Գլխավոր » Society, Առողջապահություն, Լրահոս, Հասարակություն

Հիմա ես հիվանդ ե՞մ, թե՞ առողջ

Ապրիլ 1, 2015թ. 14:19
լաբորատորիա

Վերջերս մեր խմբագրությունն ահազանգեր է ստանում տարբեր մարդկանցից այն մասին, որ իրենք բժշկական որոշակի անալիզներ են հանձնել ախտորոշիչ լաբորատորիաներում, սակայն կասկածելով անալիզների պատասխանների վրա՝ դրանք վերահանձնել են մեկ ուրիշ լաբորատորիայում և բոլորովին այլ պատասխաններ ստացել: Երբեմն այդ պատասխաններն այնքան իրարամերժ են, որ մի դեպքում ըստ դրանց մարդու մոտ այս կամ այն հիվանդությունն է ի հայտ եկել, իսկ մյուս լաբորատորիաների պատախանների համաձայն՝ այդ մարդը տվյալ հիվանդութունը կամ խնդիրը չունի: Նման իրավիճակն անորոշության մեջ է գցել մարդկանց՝ չգիտեն բուժվե՞ն կասկածելի հիվանդությունից, թե հավատան այն պատասխաններին, որոնք իրենց մոտ հիվանդություն չեն հայտնաբերել:
Փաստորեն կարելի է ասել, որ մեզանում անալիզների ճիշտ պատասխաններ ստանալը լոտոյի պես է դարձել ու երբեք ոչ ոք չի կարող իմանալ, թե շահելու ինչ հավանականություն ունի: Իսկ ամենավատն այն է, որ հաճախ բժիշկները հիմնվելով սխալ պատասխանների վրա՝ կամ մարդուն բուժում են գոյություն չունեցող հիվանդությունից՝ նրա օրգանզիմն անտեղի թունավորելով կողմնակի հետևանքներ ունեցող դեղամիջոցներով, կամ էլ աչքաթող են անում եղած հիվանդությունը, մանավանդ եթե այն առանց ակնհայտ ախտանշանների է ընթանում: Այդպիսի դեպքերում խաղաքարտին է դրվում մարդու առողջությունն ու անգամ կյանքը: Իսկ ելքը տեսանելի չէ այն պատճառով, որ չգիտես, թե Հայաստանում որ աշխտորոշիչ լաբորատորիայի տվյալներին կարելի է հավատալ, իսկ որոնք ներառել սև ցուցակում, քանի որ այստեղ այդ լաբորատորիաների տվյալները ստուգող ու վերահսկող մեխանիզմներ գոյություն չունեն: Իսկ հիվանդը չի կարող գլխի ընկնել, թե որ լաբորատորիայի պատասխաններն են հավաստի, որը՝ ոչ, մանավանդ եթե նրա մոտ հայտնաբերված հիվանդության ախտանշաններ չկան:
Սովորաբար Հայաստանում մեծ պահանջարկ են վայելում մասնավոր ախտորոշիչ լաբորատորիաները, դրանց հանդեպ վերջին տարիներին չգիտես ինչու ավելի մեծ վստահություն է ձևավորվել, քան բժշկական հաստատությունների լաբորատորիաների նկատմամբ: Թերևս նաև դա է պատճառը, որ մասնավոր լաբորատորիաների թիվն աճում է սնկի պես՝ մեծացող պահանջարկի պայմաններում: Ու չնայած այդ լաբորատորիաների մեծաթիվ լինելուն, դրանցում մրցակցություն որպես այդպիսին գոյություն չունի այն պարզ պատճառով, որ դրանցից գոնե մեկի նկատմամբ 90 տոկոսանոց վստահություն չկա թե հիվանդների և թե բժիշկների կողմից: ՙՆույնիսկ լաբորատորիայի սահմանած բարձր գները ամենևին լաբորատորայի անթերի աշխատանքի երաշխիք չեն. փորձը ցույց է տվել, որ անգամ ամենաթանկ լաբորատորիայում միևնույն մարդու կողմից 10-20 օրվա տարբերությամբ արված նույն անալիզի համար տարբեր պատասխաններ են ստացվել՝ ցուցիչների բավական մեծ տարբերությամբ: Ես ունեցել եմ այդպիսի հիվանդներ, որոնք պարզապես համոզվելու համար, որ տվյալ լաբորատորիան ճիշտ անալիզներ չի անում, առաջին անալիզը հանձնելուց մի քանի որ օր հետո նույն լաբորատորիայում նույն անալիզն են հանձնել, և նախորդին հակասող պատասխաններ են ստացվել: Նման դեպքերում աշխորոշված հիվանդության առկայության կամ բացակայության հարցում ճիշտ կողմնորոշվելու համար մենք փորձում ենք հիմնվել մարդու մոտ առկա աշխտանշանային գանգատների վրա, իսկ լաբորատոր հետազոտություններին այնքան էլ չենք վստահում՚,- ասում է երկարամյա փորձ ունեցող բժիշկ- գինեկոլոգ ՎԱՐԴՈՒՀԻ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ՝ հավաստելով, որ իրեն տարբեր լաբորատորիաներից համագործակցության առաջարկներ են արվել, որպեսզի նա իր հիվանդներին ախտորոշման ուղարկի իրենց մոտ, իսկ փոխարենը խոստացել են արված անալիզներից որոշակի տոկոսներ վճարել: Բայց բժշկուհին բոլորին էլ մերժել է, քանի որ վստահ չի եղել դրանց ապահոված որակի համար. ՙՔանի դեռ ես ինքս այդ լաբորատորիներում որևէ փորձարկում չեմ կատարել ու անգամ տեղյակ չեմ, թե ինչ ճշգրտությամբ են այնտեղ անալիզները կատարվում՝ ինչպե՞ս կարող եմ իմ հիվանդներին ուղարկել այնտեղ ու հետագայում էլ դրանց պատասխանների վրա հիմնվելով՝ նրանց բուժում նշանակել: Իսկ եթե սխալ ախտորոշման հետևանքով սխալ բուժում նշանակեմ հիվանդին ու Աստված մի արասցե որևէ վատ վերջաբան ունենա այդ բուժումը, ինչպե՞ս եմ ես պատասխան տալու: Կարծում եմ, որ բժիշկն առաջին հերթին ցանկացած այցելուի կյանքի համար իրեն պատասխանատու պետք է զգա և երբեք իր խղճին դեմ չգնա՚:
Դուք կհարցնեք, թե այդ դեպքում ինչպե՞ս են բժիշկները հիվանդներին երաշխավորում այս կամ այն լաբորատորիայի ստուգման արդյունքները, երբ նրան ուղեգրում են հենց այդ լաբորատորիա: Գինեկոլոգ Վարդուհի Սանասարյաննն արդեն բացահայտեց, թե ինչ մեխանիզմով են բժիշկները համագործակցում լաբորատորիաների հետ: Նույնը հավաստում է նաև ՙՍպառողների միության՚ նախագահ Արմեն Պողոսյանը. ՙՇատ բժիշկներ, իսկ երբեմն անգամ ամբողջ բուժհաստատությունը համագործակցում են որևէ մասնավոր լաբորատորիայի հետ և այնտեղ հիվանդ ուղարկելու դեպքում նրանցից որոշակի տոկոսներ են ստանում: Իհարկե նրանում, որ բժիշկը հիվանդին կարող է ուղարկել այնպիսի լաբորատորիա, որի արդյունքների վրա ինքը չի կասկածում, որևէ վատ բան չկա: Ցանկացած բարեխիղճ բժիշկ էլ պարտավոր է ի վերջո իր ունեցած վիճակագրական տվյալներով կողմնորոշել, թե որ լաբորատորիայում են հնարավորինս քիչ սխալվում և իր բուժումն էլ արդյունավետ կատարելու համար հիվանդներին ուղղորդի այդ լաբորատորիա: Ցավոք, բժիշկներից շատերի համար ուղեցույցը ոչ թե հիվանդության ճիշտ ախտորոշումն ու դրա հիման վրա արդյունավետ բուժման իրականացումն է, այլ հնարավորինս շատ հաճախորդների տվյալ լաբորատորիա ուղարկելն ու ավելի շատ տոկոսներ ունենալը, ինչն էլ ավելի է խճճում հիվանդին ու գուցե նրա մոտ բուժվելու բոլոր հույսներն ու հավատը զրոյի հավասարեցնում՝ շատ անգամ հիվանդներին մղելով անգործության: Բժիշկները սովոր են հիվանդությունների սրման համար մեղադրել հիվանդներին՝ ասելով, որ նրանք բժշկի չեն դիմում այնքան ժամանակ, մինչև դանակը ոսկորին է հասնում: Բայց նրանք մոռանում են, որ հաճախ հիվանդի մոտ բուժվելու բոլոր ցանկությունները ի չիք են դառնում հենց իրենց անհետևողական ու անպատասխանատու վերաբերմունքի համար: Քավ լիցի, սա բոլոր բժիշկներին չի վերաբերում, բայց արդյոք մեզանում քի՞չ կան այդպիսի արկածախնդիրներ՚:
Այն մասին, որ այս կամ այն բժիշկը համագործակցում է որևէ լաբորատորիայի հետ, վկայում են նաև նրա ձեռքի տակ եղած ախտորոշիչ ուղեգրերը, որոնք կոնկրետ որևէ լաբորատորիայինն են և որոնց վրա էլ բժիշկն անալիզների նշանակումներ է կատարում՝ չմոռանալով հավելել, որ այդ լաբորատորիան լավագույններից է և որ ինքը միայն դրանց պատասխաններին է վստահում: Ասել է թե հիվանդը չի կարող հավատալ անգամ բժշկի նախընտրած լաբորատորիայի ճշգրտությանը՝ նկատի ունենալով նրա շահախնդիր վերաբերմունքը տվյալ լաբորատորիային:
Իսկ ինչո՞ւ են լաբորատորիաները թերանում իրենց աշխատանքում: Բնականաբար հիվանդներին սխալ պատասխաններով լաբորատորիայից տուն ուղարկելու պատճառն ամենևին նրանց վնասելու միտումնավորությունը չէ, այլ իրենց բիզնեսի շահութաբերությունն ապահովելը: Բանն այն է, որ մասնավոր ախտորոշիչ լաբորատորիաները հիմնվում են որպես բիզնես նախագծեր: Շատ անգամ դրանց հիմնադիրները որևէ հեռավոր առնչություն չեն ունենում բժշկության հետ և նրանց գերխնդիրը ոչ թե մարդկանց առողջությունն է, այլ սեփական շահույթները բազմապատակելը: Հասկանալի է, հնարավորինս շատ եկամուտ ունենալու համար այդ բիզնեսմենները փորձում են հնարավորինս քիչ ներդրումներ անել իրենց բիզնեսում: Օրինակ՝ խնայողություններ անել ռեագենտների ձեռք բերման համար և նախապատվությունը տալ ավելի ցածրորակ նյութերին, կամ բուժանձնակազմին ցածր վարձատրելու համար ընտրել ոչ այնքան բարձր որակավորում ունեցող մասնագետների, որոշ նյութերի շահագործման ժամկետները լրանալուց հետո շարունակել դրանց օգտագործումը և այլն:
Ի դեպ սկզբում շուկա մտնելու և այցելուներ ձեռք բերելու նպատակով սովորաբար նման բիզնես հիմնող գործարարներն աշխատում են գումարներ չխնայել լաբորատոր սարքավորումների ձեռք բերման համար, որպեսզի կարողանան մրցակցային դաշտ դուրս գալ: Իսկ սաքրավորումները, որ հիմնականում ներկրվում են ԱՄՆ-ից կամ Գերմանիայից, մեծ գումարներ արժեն: Հետագայում էլ սարքավորումները ըստ պատշաճի շահագործելու համար նույնպես մեծ ներդրումներն են պահանջվում՝ ախտորոշումների համար միշտ թարմ ու օրիգինալ նյութեր ձեռք բերելու, դրանք հաճախակի փոփոխելու, ռեագենտների պահպանման համար համապատասխան պայմաններ ստեղծելու, լաբորատոր սարքերը հաճախակի հսկիչ թեստերի ենթարկելու համար: Սակայն հայաստանյան սպառողական փոքր շուկայի պայմաններում այդպիսի ծախսերն արդարացված չեն գործարարի համար, հակառակ դեպքում նրա բիզնեսը ծաղկելու փոխարեն անկում կապրի: Ուստի լաբորատորիայի սեփականատերը ստիպված է լինում խնայողություններ անել: Իսկ դրա հետևանքները երկար սպասեցնել չեն տա ու վաղ թե ուշ այդ լաբորատորիայում հանձնած անալիզների պատասախանները կմատնեն դրա սեփականատիրոջ վերաբերմունքն իր աշխատանքին:
ՙՈրևէ լաբորատորիայի վստահելու համար շատ կարևոր է իմանալ, թե ինչ սարքավորումներով են նրանք աշխատում: Այսօր կան այնպիսի լաբորատորիաներ, որտեղ չինական անորակ սարքավորումներ են տեղադրված: Դրանք միանշանակ չեն կարող հավաստի արդյունքներ ունենալ: Պակաս կարևոր չէ, թե ի՞նչ ռեագենտներով են կատարվում հետազոտությունները: Խիստ կարևոր է ոչ միայն լաբորատոր վերլուծիչի (իդեալական դեպքում այն պետք է լինի աշխարհի առաջատար արտադրողներից մենկումեկինը), այլ նաև այդ սարքերի ռեագենտների որակը, քանի որ անգամ լավագույն սարքավորումը անորակ ռեագենտով աշխատելու դեպքում սխալ պատասխաններ կտա: Մեր լաբորատորիաներում մեծ մասամբ օգտագործվում են ռեագետների սուրոգատային կամ չգրանցված տարբերակները, որոնք անհամեմատ մատչելի են և անարդյունավետ: Մյուս կարևոր գործոնը ռեագենտների ժամկետների պահպանումն է: Եթե աշխտորոշիչ սարքերում օգտագոծվի ժամկետանց ռեագենտ, ապա ոչ ոք չի կարող երաշխավորել, որ անալիզների պատասխանները ստույգ կլինեն: Շատ անգամ դրա հետևանքով կարող է մի այնպիսի հիվանդություն ախտորոշվել մարդու մոտ, որը իրականում չկա: Հայաստանում շատ է պատահում, որ լաբորատորիաներում ափսոսում են դեն նետել ժամկետանց ռեագենտները և անգամ դրանք են գործի դրվում: Նաև շատ կարևոր է, որ ժամանակ առ ժամանակ սարքավորումները ենթարկվեն հսկիչ թեստերի: Կարևոր հարցեր են նաև, թե ինչպիսի՞ մասնագետներ են աշխատում լաբորատորիայում, որքա՞ն հաճախ են նրանք վերապատրաստման դասընթացներ անցնում, ի՞նչ լրջությամբ և խորությամբ է տվյալ լաբորատորիան հետամուտ լինում որակի ապահովմանը, լաբորատորիան միջազգային հավաստագրեր ունի՞ և արդյո՞ք դրանց ժամկետները գործում են:
Քանի որ Հայաստանում գոյություն չունեն լաբորատորիաների գործունեությունը վերահսկող մեխանիզմներ, ապա ոչ ոք չի կարող երաշխավորել, որ բոլոր այս պայմանները պահպանվում են: Մյուս կողմից էլ առկա պատկերը, երբ անալիզների ստույգությունը հաճախ է կասկածի տակ դրվում, վկայում է այն մասին, որ լաբորատորիաները մատների արանքով են նայում իրենց խիստ պատասխանատու աշխատանքին՚,- ասում է բժիշկ-գինեկոլոգը:
Ինչ վերաբերում է այստեղ գործող լաբորատորիաների վերահսողությանը, ապա հիշեցնենք, որ դեռ անցած տարի առողջապահության նախարարը Հայաստանում լաբորատոր հետազոտությունների վերահսկողության համար ՙՈրակի հսկողություն՚ ծրագրի իրականացման և այդ ծրագրի շրջանակներում փորձագիտական ռեֆերենս լաբորատորիա հիմնելու մասին հրաման է ստորագրել: Ռեֆերենս լաբորատորիայի շնորհիվ հնարավոր կլինի գնահատել երկրում գործող լաբորատորիաների որակն ու արված հետազոտությունների ճշգրտությունը: Դրանում կոդավորված ստանդարտ շիճուկների միջոցով կթեստավորվեն այն լաբորատորիաների հետազոտությունները, որոնք կհավակնեն պետական հավատարմագրման: Նախարարությունը նույպես գիտակցելով, որ ներկայում գործող լաբորատորիաները թերանում են իրենց աշխատանքում, ինչը խիստ բացասաբար է անդրադառնում առողջապահական ոլորտի վրա՝ ռեֆերենս լաբորատորիայի գոյությունը բավական հրատապ է համարում՝ հույս ունենալով, որ այդ լաբորատորիան կօգնի վերականգնել ախտորոշիչ հետազոտությունների նկատմամբ մարդկանց վստահությունը, ինչպես նաև առավել արդյունավետ դարձնել մարդկանց բժշկման գործընթացը:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Առողջապահություն, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն