Գլխավոր » Լրահոս, Հարցազրույցներ

Հայ-վրացական հարաբերություններում հստակեցումներ են պետք

Սեպտեմբեր 16, 2009թ. 12:00

Hayrapet_MargaryanՎերջին շրջանում հայ-վրացական հարաբերություններն սկսում են առավել անկայուն դառնալ, ինչը տարբեր մեկնաբանություններ է առաջացնում: Այդ մասին իր նկատառումներն է ներկայացնում պատմական գիտությունների դոկտոր, ԵՊՀ-ի` Հայաստանի հարակից երկրների բաժնի  ամբիոնի վարիչ Հայրապետ Մարգարյանը:

Հայ-վրացական հարաբերությունների ինչպիսի՞ հեռանկար է ակնկալվում :

-Որպեսզի հայ-վրացական հարաբերություններն ընթանան բնականոն հունով, անհրաժեշտ է  հայ և վրացի քաղաքական գործիչների վստահությունն ու անկեղծ երկխոսությունը, որի պարտադիր պայմաններից է միմյանց երկրների ներքին իրադրության մասին քաջատեղյակ լինելը: Միչև այժմ ոչ միայն պետական- քաղաքական, այլև մշակույթի նշանավոր դեմքերը չեն հանդիպել այնպիսի իրավիճակում, երբ հնարավոր լինի փոխըմբռնմանը միտված երկխոսություն ծավալել: Մենք միշտ խուսափում ենք   պատմական  իրողություններից, փոխարենը շռայլորեն օգտագործում   կարծրատիպային բնութագրումներ` եղբայրություն, բարիդրացիություն, ինչը վնասում է երկու երկրների հարաբերությունների ապագային:

Երկու հասարակություններն ունեն թյուրընկալումներ,  բացակայում է մեկմեկու  մտահոգությունները լսելու անկեղծ ցանկությունը: Իսկ որպեսզի այդ մտահոգությունները լսելի դառնան, մենք պետք է հստակեցնենք փոխադարձ  համագործակցության ոլորտները  և միևնույն ժամանակ բարձրաձայն խոսենք լուծում պահանջող բազմաթիվ հարցերի մասին: Գրեթե բոլոր բնագավառներում, մասնավորապես մշակութային, այն համոզմունքն է տիրում, որ հարևանները մեկմեկու կողոպտել են, մեկի ունեցվածքը յուրացրել է մյուսը: Սակայն իրողությունն այն է, որ աշխարհի բոլոր հարևան երկրներն էլ մեկը մյուսից ինչ-որ բան վերցրել են և ինչ-որ բան էլ տվել հարևանին: Հակառակ դեպքում մշակութային առաջընթաց տեղի չէր ունենա:

Ինչ վերաբերում է կողոպտելուն, ապա մեր ազգային մշակույթը խիստ  ինքնատիպ է. մենք երբևէ չենք տրվել հարևաններից ապօրինաբար ինչ-որ թռցնելու գայթակղությանը: Հասկանալի է, որ գոյություն ունեն մասնագիտական վեճեր, բայց այդ վեճերը պետք չէ դարձնել հասարակական քննարկման առարկա և հանդես գալ որպես համազգային շահերի պաշտպան, պետք է թույլ տալ, որ այդ խնդիրներով   զբաղվեն նեղ մասնագետները:

Ինչ վերաբերում է քաղաքականությանը, դա ևս պետք չէ դարձնել համազգային քննարկման առարկա: Հայ-վրացական հարաբերությունների հեռանկարը տագնապ հնչեցնելու առիթ չի ընձեռում, առկա խնդիրները լիովին լուծելի են  քաղաքական գործիչների մակարդակով, իհարկե, փոխադարձ շահագրգռվածության պայմաններում:

Քաղաքական գործիչները  առկա հարցերը բարձրաձայնելու և դրանց լուծումներ որոնելու փոխարեն  տրվել են զգացմունքայնությաննը: Քանի որ մշտապես շեշտվել  են բարեկամությունն ու բարիդրացիությունը,  ինքներս դարձել ենք մեր պատկերացումների զոհը:  Ցանկացած իրադարձություն, որը չի տեղավորվում այդ պատկերացումների շրջանակներում, ընկալվում է որպես «ոչ բարեկամական քաղաքականություն»: Մինչդեռ պետք է ընդունենք, որ մեր երկու երկրների ազգային շահերը համընկնում են: Չնայած որոշ դեպքերում կարող են նաև  հակադրվել, բայց դրանք չպետք է հասնեն թշնամության մակարդակի: Հասկանալի է, որ ոչ մի երկրի շահերը մյուսի հետ նույնական լինել չեն կարող:

Մեկ ուրիշ խանգարող հանգամանք ևս կա: Հայաստանն ու Վրաստանը ավելի քան 70 տարի միմյանց մասին իրենց  պատկերացումները ձևավորել են ոչ թե անմիջական շփման միջոցով, այլ ռուսական կողմի միջնորդությամբ, մասամբ նաև վրացահայության մեջ ձևավորված պատկերացումներով: Մինչդեռ երկու պետությունների միջև փոխհարաբերությունները այլ բնույթ են ենթադրում: Այս առումով ես կտարբերակեի «Հայաստան-Վրաստան» և «հայ-վրացական հարաբերություններ» բնորոշումները:  Դրանք պետք է անպայման հստակեցվեն` հաշվի առնելով երկու կողմի տեսակետները:

Հայ-թուրքական հարաբերությունների դրական զարգացման դեպքում Հայաստանի նկատմամբ Վրաստանի ներկայիս քաղաքականությունը փոփոխություններ կկրի՞:

– Անշուշտ կփոխվի, քանի որ երկու հարևանների միջև փոխհարաբերությունների հաստատումը տարածաշրջանում կստեղծի հոգեբանական այլ մթնոլորտ: Վրաստանը ստիպված կլինի հրաժարվել թելադրողի իր կեցվածքից: Սա շատ կարևոր հանգամանք  է, որովհետև այսօր ներվրացական կյանքն այնպիսին է, որ այդ երկիրը քաղաքական բազմաթիվ ցնցումներից հետո ինքնավստահության, վերահաստատման   կարիք ունի: Հայաստանը միակ երկիրն է, որի հետ փոխհարաբերություններում  վերջին երկու տասնամյակում Վրաստանն իրեն ավելի վստահ է զգացել:

Հաջորդ կարևոր հանգամանքը զուտ տնտեսական է:Որքան  շատ լինեն մեր ճանապարհները, այնքան արագ  կզարգանա մեր երկիրը, ինչը նույնպես ստիպում է Վրաստանին գնալ որոշակի զիջումների:

Մյուսը  քաղաքական գործոնն է: Վրաստանն անշուշտ Թուրքիայից հավաստիացումներ է ստանում, որ նրա դիրքերը կմնան անփոփոխ, բայց Հայաստան-Թուրքիա շփումների ակտիվացումը և վրաց-ռուսական հարաբերությունների փակուղի մտնելը Հարավային Կովկասում ստեղծում են ակտիվ իրավիճակ, ինչը նշանակում է, որ երեք երկրները  կկարողանան   տնտեսական համագործակցություն ծավալել:   Տագնապի, անհանգստության անհրաժեշտություն չկա, ամեն ինչ կընթանա բնականոն ճանապարհով. Վրաստանն իր քաղաքականության մեջ շտկումներ կմտցնի, առավել հաշվի կառնի Հայաստանի տեսակետներն ու շահերը: Վերջապես, Հարավային Կովկասի 3 երկրներն էլ պետք է հասկանան, որ իրենց ապագան ընդհանուր շահեր փնտրել-գտնելու մեջ է, քանի որ միայն այդ կերպ է հնարավոր  լուծել հարավկովկասյան երկրների առջև ծառացած խնդիրները: Կովկասը պետք է դառնա ոչ թե հակամարտությունների օջախ, այլ ընդհակառակը`   կամուրջ տարբեր տարածաշրջանների, տնտեսությունների և քաղաքակրթությունների միջև:

–  Հայկական պատմական տարածքներում այլազգիներ վերաբնակեցնելով` Վրաստանն արդյո՞ք հայաթափման քաղաքականություն չի իրականացնում:

–  Խնդիրը հետևյալն է, շատ անգամ թվում է, թե Վրաստանը վարում է հակահայկական քաղաքականություն, մինչդեռ վրացի պետական գործիչները առաջին հերթին նկատի ունեն իրենց պետական շահը: Մենք հաճախ մեր պատկերացումները, որոնք ձևավորվել են մոնոէթնիկ հայկական միջավայրի ազդեցությամբ, տեղափոխում ենք Վրաստան, և նկատի չենք առնում այն բարդ խնդիրները, որոնք առկա են այդ երկրում: Թվում է, թե վրաց պետական քաղաքականությունն ուղղված է  Վրաստանի բոլոր շրջանները վրացիներով բնակեցնելուն և ազգային փոքրամասնությունների, մասնավորապես  հայերի դուրս մղմանը: Գուցե նրանք դա երազում են, բայց իրական քաղաքականության մեջ այդպիսի հստակ տեղաշարժեր առաջ բերելու   հնարավորություն  չկա: Իրենք լավ են հասկանում, որ դա առավել կբարդացնի Վրաստանի աշխարհաքաղաքական դրությունը:

Վանիկ  ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆԸ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր`

Դիտել Լրահոս, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`