Գլխավոր » Society, TOP, Գիտություն, Լրահոս, Հասարակություն

Հայ գիտնականի գյուտը նոր խոսք կլինի էներգետիկ համակարգում

Հուլիս 22, 2015թ. 13:17
արևային էլեկտրակայան

Օրերս կառավարությունը հավանություն է տվել վերականգնվող էներգետիկ պաշարների կիրառմամբ մինչև 2 ՄՎտ հզորությամբ արևաջերմային տուրբինային էլեկտրակայանի կառուցման առաջնեկային ծրագրի իրականացման աջակցմանը:
Արևաջերմային տուրբինային էլեկտրակայանի գյուտի հեղինակը հայ է՝ ՀԱՆՆԻԲԱԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ով մի քանի նորագույն տեխնոլոգիական գյուտերի հեղինակ է և ղեկավարում է ՙՀաննի-Արմին՚ գիտաարտադրական ընկերությունը: Ընկերությունը դեռ 2004թ.-ից է սկսել աշխատել նոր գյուտի ուղղությամբ: Ըստ հեղինակի՝ սա նոր խոսք է աշխարհում և նոր ուղղություն այլըտրանքային վերականգնվող էներգետիկայի ոլորտում. ՙՆման նախագիծ, նման տեխնոլոգիա աշխարհում դեռևս չի կիրառվում, սա իր տեսակի մեջ եզակի է՚,- ասում է նախագծի հեղինակը: Այն միջազգային գրացում է ստացել Շվեյցարիայում՝ նույն երկրում էլ փորձագիտական քննություն անցնելով այն մասին, որ նման բան աշխարհում գոյություն չունի: Իսկ 2006թ. կառավարության կողմից գիտնականների հատուկ հանձնաժողով է ստեղծվել նախագիծն ուսումնասիրելու և կարծիք հայտնելու համար: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Այս տարի էլ կառավարությունը կանաչ լույս վառեց նախագծի առաջ՝ հնարավորություն տալով, որ առաջնեկային ծրագիրն իրականություն դառնա Հայաստանում:

Հաննիբալ Հարությունյանն առաջարկում է էլեկտրաէներգիա ստանալ օդի ներքին էներգիայի և արևաջերմային էներգիայի համակցությամբ: Բացի այն, որ նոր տեխնոլոգիայի շնորհիվ հնարավոր կլինի համալրել վերականգնվող էներգետիկայի բնագավառում առկա ներուժը, այն նաև կարևոր էկոլոգիական նշանակություն ունի, քանի որ օդը մաքրում է ածխաթթու գազից: Այսինք, էլեկտրաէներգիա ստանալու նորագույն մեթոդը ոչ միայն անվնաս է մարդու և շրջակա միջավայրի համար, այլև օգտակար հատկապես մեծ ու աղտոտված քաղաքաներում: Իսկ եթե հաշվի առնենք, որ այդ եղանախով էլեկտրաէներգիա ստանալու համար օգտագործվում են սեփական վերականգնվող պաշարները և դրանով իսկ ապահովում եր երկր էներգետիկ անկախությունը, ապա այն լավագույն այլընտրանք է ավանդական էներգակիրների համեմատ:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի էներգետիկ համակարգը մեծ կախվածություն ունի ներկրվող էներգակիրներից: Այստեղ արտադրվող էլեկտրաէներգիայի գրեթե 24 տոկոսն արտադրվում է ջերմաէլեկտրակայաններում, մոտ 35 տոկոսն էլ՝ ատոմակայանում, որը նույնպես աշխատում է ներկրվող՝ միջուկային վառելիքով: Դրանով իսկ այդ ոլորտի ապագան այստեղ անկանխատեսելի է և ինչ-որ տեղ ռիսկային: Կառավարությունը վերջին տարիներին Հայաստանի էներգետիկ կախվածությունը կրճատելու նպատակով որդեգրել է տեղական պաշարների վրա հիմնված վերականգնվող էներգետիկայի զարգացման քաղաքականություն և այդ ուղղությամբ արդեն բավական քայլեր արվել են:

Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության 30 տոկոսից ավելին մենք արդեն ապահովում ենք վերականգնվող աղբյուրներից: Վերականգնվող էներգիայի ոլորտում Հայաստանում դեռևս հիմնականում օգտագործվում են հիդրոռեսուրսները: Մենք ունենք 162 փոքր հէկ-եր, ինչպես նաև երկու խոշոր հիդրոէլեկտրակայանների համալիրներ՝ Սևան-Հրազդան ու Որոտան հէկ-երի համալիրները: Սակայն երկրի էներգետիկ անկախությունն ապահովելու համար անհրաժեշտ է նաև սեփական վերականգնվող այլ էներգառեսուրսները՝ քամին, կենսազանգվածը, արևը, երկրի ջերմությունը կիրառել էլեկտրաէներգիա ստանալու նպատակով՝ խթանելով վերականգնվող էներգետիկայի նոր տեխնոլոգիաների զարգացման համար անհրաժեշտ ներդրումները:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ տեղեկացմամբ՝ նախարարությունը որպես քաղաքականություն մշակող մարմին, մի շարք ծրագրեր է իրականացնում և նախատեսում իրականացնել՝ Հայաստանում այլ բնական պաշարների կիրառմամբ վերականգնվող էներգիայի զարգացման ուղղությամբ: Հայկ Հարությունյանը վստահեցնում է, որ մինչև 2025թ. մենք կունենանք այսօրվա էներգահամակարգից բավանակաչափ տարբերվող էներգահամակարգ: Այդ ուղղությամբ առաջին քայլերը մեկնարկել են, որից մեկն էլ ըստ նրա՝ հայ գիտնականի գիտական ծրագրին պետական աջակցություն ցուցաբերելն է, որպեսզի այն կյանքի կոչվի:

ՙՆախարարությունը բաց է ցանկացած խելամիտ համագործակցության համար: Պատրաստակամ ենք լսելու ոլորտի զարգացման բոլոր առաջարկները, քննարկել նորարական ծրագրերն ու գյուտերը: Լավ ծրագրեր շատ կան և մենք մեր հնարավորությունների շրջանակում սատար ենք կանգնում դրանց: Թեև հեղափոխական գյուտերի առաջարկներ գրեթե չեն լինում: Հաննիբալ Հարությունյանի ծրագիրն այդ առումով թերևս բացառություն է: Այն, ինչ նա առաջարկում է, տեսականորեն հնարավոր է: Իսկ ծրագրի ստացած միջազգային հավաստագրերն ավելի մեծ վստահություն են ներշնչում, թեև այն նորարական է և առաջնեկային: Ուստի կառավարությունը որոշեց ընդառաջել և սատարել գիտնականին իր նախաձեռնությունն իրագործելու հարցում: Եթե ծրագիրն իրագործվի, այն մեղմ ասած՝ հեղափոխություն կլինի էներգետիկ համակարգում՚,- ասում է Հայկ Հարությունյանը:
Հայաստանի համար վերականգնվող էներգետիկ աղբյուրներից ջրից հետո բավական հեռանկարային է համարվում արևը: Մեր երկիրն արևային էներգիայի մեծ ներուժ ունի: Սակայն մինչ օրս այն հնարավոր չէ կիրառել՝ արևային էլեկտրակայանից առաքվող մեկ կիլովատ ժամ էլեկտրաէներգիայի համար սահմանված սակագին չլինելու պատճառով: Իսկ սակագինը ներդրողներին գրավելու գլխավոր պայմաններից մեկն է: Այս առումով կարևոր է կառավարության աջակցությունն արևային էներգետիկայի բնագավառում նորարական ծրագրերը կյանքի կոչելու համար:

Հենց այդ մտահոգությամբ է, որ Հաննիբալ Հարությունյանի նախագծին աջակցելու նպատակով կառավարությունն արդեն հանձնարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա տրամադրել ՙՀաննի-Արմին՚ ընկերության հայտնագործության հիման վրա նախագծած արևաջերմային տուրբինային էլեկտրակայանում էլեկտրական էներգիայի արտադրության համար, ինչպես նաև սահմանել, որ արտադրվող էլեկտրաէներգիայի սակագինը չպետք է գերազանցի հողմային էլեկտրակայանների համար սահմանված էլեկտրական էներգիայի գնման սակագնին: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նաև պետք է էներգետիկայի մասին օրենքի 50 հոդվածի համարձայն՝ տվյալ էլեկտրակայանից արտադրված էլէներգիայի գնման 20 տարվա երաշխիք տրամադրի, ինչն առավել գրավիչ է դարձնում նախագծի իրականացումը մասնավոր ներդրողների համար:
ՙՆերդրողին հարկավոր է երաշխիքներ, որ տվյալ ծրագիրը գնողունակ կլինի: Կառավարությունը տալիս է այդ երաշխիքները՝ նախ սահմանելով խելամիտ սակագին և բացի դա՝ արտադրված էլեկտրաէներգիայի համար 20 տարվա գնման հնարավորություն տալով՚,- ասում է Հայկ Հարությունյանը:

Թե որքան կարող է լինել արևային էներգիայի համար մեր երկրում սահմանված սակագինը, դեռևս հստակ չէ: Սակայն կառավարության հանձնարարականից պարզ է, որ այն չպետք է գերազանցի հողմային էներգիայի համար սահմանված արժեքը: Հայկ Հարությունյանի տեղեկացմամբ՝ մեր երկրում հողմային էլեկտրաէներգիայի համար 42 դրամ է սահմանված, ուստի արևային էլեկտրաէներգիայի սակագինը այդ թվերի սահմաններում է լինելու, ինչն ըստ նրա միջազգայնորեն բավական մրցունակ գին է. ՙՀամենայն դեպս հողմաէներգետիկայի համար այդ սակագինը մրցունակ է: Այն միջազգային չափորոշիչներով ցածր ցուցանիշներին մոտ է: Կան երկրներ, որ ներկա պահին առաջարկում են մեկ-երկու ցենտ ավելի ցածր սակագին, բայց այդ երկրները նաև այլ արտոնություններ են ապահովում ներդրողների համար՝ սպառման այլ ծավալներ ու տեխնիկական այլ հնարավորություններ: Հայաստանում մենք ունենք մի շարք խնդիրներ՝՝ նյութատեխնիկական, ռեսուրսի տեղակայանքի, սպառման ծավալների և այդ բոլոր սահմանափակումներն ազդում են սակագնի վրա: Ամեն դեպքում վերականգնվող էներգետիկայի համար սակագինն այնպես է հաշվարկվում, որ հնարավորինս նվազագույն շեմ սահմանվի և ոչ մի գերշահույթ այս սակագնով չենք նախատեսում ներդրողի համար: Միևնույն ժամանակ դա հնարավորություն է տալիս, որպեսզի ներդրողը հետագայում կարողանա մեր շուկայում իր ապրանքը վաճառել: Այսինքն գնողունակ գին սահմանել, ինչով էլ շահագրգռում ենք ներդրողին՚:

Այն հարցին, թե արդյոք արևային էներգիայի համար սահմանված սակագինը մրցունակ կլինի ավանդական էներգակիների արժեքի հետ, Հայկ Հարությունյանը խորհուրդ տվեց այդ ամենը դիտարկել հետագա տարիների համատեքստում. ՙԱվանդական էներգակիրների սակագինը կայուն չէ, քանի որ ներկրվող էներգակրի գնագոյացմանը Հայաստանից անկախ է: Եվ այն երկիրը, որտեղից էներգակիրը ներկրվում է, ինքն է սահմանում այս կամ այն արժեքը: Այդ արժեքը տատանվում է բազմաթիվ գործոնների ազդեցությամբ, ինչում մենք համոզվում ենք վերջին տարիներին: Վերականգնվող էներգիայի դեպքում նման սակագնային տատանումները բացառվում են, քան որ արևը, քամին միշտ անվճար են լինելու: Եվ եթե սկզբնական ժամանակհատվածում դրանց արժեքը փոքր-ինչ բարձր թվա, ապա հետագայում, երբ ավանդական էներգակիրներն ավելի կթանկանան, վերականգնվող էներգետիկան լավագույն այլընտրանքը կդառնա: Մանավանդ, որ վերականգնվող էներգիայի համար սահմանված սակագինը որոշակի հաշվարկներով ժամանակի ընթացքում նվազելու միտում է ունենում՚:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, TOP, Գիտություն, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն