի հնարավոր համագործակցությունը ԵՏՄ-ի հետ՝ հաշվի առնելով երկկողմ հարաբերությունների հաջողված փորձը:

Համատեղ կոմիտեի նիստի շրջանակներում ընթանում են նաև երկկողմ հանդիպումներ և քննարկումներ՝ ըստ համապատասխան բնագավառների:

Քննարկումների ավարտից հետո կոմիտեի նիստի արդյունքները կներկայացվեն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար, Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահ Երվանդ Զախարյանին:

Համատեղ կոմիտեն ստեղծվել է 2014թ. դեկտեմբերի 15-16-ին, Թեհրանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի շրջանակներում՝ նիստի արդյունքում ստորագրված Փոխըմբռնման հուշագրով ձեռք բերված համաձայնությունների իրականացման ընթացքին հետամուտ լինելու նպատակով:
Նախատեսվում է Համատեղ կոմիտեի նիստերն անցկացնել վեցամսյա պարբերականությամբ, երկու երկրներում:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Իրան, Լրահոս, Հասարակություն, Տարածաշրջան, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն