- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Հետաքննությունը գտնվում է ՌԴ նախագահ Պուտինի վերահսկողության տակ

Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի նոր հրամանատարը իր պարտականությունները կստանձնի այս երկուշաբթի: Այս մասին հայտնել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Օլեգ Լեբեդեւը:

«Վաղվանից նոր հրամանատարը կանցնի իր պարտականությունների կատարմանը»,- հայտարարել է նա Գյումրիում ռուս պատգամավորների եւ Շիրակի մարզի ու քաղաքի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ: Լեբեդեւը կգլխավորի խորհրդարանական համատեղ հանձնաժողովի ռուսական մասը, որը ստեղծվել էր հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո: Նա չի նշել, թե կոնկրետ ով է լինելու նոր հրամանատարը, սակայն «Ինտերֆաքս»-ի տվյալներով՝ հրամանատարը կլինի գեներալ-մայոր Ուստինովը:

Ռուս պատգամավորները հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկու հետ ժամանել էին Գյումրի՝ ծաղիկներ դնելու Ավետիսյանների ընտանիքի շիրմաքարերին: Մարզի ղեկավարության հարցին Լեբեդեւը պատասխանել է. «Պերմյակովը հանցագործությունը կատարել է միայնակ»: Լեբեդեւը նման պատասխան է տվել այն հարցին, թե ինչպես է կատարվել սպանությունը, ինչպես կարող էր մեկ մարդը սպանել ընտանիքի 7 անդամների: Լեբեդեւը պատմել է, որ հետաքննությունը գտնվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերահսկողության տակ, եւ Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինը ամեն շաբաթ պետության ղեկավարին հաշվետվություն է ներկայացնում:

Նա հաստատել է, որ Պերմյակովի դատավարությունը կընթանա Գյումրիում, եւ արդեն հարցաքննվել է 4 հազար վկա եւ անցկացվել է 19 հազար փորձաքննություն:

news.am