Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ռուսաստան, Վերլուծական

Հարավային Կովկասում ԱՄՆ-ն չունի հստակ մշակված քաղաքականություն

Օգոստոս 17, 2009թ. 17:56

Եվ այսպես պարզ դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականի պաշտոնում Մեթյու Բրայզային կփոխարինի փորձառու դիվանագետ Թինա Քայդանովը: Բնական է, որ կադրային այս փոփոխությունը կգրավեր տարածաշրջանի քաղաքական գործընթացներն ուսումնասիրող վերլուծաբանների և քաղաքագետների ուշադրությունը: Թինա Քայդանովը հայտնի անձնավորություն է դիվանագիտական շրջանակներում: Նա բավական մեծ աշխատանք է տարել Կոսովոյին անկախություն շնորհելու ուղղությամբ և եղել է այդ երկրում ԱՄՆ-ի առաջին դեսպանը (Կոսովոյի խնդրի վերաբերյալ Թինա Քայդանովի դիրքորոշմանը կարելի է ծանոթանալ այստեղ – Հ.Մ.-Շ.):

Հաշվի առնելով այն փաստը, որ Թինա Քայդանովը հակամարտությունների տարածաշրջաններում աշխատելու բավական հարուստ փորձ ունի` կարելի է ենթադրել, որ նա կփոխարինի Մեթյու Բրայզային նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում: Եվ այս հանգամանքը լուրջ անհանգստություններ է առաջացրել ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում: Բաքվում զգուշանում են, որ Թինա Քայդանովը կփորձի կիրառել Կոսովոյի սցենարը նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարագայում: Հայաստանում մտահոգություն կա այն առումով, որ Քայդանովը կարող է երկրորդ անգամ նպաստել քրիստոնյաների դեմ ցեղասպանության իրականացմանը (ինչպես դա տեղի ունեցավ Կոսովոյում բնակվող սերբերի պարագայում – Հ.Մ.-Շ.)` այս անգամ արդեն Արցախում: Սակայն, թե’ ադրբեջանցիները, և թե’ հայերը մեկ հարցում միակարծիք են, որ Միացյալ Նահանգներն այսուհետև առավել մեծ լրջություն են հաղորդելու մեր տարածաշրջանի` ինչպես քաղաքական գործընթացներին, այնպես էլ ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման գործընթացին:

Հատկանշական է, որ Թինա Քայդանովի նոր նշանակումը լուրջ անհանգստություն է առաջացրել նաև Ռուսաստանում: Հայտնի քաղաքագետ Ալեքսանդր Դուգինի կարծիքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում Քայդանովի նշանակումը մարտահրավեր է ուղղված Ռուսաստանին, քանի որ  այդկերպ ամերիկացիները ցանկանում են մանիպուլիացիայի ենթարկել ԼՂ հիմնախնդիրը, որպեսզի Ռուսաստանին վերջնականապես դուրս մղեն Կովկասից: Հավանաբար, հենց այս մտահոգությունն է դարձել պատճառը, որպեսզի  Ռուսաստանը մտածի ԵԱՀԿ Մինսկի խմբում իր ներկայացուցչի կարգավիճակը բարձրացնելու մասին:
Հայաստանյան ԶԼՄ-ներին հաջողվել է Ռուսաստանի դիվանագիտական շրջանակներից  պարզել հետևյալ տեղեկատվությունը, որ Մինսկի խմբում Յուրի Մերզլյակովին կփոխարինի ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:

Թե ինչպես կանդրադառնան կադրային այս փոփոխությունները ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա, ցույց կտա ժամանակը: Սակայն արդեն այսօր կարելի է փաստել, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների հռչակված «վերաբեռնավորմանը» հաջորդում է տարածաշրջանային ավելի սուր մրցակցություն: Ընդ որում, այդ մրցակցությունը, ամենայն հավանականությամբ, այժմ ստրատեգիական նշանակություն չի ունենա: Ընդհանրապես, պետք է ասել, որ վերջին շրջանում ԱՄՆ-ի քաղաքականությունը Հարավային Կովկասում, կարծես թե, իրավիճակային բնույթ է ստացել: Դրա մասին է վկայում նաև Մեթյու Բրայզայի հայտարարությունն այն մասին, թե առ այսօր չի եղել  մի մեխանիզմ, որն իրեն կարող էր հուշել, թե, ի վերջո, ինչպիսի՞ն է ԱՄՆ քաղաքականությունը Հարավային Կովկասում: Եվ քանի որ մեխանիզմը բացակայել է, ինքը չէր կարող աշխատել չեղած քաղաքականության իրականացման ուղղությամբ, փոխարենը, իր ջանքերը գործադրել է «ընդհանուր քաղաքականության էպիկենտրոնում»:

Բրայզայի այս խոստովանությունը ցույց է տալիս, որ այսքան ժամանակ ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացը եղել է այլ տարածաշրջանային քաղաքական գործընթացների ազդեցության տակ: ԱՄՆ-ն, ինչպես նաև Ռուսաստանը, ցայժմ բավարարվում էին ադրբեջանա-արցախյան գոտում ստատուս-քվոյի պահպանությամբ: Այսինքն, երկու գերտերությունները պարզապես փորձում էին ժամանակ շահել Հարավային Կովկասում նոր քաղաքականություն մշակելու համար: Եվ այս գործընթացն արդեն իսկ սկսված է: ԱՄՆ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Ստիվեն Մաննի գլխավորությամբ մի խումբ փորձագետներ լուրջ աշխատանքներ են տանում այդ ուղղությամբ: Ռուսաստանում այս բեռը դրված է Արտգործնախարարության, նախագահի վարչակազմի և հատուկ ծառայությունների ուսերին: Եվ քանի դեռ վերոնշյալ խմբերը չեն եկել որոշակի եզրակացությունների, մեր տարածաշրջանում երկու երկրների քաղաքականությունը կշարունակի իրավիճակային բնույթ կրել, ինչն, իհարկե, պահանջում է ավելի պատրաստաված մասնագետների ներգրավվածություն, քան Մեթյու Բրայզան և Յուրի Մերզլյակովն էին:

Սակայն, պետք է նշել, որ մեր տարածաշրջանը մշտապես գտնվել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի կենսական շահերի գոտում: Ուստի չի կարելի ասել, որ ներկայիս քաղաքական անորոշ իրավիճակը երկար տարիների պատմություն ունի: Իրականում, նշված անորոշությունն առաջացել է 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո, երբ Ռուսաստանը զենքի ուժով Վրաստանում ոչնչացրեց այն ամենը, ինչը Միացյալ Նահանգները ստեղծել էին մի քանի տարիների ընթացքում: Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆթը դիվանագիտական մեթոդներով հասել էր  Ռուսաստանի փաստացի մեկուսացմանը` Հարավային Կովկասի տարանցիկ և տնտեսական գործընթացներից: Այդ ուղղությամբ ԱՄՆ արտաքին քաղաքականության վերջին քայլը պետք է լիներ Հարավային Օսիայի և Աբխազիայի գրավումը, ինչը վերջնականորեն դուրս կմղեր Ռուսաստանը Հարավային Կովկասից:

Սակայն, ըստ ամենայնի, Վաշինգթոնում չէին կանխագուշակել Ռուսաստանի դեմ ուղղված քայլին Մոսկվայի կողմից դրսևորվող  վճռական հակազդեցությունը: Արդյուքնում` Հարավային Կովկասում պայթած օգոստոսյան պատերազմը ԱՄՆ բոլոր քաղաքական ծրագրերի կործանման պատճառ դարձավ: Վրաստանը, որը կանգնել է պետականության կորստի չափազանց մեծ վտանգի առաջ, հասկանում է, որ ԱՄՆ-ի առաջարկած սցենարը  Վրաստանից վերջնականապես բաժանեց Հարավային Օսիան և Աբխազիան: Բացի այդ, օգոստոսյան ձախողումը հանգեցրեց նրան, որ Վրաստանը, փաստացի, կորցրեց Արևելքը Արևմուտքի հետ կապող տարանցիկ երկիր լինելու հնրավորությունը` գործնականում վերածվելով միայն Ադրբեջանը Թուրքիայի հետ կապող <կամրջակի>: Եվ բնական է, որ Վրաստանի կառավարությունը, որը ամբողջովին ենթարկվում էր պաշտոնական Վաշինգթոնի հրահանգներին, չի կարող ներել ամերիկացի իր գործընկերներին` սխալ <հուշումների> համար: Այսօր ԱՄՆ-ի և Վրաստանի կառավարությունների միջև փաստացի բացակայում են քաղաքական հարաբերությունները: Վրաստանի ներքին և արտաքին կյանքում այդքան մեծ ներդրում ունեցած Ջոն Թեֆթը մոռացության է մատնվել Վրաստանի դիվանագետների կողմից և չի բացառվում, որ շուտով նա կտեղափոխվի Ուկրաինա, որտեղ ծավալվող ներքաղաքական զարգացումներն այդքան նման են Վրաստանին:

Բնական է, որ Վրաստանի տարանցիկ հնարավորությունների վրա հիմնված ԱՄՆ տարածաշրջանային քաղաքականությունն օգոստոսյան պատերազմից հետո հայտնվել է լուրջ ճգնաժամում: Այսօր ամերիկյան հետազոտական կենտրոնները, որոնք շարունակում են մեծ հույսեր կապել Հարավային Կովկասի տարանցիկ տարածաշրջան լինելու հեռանկարի հետ, փորձում են նոր ճանապարհներ նախագծել մեր տարածաշրջանում: Այս առումով, ամերիկացիների համար բավական մեծ հետաքրքություն է առաջացնում Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա ուղղությունը: Սակայն, հայ-ադրբեջանական, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերություններում առկա հայտնի դժվարությունները բավական մեծ խոչնդոտ են հանդիսանում ամերիկյան դիվանագիտության համար: Վաշինգթոնում դեռևս չկան հայերին թուրք հարևանների հետ հաշտեցնելու հեռանկարի մասին որոշակի պատկերացումներ: Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու փոքրի փորձն անգամ Ադրբեջանի դժգոհության պատճառ դարձավ և հանգեցրեց Ռուսաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունների ջերմացմանը:

Բավական դժվար կանխատեսելի է նաև Հայաստանի հետ լեզու գտնելու հեռանկարը: Ամերիկայում կարծում են, որ եթե հայկական կողմին տրվեն անվտանգության լուրջ երաշխիքներ, ապա պաշտոնական Երևանը կհամաձայնվի փոխել իր արտաքին քաղաքականության ուղղվածությունը և ավելի սերտ հարաբերություններ կհաստատի Արևմուտքի հետ: Սակայն, ըստ ամենայնի, այս պարագայում ևս ամերիկացիները հաջողության չեն հասնի, քանի որ փորձում են շրջանցել  այնպիսի կարևորագույն գործոններ, ինչպիսիք են` հայերի Ցեղասպանությունը, Արցախյան հիմնախնդիրն ու հայկական հզոր Սփյուռքի առկայությունը: Այնպես որ, կովկասյան այս բարդ թնջուկի մեջ գլուխ հանելու համար պաշտոնական Վաշինգթոնը բավական լուրջ ջանքեր պետք է գործադրի: Եվ այս բեռը, մեծամասամբ, ընկնելու է պետքարտուղարի տեղակալի նորանշանակ օգնական Թինա Քայդանովի <կանացի> ուսերի վրա:

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , ,

Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ռուսաստան, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`